Գործն է անմահ, լա՛վ իմացեք | Անդրադարձ Արևմտյան Հայաստանում տարբեր ոլորտներում գործող ակնառու մասնագետներին

Գործն է անմահ, լա՛վ իմացեք | Անդրադարձ Արևմտյան Հայաստանում տարբեր ոլորտներում գործող ակնառու մասնագետներին

ԱՂԱնի Ղուկասյան
23 ապրիլի 2024
11 րոպե ընթերցում
4,689
Կիսվել հոդվածով

staffmedia.am-ն այս անգամ որոշել է անդրադառնալ Հայոց Ցեղասպանության թեմայի շրջանակներում առավել քիչ արծարծված մի հարցի։ Այս հոդվածում անդրադարձել ենք, թե ինչ գործունեություն են ծավալել, ինչ մասնագիտություններ են ունեցել մեր նախնիները Պատմական Հայաստանում։
Շնորհիվ հասարակական գործունեություն ծավալած հայտնի հայերի՝ գիտենք, որ վարժապետները, հոգևորականները, բժիշկները, առևտրականները, իրավաբաններն ակտիվ գործունեություն են ծավալել Օսմանյան կայսրությունում։ Սա, բնականաբար, Օսմանյան սուլթաններին, իսկ հետո ապա Երիտթուրքերին, մեղմ ասած, դուր չէր գալու և հետագայում պետք էր ամեն ինչ արվեր՝ արմատախիլ անելու մշակույթի, ճարտարապետության, առևտրի և այլ ոլորտներում աչքի ընկած հայ ժողովրդին։ 

Հայոց ցեղասպանության տարիներին, ինչպես նաև դրանից առաջ՝ սկսած 1890-ականներից, առաջնային թիրախային ջարդն ու հալածանքներն իրականացվել է մտավորականության նկատմամբ։ Դպրոցական դասագրքերից արդեն իսկ հիշում ենք Վարուժանին, Սիամանթոյին, Ռուբեն Սևակին և էլի մի քանիսին, որոնց կենդանությունն ի սկզբանե մարտահրավերային էր երիտթուրքերի համար։
Ինչու՞ են հայ մտավորականներն այդքան դժվարամարս եղել ինչպես երիտթուրքերից առաջ, այնպես էլ վերջիններիս կառավարման տարիներին։
Ինչպես նշված է «Հետքում», երիտթուրքական իշխանությունները խիստ մտահոգված էին, որ հայերի տնտեսական և նյութական հզորացումը հիմք կդառնար նրանց վաղվա քաղաքական հաղթանակների համար։ Աստիճանաբար, թուրք իշխանությունների մոտ ուժեղանում էր մտայնությունը, որ վաղ թե ուշ երեկվա հպատակ հայը տիրանալու էր իրենց իշխանությանը, ինչպես արել էին տնտեսության ասպարեզում։

Հայերին ու կայսրութան հպատակ բոլոր քաղաքակիրթ ազգերի ներկայացուցիչներին չէր թույլատրվում, զբաղեցնել պետական պաշտոններ։ Ու կարևոր չէր, թե ինչ մասնագիտական որակներով էր օժտված մարդը։ Ավելի շատ հաշվի էր առնվում աշխատողի էթնիկ կամ կրոնական պատկանելիությունը, քան մասնագիտական հմտությունները։
Ճակատագրի հեգնանքն էր գուցե․ մարդու իրավունքների, ցեղասպանության քրեականացման, ազգային փոքրամասնությունների և մարդու հիմնարար այլ իրավունքների մասին Միջազգային հանրությունը սկսեց լրջորեն մտահոգվել միայն Երկրորդ Համաշխարհայինից հետո։ Մինչ այդ, պետության կողմից անհետևանք ոտնահարվում էր էթնիկ կամ ազգային փոքրամասնության ցանկացած իրավունք։ 
Դժվար ժամանակներում էլ, սակայն, հայն արարել է, կրթվել ու «քարից հաց քամել»։
Մի քանի օրինակներ դիտարկելով՝ փորձենք հասկանալ, թե այդ շրջանում ինչով էին զբաղվոմ մեր նախնիները տարբեր ոլորտներում։

Բժշկություն, դեղագործություն

Բազմաթիվ կյանքեր փրկած հայ բժիշկները, դեղագործները մի օր հենց իրենք էին հայտնվելու մահվան ճիրաններում։ Ընդ որում, արևմտահայ բժիշկների այցելուները եղել են ոչ միայն հայեր, այլև քրդեր, արաբներ, թուրքեր, հույներ, ասորիներ։ Շատ բժիշկներ սպանվել են այն թուրք զինվորականների ձեռքով, ում ժամանակին բուժել են հենց իրենք (Աղբյուր՝ Ս․ Վարդանյան «Հայաստանի բժշկության պատմություն», էջ 235)։

Բժիշկ Նազարեթ Տաղավարյան

Ֆրանսիայի Սորբոնի համալսարանում բժշկություն ուսանելու տարիներին երիտասարդ ու բազմակողմանի զարգացած մասնագետը բազո՜ւմ երազանքներ ուներ, որ պետք է իրագործեր հայրենիք վերադառնալիս՝ բժշկություն, մասնագիտական գրականության և հիվանդանոցներում կանոնադրության հիմնում, ինչն այն ժամանակների համար չտեսնված էր, հատկապես, Օսմանյան կայսրության տարածքում։

Հակոբ Թերզյան 

Կիլիկիայի Հաճըն քաղաքն աշխարհին տվել է մի մտավորականի, որը, թեպետ, շատ հայտնի չէ մեզանում, կարողացել է դրսևորել իրեն տարբեր ոլորտներում՝ ունենալով բազմաթիվ հաջողություններ՝ դեղագործություն, փաստաբանություն, լուսանկարչություն, գրականագիտություն, հրապարակախոսություն։
Դժվար ժամանակնե՞րն էին պատճառը, որ մեր մտավորականների մեծ մասը զբաղվում էր միաժամանակ տարբեր գործունեությամբ․ չէ՞ որ աշխարհի անարդարության դեմ մնացել էին միայնակ և պետք էր գոյատևել «դժոխային կայսրությունում»։ Իսկ գուցե աշխարհը տարբեր անկյուններից տեսնելու, սիրելու, ճանաչելու մղո՞ւմն էր․․․
Միանշանակ չենք կարող ասել։ Ամեն դեպքում, ակնհայտ է, որ նրանք սովորական աշխարհընկալմամբ մարդիկ չեն եղել։

Չնայած տարաբնույթ գործունեությանը՝ նրա հիմնական մասնագիտությունը դեղագիտությունն էր։
1915-ին՝ 35 տարեկանում, դեղագետը միացավ 1․5 միլիոն նահատակներին։ 

Գրականություն, լրագրություն, հրապարակախոսություն

Հրապարակախոսությունն ու լրագրությունն ամենատարածված մասնագիտություններից էին 20-րդ դարասկզբին։  Արևմտահայ մամուլը բավական տարածում ուներ և անկախ մասնագիտություններից՝ հայ մտավորականների մեծ մասը գրում, ստեղծագործում ու տպագրվում էր թերթերում, ինչպես նաև գրական, ստեղծագործական մտքի նկատմամբ կար մեծ ակնածանք արևմտահայերի շրջանում։
Հայտնի մտավորականների՝ Վարուժանի, Սիամանթոյի, Գրիգոր Զոհրապի, Սևակի կողքին նահատակվել են բազմաթիվ այլ գրողներ ու բանաստեղծներ, որոնց անուններն առավել քիչ են հայտնի։

Տիգրան Չյոկյուրյան

Տիգրան Չյոկուրյանը դեռևս մանկուց հասցրել է «ճաշակել» կյանքի դառնությունը՝ Տրապիզոն քաղաքում կորցնելով ծնողներին «Համիդյան ջարդերի» ժամանակ։

«Մա՜հը, գերագույն ազատարարս ու գերագույն թշնամիս, որովհետև դողդոջ և արատավոր հոգիս պիտի առաջնորդէ Վերին դատաստանին»։
Հատված հեղինակի «Վանքը» վեպից։

1915-ին իր համախոհ մի շարք մտավորականների հետ միասին Հայոց Ցեղասպանության նահատակներից մեկն էր։

Երուխան (Երվանդ Պողոսի Սրմաքեշխանլյան)

«Մենք այսօր կրնանք հպարտանալ մեզնով, վասնզի այն չնաշխարհիկ ավանդը, զոր մեր երանելի  նախնիք մեզ հանձնեցին, գիտցանք անաղարտ պահել, մեր արյան սահանքներուն մեջ վեր բեռնելու մեր թշնամիներուն ավերիչ հարձակումներուն դեմ պաշտպանել․․․»։
Պոլսահայ գրող, մտավորական Երուխանի խոսքերն են, երբ մասնակցում էր Խարբերդում նշվող հայ գրերի գյուտի 1500-ամյա տոնակատարությանը։ 

Գրող, թարգմանիչ, մանկավարժ Երուխանը կանխազգում էր վերահաս վտանգը, բայց բոլորի պես փրկության հույս ուներ․

«Անպատմելի է հոգեկան վիճակս, ասանկ ատենը Անատոլուիի խորերը գտնվել չոլուխ-չոճուխով դյուրին բան չէ: Ողջ առողջ պիտի տեսնվի՞նք արդյոք․․․»

1915-ի մայիսին Երուխանը ձերբակալվել է իր համախոհ և մտավորական ընկերների հետ միասին։ 
Ըստ Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում առկա վկայությունների՝ նրանց շղթայակապ պտտեցնում էին փողոցներով, ենթարկում ամենատարբեր անարգանքների ու խոշտանգումների՝ փակ կառքով տանելով Դիարբեքիր: Մաստառ լեռան փեշերին՝ Դևե-Բոյնի ձորում, կացնով ու մանգաղով գազանաբար գլխատում էին նրանց․․․

Մանկավարժություն

Մանկավարժությունը ևս ամենատարածված մասնագիտություններից է եղել այդ շրջանում։ Ծխական դպրոցները, վարժարանները և առհասարակ կրթությունն այն կարևորագույն օջախներից էին, որոնց  շնորհիվ պահպանվել է հայ գիրն ու գրականությունը, փոխանցվել սերնդեսերունդ և չնայած բարդ ժամանակաշրջանին՝ հայ մանուկները շարունակում էին կրթվել ու զարգանալ հմուտ մտավորական ուսուցիչների շնորհիվ։ 

Եվս մեկ մանկավարժ, մտավորական, ում մասին շատ տեղեկություններ առկա չեն։

Հոգևորականություն

Արևմտյան Հայաստանում ամենածանր բեռը, թերևս, կրում էին հոգևորականները։ Նախ, Օսմանյան կայսրությունում, որտեղ հիմնական կրոնն իսլամն էր, խնդիր կար պահպանելու Հայ Առաքելական Եկեղեցին, և վերջինս այն արժեքավոր օջախներից էր, որտեղ պահպանվում էր հայ ազգային ինքնությունը։
Գործում էին կիրակնօրյա վարժարաններ, եկեղեցուն կից ծխական դպրոցներ, որտեղ մանուկները կրթվում էին ոչ միայն որպես հայ մտավորականներ, այլև քրիստոնյաներ։
Եկեղեցու և հոգևորականների գոյությունն ամենամարտահրավերայինն էր երիտթուրքերի և իրենցից առաջ գործած սուլթանների համար։ Հայոց աշխարհում հոգևորականների կարևոր դերն ու նշանակությունը շատ լավ գիտակցում էին թուրք կառավարիչները, ուստի, Եղեռնի ժամանակ ամենադաժանը հենց նրանց հետ էին վարվում։
Ցեղասպանությունը վերապրած Վերոնիկա Բերբերյանի հուշերում նկարագրվում է, թե ինչպես էին Բողազլյան քաղաքում թուրքերն իր պապին՝ Հակոբ քահանային, եկեղեցի գնալու ճանապարհին ձերբակալում և ապա Քելլերի ձորում գլխատում ու կտրված գլուխը, որպես խաղի օբյեկտ, գլորում փողոցներով։
Հոգևոր սպասավորների հանդեպ իրականացրած խոշտանգումների թվում բազմիցս հիշատակվում են մորուքի մազերը հատ-հատ պոկելու կտտանքը, որին հետևում էր սպանությունը։ 
Շատ լավ գիտակցելով նաև հայ հոգևորականների տոկունության աստիճանը՝ տանջանքի եղանակներն ընտրվում էին հնարավորինս դաժան։ Մեկին խոշտանգում էին, մյուսին՝ դիտավորյալ կենդանի թողնում։ Հիշե՜նք Կոմիտասին․․․
600-ից ավել հոգևորականներ խոշտանգվելով նահատակվել են Հայոց Ցեղասպանության ժամանակ՝ սկսած ցածրաստիճան հոգևորականներից մինչև վարդապետներ, եպիսկոպոսներ և այլն։
Առանձնացրել ենք քիչ հայտնի երկու հոգևորականների, որոնք Հայոց Ցեղասպանության նահատակների շարքում էին։

Մովսես քահանա Ժամկոչյան և Վարդան Վարդապետ

Այս հոգևորականների մասին տեղեկությունները հիմնականում քաղել ենք Հայոց ցեղասպանության թանգարանի կայքից։

Մովսես քահանան ծնվել է 1837 թվականին Այնթապ քաղաքում։
Ծառայում էր եկեղեցում, երբ վրա հասավ ողբերգությունը։ 1915-ի նահատակված մտավորականների շարքում էր։

Վարդան Վարդապետը Սասունի Ահարոնք գյուղից էր։
Ձեռնադրվելով 1890 թվականին՝ զբաղեցրել է մի քանի եկեղեցական պաշտոններ։ Սուրբ Կարապետի վանահայրն էր, երբ 1915 թվականին թուրքերը ողջ-ողջ այրեցին բարձրաստիճան հոգևորականին։ 

Արհեստ

Արևմտահայերը սիրում էին զբաղվել արհեստներով ևս։ Դժվար ժամանակներում ձեռքի տաղանդի շնորհիվ կարողանում էին «քարից հաց քամել» և ապահովել օրվա ապրուտը։ Արհեստավորները զբաղվում էին նաև առևտրով և նրանց մեջ քիչ չէին նաև հարուստ վաճառականները։

Մետաքսագործ Խոսրով Քյուրքչյան

Խոսրով Քյուրքչյանը Խարբերդում հայտնի մետաքսագործ Գրիգոր Քյուրքչյանի որդին էր։ Հայ անվանի և հարուստ ընտանիքներից էին արևմտահայերի շրջանում։ 

Արվեստ

Արվեստի ճյուղը ևս զարգացած էր արևմտահայերի շրջանում։ Չնայած ստեղծագործական ոչ բարենպաստ պայմաններին՝ նկարիչները, երգահանները, դերասանները գտնում էին իրենց անկյունը՝ ստեղծագործելու և կյանք հաղորդելու գորշ իրականությանը։

Դերասան Ենովք Շահեն

Դերասանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Պարտիզակ գյուղում։ Նախնական կրթությունը ստանալուց հետո մոր և մաթեմատիկոս եղբոր՝ Գրիգոր Անգութի հետ, տեղափոխվել է Կ․ Պոլիս՝ յուրացնելու դերասանական արվեստը։

Ճարտարապետություն

Ճարտարապետությունն Օսմանյան կայսրության շրջանում ծաղկում ապրել է առավելապես Պալյաններ հայտնի գերդաստանի օրոք։

Թուրքի նպատակն էր մեկ հայ թողնել, այն էլ՝ թանգարանում․․․
Բայց քանի դեռ այս հոդվածն ընթերցողներ կան, քանի դեռ մենք խոսում, գրում ենք մեր մայրենիով, ինչպես նաև մեր նախնիների պես քարից շարունակում ենք հաց քամել դժվար ժամանակներում, ուրեմն թուրքի նպատակը չենք թողնում, որ իրականանա։ 

Շատերիդ նախնիներն աշխատել են, ենթադրաբար, վերոնշյալ կամ այլ մասնագիտություններով, ում չենք հասցրել հատ առ հատ  անդրադառնալ, բայց արդեն իսկ պարզ է, որ, մահվան շունչն անգամ զգալով, նրանք ի վիճակի են եղել արարել, աշխատել և կյանք հաղորդել անշնչացած, գորշ ու դաժան իրականությանը՝ ընդհուպ մինչև մահ․․․

«․․․Գործն է անմահ, լա՛վ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնե՜կ նըրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար․․․»։
Հովհաննես Թումանյան


Կիսվել հոդվածով

Անի Ղուկասյան

Մարդու իրավունքների՝ որպես բարձրագույն արժեքի կողմնակից

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: