ՀՀ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱ 2023 | ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑ

ՀՀ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱ 2023 | ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑ

Sstaffmedia.am
22 հունվարի 2024
20 րոպե ընթերցում
2,560
Կիսվել հոդվածով

ՀՀ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱ 2023. ՆԱԽԱԲԱՆ ՀԵՂԻՆԱԿԻ ԿՈՂՄԻՑ

«ՀՀ Աշխատաշուկա 2023»-ը թվով արդեն յոթերորդ ծավալուն ուսումնասիրությունն է, որը մենք անց ենք կացնում staff.am-ի հիմնադրումից ի վեր։ Աշխատաշուկայի համապարփակ վերլուծության նպատակն է օգնել ՀՀ-ում և դրա սահմաններից դուրս գտնվող անհատներին և կազմակերպություններին ավելի լավ պատկերացում կազմել ՀՀ աշխատաշուկայի հիմնական ցուցանիշների վերաբերյալ։
2023թ. հատկանշական էր նրանով, որ այս տարի staff.am-ի կողմից իրականացվող վերլուծական գործունեությունն ավելի ինստիտուցիոնալ հիմքի վրա դրվեց. մենք թողարկեցինք Compass by staff.am ծառայությունը, որի շրջանակներում էլ հենց այսուհետ իրականացնում ենք ոչ միայն աշխատաշուկայի, այլ նաև շատ տարբեր ուղղվածությամբ հետազոտություններ և ուսումնասիրություններ։

«ՀՀ Աշխատաշուկա 2023» զեկույցը կազմված է չորս հիմնական մասերից, այդ թվում մարզային ավելի խորը վերլուծությունից։
Ինչպես միշտ, այս տարի ևս չենք սահմանափակվել միայն գործատուների ակտիվությամբ և մեր հարթակի տվյալներով՝ զեկույցում ներառելով աշխատաշուկայի հետ կապված մակրոտնտեսական ցուցանիշների վերլուծություն, որը թույլ է տալիս ավելի ընդհանրական պատկեր ստանալ հայաստանյան աշխատաշուկայից, մասնավորապես, աշխատավարձերից։ Մակրոտնտեսական վերլուծությունը կատարվել է «Մոդեքս» ընկերության հետ համատեղ, ինչի համար անչափ շնորհակալ ենք Մոդեքս ընկերությանն արդեն երրորդ տարին մեզ աջակցելու համար։

Այս տարի արդեն երկրորդ անգամ «ՀՀ Աշխատաշուկա» զեկույցն ունի բարեգործական առաքելություն։ Այն ծավալուն աշխատանքը, որը տարվում է staff.am թիմի կողմից զեկույցը ստեղծելու համար և այն լայն կիրառությունը, որն այն ունի, արժանի է մի փոքր ուշադրության, որը կխնդրենք, որպես գնահատանք, փոխանցել «4090 Բարեգործական Հիմնադրամին»` ռեԱրմենիա համագործակցության հարթակի միջոցով։ Այն միջոցները, որոնք կհավաքվեն մեր զեկույցի օգնությամբ, կուղղորդվեն 2020թ. պատերազմի մասնակից և բարձր առաջադիմություն ունեցող 15 հայորդիների ուսման վարձի վճարմանը։ Մանրամասներն՝ այստեղ։

Կանխավ շնորհակալ եմ մեր հետևորդներին մեր կողմից հրապարակվող զեկույցների հանդեպ ցուցաբերած նման մեծ հետաքրքրության և գնահատանքի համար, և հուսով, որ միասին կարող ենք մեր փոքրիկ ներդրումն ունենալ «4090 Բարեգործական հիմնադրամի» նախաձեռնությանը։  



Լուիզա Ավետիսյան
staff.am համահիմնադիր
Տեխնիկական Գիտությունների Թեկնածու (Ph.D)
Նախագծերի կառավարման որակավորված մասնագետ (PMP)
«ՀՀ Աշխատաշուկա» վերլուծության հեղինակ


ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

Վերլուծությունն իրականացվել է staff.am կարիերայի օնլայն հարթակի կողմից, սեփական տվյալների և staff.am թիմի կողմից 2023թ. տարբեր ուսումնասիրությունների արդյունքում հավաքված տվյալների հիման վրա։ Աշխատաշուկայի մակրոտնտեսական ցուցանիշների մասով տվյալների համար օգտագործվել է ՀՀ Վիճակագրական կոմիտեի (ՎԿ) կողմից հրապարակված պաշտոնական տեղեկատվությունը, իսկ աշխատավարձերի մասով վերլուծության մեջ կիրառվել են ինչպես ՀՀ ՎԿ, այնպես էլ staff.am տվյալները։ Ստորև ներկայացված են տվյալների հիմնական աղբյուրները։

  1. staff.am-ի 2021, 2022 և 2023 աշխատանքի հայտարարություններ: Ընդհանուր թիվը` 64,600 աշխատանքի հայտարարություն։
  2. Զեկույցի մեջ ներառվել են նաև  ՀՀ Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակվող «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2023թ. հունվար- հոկտեմբերին», «Սպառողական գների ինդեքսը Հայաստանի Հանրապետությունում 2023 թվականի հունվար-նոյեմբերին» հաշվետվությունները, որոնց մշակումն ու գրաֆիկների կառուցումը կատարվել է «Մոդեքս» ընկերության հետ համատեղ։

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԲԱԺԻՆՆԵՐԸ

 

ԶԵԿՈՒՅՑԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՇԵՇՏԱԴՐՈՒՄՆԵՐԸ

  1. 2023թ. ՀՀ աշխատաշուկայում շարունակվել են 2022թ. երրորդ և չորրորդ եռամսյակներին դիտված միտումները, որոնք են ֆինանսաբանկային ոլորտի դինամիկ աճ, ՏՏ ոլորտի ակտիվության զգալի անկում, սպասարկման, հյուրընկալության, ծառայությունների, արտադրության ոլորտների աճ։
  2. Փաստացի 2023թ. ՀՀ աշխատաշուկան շարունակել է 2022թ. զարգացման տեմպերը։ Իհարկե ոչ բոլոր չափանիշների մասով է աճը եղել նախորդ տարվան համարժեք, սակայն միանշանակ գրանցվել է հաստիքների թվի աճ, աշխատավարձերի աճ, աշխատողների թվաքանակի աճ։
  3. Աշխատաշուկայի ուսումնասիրության մեր պրակտիկայում առաջին անգամ ՏՏ աշխատանքների զգալի անկում է արձանագրվել։ Նկատվել է Ծրագրավորման հաստիքների մոտ 50% նվազում 2022թ. համեմատ։ Սա պայմանավորված է ՏՏ ընկերությունների ակտիվության անկմամբ։ Մասնավորապես, 2021թ. staff.am-ում բոլոր աշխատանքների մոտ 50%-ը բաժին էր ընկնում ՏՏ ընկերություններին, մինչդեռ 2023թ. այս ցուցանիշը հասել է 30%։
  4. Չնայած վերը նշված փաստին, ՏՏ ընկերությունները պահել են իրենց առաջատարի դերը ամենաակտիվ ոլորտների շարքում, սակայն սա հիմնականում պայմանավորված է ոլորտի մեծ մասնակիցների ակտիվությամբ։
  5. 2023թ. զգալի աճ է գրանցել Ֆինանսաբանկային ոլորտը, իսկ Բանկային և վարկային գործ մասնագիտությունն ամենապահանջվածն է եղել։ Երկրորդ հորիզոնականում է Վաճառքին և սպասարկմանն առնչվող մասնագիտական ոլորտը, իսկ Ծրագրավորումը՝ երրորդ, նախորդ տարիների առաջատարի փոխարեն։ Փաստացի բոլոր մասնագիտությունների գծով գրանցվել է պահանջարկի աճ, բացի ՏՏ ոլորտի մասնագիտություններից։
  6. Մարզերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հաստիքների ակտիվության չափանիշը շարունակել է աճել, այսինքն 2023թ. ընթացքում բոլոր աշխատանքների 16.8%-ը եղել է մարզերում։ Մաս 2-ում կատարված մանրամասն ուսումնասիրությունից նշենք, որ 2021թ. այս ցուցանիշը 5.6% է։
  7. ՀՀ-ում առաջարկվող աշխատավարձերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Երևանում և Սյունիքում վճարվում են ամենաբարձր, իսկ Շիրակում և Գեղարքունիքում՝ ամենացածր աշխատավարձերը։
  8. Ուսումնասիրել ենք միջին անվանական աշխատավարձի տոկոսային աճը՝ համեմատած նույն ժամանակահատվածի հետ, ինչպես նաև սպառողական գների ինդեքսի դինամիկան (գնաճը)։ Նշենք, որ սպառողական գների ինդեքսի մասով ունենք զգալի բարելավում, այսինքն՝ գնաճի մեծ փոփոխություն տեղի չի ունեցել։
  9. 2021թ․ համեմատ՝ աշխատավարձի աճ է գրանցվել համարյա բոլոր ոլորտներում, այդ թվում՝ կրթության և գիտության։
  10. Ուսումնասիրել ենք նաև ՀՀ-ում վճարվող աշխատավարձի բաշխվածությունն՝ ըստ սեռի և տնտեսական ոլորտների։ Օրինակ 2022թ. կանանց աշխատավարձն աճել էր ընդամենը 6%-ով, իսկ տղամարդկանցը՝ 20%-ով։ 2023թ., սակայն, պատկերը բավականին տարբեր է այն առումով, որ կանանց և տղամարդկանց աշխատավարձի աճը համարյա նույն մակարդակի վրա է, եթե համեմատենք 2022թ. նույն ժամանակահատվածի հետ։ Ընդ որում, կանանց աշխատավարձի աճը մի փոքր ավելի է 2023թ. հոկտեմբեր ամսվա դրությամբ։
  11. Հավասարությունից, սակայն, դեռ հեռու ենք ամենաբարձր վարձատրվող ոլորտներում։ Օրինակ, ՏՏ-ում և Բանկային ոլորտում կանայք մոտ 50%-ով պակաս են վճարվում տղամարդկանցից, սակայն խոսքը ոչ թե նույն հաստիքի մասով է, այլ ընդհանուր ոլորտի։ Այս մասով ավելի մանրամասն տե՛ս Մաս 3։
  12. Վերլուծության չորրորդ մասում մանրամասն անդրադարձել ենք ՀՀ-ում 2023թ. ամենամեծ ակտիվությունը գրանցած հինգ ոլորտներին, հատկապես, ուշադրություն դարձնելով ամենապահանջված մասնագիտություններին տվյալ ոլորտներում։ Մասնավորապես, Վաճառքի և սպասարկման մասնագետների պակասը զգալի է, ինչպես Հեռահաղորդակցության և Առևտրի, այնպես էլ արտադրության ու նույնիսկ ՏՏ ոլորտներում։ Հաշվապահների մեծ պահանջարկ կա Արտադրության և Առևտրի ոլորտի ընկերություններում։

ՄԱՍ 1. ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

 

1.1. 2023 թ. ամենապահանջված 20 մասնագիտական ոլորտները և դրանց համեմատությունը 2022թ. տվյալների հետ

2023թ. նախորդող 6 տարիների ընթացքում ամենամեծ պահանջարկն ունեցող Ծրագրավորման մասնագետների համար հայտարարված թափուր հաստիքների թիվը 2023թ. մոտ 50%-ով կրճատվեց։ Ընդ որում, ակտիվության անկումը դիտվել է ոչ միայն ՏՏ ընկերություններում, այլ նաև այլ ոլորտներում, օրինակ, ֆինանսաբանկային և հեռահաղորդակցության։ Սա պայմանավորված է տվյալ ոլորտներում ՏՏ մասնագետների ցածր հոսունությամբ, ինչն էլ իր հերթին պայմանավորված է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններում տեղի ունեցած կրճատումներով, հավաքագրման սառեցմամբ և զարգացման ու ընդլայնման ավելի դանդաղ տեմպերով։

20 ամենապահանջված մասնագիտությունները staff.am-ում
Աղբյուրը՝ staff.am, ժամանակահատվածը՝ 2022-2023թ.

Փաստացի եթե ամփոփենք 2023թ. ամենապահանջված մասնագիտությունները, ապա վստահորեն կարող ենք ասել, որ 2022թ. համեմատ անկում գրանցել է միայն Ծրագրավորման և ՏՏ ոլորտի այլ մասնագիտությունների մասով պահանջարկը։ Այլ ոլորտներում պահանջարկն աճել է կամ մնացել է նույնը։ Հարկ է նշել նաև, որ Հաշվապահական ոլորտի մասնագետների սղությունը ամբողջ տարվա ընթացքում զգալի է եղել, իսկ շուկայում այդ մասնագետների պակասն ակնհայտ է։

1.2. 2021-2023թթ. համեմատական վերլուծություն՝ ըստ 20 ամենաակտիվ ոլորտների (գործատուների)

Ամենաակտիվ ոլորտները staff.am-ում
Աղբյուրը՝ staff.am, ժամանակահատվածը՝ 2021 – 2023թթ.

 

Գրաֆիկում ներկայացված են գործատուների այն ոլորտները, որտեղ գրանցվել է ամենամեծ ակտիվությունը։ Հայտարարված բոլոր թափուր աշխատանքների մոտ 30%-ը բաժին է ընկնում ՏՏ ոլորտի ընկերություններին՝ համեմատած նախորդ տարվա 42% և 2021թ. 50%-ի հետ։ Սա պայմանավորված է ՏՏ ոլորտի ակտիվության անկման հետ, ինչն էլ իր հերթին երկու պատճառ ունի՝ միջազգային ՏՏ ոլորտի ճգնաժամն ու ներդրողների ավելի զգույշ ու պահպանողական լինելը և ԱՄՆ դոլարի արժեզրկումը ազգային արժույթի նկատմամբ։ Պատմականորեն ամենաակտիվ ՏՏ ոլորտը 2023թ. դեռ շարունակեց պահպանել առաջատարի իր դիրքը։
Ինչպես ցույց է տալիս գրաֆիկը, Ֆինանսաբանկային ոլորտի ընկերությունների ցուցաբերած ակտիվությունը 2023թ. կազմել է 27%, ինչը 7 տոկոսային կետով ավելի բարձր է 2022թ․ համեմատ և կրկնակի՝ 2021թ. նկատմամբ։ Այս աճով պայմանավորված՝ ՏՏ ոլորտի և ֆինանսաբանկային ոլորտի ակտիվության տարբերությունը բավականին կրճատվել է։
«ՀՀ աշխատաշուկա 2023» վերլուծության մեջ այս տարի ներառել ենք ամենաակտիվ 5 ոլորտների ավելի մանրամասն ուսումնասիրություն, որը կգտնեք ստորև։

1.3. ՀՀ ամենաակտիվ գործատուներն՝ ըստ համալրման ծավալների

Գրաֆիկում ներկայացված են ՀՀ ամենաակտիվ 20 գործատուները համալրման ծավալներով։
Ի տարբերություն 2022թ., երբ ներկայացված 20 ընկերություններից 9-ը ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ էին, իսկ 2021թ.՝ 11, ապա 2023թ. ՏՏ ընկերությունների դիրքերը զիջել են և ընդամենը 6 ՏՏ ընկերություն կա թոփ 20-ում։

2022թ. սկսած ֆինանսաբանկային ոլորտում և, մասնավորապես, ՀՀ բանկերում նկատված ակտիվության աճը գրանցվեց նաև 2023թ.։ Փաստացի բոլոր աշխատանքների ավելի քան 26%-ը հայտարարվել է ֆինանսաբանկային ոլորտի ընկերությունների կողմից, իսկ դա բավականին լուրջ մասնաբաժին է։ «ՀՀ աշխատաշուկա 2023»-ում անդրադարձել ենք նաև առանձին ոլորտային ուսումնասիրություններին, որոնց կարող եք ծանոթանալ ստորև։

Ամենաակտիվ գործատուները staff.am-ում
Աղբյուրը՝ staff.am, ժամանակահատվածը՝ 2022-2023թթ.

1.4. 20 ամենապահանջված սոֆթ (փափուկ) հմտությունները

Soft (փափուկ) հմտություններն անձնային հմտություններն են, որոնք անհրաժեշտ են`մասնագիտական հմտությունների հետ միասին աշխատանքը լավ կատարելու համար։
Այս տարվա զեկույցում ներառել ենք գործատուների կողմից ամենապահանջված 20 սոֆթ հմտությունները և դրանց համեմատությունը 2022թ. ամենապահանջված հմտությունների հետ։ Հատկանշական էր, որ ոլորտային ակտիվությամբ պայմանավորված` տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ սոֆթ հմտությունների պահանջարկի մասով։ Առաջին տեղում է «Ժամանակի կառավարումը», որն առաջ է անցել ավանդաբար ամենապահանջված «Թիմում աշխատելու ունակությունից»։ Իսկ այնպիսի հմտություններն, ինչպիսիք են «Պատասխանատվության զգացումը», «Սթրեսակայունությունը», «Արագ սովորելու կարողությունն» ու «Պարտաճանաչությունը», ընդգրկվել են թոփ քսանյակի մեջ։ Սոֆթ հմտությունների մասին ավելի մանրամասն վերլուծություն կգտնեք այս զեկույցի ոլորտային ուսումնասիրության հատվածում։

Ամենապահանջված սոֆթ հմտությունները
Աղբյուրը՝ staff.am, ժամանակահատվածը՝ 2022 – 2023թթ.

 


ՄԱՍ 2. ՄԱՐԶԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

2.1. Համալրմամբ ամենաակտիվ մարզային քաղաքները ՀՀ-ում, համեմատությունը 2021 և 2022 թթ. հետ

Այս ուսումնասիրության նպատակն է ցույց տալ, թե ակտիվության ինչպիսի փոփոխություններ են տեղի ունեցել մարզային հավաքագրման առումով, եթե համեմատենք 2021 և 2022թթ. հետ։
2022թ. մարզային ակտիվությունը պահպանվել է նաև 2023թ.։ Ու չնայած որ համեմատած 2022թ. այս աճը նույնչափ մեծ չէ՝ 2021թ․ հետ համեմատած, պետք է հաշվի առնել, որ Վանաձոր և Գյումրի քաղաքները, որոնք ավանդաբար ամենաակտիվն են եղել ՏՏ հաստիքների առումով, նույնպես անկում են գրանցել։ Այսինքն, եթե ՏՏ ոլորում անկում չգրանցվեր, ապա մարզային հաստիքների կշիռն ընդհանուրի մեջ շատ ավելի մեծ կլիներ։

Մարզերի և Երևանի աշխատանքների բաշխվածությունը
Աղբյուրը՝ staff.am, ժամանակահատվածը՝ 2021-2023թթ.

2.2. 2021-2023թթ. համեմատական վերլուծություն՝ ըստ 10 ամենաակտիվ մարզային քաղաքների

Աբովյան, Աշտարակ, Կապան, Մասիս, Արմավիր և Արզնի քաղաքներում գրանցվել է մարզային հաստիքների աճ ու չնայած որ Գյումրիում և Վանաձորում, որոնք Երևանից հետո ամենաակտիվն են, գրանցվել է անկում (պայմանավորված հիմնականում ՏՏ ընկերությունների դինամիկայի նվազմամբ), ընդհանուր մարզային հաստիքների առումով ունենք աճ։ Հարկ է նշել, որ չնայած գրաֆիկում ներկայացրել ենք միայն ամենաակտիվ 10 մարզային քաղաքները, ունենք նկատելի ակտիվություն ՀՀ բոլոր մարզերի մասով։

Մարզային հաստիքների ակտիվության ուսումնասիրություն
Աղբյուրը՝ staff.am, ժամանակահատվածը՝ 2021-2023թթ.

2.3. Համալրմամբ ամենաակտիվ գործատուները ՀՀ մարզերում

Մարզային քաղաքներում հիմնականում ակտիվություն են ցուցաբերել այն ընկերությունները, որոնք ունեն մասնաճյուղեր տվյալ քաղաքում։ Օրինակ, 20 ամենաակտիվ գործատուներից 8-ը ֆինանսաբանկային ոլորտից են, որոնք հավաքագրում են կատարում մարզային մասնաճյուղերի համար։ 2-ը ՏՏ ոլորտից են (համեմատած նախորդ տարվա 4-ի հետ)։ Հաշվի առնելով Հեռահաղորդակցության ոլորտի ցուցաբերած ակտիվությունը 2023թ.` ոլորտի երեք խոշոր ընկերություն նույնպես ընդգրկվել են ամենաակտիվ քսանյակում։

Ամենաակտիվ գործատուները մարզերում
Աղբյուրը՝ staff.am, ժամանակահատվածը՝ 2023թ.

2.4. Ամենապահանջված մասնագիտությունները ՀՀ մարզերում

Մարզային հաստիքների վերլուծությունը եզրափակենք ամենաբարձր պահանջարկ ունեցող մասնագիտությունների վերլուծությամբ։ Հաշվի առնելով, որ ամենամեծ մասնաճյուղերի ցանցը մարզերում ունեն բանկերն ու վարկային կազմակերպությունները, ամենամեծ պահանջարկ ունեն հենց Բանկային և Վարկային մասնագետները։ Վաճառքի և սպասարկման մասնագետների մեծ պահանջարկը մարզերում զարմանալի չէ և պայմանավորված է ինչպես մարզերում մասնաճյուղ ունեցող գործատուներով, այնպես էլ մարզային ընկերությունների հաստիքներով։ Արտադրության, հաշվապահության, ադմինիստրատիվ և որակի կառավարման մասնագետների պահանջարկը հիմնականում մարզերում գտնվող ընկերությունների կողմից են։

ՀՀ մարզերում ամենապահանջված մասնագիտությունները
Աղբյուրը՝ staff.am, ժամանակահատվածը՝ 2023թ.

2.6. staff.am-ում արտերկրի գործատուների աշխարհագրության վերլուծությունը


ՄԱՍ 3. ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

 

3.1. Գնաճի և միջին ամսական անվանական աշխատավարձի դինամիկան 2023թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին

Գրաֆիկում ներկայացված է միջին ամսական անվանական աշխատավարձի և սպառողական գների ինդեքսի (գնաճի) դինամիկան 2023թ. հունվար-հոկտեմբեր ամիսների համար։
Միջին ամսական անվանական աշխատավարձի ինդեքսը (աճի/նվազման տեմպը) բնութագրում է դիտարկվող ժամանակահատվածում անվանական աշխատավարձի տոկոսային փոփոխությունը բազային ժամանակահատվածի անվանական աշխատավարձի համեմատ:
Իրական աշխատավարձը բնութագրում է դիտարկվող ժամանակահատվածում ապրանքների եւ ծառայությունների այն ծավալը, որը հնարավոր է ձեռք բերել աշխատավարձով՝ ելնելով բազիսային ժամանակաշրջանի գներից: Իրական աշխատավարձը հաշվարկվում է տվյալ ժամանակաշրջանի անվանական աշխատավարձի հարաբերությամբ նույն ժամանակաշրջանի սպառողական գների ինդեքսին:

Գնաճի և միջին ամսական աշխատավարձի դինամիկան
Աղբյուր՝ ՀՀ ՎԿ. «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2023թ. հունվար- հոկտեմբերին», «Սպառողական գների ինդեքսը Հայաստանի Հանրապետությունում 2023 թվականի հունվար-նոյեմբերին»:

Գրաֆիկում յուրաքանչյուր ամսվա համար տրված տոկոսային փոփոխությունը նշված է նախորդ տարվա համապատասխան ամսվա նկատմամբ։

3.2. Միջին ամսական աշխատավարձի դինամիկան 2017-2023թթ․-ին

Գրաֆիկում ներկայացված է 2017-2023թթ. միջին ամսական աշխատավարձի աճի դինամիկան։ Ըստ ուսումնասիրության՝ 2021թ.-ից դիտվում է աշխատավարձերի կայուն աճ, ինչը գրանցվել է նաև 2023թ. հունվար-հոկտեմբեր ամիսների համար նույնպես։

Wp 1763119234122 rj9fga
Աղբյուր՝ ՀՀ ՎԿ. «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2023թ. հունվար-հոկտեմբերին»

3.3. Աշխատողների միջին թիվն՝ ըստ տնտեսական գործունեության տեսակների և միջին անվանական աշխատավարձի 2023թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին

Գրաֆիկում պատկերված է աշխատողների միջին թիվն՝ ըստ տնտեսական գործունեության տեսակների։ Նշենք, որ այս տվյալների աղբյուրը ՀՀ Վիճակագրական կոմիտեն է։ Գրաֆիկում նշված է նաև յուրաքանչյուր տնտեսական գործունեության տեսակի համար միջին աշխատավարձը։ 2022թ. նույն ժամանակահատվածի հետ համեմատելու համար տես՝ «ՀՀ աշխատաշուկա 2022», 2.2 ենթաբաժինը։ Եթե դիտարկենք աշխատավարձերի փոփոխությունը, ապա համարյա բոլոր տնտեսական գործունեության ոլորտներում գրանցվել է աշխատավարձի աճ, այդ թվում՝ կրթության, գիտության, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլն։

Wp 1763119234708 15vkoj
Աղբյուր՝ ՀՀ ՎԿ. «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2023թ. հունվար-հոկտեմբերին»

 

3.6. Ամսական միջին աշխատավարձն ըստ սեռի և տնտեսական գործունեության ոլորտի

Շարունակելով աշխատավարձի վերլուծության թեման՝ նշենք, որ ստորև գրաֆիկում ներկայացված է տղամարդկանց և կանանց աշխատավարձի բաշխվածությունն՝ ըստ տնտեսական գործունեության ոլորտների։
Վերլուծությունը ցույց է տալիս, որ ամենաբարձր վճարվող ոլորտներում, ինչպիսիք են Տեղեկատվական տեխնոլոգիաներն ու կապը, Ֆինանսաբանկային ոլորտն ու Հանքարդյունաբերությունը, տղամարդկանց աշխատավարձը զգալի բարձր է կանանց վճարվող աշխատավարձից։ Սա հնարավոր է․ պայմանավորված է նրանով, որ այս ոլորտներում ամենաբարձր վարձատրվող հաստիքները (տնօրեն, դեպարտամենտի տնօրեն, բարձր օղակի ղեկավար և այլն) հիմնականում զբաղեցնում են տղամարդիկ։

Ամսական միջին աշխատավարձն ըստ ոլորտի և սեռի
Աղբյուր՝ ՀՀ ՎԿ. «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2023թ. հունվար-հոկտեմբերին»

 


ՄԱՍ 4. ՆԵՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

 

 

4.1.2. ՏՏ ընկերությունների կողմից ամենապահանջված մասնագիտություններ

Այս վերլուծության հիմքում ՏՏ ոլորտում պահանջվող տարբեր մասնագիտությունների վերլուծությունն է։
Ըստ 2023 թ.-ին հայտարարված թափուր հաստիքների թվի՝ Ծրագրավորման աշխատանքները մեծ տարբերությամբ առաջատար են։ Ծրագրավորման մասնագետներին հաջորդում է «Վաճառքի և սպասարկման» մասնագիտությունը, այնուհետև մարքեթինգ, պրոդուկտի և նախագծերի մասնագիտությունները, իսկ թոփ հնգյակը եզրափակվում է «Այլ ՏՏ» մասնագիտությամբ։

Wp 1763119236916 yzjn29
Աղբյուրը՝ staff.am, ժամանակահատվածը՝ 2023թ.

 

4.2. ՖԻՆԱՆՍԱԲԱՆԿԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

4.2.1 Ֆինանսներ, բանկ և ապահովագրություն ոլորտի ամենաակտիվ գործատուները

2022թ.-ից սկսած ֆինանսաբանկային ոլորտի աննախադեպ աճը շարունակվեց 2023թ.-ին։ Վերլուծության այս հատվածում անդրադարձել ենք ֆինանսաբանկային ոլորտի այս տարվա ամենաակտիվ գործատուներին։ Արդշինբանկը և Ֆինքա Ունիվերսալ վարկային կազմակերպությունը առաջին երկու տեղերն են զբաղեցնում, իսկ թոփ քսանյակում, բացի բանկերից և ՈՒՎԿ-ներից այս տարի ներառվել են ոլորտի այլ ներկայացուցիչներ՝ Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան և Ernst and Young միջազգային ընկերությունը։

Ֆինանսաբանկային ոլորտի ամենաակտիվ գործատուները
Աղբյուրը՝ staff.am, ժամանակահատվածը՝ 2023թթ.

4.2.2. Ամենապահանջված մասնագիտությունները ֆինանսաբանկային ոլորտում

Այս վերլուծության նպատակն է ցույց տալ, թե որոնք են ամենապահանջված մասնագիտությունները Ֆինանսաբանկային ոլորտում։ Ոլորտի հիմնական մասնագիտացումից՝ «բանկային և վարկային» գործից հետո, ակտուալ են հաշվապահական, սպասարկման, ծրագրավորման և այլ ոլորտները, որոնք ներկայացված են գրաֆիկում։

Ֆինանսաբանկային ոլորտի ամենապահանջված մասնագիտությունները
Աղբյուրը՝ staff.am, ժամանակահատվածը՝ 2023թ.

4.3. ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

4.3.1. Հեռահաղորդակցության ոլորտի ամենաակտիվ գործատուները

Հավաքագրման ծավալներով Հեռահաղորդակցության ոլորտի ամենաակտիվ գործատուները ներկայացված են գրաֆիկում։ Հատկանշական է որ, թոփ եռյակում գտնվող ընկերությունները նաև ընդգրկվել են՝ ինչպես ամենաակտիվ 20 գործատուների մեջ, այնպես էլ մարզերում ցուցաբերել են մեծ ակտիվություն հավաքագրման առումով։ Հաջորդ գրաֆիկում ներկայացված են այն նեղ մասնագիտությունները, որոնք ամենապահանջվածն են հեռահաղորդակցության ոլորտում։

Հեռահաղորդակցության ոլորտի ամենաակտիվ գործատուները
Աղբյուրը՝ staff.am, ժամանակահատվածը՝ 2023թ.

4.3.2. Հեռահաղորդակցության ոլորտում ամենապահանջված մասնագիտությունները

Այս ուսումնասիրության նպատակն է ցույց տալ, թե Հեռահաղորդակցության ոլորտում որ մասնագետներն են ամենապահանջվածը։
Հաշվի առնելով այս ոլորտի ընկերությունների սպասարկման մեծ ցանցերը, ամենապահանջված մասնագետները վաճառքի և սպասարկման ոլորտում են։ Սա նաև պայմանավորված է այս հաստիքների բարձր հոսունությամբ։ Թոփ տասնյակում ներառված են նաև մի շարք ՏՏ և ինժեներական մասնագիտական ուղղվածություններ։

Հեռահաղորդակցության ոլորտում ամենապահանջված մասնագիտությունները
Աղբյուրը՝ staff.am, ժամանակահատվածը՝ 2023թ.

4.4. ՆԵՐԿՐՈՒՄ, ԱՐՏԱՀԱՆՈՒՄ, ԱՌԵՎՏՈՒՐ ՈԼՈՐՏԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

4.4. ՆԵՐԿՐՈՒՄ, ԱՐՏԱՀԱՆՈՒՄ, ԱՌԵՎՏՈՒՐ ՈԼՈՐՏԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ – mijin salary

4.4.1 Ներկրում, արտահանում, առևտուր ոլորտի ամենաակտիվ գործատուները

Այս ոլորտում ներառված են այն ընկերությունները որոնց գործունեությունը վերը նշված երեք ոլորտներից մեկում է։ Ամենաակտիվ գործատուներից Մոբայլ Սենթր ընկերությունը նաև ընդգրկվել է մարզային ամենաակտիվ թոփ քսանյակում։ Հաջորդ գրաֆիկում ներկայացրել ենք նաև թե ինչպիսի մասնագետներն ունեն ամենամեծ պահանջարկը այս ոլորտում։

Ամենաակտիվ գործատուները ներկրում, արտահանում, առևտուր ոլորտներում
Աղբյուրը՝ staff.am, ժամանակահատվածը՝ 2023թ.

4.5. ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

4.5.1 Արտադրության ոլորտի ամենաակտիվ գործատուները

2023թ.-ին Արտադրության ոլորտի ընկերությունները նույնպես ցուցաբերել են աճ համեմատած 2022թ.-ի հետ։ Ըստ staff.am-ում ունեցած ակտիվության առաջին եռյակում են Աթենք ընկերությունը, Կոկա-Կոլան և Բեկոն Պրոդուկտը։ Ասեդլ և Գրանդ Քենդի ընկերությունները կիսում են տասներորդ հորիզոնականը և եզրափակում են այն։

Ամենաակտիվ գործատուները արտադրության ոլորտում
Աղբյուրը՝ staff.am, ժամանակահատվածը՝ 2023թ.

ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐ 2024թ.-ի ՀԱՄԱՐ

Ամփոփելով վերլուծությունն ու զեկույցը՝ առանձնացրել ենք 2024թ.-ի մեր կանխատեսումները։

  1. ԱՄՆ-ում, Կանադայում և Եվրոպայում 2022թ.-ից սկսած ՏՏ ճգնաժամը և ՀՀ դրամի արժևորմամբ պայմանավորված ՀՀ-ում 2024թ.-ի առաջին կեսին կպահպանվի ՏՏ ոլորտի ընկերությունների ցածր ակտիվություն։ Սակայն քիչ հավանական է, որ ՀՀ-ում ՏՏ ընկերությունները կունենան աշխատակիցների կրճատումներ։ Ավելին, 2024թ.-ի երկրորդ կեսին սպասվում է միջազգային ՏՏ ոլորտի համեմատական ակտիվություն։
  2. Բանկային համակարգը կշարունակի պահպանել աշխատաշուկայի ֆլագմանի դիրքը։ Ըստ մեր կանխատեսումների ոլորտում հավաքագրման ծավալները կկայունանան, սակայն եթե ինչպես կանխատեսվում է 2024թ.-ի երկրորդ կեսին ՏՏ ոլորտի զգալի ակտիվացում տեղի ունենա, վերջինս կարող է կրկին ապակայունացնել ֆինանսաբանկային ոլորտում հավաքագրման ստատուս քվոն։
  3. Սպասարկման, տուրիզմի, հյուրընկալության, արտադրության և նման մի շարք ոլորտների ակտիվությունը անմիջականորեն կապ կունենա արտերկրից և հիմնականում ՌԴ-ից մարդկանց ներհոսքով ՀՀ, ինչպես կարճաժամկետ զբոսաշրջության այնպես էլ ՀՀ տեղափոխվելու նպատակով։
  4. Աշխատավարձերի աճը 2024թ.-ին ավելի շատ կախված կլինի գնաճից։ Կանխատեսվում է, որ աշխատավարձերի աճ տեղի կունենա, սակայն աշխատաշուկայում զգալի տեղաշարժեր կամ նոր մեծ խաղացողների մուտք չլինելու դեպքում, աճը զգալի չի լինի։
  5. Մարզային ակտիվությունը նույնպես կշարունակվի պահպանվել, քանի որ սկսված գործընթացը ոչ թե տեղային և մեկանգամյա բնույթ ունի, այլ իրական աճ։ Աշխատանքներ Գյումրիում և աշխատանքներ Վանաձորում կպահպանեն իրենց թոփ դիրքը։


Զեկույցն ամբողջությամբ կամ մասամբ վերահրապարակելու դեպքում անհրաժեշտ է հղում կատարել staff.am-ին: 

PDF տարբերակը ստանալու համար անհրաժեշտ է կապ հաստատել մեզ հետ՝

+374 11 900 901, hello@staff.am

Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: