Գտնում եք հետաքրքիր հաստիք, կարդում հայտարարությունը, ուղարկում CV-ն և անցնում հաջորդին։ Մի քանի օր անց նույնը կրկնվում է։ Հետո՝ ևս մի քանի անգամ։ Իսկ ձեր էլեկտրոնային փոստում հարցազրույցի հրավերների փոխարեն լռություն է։
Այս իրավիճակում առաջին միտքը հաճախ այն է, որ աշխատաշուկայում մրցակցությունը մեծ է կամ գործատուները չափազանց բարձր պահանջներ ունեն։ Երբեմն դա իսկապես այդպես է։ Բայց եթե բազմաթիվ դիմումներից հետո գրեթե արձագանք չեք ստանում, արժե ուշադրություն դարձնել ոչ միայն շուկային, այլև աշխատանքի որոնման ձեր ռազմավարությանը։
Խնդիրը կարող է լինել ոչ թե այն, որ բավարար չափով չեք դիմում, այլ այն, թե ինչպես և ինչի համար եք դիմում։

Դուք դիմում եք բոլոր այն հաստիքներին, որոնք թեկուզ մի փոքր համապատասխանում են ձեզ

Աշխատանք փնտրելիս հեշտ է ընկնել թվերի հետևից․ որքան շատ դիմումներ ուղարկեք, այնքան մեծ կլինի հաջողության հավանականությունը։ Սակայն այս մոտեցումը միշտ չէ, որ արդյունավետ է։ Եթե դիմում եք տարբեր ոլորտների, պաշտոնների և մասնագիտական մակարդակների հաստիքների՝ առանց հստակ չափանիշների, ձեր ջանքերը կարող են ցրվել։ Միաժամանակ յուրաքանչյուր հայտարարության պահանջներին համապատասխանող փորձն ու հմտությունները բացահայտելու համար ավելի քիչ ժամանակ կմնա։

Փոխարենը փորձեք տարբերակել երկու հարց․

  • Կարո՞ղ եմ կատարել այս աշխատանքի հիմնական պարտականությունները։

  • Կարո՞ղ եմ իմ փորձով ցույց տալ, որ համապատասխանում եմ գործատուի կարևոր պահանջներին։

Պարտադիր չէ բավարարել հայտարարության յուրաքանչյուր կետը։ Սակայն կարևոր է հասկանալ՝ արդյոք ունեք այն հիմնական հմտություններն ու փորձը, որոնք անհրաժեշտ են տվյալ դերի համար։

Ձեր CV-ն պատմում է՝ ինչ եք արել, բայց ոչ՝ ինչ արդյունք եք տվել

Պատկերացրեք՝ գործատուն կարդում է երկու թեկնածուի CV։
  • Առաջինը նշում է․ «Պատասխանատու եմ եղել սոցիալական մեդիայի էջերի կառավարման համար»։
  • Երկրորդը գրում է․ «Մշակել և իրականացրել եմ սոցիալական մեդիայի բովանդակության ռազմավարություն՝ նպաստելով լսարանի ներգրավվածության աճին»։
Երկուսն էլ կարող են նկարագրել նույն աշխատանքի փորձը, բայց երկրորդ ձևակերպումն ավելի հստակ է ցույց տալիս աշխատանքի շրջանակն ու հնարավոր արդյունքը։
Իհարկե, կարևոր է նշել միայն այն արդյունքները, որոնք իրականում ունեցել եք, իսկ հնարավորության դեպքում դրանք ներկայացնել չափելի տվյալներով։
Ձեր CV-ն պարզապես նախկին պաշտոնների և պարտականությունների ցանկը չէ։ Այն պետք է օգնի գործատուին հասկանալ, թե ինչ արժեք կարող եք ստեղծել նոր դերում։

Դուք նույն CV-ն ուղարկում եք բոլոր գործատուներին

Միևնույն CV-ն կարող է բավարար լինել մի քանի նմանատիպ հաստիքների դիմելու համար, բայց տարբեր դերերի դեպքում նույն փորձը տարբեր կերպ ներկայացնելու կարիք կարող է լինել։

Օրինակ՝ եթե դիմում եք Marketing Specialist-ի և Project Manager-ի հաստիքների համար, ձեր փորձի տարբեր կողմերն են կարևոր դառնալու։ Առաջին դեպքում գործատուն կարող է ուշադրություն դարձնել արշավներին, բովանդակությանը և արդյունքներին, իսկ երկրորդում՝ պլանավորմանը, թիմերի համակարգմանը և նախագծերի իրականացմանը։

Սա չի նշանակում, որ յուրաքանչյուր դիմումի համար պետք է ամբողջությամբ նոր CV պատրաստեք։ Բավական է վերանայել՝ արդյոք ձեր մասնագիտական ամփոփումը, հմտությունները և փորձի նկարագրությունը ցույց են տալիս տվյալ հաստիքին համապատասխան կողմերը։


Նպատակը փորձը փոխելը չէ, այլ այն ճիշտ շեշտադրումներով ներկայացնելը։

Ձեր CV-ն դժվար է արագ գնահատել

Գործատուն կամ HR մասնագետը պետք է կարողանա համեմատաբար արագ հասկանալ՝ ով եք դուք, ինչ փորձ ունեք և ինչու կարող եք համապատասխանել հաստիքին։
Եթե CV-ում տեղեկությունը ներկայացված է անկանոն, կարևոր հմտությունները դժվար է գտնել, իսկ փորձի նկարագրությունները չափազանց երկար են, համապատասխան թեկնածու լինելու հանգամանքը կարող է պարզապես չնկատվել։

Ուշադրություն դարձրեք մի քանի մանրուքի․

  • Ձեր մասնագիտական փորձը ներկայացվա՞ծ է հստակ և տրամաբանական հերթականությամբ։

  • Կարևոր հմտություններն ու ձեռքբերումները հեշտությա՞մբ են նկատվում։

  • CV-ն զերծ է՞ ավելորդ տեղեկությունից և կրկնություններից։

  • Փաստաթղթի ձևաչափը պարզ է, ընթեռնելի և համատեղելի ATS համակարգերի հետ։


Վերջին կետը ևս կարևոր է։ Որոշ գործատուներ օգտագործում են Applicant Tracking System (ATS) համակարգեր՝ դիմումները հավաքելու և թեկնածուների տվյալները կառավարելու համար։ Հետևաբար, չափազանց բարդ կառուցվածքով կամ ոչ ստանդարտ ձևաչափով CV-ն միշտ չէ, որ լավագույն ընտրությունն է։
CV-ն ճիշտ կառուցելու համար կարող եք օգտվել staff.am CV Builder-ից, որը թույլ է տալիս պատրաստել ATS-ին համապատասխան ձևաչափով CV՝ առանց այն զրոյից դիզայն անելու վրա ժամանակ ծախսելու։

Դուք չեք ստուգում՝ արդյոք ձեր ռազմավարությունն աշխատում է

Աշխատանքի որոնումը նույնպես գործընթաց է, որը կարելի է վերլուծել և բարելավել։
Եթե բազմաթիվ դիմումներից հետո չեք ստանում արձագանք, մի՛ շարունակեք անփոփոխ կրկնել նույն գործողությունները։ Փորձեք հասկանալ՝ որ հաստիքներին եք դիմել, ինչ պահանջներ են եղել, որքանով եք համապատասխանել դրանց, և արդյոք ձեր CV-ն ընդգծել է անհրաժեշտ փորձը։
Կարող եք նաև հետևել ձեր դիմումների ընթացքին՝ նշելով, թե որտեղ եք դիմել, երբ եք ուղարկել CV-ն և ինչ արձագանք եք ստացել։ Այդպես ժամանակի ընթացքում ավելի հեշտ կլինի նկատել օրինաչափությունները և հասկանալ՝ ինչն է պետք փոխել։
Եթե հարցազրույցների հրավեր չեք ստանում, արժե նախ վերանայել հաստիքների ընտրությունն ու CV-ն։ Եթե հրավերներ ստանում եք, բայց առաջարկի չեք հասնում, ուշադրությունը կարելի է տեղափոխել հարցազրույցների նախապատրաստման և մասնագիտական փորձի ներկայացման վրա։
Այս տարբերակումը կօգնի ավելի ճիշտ որոշել հաջորդ քայլը։

Աշխատանք գտնելու համար միշտ չէ, որ ավելի շատ դիմումներ են պետք

Աշխատանքի որոնման ընթացքում մերժումները կամ պատասխանների բացակայությունը կարող են հիասթափեցնել։ Բայց դրանք ինքնին չեն նշանակում, որ ձեր փորձը բավարար չէ կամ համապատասխան աշխատանք գտնելու հնարավորությունները քիչ են։ Երբեմն անհրաժեշտ է ավելի հստակ ընտրել հաստիքները, երբեմն՝ վերանայել CV-ի բովանդակությունը, իսկ երբեմն՝ պարզապես ավելի լավ ներկայացնել արդեն ունեցած փորձը։
Հաջորդ դիմումն ուղարկելուց առաջ մի պահ կանգ առեք և հարցրեք ինքներդ ձեզ․ եթե գործատուն ընդամենը մեկ րոպե տրամադրի իմ CV-ին, կհասկանա՞, թե ինչու եմ ես համապատասխան այս աշխատանքին։
Եթե պատասխանը վստահ «այո» չէ, գուցե ժամանակն է ոչ թե ևս տասը դիմում ուղարկելու, այլ մեկ CV ավելի լավ պատրաստելու։