Յուրաքանչյուր կազմակերպություն ցանկանում է պահպանել և գնահատել իր լավագույն աշխատակիցներին։ Երբ որևէ աշխատակից երկար ժամանակ բարձր արդյունքներ է գրանցում, գերազանցում է սպասելիքները և դառնում իր ոլորտի ճանաչված մասնագետ, հաջորդ քայլը հաճախ ակնհայտ է թվում. առաջխաղացնել նրան։
Եվ շատ դեպքերում այդ առաջխաղացումը նշանակում է պարզապես տեղափոխվել ղեկավար պաշտոնի։
Լավագույն վաճառքի մասնագետը դառնում է վաճառքի ղեկավար։ Հաջողակ հավաքագրող մասնագետը՝ Մարդկային ռեսուրսների ղեկավար։ Տաղանդավոր ինժեները՝ թիմի ղեկավար։ Փորձառու հաշվապահը՝ ֆինանսական բաժնի ղեկավար։
Ամեն ինչ տրամաբանական է թվում։ Սակայն սա նաև կազմակերպությունների կողմից ամենահաճախ թույլ տրվող սխալներից մեկն է։ Քանի որ առաջխաղացումը փոխում է մարդու պաշտոնը, բայց չի նշանակում, որ նա զարգացրել է նոր պաշտոնի համար անհրաժեշտ կարողությունները։
Հենց այստեղ է, որ շատ կազմակերպություններ շփոթում են առաջխաղացումը և զարգացումը։
Վտանգավոր ենթադրություն՝
Տարիներ շարունակ կազմակերպություններն առաջնորդվել են հետևյալ տրամաբանությամբ.
Լավ աշխատիր։
Փորձ ձեռք բեր։
Առաջխաղացիր։
Դարձիր ղեկավար։
Շարունակիր բարձրանալ։
Այս մոտեցման հիմքում ընկած է մի պարզ ենթադրություն՝ եթե մարդը հաջողակ է իր աշխատանքում, ապա հաջողակ կլինի նաև այդ աշխատանքը կատարող մարդկանց ղեկավարելիս։
Սակայն իրականությունը հաճախ այլ է։ Լավ մասնագետ լինելը և լավ առաջնորդ լինելը բացարձակ տարբեր կարողություններ են պահանջում։
Հիանալի ծրագրավորողը կարող է գերազանց լուծել տեխնիկական խնդիրներ, բայց դժվարանալ հետադարձ կապ տալու, աշխատակիցներին զարգացնելու կամ կոնֆլիկտներ կարգավորելու հարցում։
Փայլուն ռեքրութերը կարող է հեշտությամբ տաղանդներ գտնել, բայց դժվարանալ թիմ կառավարելիս։
Լավագույն վաճառողը կարող է անձամբ գերազանց արդյունքներ գրանցել, սակայն չկարողանալ նույն արդյունքները ստանալ թիմից։
Առաջխաղացման թաքնված արժեքը
Երբ կազմակերպությունը առանց նախապատրաստման կառավարիչ է դարձնում լավագույն մասնագետին, հաճախ տեղի է ունենում կրկնակի կորուստ։ Նախ՝ կազմակերպությունը կորցնում է ուժեղ մասնագետի։ Այնուհետև՝ պարտադիր չէ, որ ստանա ուժեղ ղեկավար։ Աշխատակիցն այլևս չի զբաղվում այն գործով, որում լավագույնն էր։ Միաժամանակ նա սկսում է կատարել գործառույթներ, որոնց համար երբեք չի պատրաստվել։ Արդյունքում կարող են առաջանալ դժգոհություններ, լարվածություն և արդյունավետության անկում։
Այն, ինչը պետք է լիներ պարգև, վերածվում է մարտահրավերի։
Ղեկավարությունը այլ մասնագիտություն է
Ամենամեծ մոլորություններից մեկն այն է, որ ղեկավարությունը պարզապես մասնագիտական փորձի հաջորդ մակարդակն է։ Իրականում ղեկավարությունը բոլորովին այլ մասնագիտություն է։ Ղեկավարի հիմնական աշխատանքն այլևս տեխնիկական խնդիրներ լուծելը չէ։
Նրա հիմնական պատասխանատվություններն են.
մարդկանց զարգացնելը,
որոշումներ կայացնելը,
առաջնահերթություններ սահմանելը,
հակամարտություններ լուծելը,
մոտիվացնելը,
պատասխանատվություն կրելը,
արդյունքներ ապահովելու պայմաններ ստեղծելը։
Այս ամենը լրիվ այլ հմտություններ են պահանջում։
Ինչո՞ւ են կազմակերպությունները շարունակում այս սխալը
1. Առաջխաղացումն ամենատեսանելի պարգևն է. Շատ կազմակերպություններում առաջխաղացումը համարվում է հաջողության գլխավոր խորհրդանիշը։
2. Կարիերայի ուղիները սահմանափակ են. Հաճախ աճի միակ ճանապարհը ղեկավար դառնալն է։ Սա ստեղծում է այն տպավորությունը, որ եթե ցանկանում ես զարգանալ, պետք է ղեկավարես մարդկանց։
3. Արդյունքները չափելն ավելի հեշտ է, քան առաջնորդական ներուժը. Վաճառքները, նախագծերը և KPI-ները չափելի են։ Իսկ առաջնորդական ներուժը՝ շատ ավելի դժվար գնահատելի։
4. Վստահությունը շփոթում ենք պատրաստվածության հետ. Շատ վստահ մասնագետը կարող է պատրաստ թվալ ղեկավարությանը։ Սակայն ղեկավարի արդյունավետությունը պահանջում է նաև հուզական ինտելեկտ, ինքնագիտակցություն, համբերություն և մարդկանց հետ աշխատելու հմտություններ։
Իսկ ի՞նչ է իրական զարգացումը
Զարգացումը նոր պաշտոն չէ։ Զարգացումը նոր անվանում չէ։ Զարգացումը կարողությունների ընդլայնումն է։
Մարդը զարգանում է, երբ ձեռք է բերում նոր մտածելակերպ, նոր հմտություններ և նոր վարքագծեր։ Առաջնորդի զարգացման կարևոր բաղադրիչներն են.
ինքնագիտակցությունը,
հաղորդակցման հմտությունները,
պատվիրակումը,
ռազմավարական մտածողությունը,
հուզական ինտելեկտը,
որոշումների կայացումը,
ուրիշների վրա ազդեցություն գործելու կարողությունը։
Այս հմտությունները ժամանակ և նպատակային զարգացում են պահանջում։
Մարդկային ռեսուրսների կառավարման տեսանկյունից
Մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում ամենակարևոր հարցերից մեկը ոչ թե.
«Ո՞վ է մեր լավագույն աշխատակիցը»։ Այլ. «Ո՞վ է իսկապես պատրաստ ղեկավարելու»։
Եվ շատ հաճախ այս երկու հարցերի պատասխանները տարբեր մարդիկ են։
Կազմակերպությունները, որոնք տարբերակում են մասնագիտական գերազանցությունը և առաջնորդական պատրաստվածությունը, սովորաբար ձեւավորում են ավելի ուժեղ ղեկավարական ռեզերվ և ավելի առողջ կազմակերպական մշակույթ։
Հաջողության այլընտրանքային ճանապարհներ
Կազմակերպությունները պետք է ընդունեն, որ ղեկավարությունը միակ հաջողության ճանապարհը չէ։ Հավասարապես կարևոր են.
Ոչ բոլոր տաղանդավոր մարդիկ են ցանկանում ղեկավարել։ Եվ ոչ բոլոր տաղանդավոր մարդիկ պետք է ղեկավարեն։
Եզրակացություն
Առաջխաղացումը կարևոր է։ Գնահատումը կարևոր է։ Կարիերայի աճը կարևոր է։ Սակայն ամենավտանգավոր սխալներից մեկն այն է, երբ կազմակերպությունները ենթադրում են, որ դրանք միշտ պետք է նույն տեսքն ունենան։
Լավագույն աշխատակիցը պարտադիր չէ, որ լինի լավագույն ղեկավարը։ Ամենաուժեղ մասնագետը պարտադիր չէ, որ լինի լավագույն առաջնորդը։ Եվ կարիերայի հաջորդ քայլը միշտ չէ, որ ղեկավարությունն է։ Քանի որ պաշտոնը փոխելը և կարողությունները զարգացնելը նույն բանը չեն։
Առաջխաղացումը փոխում է մարդու դիրքը։ Զարգացումը փոխում է մարդու կարողությունները։ Այս երկուսը շփոթելը կարող է դառնալ տաղանդների կառավարման ամենաթանկ սխալներից մեկը։