Beyond Podcast 05․ Վահե Հովհաննիսյան | Ֆինանսների նախարար լինելը որպես երկրին ծառայություն

Beyond Podcast 05․ Վահե Հովհաննիսյան | Ֆինանսների նախարար լինելը որպես երկրին ծառայություն

Sstaffmedia.am
23 հուլիսի 2024
2 րոպե ընթերցում
772
Կիսվել հոդվածով

«Պետք է հարցեր տալ և պատասխաններ փնտրել։ Շատ հաճախ մենք հարցեր չենք տալիս․ մեզ են հարցեր տալիս։ Մե՛նք պետք է դառնանք հարց տվողը, առաջին հերթին` ինքներս մեզ», – ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյան։ 

Փոքր ժամանակ արևելյան երկրում թղթակցի ապագայի մասին երազող Վահեն իր կարիերան կառուցեց ֆինանսների նախարարությունում։ Մասնագիտական կողմնորոշման հարցում մեծ ներդրում է ունեցել մայրը, ով որդու մեջ նկատել էր տնտեսագիտական ներուժը և խորհուրդ տվել հենց այդ ուղղությամբ էլ շարունակել ուսումը։ Պետության համար աշխատելը, պետությանը ծառայելը պարոն Հովհաննիսյանի համար մեծ առաքինություն է և պատիվ։ Նախարարն այն կարծիքին է, որ եթե այս մտածելակերպը արմատացած լինի նաև քաղաքացիների գիտակցության մեջ, եթե նրանք ևս ներգրավված լինեն պետության խնդիրները լուծելու գործում, ապա կունենանք էլ ավելի հզոր և համախմբված հայրենիք։

Հիշելով մասնագիտական ուղու վաղ տարիները՝ պարոն Հովհաննիսյանը շեշտում է փորձնակության ծրագրերին մասնակցելու կարևորությունը։ Այն հիանալի միջավայր է փորձ և ֆունդամենտալ գաղափարներ կուտակելու համար։ Նախարարը հորդորում է մասնագիտական կարիերան սկսելիս կենտրոնանալ ոչ թե վարձատրության, այլ աշխատանքի ընձեռած ինքնազարգանալու, նոր գիտելիք ստանալու հնարավորությունների վրա։ 

Քննարկման ընթացքում պարոն Հովհաննիսյանը անդրադարձավ նաև նախարարությունում իրականացվող մշակութային վերափոխումներին։ Կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով նախարարը փորձում է ապակենտրոնացնել որոշումների կայացումը։ Այսուհետ աշխատակիցները ևս ունեն պատասխանատվության իրենց չափաբաժինը ընդունված որոշումների մեջ, քանի որ նրանք ևս մասնակցում են դրանց կայացմանը։ Ներդրված նորարարական մոտեցումներից է նաև վարչությունների հետ նախարարի անմիջական քննարկումները, ինչը մեծացնում է կառավարչական գործընթացներում միջին օղակի ներգրավվածության աստիճանը։ Պարոն Հովհաննիսյանը նշեց նաև, որ նախարարությունը սիրով սպասում է երիտասարդ կադրերին, և բոլոր հետաքրքրվածները կարող են դիմել ու միանալ պետական երազանքները իրականացնելու հայրենանվեր առաքելությանը։ 

Իսկ հարցին, թե ինչ խորհուրդ կտար նախարարը 18 տարեկան Վահեին, պարոն Հովհաննիսյանը պատասխանում է, որ ինքն ակտիվ կարդալը սկսել է 24 տարեկանից և խորհուրդ կտար ավելի վաղ հասակից ուշադրություն դարձնել ընթերցանությանը։


Զրույցին ամբողջությամբ ծանոթանալու համար խորհուրդ ենք տալիս դիտել էպիզոդը, որտեղ կբացահայտեք շատ ավելին։ Չմոռանա՛ք բաժանորդագրվել մեր յութուբյան ալիքին՝ մշտապես տեղեկացված և մոտիվացված լինելու համար։ Ի դեպ, յութուբում մեկնաբանություն թողնելու դեպքում հնարավորություն կունենաք ստանալու նվեր։ Պատահականության սկզբունքով կընտրենք որևիցե մեկնաբանություն, որի հեղինակին կնվիրենք նախարարի սիրելի գրքերից Աշոտ Հովհաննիսյանի «Իսրայել Օրին և հայ ազատագրական գաղափարը»։

Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: