ChatGPT Edu-ն կներդրվի Հայաստանի կրթական համակարգում. OpenAI-ի պատվիրակությունը Երևանում է
Հայաստանի կրթական, գիտական և ինժեներական համայնքները շուտով հնարավորություն կունենան օգտվելու արհեստական բանականության ամենաառաջադեմ գործիքներից։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է միջազգային հեղինակավոր OpenAI ընկերության պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել՝ ներկայացնելու հատուկ կրթական հաստատությունների համար մշակված ChatGPT Edu հարթակը։
ԿԳՄՍ նախարարության, OpenAI-ի և «Firebird» ընկերության համագործակցության շնորհիվ՝ նոր ուսումնական տարվա մեկնարկին հայաստանյան կրթական ու գիտական համայնքներին կտրամադրվի շուրջ 50 հազար անվճար բաժանորդագրություն։ Մինչև սեպտեմբեր նախատեսվում է իրականացնել անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ և մասնագիտական վերապատրաստումներ, որպեսզի ուսուցիչները, դասախոսները և սովորողները կարողանան լիարժեք ու արդյունավետ կիրառել նոր տեխնոլոգիաները դասապրոցեսում։
ԱԲ գրագիտությունը՝ որպես կրթական առաջնահերթություն
Ողջունելով հյուրերին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը շեշտել է, որ այս գործընկերությունը պատահական չէ. Հայաստանում արդեն իսկ ձևավորվել է արհեստական բանականության կրթության կայուն հիմք։ Հանրակրթական դպրոցներում հաջողությամբ գործում են «Արհեստական բանականության սերունդ» և «STEP.ai» ծրագրերը, որոնք արդեն արձանագրել են միջազգային ճանաչման արժանի շոշափելի արդյունքներ։ Նախարարի խոսքով՝ ԱԲ գործիքների ներդրումը ոչ միայն տեխնոլոգիական առաջընթաց է, այլև հնարավորություն՝ զարգացնելու սովորողների ստեղծարար մտածողությունը և ապահովելու նրանց մրցունակությունը համաշխարհային շուկայում։ Այս ուղղությամբ զարգացումները շարունակական են լինելու նաև բարձրագույն կրթության ոլորտում. մասնավորապես՝ 2026 թվականից ԵՊՀ-ում կմեկնարկի ԱԲ ուղղությամբ նոր բակալավրիական ծրագիր։
OpenAI-ի ներկայացուցիչ Ալինա Լեոնն իր հերթին կարևորել է Հայաստանի հետ գործակցությունը՝ նշելով, որ համատեղ աշխատանքի առանցքում լինելու է տեխնոլոգիայի պատասխանատու և անվտանգ կիրառումը։ Կողմերը համամիտ են, որ ցանկացած տեխնոլոգիական նախաձեռնության հաջողությունը պայմանավորված է մարդկային ներուժի զարգացմամբ, ուստի շեշտը դրվելու է կրթական համայնքի կարողությունների հզորացման վրա։
Նախաձեռնության մեկնարկային փուլում՝ 2026-2027 ուսումնական տարում, ChatGPT Edu հարթակի հասանելիությունը կֆինանսավորվի «Firebird» ընկերության կողմից։ Ծրագրի փորձնական փուլի ավարտին կիրականացվի արդյունքների համապարփակ գնահատում, ինչից հետո պետությունը կդիտարկի ծրագիրը բյուջետային ֆինանսավորմամբ ազգային կրթական համակարգի մշտական բաղադրիչ դարձնելու հնարավորությունը։ Այս նախագիծը նոր էջ է բացում Հայաստանի կրթության և գիտության ոլորտում՝ ստեղծելով ամուր կապեր միջազգային տեխնոլոգիական առաջնորդների հետ։ Սա թույլ կտա հայ ուսանողներին և գիտնականներին մնալ համաշխարհային գիտատեխնիկական առաջընթացի կենտրոնում՝ օգտագործելով լավագույն թվային գործիքները սեփական ներուժը բացահայտելու համար:
Նյութի աղբյուրը՝ ՀՀ ԿԳՄՍՆ կայք։

