Stamina-ի «The Big Sales Vol. 3» համաժողովը․ AI գործակալները վաճառքում և մարդկային գործոնը
Stamina-ի «The Big Sales Vol. 3» համաժողովում վաճառքի առաջատարները քննարկել են AI-ի կիրառումը, վաճառքի արդյունավետության բարձրացումն ու մարդկային գործոնի դերը։
Նոյեմբերի 22-ին Երևանի Best Western Plus Congress Hotel-ում կայացած Stamina-ի «The Big Sales Vol. 3» համաժողովը համախմբել էր վաճառքի, տեխնոլոգիաների և բիզնեսի զարգացման առաջատարներին՝ քննարկելու, թե ինչպես բարելավել վաճառքի արդյունքները և ինչպես ճիշտ ներդնել AI համակարգերը վաճառքի գործընթացն ավելի հեշտացնելու և արդյունավետ դարձնելու համար։ Համաժողովին մասնակցել է նաև staff.am-ը՝ շարունակելով ակտիվ ներգրավվածություն ունենալ բիզնես և վաճառքի ոլորտի մասնագիտական հարթակներում։
Միջոցառումը մեկնարկեց ՀՀ պետական եկամուտների նախագահ Էդուարդ Հակոբյանի ելույթով, ով կարևորեց Հայաստանի նկատմամբ աճող հետաքրքրությունը, միջազգային համաձայնագրերը և պետական ու մասնավոր AI համակարգերի ապագա փոխգործակցությունը։
Stamina-ի հիմնադիր Վահագն Ղազարյանը վաճառքի համակարգը համեմատեց մեքենայի շարժիչի հետ՝ ընդգծելով տվյալների, CRM-ի ու AI-ի միասնական աշխատանքը և մարդու առանցքային դերը բանակցություններում։
Կարևորելով AI գործակալների ներդրումը՝ Ղազարյանն ընդգծեց, որ վաճառքին միշտ մարդիկ են պետք լինելու, քանի որ գնորդները պայմանագրեր կնքում են ոչ թե ծրագրերի և AI գործակալների, այլ իրենց կողմից վստահելի համարվող մարդկանց հետ։
Այս տեսլականը գործնական լուծումներով զարգացրեց Dealme.io-ի հիմնադիր, տեխնոլոգիական վաճառքների 13 տարվա փորձ ունեցող Դամիան Գոռալը։ Ըստ նրա՝ մարդու և AI գործակալների համագործակցությունը կարող է տալ ամսական 3.5 անգամ ավելի շատ պոտենցիալ հաճախորդներ ընդ որում, գործակալները պետք է ստանձնեն տեխնիկական և կրկնվող աշխատանքը, իսկ մարդը՝ որոշումների կայացումը, բանակցությունները, վստահության ձևավորումն ու անձնական շփումը՝ մնալով վաճառքի գործընթացի կենտրոնում։
Գործիքակազմի կիրառման փորձով կիսվեցին նաև մյուս բանախոսները։ Surfe-ի համագործակցությունների ղեկավար Մարտա Էլ Բեյը AI գործակալին ներկայացրեց որպես երկրորդ օդաչու՝ ընդգծելով տվյալների հարստացման, հաճախորդների հետ հաղորդակցության վերլուծության և մուտքային հայտերի մշակման գործում դրա դերը։
Enginy-ի հիմնադիր Կայ Բրանդտը կարևորեց ակտիվ վաճառքի հաղորդակցության արդյունավետության բարձրացումն ու մարդկային վստահության պահպանումը, CloudTalk-ի փոխնախագահ Մարտին Անվելտը՝ հաճախորդների որակավորման և հանդիպումների ամրագրման մեջ AI հավաքիչների ու ձայնային գործակալների կիրառումը։
Իսկ Pipedrive-ի վաճառքի գծով փոխնախագահ Շոն Էվերսն անդրադարձավ վաճառքի ոլորտում AI-ի դերին և հաճախորդների հետ ավելի ամուր ու արդյունավետ հարաբերություններ կառուցելու հնարավորություններին։
Հավելենք նաև` համաժողովի կազմակերպիչ Stamina-ն B2B ընկերությունների ռազմավարական գործընկերն է վաճառքի ռազմավարության, վաճառքի կառավարման և RevOps ամբողջական գործընթացներում՝ սկսած պլանավորումից մինչև չափելի արդյունքների գրանցում։ Լինելով Pipedrive-ի ու CloudTalk-ի Platinum և բացառիկ գործընկերը Հայաստանում, Վրաստանում և ԱՄԷ-ում՝ ընկերությունը ներկայացված է նաև ԱՊՀ, Պարսից ծոցի և ԱՄՆ շուկաներում՝ օգնելով բիզնեսներին կառուցել վաճառքի արդյունավետ համակարգ և ընդլայնվել միջազգային շուկաներում։

