Ամփոփում ենք DigiTec24-ը

Ամփոփում ենք DigiTec24-ը

Sstaffmedia.am
16 հոկտեմբերի 2024
4 րոպե ընթերցում
998
Կիսվել հոդվածով

Հոկտեմբերի 4-6-ը «Մերիդիան» էքսպոկենտրոնը վերածվել էր նորարարությունների և տեխնոլոգիաների էպիկենտրոնի. մեկնարկել էր DigiTec Expo 2024 տեխնոլոգիական միջոցառումը՝ «The Power of Mind» («Մտքի ուժը». թարգմանությունը՝ հեղինակի) խորագրի ներքո։

Նման միջոցառումները հրաշալի հնարավորություն են տալիս ավելի մոտ շփվելու մեր օգտատերերի և գործընկերների հետ, հասկանալու նրանց կարիքները և փոխանակելու նորարարական գաղափարներ։ Ուստի, staff.am-ը, որպես ՏՏ համայնքի ակտիվ ներկայացուցիչ, այս տարի ևս չէր կարող բաց թողնել այս բացառիկ հնարավորությունը՝ մասնակցելու ոլորտի ամենաազդեցիկ միջոցառումներից մեկին։

Ինչպես միշտ, DigiTec-ում մթնոլորտը լի էր էներգիայով ու նորարարական գաղափարներով։ Այստեղ հնարավոր էր հանդիպել թե՛ արդեն կայացած խոշոր ընկերություններին, թե՛ նորաստեղծ ստարտափներին, և բոլորն էլ եկել էին իրենց նորարարական լուծումներով։ Մենք էլ ունեինք մեր ասելիքը՝ կապված ոլորտի զարգացման ու աշխատաշուկայի հետ։

Այս հոդվածում ձեզ ենք ներկայացնում DigiTec24-ը՝ staff.am-ի դիտանկյունից։

Բայց նախքան սկսելը՝ առաջարկում ենք դիտել այս տեսանյութը և զինվել միջոցառման վառ էմոցիաներով։

staff.am-ը հանդես է գալիս որպես էկոհամակարգ

Մեծ ոգևորությամբ նշում ենք, որ DigiTec24-ին staff.am-ը հանդես է եկել որպես էկոհամակարգ, որն իր մեջ ներառում է ոչ միայն շատերի կողմից հայտնի և սիրելի staff.am հավաքագրման և աշխատանքի փնտրման հարթակը, այլ նաև ևս երեք ուղղություն՝ կրթական, վերլուծական և մեդիա։ Այժմ հակիրճ ներկայացնենք այս ուղղություններից յուրաքանչյուրը։

staffmedia.am կամ մեդիա ուղղություն

Աշխատաշուկայի մասին գիտելիքների և փորձի փոխանցումը նույնքան կարևոր է, որքան տվյալների վերլուծությունը։ staffmedia.am-ը Հայաստանի աշխատաշուկայի միակ մասնագիտացված մեդիա հարթակն է, որը նպաստում է ընկերությունների բրենդավորմանը՝ լուսաբանելով աշխատաշուկայում տեղի ունեցող իրադարձություններն ու զարգացումները։ Այստեղ կարելի է գտնել բովանդակալից և տեղեկատվական նյութեր ոլորտի վերաբերյալ։

DigiTec24 միջոցառումները staff.am-ի մասնակցությամբ

DigiInvest

Այս տարի DigiTec միջոցառմանը ավելացավ նոր և հետաքրքիր բաղադրիչ՝ DigiInvest, որտեղ քննարկվեցին թվայնացման, ներդրումների և ֆինտեխ ոլորտների վերաբերյալ հարցեր։ Մասնագետները անդրադարձան ֆինանսական ոլորտին վերաբերող տարբեր թեմաներին՝ թվային դարաշրջանի համատեքստում։ Այս հատվածում staff.am և Hirebee համահիմնադիր Լուիզա Ավետիսյանը ներկայացավ «360 view of IT and Finance salaries in Armenia» («Հայաստանում ՏՏ և ֆինանսների աշխատավարձերի 360 աստիճանի տեսլական») զեկույցով, որտեղ ներկայացվեցին ՏՏ և ֆինանսաբանկային ոլորտներում առաջարկվող աշխատավարձերը։ Զեկույցի կարևոր մասն էր նաև արտոնությունների փաթեթների վերլուծությունը, որոնք առաջարկվում են ՏՏ և Ֆինանսական ոլորտներում աշխատող մասնագետներին։ Նշենք, որ զեկույցը ներկայացվել է staff.amCompass ծառայության շրջանակներում։

DigiTalk

Հետաքրքիր գաղափարներով և մտքերով կիսվելու հիանալի հնարավորություն էր DigiTalk կոնֆերանսը, որին Լուիզա Ավետիսյանը հրավիրված էր՝ վարելու պանելային քննարկում՝ «Navigating Cultural Integration: Challenges and Opportunities for Relocated Companies in Armenia»( «Մշակութային ինտեգրման ուղիները. Հայաստանում վերատեղակայված ընկերությունների մարտահրավերներն ու հնարավորությունները») թեմայով։ Պանելային քննարկմանը մասնակցում էին Նատալյա Սուվորովան (Մարդկային ռեսուրսների ավագ տնօրեն, Align Technology), Նադեժդա Ռոմանովան (Տաղանդների ներգրավման բաժնի ղեկավար, Quantori), Մադլեն Մինասյանը (Ուսուցման և զարգացման գլոբալ ղեկավար, Picsart) և Իշխան Մարգարյանը (Փոխտնօրեն, Մարդկային ռեսուրսների տնօրեն, DataArt

Մի քանի կարևոր կետ ենք առանձնացրել այս քննարկումից։

1. ՀՀ տեղափոխված այլազգի մասնագետների ինտեգրումը բավականին լայնաշերտ գործընթաց է և պահանջում է մեծ նվիրում և ներդրում՝ առաջին հերթին ՄՌԿ թիմի կողմից։

2. Հայաստանում շատ բաց և հյուրընկալ են նոր ռելոկանտ մասնագետների նկատմամբ, ինչը մեծապես թեթևացրել է նրանց ինտեգրման պրոցեսը։

3. ՀՀ-ն շատ առավելություններ ունի՝ ի դեմս եղանակի, ուտելիքի, մարդկանց ջերմության, ինչը օգնել է ՀՀ տեղափոխված մասնագետներին գտնել այստեղ երկրորդ տունը, երեխաներ ունենալ և հիմնավորվել մեր երկրում։

4. Ռելոկացված ընկերությունները, որոնք հիմնականում գլոբալ ներկայություն ունեցող կորպորացիաներ են, իրենց շարունակական ներդրումն են ունենամ ՀՀ-ում ամենատարբեր ոլորտների զարգացման հարցում, ինչը մեծ առավեություն է մեր երկրի համար։ 

Ամփոփենք

Նման մասշտաբային միջոցառումները կարևոր դեր են խաղում ոլորտի զարգացման մեջ՝ խթանելով ոչ միայն նորարարական գաղափարների փոխանակումը, այլ նաև նոր հնարավորությունների բացահայտումը։ Որպես ՀՀ-ում իր ոլորտի առաջատար կազմակերպություն, ուրախ ենք լինել այս գործընթացի մի մասը՝ ներկայանալով որպես բազմաֆունկցիոնալ էկոհամակարգ։ Հուսով ենք՝ նման նախաձեռնություններն էլ ավելի մասշտաբային կդառնան։ Իսկ մեզ մնում է միայն ասել, որ կհանդիպենք հաջորդ անգամ՝ նոր ու ավելի հետաքրքիր նախագծերով։

Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: