Առաջին հայ անալոգ տիեզերագնաց Աննա Հարությունյանը՝ մտածելով տիեզերքի սահմաններից դուրս

Առաջին հայ անալոգ տիեզերագնաց Աննա Հարությունյանը՝ մտածելով տիեզերքի սահմաններից դուրս

Sstaffmedia.am
11 նոյեմբերի 2025
6 րոպե ընթերցում
1,359
Կիսվել հոդվածով

staffmedia.am-ում մենք պատմում ենք մարդկանց մասին, որոնց մասնագիտական ուղին ոգեշնչում է շատերին կրթվելու, զարգանալու և սեփական երազանքի հետևից գնալու։

Այսօրվա մեր զրուցակիցը Աննա Հարությունյանինն է՝ առաջին հայ անալոգ տիեզերագնացը, ով սովորում է Գերմանիայի միջազգային համալսարանի ռոբոտատեխնիկայի բաժնում, մասնակցել է NASA-ի միջազգային ուսանողական ծրագրերին և շարունակում է իր առաքելությունը տիեզերքի ոլորտում։ Մանկությունից հետաքրքրված լինելով տեխնոլոգիաներով ու ինժեներիայով՝ նա տարիների ընթացքում ձևավորել է հստակ մասնագիտական ուղի և այժմ իր օրինակով ցույց է տալիս, որ գիտությունն ու տիեզերական հետազոտությունները հասանելի են նաև Հայաստանի երիտասարդ սերնդին։ Աննան պատմում է, թե ինչպես մանկական հետաքրքրությունը վերածվեց մասնագիտական առաքելության, ինչ մարտահրավերների է բախվել որպես հայ երիտասարդ կին գիտնական, և ինչու է հավատում, որ տիեզերքը սկսվում է հենց մեր մտքից։

 Ինչպե՞ս հայտնվեցիք ռոբոտատեխնիկայի և տեխնոլոգիական կրթության աշխարհում, ինչպե՞ս ազդեցին Պոլիտեխնիկի վարժարանում անցկացրած տարիները Ձեր ընտրած ուղու վրա և ինչն էր Ձեզ ամենաշատը գրավում մանկուց։

Երևի ճիշտ է սկսել հենց մանկությունից։ Դեռ փոքրուց ինձ գրավում էին ռոբոտները․ սիրում էի դիտել դրանց մասին ֆիլմեր, խաղալ լեգոներով և երազել, որ մի օր կունենամ իմ սեփական «smart home»-ը՝ սարքավորված այն տեխնիկայով, որը ես ինքս եմ ստեղծել։ Այդ հետաքրքրությունը բնականորեն ինձ տարավ դեպի բնագիտամաթեմատիկական առարկաներ, և երբ ավարտեցի հիմնական դպրոցը, ընդունվեցի Պոլիտեխնիկի վարժարան՝ ինժեներական ուղղությամբ։

Ինչպե՞ս դիմեցիք NASA-ի ուսանողական ծրագրին, ի՞նչ մարտահրավերների հանդիպեցիք և ինչպես հաղթահարեցիք դրանք։

NASA-ի հայտարարությունը տեսել էի շատ պատահական՝ LinkedIn-ում։ Դիմեցի առանց երկար մտածելու, որովհետև հենց այդ ժամանակ մասնակցում էի ամերիկյան կազմակերպության կազմակերպած աստղակենսաբանության դասընթացին, որտեղ կրթաթոշակ ստանալով՝ մասնակցում էի առաքելություն նախագծելու աշխատանքներին։ Անցա մի քանի փուլ՝ տեխնիկական և տրամաբանական հարցազրույցներ, ապա փափուկ հմտությունների գնահատում։

Ծրագիրը բարդ էր, հատկապես որովհետև ես մասնակցում էի հեռավար՝ Հայաստանից։ Ժամային տարբերությունը շատ էր՝ գիշերներն անքուն էի մնում, առավոտյան միանում Nasa-ի հանդիպումներին։ Ղեկավարում էի 16 ինժեների թիմ, որոնք աշխատում էին  Orbiter-ի նախագծի վրա։ Յուրաքանչյուր թիմի հետ առանձին հանդիպումներ էի անցկացնում, իսկ օրվա վերջում մասնակցում Nasa-ի ընդհանուր նիստին։ Այդ 7-8 ամիսների ընթացքում գրեթե չէի քնում, բայց մոտիվացիաս այնքան մեծ էր, որ հոգնածությունը երկրորդական էր թվում։

Վերջում մեր թիմը հաջողությամբ ներկայացրեց Orbiter-ի նախատիպը։ Թեպետ նախագիծը դեռ շարունակություն չի ստացել, փորձն ինձ համար անփոխարինելի էր՝ թե՛ որպես ինժեների, թե՛ որպես առաջնորդի։

Ինչպե՞ս ստացաք Ձեր առաջին անալոգ առաքելության հրավերը և ի՞նչ զգացողություն ունեք՝ լինել առաջին հայ անալոգ տիեզերագնացը։

Հայաստանում անցկացվող անալոգ առաքելության մասին տեղեկացա գրեթե պատահական՝ սոցիալական ցանցերում տարածված հայտարարությունից։ Երբ կարդացի, որ այն կազմակերպվում է Ավստրիական Տիեզերական ֆորումի աջակցությամբ, թվում էր անհավանական, որ նման մասշտաբի ծրագիր կարող էր իրականանալ Հայաստանում։ Բայց հստակ գիտեի՝ ուզում եմ լինել դրա մի մասը։

Լեհաստանում անցկացվող առաքելությունը տևեց յոթ օր։ Մենք ապրում էինք լիակատար մեկուսացման պայմաններում՝ առանց բնական լույսի, մշտական գիտական փորձարկումների և խիստ ռեժիմի ներքո։ Երբ առաքելությունը ավարտվեց, կենտրոնը հրապարակեց, որ ես դարձել եմ առաջին հայ անալոգ տիեզերագնացը։ 

Յուրաքանչյուր առաքելությունից ի՞նչ եք սովորում, և որն է թողել ամենախորը ազդեցությունը։

Անալոգ առաքելությունները բառացիորեն փոխեցին ինձ։ Դրանք ոչ միայն տեխնիկական, այլև հոգեբանական փորձություն են։ Երբ մեկ ամիս ապրում ես մեկուսացված միջավայրում՝ տարբեր ազգերի և մշակույթների մարդկանց հետ, սովորում ես համբերել, լսել, հարմարվել։ Ես միշտ ինտրովերտ եմ եղել, և այդ միջավայրում պետք էր գտնել բալանս՝ ինքդ քեզ չկորցնելու և թիմի մաս լինելու միջև։

Այդ փորձը ինձ դարձրեց ավելի հանդուրժող, կարգապահ և բաց մտածողությամբ։ Հիմա ցանկացած իրավիճակում առաջին արձագանքս լուծում փնտրելն է։ Դա անգին հմտություն է՝ ոչ միայն տիեզերքում, այլև կյանքում։

Եթե Ձեր աշխատանքային փիլիսոփայությունը ձևակերպեիք մեկ նախադասությամբ, ինչպե՞ս կձևակերպեիք այն։

Թումոյում դեռ պատանի էի, երբ առաջին անգամ տեսա էկրանին գրված «Think outside of the box» արտահայտությունը։ Այդ մի նախադասությունը կարծես դարձավ իմ կյանքի սկզբունքը՝ իմ բոլոր որոշումներում և կարևոր քայլերում ուղեկցելով ինձ։ Մեր հասարակությունը հաճախ փորձում է մեզ տեղավորել նախապես սահմանված «տուփերի» մեջ, բայց իմ սերունդը չի տեղավորվում դրանցում։ Եթե ունես երկու տարբերակ՝ մեկը հարմարավետ, մյուսը՝ ռիսկային, ընտրիր երկրորդը։ 

Ի՞նչ խորհուրդ կտաք այն երիտասարդներին, որոնք նոր են մտնում տեխնոլոգիաների և տիեզերքի աշխարհ։

Նախ՝ զարգացրեք ձեր փափուկ հմտությունները, որովհետև թիմային աշխատանքը այս ոլորտում ամեն ինչ է։
Երկրորդ՝ մի հետևեք միայն նոր գործիքների միտումներին․ տիրապետեք հիմքերին՝ ֆիզիկային, մաթեմատիկային, գծային հանրահաշվին։ Տիեզերական ինժեներներին գնահատում են ոչ թե այն բանի համար, թե ինչ նոր ու ժամանակակից գործիքների են տիրապետում, այլ թե որքան խորքային են հասկանում հիմքը։

Իսկ եթե պլանավորում եք աշխատել տիեզերքի ոլորտում, հնարավորինս շուտ փորձեք կրթություն ստանալ արտերկրում։ Այդ գիտելիքը հետ բերեք Հայաստան՝ զարգացնելու այստեղի կրթական միջավայրը։ Սա է այն ուղին, որով Հայաստանը կարող է դառնալ տիեզերական գիտության քարտեզի մաս։

Ի՞նչ նոր նախագծեր եք նախատեսում առաջիկայում։

Աննա Հարությունյանի պատմությունը ոչ միայն առաջին հայ անալոգ տիեզերագնացի պատմությունն է, այլև խորհրդանիշ այն սերնդի, որը չի վախենում մեծ երազանքներից։
Շարունակեք կրթվել, գնալ առաջ ու քայլել ձեր երազանքի հետքերով, իսկ մենք այդ ճանապարհին խոստանում ենք աջակցել ձեզ նոր, հետաքրքիր ու օգտակար նյութերով։





Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: