Աշխատանքի ու հանգստի միջև․ ինչպես են վերալիցքավորում իրենց ներքին մարտկոցը հայ աշխատակիցները

Աշխատանքի ու հանգստի միջև․ ինչպես են վերալիցքավորում իրենց ներքին մարտկոցը հայ աշխատակիցները

Sstaffmedia.am
5 նոյեմբերի 2025
4 րոպե ընթերցում
1,065
Կիսվել հոդվածով

Աշխատանքի և հանգստի սահմանները երբեք այսքան աղոտ չեն եղել։ Անընդհատ հաղորդակցություն, թվային, ձայնային միջավայր, անսահման «պետք է»-ների ցանկ։ staff.am-ի լինքդինյան հարցումն այս անգամ նվիրել էինք այս շատ կարևոր թեմային, թե ինչպես են նախընտրում ինքնավերականգնվել ծանր օրվա ավարտին հայ աշխատակիցները։
Հարցմանը մասնակցել է 648 օգտատեր, և նրանց պատասխանները պատկերել են հետաքրքիր միտում.

  • 40% — նախընտրում են միայնակ անցկացնել ժամանակը
  • 37% — ընտրում են ընկերների և ընտանիքի հետ անցկացրած ժամանցը,
  • 16% — հանգստանում են սպորտով կամ ֆիզիկական ակտիվությամբ զբաղվելով,
  • 7% — իրենց հանգստի ժամանակը նվիրում են հոբիներին և ստեղծարար աշխատանքին։

Տարբեր մարդիկ ինքնավերականգնման տարբեր նախընտրություններ և պահանջմունքներ ունեն։ Մեր ստացած վիճակագրությունը բավականին հետաքրքիր էր, ուստի որոշեցինք այն վերլուծել կլինիկական հոգեբան, հոգթերապևտ Եվա Ասրիբաբայանի հետ։

Մենակ անցկացրած ժամանակը՝ որպես ինքնահոգատարության ձև, ոչ թե մեկուսացում

Հարցվածների մեծամասնության համար ինքնավերականգնվելու լավագույն տարբերակը միայնակ անցկացրած ժամանակն է։ Հարցին թե ի՞նչ հոգեբանական պահանջմունք է արտացոլում այս ցուցանիշը Եվա Ասրիբաբայանը նշում է․

Տարբեր մարդիկ ինքնավերականգնման տարբեր նախընտրելի տարբերակներ և պահանջմունքներ ունեն։ Բայց երբ մենք խոսում ենք միայնության մասին, որպես ինքնավերականգնման ձև, մենք հաճախ խոսում ենք նյարդային համակարգի գերհագեցման մասին։ Մեր իրականության մեջ ամեն ինչ շատ խիտ է՝ թե՛ կոգնիտիվ, թե՛ հուզական գերհագեցումը։ Նորմալ է, որ նյարդային համակարգը թոթափման և վերականգնման կարիք է ունենում։ Այսինքն՝ նորմալ է, որ մենակությունը և մեկուսացումը կարող է իսկապես ինքնավերակնգման տարբերակ լինել։

Կլինիկական հոգեբան, հոգեթերապևտ Եվա Ասրիբաբայան

Սոցիալական կապերը՝ վերականգնման ամուր հենասյուն

Միայնակ ժամանակ անցկացնելուն գրեթե հավասար տոկոսով (37%) մասնակիցները նախընտրել են շփումը ընտանիքի և ընկերների հետ։

Այսպիսով սոցիալական կապերը միանշանակ ամոքող և վերականգնող են և կարող են հանդիսանալ թե՛ հոգեբանական, թե՛ ֆիզիկական վերականգնման աղբյուր, և չնայած, ինքնավերականգնման անհատականացման միտումներին, սոցիալական, հատկապես ընտանեկան կապերի ուժը մնում է մեր մշակույթի կարևորագույն հենասյուներից մեկը։

Սպորտը՝ էներգիայի և հավասարակշռության բնական աղբյուր

Թեև հարցման մասնակիցների միայն 16%-ն է սպորտը դիտարկել որպես հիմնական վերականգնման միջոց, մի շարք հետազոտություններ ապացուցել են դրա կարևոր դերը որպես հոգեկան դիմացկունության հզոր աղբյուր։ Այստեղ կարևոր է նշել, որ մեր ֆիզիկական և հոգեկան առողջությունը սերտորեն փոխկապակցված են։ Մարմինը և միտքը մեկ ամբողջություն են, և ֆիզիկական լիարժեք առողջությունն ուղղակիորեն կայունացնում է մեր հոգեկան պրոցեսները. 

Եթե մենք ունենք խրոնիկ մկանային ցավեր կամ ֆիզիկական թուլություն, ապա տրամադրությունը և ընդհանուր տոկունությունը բնականաբար ընկնում են։ Սպորտային ակտիվության միջոցով մենք կարգավորում ենք նյարդային պրոցեսները՝ ստանալով ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեբանական շոշափելի օգուտներ։

Կլինիկական հոգեբան, հոգեթերապևտ Եվա Ասրիբաբայան

Ֆիզիկականի պես, հոգեկան դաշտում ևս պետք է պահպանել հավասարակշռություն։ Եվան խորհուրդ է տալիս․

Մեր օրգանիզմին պետք է ժամանակ տանք վերականգնվելու, որպեսզի այն կարողանա պատրաստ լինել ավելի մեծ ծանրաբեռնվածության, և սա նույնությամբ պրոյեկտվում է հոգեկան դաշտում։ Պետք է ինքնավերականգնման ժամանակ գտնել, որպեսզի հետո կարողանանք ավելի մեծ թափով և մոտիվացիայով աշխատել։

Կլինիկական հոգեբան, հոգեթերապևտ Եվա Ասրիբաբայան

Այսպիսով, սպորտի ցածր տոկոսը չպետք է թյուրիմացության մատնի. այն մնում է ամենաարդյունավետ, թեև երբեմն ամենադժվարամատչելի միջոցը՝ հոգեկան հանգստի և կայունության հասնելու համար, այն թույլ է տալիս ոչ միայն ֆիզիկապես «քանդել» օրվա սթրեսը, այլև ապահովել ուղեղի երկարաժամկետ կայունություն։ 

Ստեղծագործել՝ վերալիցքավորվելու համար

Ամփոփելով մեր ուսումնասիրությունը, փորձեցինք պարզել թե որն է ինքնավերկանգման լավագույն և ամենաառողջ տարբերակը։ Ըստ հոգեբան, հոգեթերապևտ Եվա Ասրիբաբայանի չկա մեկ ստանդարտ «ամենաառողջ» տարբերակ. այն կախված է կյանքի տվյալ փուլի հանգամանքներից։ 

Ամենաառողջ մոտեցումը դա մշտադիտարկումն է՝ անընդհատ դիտարկել մեր կարիքները և լինել գթասիրտ մեր հանդեպ, որը երբեմն պահանջում է որոշակի ջանք ներդնել։

Կլինիկական հոգեբան, հոգեթերապևտ Եվա Ասրիբաբայան

Նրանք, ովքեր դժվարանում են գտնել ժամանակ վերականգնվելու համար, մասնագետը խորհուրդ է տալիս. սկսել փոքր, տանելի քայլերից և չփորձել միանգամից փոխել ամեն ինչ։ Ինքնավերականգնման համար ժամանակ գտնելը թույլ է տալիս ոչ միայն պահպանել հոգեկան առողջությունը, այլև հետագայում ավելի մեծ թափով և դիմացկունությամբ շարունակել աշխատանքը։




Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: