Intelinair -ի ներդրումն ապագայի մեջ․ Ինչպես Արտաշատում բացվեց առաջին «Արմաթը»

Intelinair -ի ներդրումն ապագայի մեջ․ Ինչպես Արտաշատում բացվեց առաջին «Արմաթը»

Sstaffmedia.am
15 ապրիլի 2022
3 րոպե ընթերցում
520
Կիսվել հոդվածով

Մարտի կեսերին Արտաշատի Հայկ Կտրակյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում, որտեղ շուրջ 1000 երեխա է սովորում, բացվեց քաղաքի առաջին «Արմաթ» ինժեներական լաբորատորիան։ Հերթական «Արմաթն» այս անգամ բացվեց Intelinair ընկերության հովանավորությամբ, որպեսզի Արտաշատի երեխաները ևս հնարավորություն ունենան առնչվելու նորարարական տեխնոլոգիաների հետ, ուսումնասիրելու ռոբոտաշինություն, 3D մոդելավորում, ձեռք բերելու մասնագիտական կողմնորոշում և հետագայում ավելի հեշտությամբ ընտրելու կյանքի մասնագիտական ուղին։ staff.am-ը պատմում է Արտաշատի առաջին «Արմաթի» բացման մանրամասների, ինչպես նաև Intelinair ներդրման մասին։

Intelinair-ից բացի, Արտաշատի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի բացմանն աջակցել է նաև VMware-ը և «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը»։


Intelinair

Արտաշատի «Արմաթի» բացմանը տոնական տրամադրություն էր տիրում, ուրախ էին թե՛ ուսուցիչներն ու ծնողները, թե՛ հատկապես երեխաները, որոնք անհամբեր սպասում էին՝ երբ հնարավոր կլինի ավելի մոտ ծանոթանալ նորաբաց լաբորատորիայի համակարգիչներին և բոլոր հետաքրքիր սարքավորումներին, մասնավորապես՝ եռաչափ տպիչին, որով կարելի է ցանկացած առարկա տպել։ Բացման միջոցառմանը ներկա էին նաև Intelinair-ի ներկայացուցիչները, որոնք ևս ոչ պակաս ոգևորությամբ էին ծանոթանում լաբորատորիայի սարքավորումներին։

Wp 1763552484383 t6fodp

«Intelinair ընկերությունը և ամբողջ թիմը շատ կարևորում է նման ներդրումները, քանի որ համարում ենք դրանք ներդրում մեր երկրի ապագայի մեջ։ Այսպիսով հնարավորություն ենք ընձեռում, որպեսզի մարզերում երեխաները նույնպես ստանան հավասար շանսեր ձեռք բերելու այն բոլոր գիտելիքները, որոնք հետագայում կարող են օգտագործել», – ասում է Intelinair ՄՌԿ ղեկավար Աննա Աքուլյանը՝ մեկնաբանելով ընկերության ներդրումը Արտաշատի թիվ 3 դպրոցում «Արմաթի» բացման մեջ։

Intelinair-ի՝ որպես ապագան ու տեխնոլոգիաները կարևորող ընկերության համար, հատկապես նշանակալից է այն հանգամանքը, որ «Արմաթը» բացվել է Արտաշատի առաջին՝ ամենահին դպրոցում, որի պատերը աշակերտների բազում սերունդներ են տեսել ու պահում են նրանց հետքերը։

Intelinair

«Արմաթ ինժեներական լաբորատորիայի առկայությունը մեր դպրոցում և ոչ միայն մեր դպրոցում՝ ամբողջ Հայաստանում, ժամանակի հրամայականն է։ Ըստ իս՝ այլևս անկարելի է առանց առաջատար տեխնոլոգիաների սերունդ դաստիարակել։ Այսուհետ մեր երեխաներն էլ բակային խաղերի, վազելու փոխարեն կգան այստեղ՝ լաբորատորիա, սովորելու անիմացիա, մուլտիմեդիա, ծրագրավորում, եռաչափ մոդելավորում, և իրենց առօրյան լեցուն դարձնելուց զատ, նաև իրենց վաղվա օրվա մասնագիտական կողմնորոշումը կգտնեն այստեղ», – նշում է դպրոցի տնօրեն Ամալյա Գրիգորյանը՝ ափսոսանք հայտնելով, որ իր դպրոցական տարիներին նման հնարավորություններ աշակերտները չեն ունեցել։

Թիվ 3 հիմնական դպրոցի լաբորատորիան անվանակոչել են Արցախյան պատերազմում զոհված հերոս, դպրոցի նախկին սան Ռաֆիկ Բաբայանի հիշատակին։

Wp 1763552485014 4ir84

«Արմաթ» ինժեներական լաբորատորիան՝ ոչ միայն Արտաշատում, այլ ընդհանրապես 623 տեղում իրականացնում է բարձր տեխնոլոգիական կրթություն։ Այսինքն՝ երեխաներին հնարավորություն է տալիս դպրոցում առնչվելու բարձր տեխնոլոգիաներին, մասնագիտական կողմնորոշում ստանալու և, արդեն իսկ բարձր դասարաններում որոշակի հմտություններ, գիտելիքներ ունենալով, ինչու չէ, գումարներ վաստակելու։ Այն լրացուցիչ կրթություն է համարվում, և ոչ միայն սովորական լաբորատորիա է, այլ նաև հնարավորություն է տալիս ապագայում աշխատատեղեր ստեղծելու, տարածքային համաչափ զարգացման խնդիր է լուծում, որովհետև ՏՏ մասնագիտությունները հնարավորություն են ընձեռում, որպեսզի ապագա աշխատատեղերը ստեղծվեն ոչ միայն խոշոր քաղաքներում, այլ նաև գյուղական համայնքներում», – ասում է «Արմաթ» ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանը։

Wp 1763552485812 7au5tn

«Արմաթում» ընդունելությունը հիմնված է միայն ցանկության վրա, հետաքրքրված երեխաները որակավորման որևէ թեստ չեն հանձնում։ Յուրաքանչյուր խմբում ընդգրկվում է 12-18 երեխա, Արտաշատի թիվ 3 դպրոցում կարող է 4-5 խումբ ձևավորվել։ Իսկ սարքավորումների մոտ հետաքրքրությամբ տեղավորված երեխաների աչքերի փայլը հուշում էր, որ խմբերը արագ կձևավորվեն։

Wp 1763552485632 imz815

Ինչպես պատմեց աշակերտուհիներից մեկը՝ Հասմիկը, նա շատ է ուզում հաճախել «Արմաթ» լաբորատորիա, որպեսզի ծանոթանա սարքավորումներին և սովորի դրանցով ճիշտ աշխատել։

«Դա ամենամեծ հնարավորությունն է, որ կարող է տրվել մեզ», – նշում է Հասմիկը։

Wp 1763552486423 6qjb9t

 «Ես շատ եմ երազել «Արմաթում» սովորել, որպեսզի կարողանամ ռոբոտներ շինել։ Ես այդպիսի բաներ շատ եմ սիրում», – հավելում է աշակերտներից Ազատը, որն ուզում է ապագայում բժիշկ դառնալ։

Նրա խոսքով՝ «Արմաթի» և իր ապագա ընտրած մասնագիտության միջև որոշակի զուգահեռներ կարելի է տանել․ «Տարբերությունն այն է, որ «Արմաթում» ռոբոտներ են շինում, իսկ բժիշկները բուժում են մարդկանց»։

«Մեծ հույս ունեմ, որ երեխաները բավականին ոգևորված կլինեն և կօգտվեն այս շանսից։ Սա նաև ներդրում է մեր ընկերության ապագայի մեջ, որովհետև երեխաները հետագայում հուսով ենք, որ կդառնան, ինչու ոչ, մեր աշխատակիցները», – կարծում է Intelinair ՄՌԿ ղեկավար Աննան։


Intelinair-ը հայ հիմնադիրներ ունեցող ամերիկյան հաջողված ստարթափ է, որի ինժեներական թիմի հիմնական մասը գտնվում է Հայաստանում։ ԱՄՆ-ում և Հայաստանում ընկերության թիմը շարունակում է արագ աճել։ Ընկերությունն օգտագործում է գերժամանակակից տեխնոլոգիաներ՝ նպաստելով թվային գյուղատնտեսության աճին և զարգացմանը: Մշակելով արհեստական բանականության և մեքենայական ուսուցման տարբեր մոդելներ՝ Intelinair-ն օգնում է ֆերմերներին դաշտերի հետ աշխատանքը դարձնել ավելի կանխատեսելի, ճկուն և արդյունավետ՝ դրանով իսկ նպաստելով բերքատվության բարձրացմանը և եկամտաբերության աճին։ 

Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: