Beyond Podcast 06․ Արմինե Մկրտչյան | Կոնֆլիկտների լուծումը, ինքնաճանաչողությունը, առաջնորդությունը

Beyond Podcast 06․ Արմինե Մկրտչյան | Կոնֆլիկտների լուծումը, ինքնաճանաչողությունը, առաջնորդությունը

Sstaffmedia.am
28 հուլիսի 2024
3 րոպե ընթերցում
598
Կիսվել հոդվածով

«Մարդը մարդ է․․․․ Մարդու էությունը նույնն է՝ անկախ ազգությունից։ Մարդը անվերջ է, մարդուն անվերջ կարելի է բացահայտել»։ 

Կազմակերպական զարգացման քոուչը, որի մասին ոմանք գուցե առաջին անգամ են լսում, այն մասնագետն է, որն օգնում է ընկերություններին, դրանց ղեկավարներին գտնել առկա խնդիրները, ձևակերպել դրանք և լուծել՝ նպաստելով ընկերության զարգացմանը։ Արմինեն կազմակերպությունը դիտարկում է որպես մարդ և վերլուծությունը հասցնում է առավել խորը մակարդակի՝ ոչ միայն տեսնելու, այլ նաև հասկանալու խնդիրը։ Որպես կանոն՝ խնդիրը միակողմանի չի լինում․ այնտեղ կան անձը և միջավայրը, այդ իսկ պատճառով խնդրի հետ աշխատելիս պետք է դիտարկել երկու կողմը՝ և՛ անձը, և՛ միջավայրը։ Շատ հաճախ մարդուն տեղափոխելով մեկ այլ միջավայր՝ ականատես ենք լինում վարքագծի դրական փոփոխության, և որպեսզի ճիշտ փոփոխություն կատարվի, անհրաժեշտ է հասնել խնդրի արմատներին։ 

Արմինեն մտահոգված է ոչ միայն կազմակերպությունների, այլ նաև երեխաների առողջությամբ և բարեկեցությամբ։ Արմինեի կյանքում հատուկ տեղ ու նշանակություն ունի Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը, որի առաքելությունն է կանգնել բոլոր այն մարդկանց կողքին, որոնք իրենց երեխաների հետ մնացել են հիվանդության դեմ միայնակ։ 

Շարունակելով խոսել կազմակերպական զարգացումից՝ Արմինեն անդրադառնում է նաև լավ առաջնորդի կերպարին։ Առաջնորդ դառնու՞մ են, թե՞ ծնվում։ Այս հարցի պատասխանը կգտնես փոդքասթում, իսկ այստեղ կքննարկենք էգոյից զատ առաջնորդությունը։ Հաճախ մարդիկ իրենց որոշումները կայացնելիս առաջնորդվում են ոչ թե առողջ և օբյեկտիվ դատողությամբ, այլ լսում են իրենց մեջ ապրող փոքրիկ մարդուկին՝ էգոյին, որը նեղացկոտ է, վախկոտ ու հաճախ անգիտակից կողմնակալության պատճառ է դառնում։ Կազմակերպության մակարդակով որոշումների դեպքում հետևանքներն ավելի մեծ են, ուստի այստեղ պետք է շատ ավելի զգոն լինել։ Մեր հյուրը ղեկավարներին, առաջնորդներին և, առհասարակ, բոլոր մարդկանց խորհուրդ է տալիս զբաղվել ինքնավերլուծությամբ, բարձրացնել  ինքնագիտակցման, ինքնաճանաչման մակարդակը։ Քանի որ եթե չգիտենք, թե ինչն է մեզ ցավ պատճառում, ինչն է մեզ վրդովեցնում, որոշումներ կայացնելիս շարունակելու ենք հիմնվել մեր թուլությունների վրա։ 

Առաջնորդության վերաբերյալ գրականությունից Արմինեն առանձնացնում է «Առաջնորդություն առանց էգոյի» գիրքը, որն ունակ է կրթելու օրինակելի առաջնորդի։ Հայաստանում գրքի գաղափարախոսությունը հասանելի դարձնելու նպատակով Արմինեն ստանձնել է գրքի թարգմանության ազգանվեր գործը։ Ի դեպ, Արմինեն կիսեց մեզ հետ մի շատ հաճելի գաղտնիք. գրքի շնորհանդեսին, որը նախատեսվում է հաջորդ տարի, Հայաստան կժամանի գրքի համահեղինակ Շեյն Հյուզը (Shayne Hughes)։  

Զրույցը եզրափակեցինք Արմինեի հետաքրքիր հարցով՝ ուղղված յութուբյան մեր հետևորդներին․ «Ի՞նչն է ձեր մեջ ամենավառ ինքնագիտակցումը առաջացրել»։ Նշենք, որ լավագույն պատասխանի հեղինակի համար staff.am-ը պատրաստել է անակնկալ, իսկ Արմինեն իր կողմից կնվիրի «Ego free leadership» գիրքը։


Զրույցին ամբողջությամբ ծանոթանալու համար խորհուրդ ենք տալիս դիտել էպիզոդը, որտեղ կբացահայտեք շատ ավելին։ Չմոռանա՛ք բաժանորդագրվել մեր յութուբյան ալիքին՝ մշտապես տեղեկացված և մոտիվացված լինելու համար։ Մաղթում ենք ձեզ հաճելի դիտում։

Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: