Շաբաթվա գիրքը | CEO-ի օրագիրը. Բիզնեսի և կյանքի 33 օրենքները

Իրական հաջողությունը երբեք պատահականություն արդյունք չէ. այն մաթեմատիկական ճշգրտությամբ գրված մի «կոդ» է, որը շատերը փնտրում են ողջ կյանքում, բայց միայն քչերին է հաջողվում վերծանել այն։ staffmedia.am-ում մենք շարունակում ենք բացահայայտել այն գրականությունը, որն օգնում է առաջնորդներին կողմնորոշվել ժամանակակից բիզնեսի անկանխատեսելի օվկիանոսում։ Եթե նախորդ շաբաթ Ռոնալդ Հայֆեցի հետ մենք սովորեցինք, թե ինչպես «ողջ մնալ» առաջնորդության վտանգավոր եզրին, ապա այսօր մենք անցնում ենք մի մարդու փորձառությանը, ով ձեռնարկատիրական աշխարհի ամենաերիտասարդ ու ազդեցիկ դեմքերից է՝ Սթիվեն Բարթլեթին։

The Diary of a CEO
Սթիվեն Բարթլեթի

Բարթլեթի ուղին նման չէ դասական բիզնես հաջողությունների պատմությանը. նա սկսել է զրոյից, ընդամենը 20-ն անց տարիքում հիմնադրել է Social Chain ընկերությունը՝ այն վերածելով միլիարդավոր դոլարների արժեք ունեցող մեդիա հսկայի, իսկ այսօր նա Մեծ Բրիտանիայի թիվ 1 բիզնես պոդքաստի՝ «The Diary of a CEO»-ի հեղինակն է և Dragons' Den նախագծի պատմության մեջ ամենաերիտասարդ ներդրողը։ Նրա ուժը բարդ երևույթները մարդկային հոգեբանության պրիզմայով պարզեցնելու և անկեղծ, երբեմն դաժան ճշմարտությունները բարձրաձայնելու մեջ է, ինչն էլ դարձել է նրա հեղինակած «The Diary of a CEO. Բիզնեսի և կյանքի 33 օրենքները» գրքի հիմքը։

Այս գիրքը պարզապես կանոնների հավաքածու չէ, այլ յուրատեսակ «ոսկե խտանյութ»՝ քաղված աշխարհի ամենահաջողակ մարդկանց, մարզիկների և գիտնականների հետ ունեցած հարյուրավոր ժամերի զրույցներից։ Բարթլեթը պնդում է, որ հաջողությունը ոչ թե բախտի, այլ հիմնարար օրենքների հետևանք է, որոնք հաճախ հակասում են մեր սովորական տրամաբանությանը։ Գիրքը կառուցված է չորս հիմնասյուների վրա, որոնք ընթերցողին տանում են հետևողական ճանապարհով՝ սկսած սեփական անձի տիրապետումից մինչև համաշխարհային մակարդակի թիմերի կառուցումը։ Սա ձեռնարկ է նրանց համար, ովքեր պատրաստ են հրաժարվել միջակությունից և փնտրում են այն սկզբունքները, որոնք գործում են ցանկացած ոլորտում և ցանկացած ժամանակաշրջանում։

Ահա այդ 33 օրենքները՝ ամփոփված 4 առանցքային բաժիններում.

Սյուն I. Ինքնակառավարում (The Self)

Նախքան ուրիշներին կառավարելը, պետք է տիրապետես քեզ։

Օրենք 1. Լցրու քո 5 դույլերը ճիշտ հերթականությամբ:

Հաջողության հասնելու համար պետք է լցնել հետևյալ դույլերը.

  • Գիտելիք (Ի՞նչ գիտես),
  • Հմտություններ (Ի՞նչ ես անում),
  • Network (Ո՞ւմ ես ճանաչում),
  • Ռեսուրսներ (Ի՞նչ ունես),
  • Հեղինակություն (Ի՞նչ են մտածում քո մասին)։

Կարևորը: Միշտ ներդրում արա առաջին երկուսի մեջ։ Եթե կորցնես փողդ (Ռեսուրս), բայց ունես գիտելիք ու հմտություն, կարող ես ամեն ինչ վերականգնել։

Օրենք 2. Գիտելիքին տիրապետելու համար սովորիր սովորեցնել:

Օգտագործիր Ֆեյնմանի մեթոդը. սովորիր, փորձիր բացատրել երեխային պարզ լեզվով, կիսվիր ուրիշների հետ և վերլուծիր արդյունքը։ Եթե չես կարողանում պարզ բացատրել, ուրեմն լավ չես հասկանում։

Օրենք 3. Երբեք մի՛ սկսիր անհամաձայնությունից:

Կոնֆլիկտը կարող է ամրացնել կամ քանդել հարաբերությունները։ Որպեսզի դիմացինը լսի քեզ, սկսիր նրանից, ինչի հետ համաձայն ես, հետո նոր անցիր քո փաստարկներին։

Օրենք 4. Դու չես ընտրում քո հավատալիքները:

Մեր համոզմունքները ձևավորվում են փորձի և կողմնակալության հիման վրա։ Դիմացինի կարծիքը փոխելու համար մի՛ հարձակվիր նրա վրա, այլ թույլ տուր նրան բացատրել իր տեսակետը. նա ինքնուրույն կհայտնաբերի իր գիտելիքների բացերը։

Օրենք 5. Ընդունիր «տարօրինակ» վարքագիծը:

Մի՛ մերժիր նոր ինֆորմացիան միայն այն պատճառով, որ այն հակասում է քո պատկերացումներին (կոգնիտիվ դիսոնանս)։ Ամենառիսկայինը ռիսկից խուսափելն է։

Օրենք 6. Հարցրու, մի՛ հրամայիր (Հարց/Վարքագիծ էֆեկտ):

Հարցերը մարդուն ստիպում են մտածել և ներքին հանձնառություն ստանձնել։ Երբ դու քեզ հարց ես տալիս («Կարո՞ղ եմ ես սա անել»), «այո» պատասխանելը քեզ մոտեցնում է քո ցանկալի ինքնությանը։

Օրենք 7. Երբեք մի՛ դրժիր քո սեփական տմությունը (Self-Story):

Մտավոր տոկունությունը գալիս է քո մասին քո պատկերացումից։ Ամեն մի փոքրիկ ընտրություն, որ անում ես, ապացույց է քո ուղեղի համար, թե ով ես դու իրականում։

Օրենք 8. Երբեք մի՛ պայքարիր վատ սովորության դեմ:

Փոխարինիր այն։ Սովորությունը բաղկացած է ազդակից, գործողությունից և պարգևից։ Մի՛ փորձիր կոտրել, այլ գտիր ավելի քիչ վնասակար պարգև։ Եվ հիշիր՝ քունը լավագույն դաշնակիցն է։

Օրենք 9. Առողջությունը քո առաջին հիմքն է:

Առանց առողջության մնացած ամեն ինչ (աշխատանք, փող) կորցնում է իմաստը։

Սյուն II. Պատմություն (The Story)

Ինչպե՞ս ազդել ուրիշների վրա:

Օրենք 10. Անիմաստ թվացող «տարօրինակությունը» քեզ ավելի լավ կբնորոշի:

Բիզնեսում աբսուրդային կամ ոչ ռացիոնալ թվացող որակները (օրինակ՝ չափազանցված հոգատարությունը) ավելի շատ հաճախորդ են բերում, քան չոր մարքեթինգը։

Օրենք 11. Խուսափիր «պաստառ» դառնալուց (Habituation):

Մարդու ուղեղը սովորում է և սկսում է անտեսել կրկնվող գրգռիչները։ Որպեսզի քեզ նկատեն, պետք է լինես յուրահատուկ և խուսափես միջակությունից։

Օրենք 12. Դու պետք է մարդկանց հունից հանես (Polarize):

Եթե դու փորձում ես դուր գալ բոլորին, դու դառնում ես անտեսանելի։ Պետք է լինել բևեռացնող. ովքեր քեզ սիրում են՝ կսիրեն խենթի պես, ովքեր չեն՝ կատեն։ Բայց անտարբերությունը մահ է։

Օրենք 13. Սկզբից արա հոգեբանական «թռիչքները»:

Փոքր հոգեբանական փոփոխությունները մեծ արդյունք են տալիս։ Օրինակ՝ մարդիկ ավելի հանգիստ են, երբ գիտեն, թե երբ է հասնելու պատվերը (որոշակիություն), քան երբ այն պարզապես արագ է գալիս։

Օրենք 14. Շփումը (Friction) կարող է արժեք ստեղծել:

Երբեմն գործընթացը մի փոքր բարդացնելը (օրինակ՝ էներգետիկ ըմպելիքի բժշկական համը) մարդկանց ստիպում է հավատալ, որ ապրանքն ավելի հզոր է։

Օրենք 15. Շրջանակն ավելի կարևոր է, քան նկարը (Framing):

Այն, թե ինչպես ես փաթեթավորում կամ անվանում ապրանքը, որոշում է դրա ընկալվող արժեքը։

Օրենք 16. Օգտագործիր Goldilocks էֆեկտը:

Առաջարկիր երեք տարբերակ՝ թանկ, միջին և էժան։ Մարդիկ հիմնականում կընտրեն միջինը, քանի որ այն թվում է ամենաողջամիտը համեմատության մեջ։

Օրենք 18. Պայքարիր առաջին 5 վայրկյանի համար:

Մարդու ուշադրությունը գրավելու համար ունես ընդամենը 5 վայրկյան։ Քո hook-ը պետք է լինի պարզ և խոստումնալից։

Սյուն III. Փիլիսոփայություն (The Philosophy)

Այն սկզբունքները, որոնք առաջնորդում են քեզ։

Օրենք 19. Ուշադրություն դարձրու մանրուքներին (Kaizen):

Շարունակական փոքր բարելավումները (1%) ժամանակի ընթացքում բերում են հսկայական հաջողության։ Մի՛ անտեսիր փոքր սխալները, դրանք կուտակվում են։

Օրենք 21. Դու պետք է սխալվես ավելի շատ, քան մրցակիցներդ:

Հաղթում է նա, ով ավելի արագ է փորձարկում և սխալվում։ Որոշումներ կայացնելու համար 51% վստահությունը բավարար է։ Անորոշությունը ժամանակ է խլում։

Օրենք 22. Եղիր «Պլան Ա»-ի մտածող:

Պլան Բ-ն շեղում է քեզ։ Եթե ուզում ես հաջողել, այրիր կամուրջները և կենտրոնացիր միայն հիմնական նպատակի վրա։

Օրենք 23. Մի՛ եղիր ջայլամ:

Երբ խնդիր կա, մի՛ թաքցրու գլուխդ ավազի մեջ։ Առերեսվիր իրականության հետ 4 քայլով՝ ընդունիր խնդիրը, վերլուծիր զգացմունքներդ, ասա ճշմարտությունը և լսիր հետադարձ կապը։

Օրենք 24. Ճնշումը արտոնություն է:

Ճնշումը նշանակում է, որ դու անում ես կարևոր բան։ Փոխիր վերաբերմունքդ սթրեսի նկատմամբ՝ դիտարկիր այն որպես էներգիայի աղբյուր։

Օրենք 25. Բացասական մանիֆեստացիա (Pre-mortem):

Նախքան նախագիծը սկսելը հարցրու՝ «Ինչո՞ւ սա կձախողվի»։ Սա օգնում է կանխել սխալները նախապես։

Օրենք 26. Քո հմտություններն անարժեք են, արժեքավոր է կոնտեքստը:

Հմտության գինը որոշվում է շուկայի և դրա հազվագյուտության կողմից։ Երբեմն ավելի հեշտ է փոխել միջավայրը (կոնտեքստը), քան սովորել նոր հմտություն։

Օրենք 27. Կարգապահության բանաձևը՝ Մահ, Ժամանակ և Կարգապահություն:

Հիշիր մահվան մասին (Memento Mori): Դա ստիպում է արժևորել ամեն վայրկյանը։ Ժամանակը «խաղադրույք» է։ Կարգապահությունը գալիս է այն ժամանակ, երբ նպատակի արժեքը + գործընթացի հաճույքը > քան գործընթացի դժվարությունը։

Սյուն IV. Թիմը (The Team)

Ում հետ ես աշխատում, որոշում է քո հաջողությունը:

Օրենք 28. Հարցրու «Ո՞վ», ոչ թե «Ինչպե՞ս»:

Մի՛ փորձիր ամեն ինչ ինքդ անել։ Գտիր մարդկանց, ովքեր քեզնից լավ են անում տվյալ գործը և պատվիրակիր նրանց։

Օրենք 29. Ստեղծիր «պաշտամունքային» մշակույթ:

Սա չի նշանակում մանիպուլյացիա։ Դա նշանակում է ունենալ ընդհանուր տեսլական, արժեքներ և «մենք ընդդեմ աշխարհի» մտածելակերպ։ Մարդիկ պետք է զգան, որ իրենք մեծ գործի մաս են։

Օրենք 30. Երեք մակարդակների կանոնը (Three Bars):

Թիմի յուրաքանչյուր անդամի համար հարցրու. «Եթե թիմի բոլոր անդամները լինեին նրա պես, մակարդակը կբարձրանա՞ր, կմնա՞ր նույնը, թե՞ կիջներ»։ Ցածրացնողներին պետք է ազատել աշխատանքից, բարձրացնողներին՝ խրախուսել։

Օրենք 31. Օգտագործիր առաջընթացի ուժը:

Մարդկանց մոտիվացնում է առաջընթացի զգացումը։ Բաժանիր մեծ նպատակները փոքր քայլերի և տոնիր ամեն մի հաղթանակ։

Օրենք 32. Եղիր անհետևողական առաջնորդ:

Որպեսզի լինես հետևողական առաջնորդ, պետք է տարբեր իրավիճակներում տարբեր մոտեցում ցուցաբերես մարդկանց նկատմամբ (մեկին պետք է քաջալերել, մյուսին՝ խիստ դիտողություն անել)։

Օրենք 33. Սովորելը երբեք չի ավարտվում:

Աշխարհը փոխվում է, և քո միակ առավելությունը շարունակական ինքնակրթությունն է։

Ամփոփում

Սթիվեն Բարթլեթը մեզ հուշում է, որ բիզնեսը ոչ թե սառը հաշվարկ է, այլ մարդկային հոգեբանության, կարգապահության և անկեղծ պատմության համակցություն։ Հաջողության հասնելու համար նախ պետք է տիրապետել սեփական մտքերին, հետո սովորել պատմել գրավիչ պատմություններ, ունենալ հստակ փիլիսոփայություն և հավաքել մարդկանց, ովքեր կիսում են քո արժեքները։ Ինչպես հեղինակն է նշում՝ «Սովորելը երբեք չի ավարտվում», իսկ հաջողության տանող ճանապարհը միշտ կառուցման փուլում է։ Մի՛ դադարեցրեք ձեր աճը. բաժանորդագրվե՛ք staffmedia.am-ի նորություններին և ստացե՛ք ձեր ամենօրյա «ինսայթները»՝ բիզնեսի և առաջնորդության ճիշտ կողմում մնալու համար։