Մենք սովոր ենք աշխարհին ներկայանալ մեր դերերով ու ձեռքբերումներով՝ հաճախ ստվերում թողնելով այն ամենը, ինչը մեզ դարձնում է իրական։ Ժամանակակից ռիթմը կնոջից պահանջում է անդադար շարժում դեպի մի անհասանելի «կատարելություն»՝ թե՛ մասնագիտական դաշտում, թե՛ առօրյա կյանքում։ Բայց արդյո՞ք այդ վազքի մեջ տեղ մնում է սեփական ձայնն ու ինքնատիպությունը լսելի դարձնելու համար։
staff.am-ում մենք ամեն օր ականատես ենք լինում հազարավոր մարդկային պատմությունների և գիտենք, որ ամենաարժեքավոր գործերը ստեղծվում են այնտեղ, որտեղ մարդը չի վախենում իր իսկական էությունը բերել աշխատանքային սեղանի շուրջ։ Իրական ուժն ու ազդեցությունը ոչ թե ստանդարտներին հարմարվելու, այլ սեփական անհատականությունը որպես առավելություն ընդունելու մեջ է։ Հաճախ ամենադժվարը ոչ թե հաջողության հասնելն է, այլ այդ ճանապարհին սեփական ձեռագիրը չկորցնելը։
Մեր նոր նախագիծը՝ «Celebrating Differences»-ը, հենց այդ ազատությունը տոնելու մասին է։ Մենք հրավիրել ենք տարբեր ոլորտների կանանց, ովքեր իրենց օրինակով ցույց են տալիս, որ տարբերվող դիմագծերն ու սեփական ներքին տեսակին վստահելը նոր իմաստ ու գույն են հաղորդում այն ամենին, ինչով իրենք զբաղվում են։ Սա արշավ է ինքնաընդունման և այն ներդաշնակության մասին, որը ծնվում է ստանդարտներից հրաժարվելու և ինքնատիպ լինելու քաջություն ունենալու պահին։
Աստղիկ Սամվելյան
Լուսիկ Ագուլեցի տուն-թանգարանի և «Ագուլեցի» արտ-սրճարանի հիմնադիր-տնօրեն, զարդերի դիզայներ



Աստղիկի համար ավանդականն ու ժամանակակիցը մեկ ամբողջություն են։ Ղեկավարելով «Ագուլեցի» տուն-թանգարանն ու ստեղծելով ինքնատիպ զարդեր՝ նա ցույց է տալիս, որ սեփական արմատներին հավատարիմ մնալն ամենագեղեցիկ ոճն է։
Ստեղծեք ձեր յուրահատուկ անհատականությունը և մի՛ վախեցեք տարբերվել։
Սոֆյա Պողոսյան
Հաղորդավարուհի, հոգեբան, դերասանուհի



Սոֆյաի տեսակում հանդարտությունն ու ներքին ուժը ներդաշնակ են։ Լինի դա էկրանին, թե մասնագիտական այլ ոլորտում, նա նախևառաջ կարևորում է անկեղծությունը և սեփական ես-ի հետ ներդաշնակ լինելը։
Այն պահից, երբ դադարում ես քեզ դավաճանել հանուն ընդունված լինելու, սկսում ես Քեզ գտնել՝ առանց թույլտվություն խնդրելու։
Ելենա (Լենա) Վարդերեսյան
Բլոգեր, «Ճանաչիր ինձ» ՀԿ-ի հիմնադիր



Ելենան այն մարդկանցից է, ով չի վախենում խոսել կյանքի իրական կողմերի մասին՝ առանց ավելորդ ֆիլտրերի։ Նա օգնում է մարդկանց ընդունել իրենց այնպիսին, ինչպիսին կան ու չհանձնվել դժվարությունների առաջ։
Եթե աշխարհը քո առաջ պատեր է կառուցում՝ կոտրի՛ր դրանք։ Կյանքը չափազանց կարճ է, որ ամեն ինչ այդքան լուրջ ընդունես։
Արմինե Հարոյան
Հայ կրթական հիմնարկության գործադիր տնօրեն



Ղեկավարելով կրթական հիմնադրամ՝ Արմինեն կարողանում է պահպանել մարդկային ջերմությունն ու անմիջականությունը նույնիսկ ամենապատասխանատու գործում։ Նա հարյուրավոր երիտասարդների ոգեշնչում է սեփական սկզբունքներին հավատարիմ մնալու ու նոր ուղիներ հարթելու ։
Սիրե՛ք այն, ինչով տարբերվում եք, շարունակեք զարգանալ և մի՛ վախեցեք քայլ անել այն ճանապարհով, որը դեռ չի անցվել։
Եվգենյա Ասատրյան
Epicure ռեստորանի համահիմնադիր, գինու գիտակ, wine բլոգեր



Եվգենյան գիտի՝ ինչպես վայելել պահն ու գտնել գեղեցիկը մանրուքների մեջ։ Նա ցույց է տալիս, որ սեփական հետաքրքրությունը կարող է դառնալ ապրելակերպ, եթե լինես վառ, ամբիցիոզ և երբեմն մի փոքր էլ՝ խենթ։
Մի՛ վախեցեք վառ, ամբիցիոզ և երբեմն մի փոքր խենթ լինելուց։
Կարինե Ծատուրյան
Դերասանուհի



Կարինեն համարում է որ թե՛ բեմում, թե՛ կյանքում, պետք է լինել իրական։ Նա ապացուցում է, որ իրական գրավչությունը սեփական անկատարությունների վրա ծիծաղելու և ամենաբարդ պահերին լավատեսությունը չկորցնելու մեջ է։
Սիրելի՛ կանայք և տղամարդիկ, ամենադժվար պահին փորձեք ծիծաղել ինքներդ ձեր վրա, ձեր «փշերի» վրա։ Փոքրիկ անկեղծ ժպիտը նեղված պահին և լիաթոք ծիծաղը երջանկության պահին հարստացնում են կյանքը և … իմաստավորում։
Աննա Հարությունյան
Առաջին հայ կին անալոգ տիեզերագնաց



Աննայի պատմությունը սահմաններ չճանաչելու և սեփական հնարավորությունները վերագնահատելու մասին է։ Զբաղվելով տիեզերագնացության պես բարդ ու խորհրդավոր ոլորտում՝ նա ապացուցում է, որ ամենահամարձակ երազանքներն իրական են, եթե ունես համարձակություն տեսնելու ավելին, քան թույլ են տալիս ստանդարտները։ Աննան մեզ օգնում է հասկանալ, որ իրական ազատությունը սկսվում է այնտեղ, որտեղ մենք դադարում ենք վախենալ անհայտից։
Մտածի՛ր սահմաններից դուրս։
Էմմա Գրիգորյան
Լուսանկարիչ, ստեղծագործական տնօրեն (Creative Director), visual storyteller



Էմման լինելով բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր և համագործակցելով համաշխարհային հարթակների հետ․ նրա աշխատանքները ցուցադրվել և հրապարակվել են ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Vogue Italia-ում, Forbes-ում, բրիտանական The Guardian-ում և Փարիզի Լուվր թանգարանում՝ ընդգրկելով աշխարհագրական լայն շրջանակ՝ Հայաստանից մինչև Նյու Յորք, Մավրիկիոսից մինչև Միլան։ Էմմայի համար արվեստն ու կյանքը միահյուսված են, իսկ յուրաքանչյուր կադր մի նոր առիթ է՝ վայելելու կյանքի պարգևած գեղեցկությունը։
Սիրի՛ր կյանքը՝ դա ամենամեծ պարգևն է: Ոչ ոք չի կարող ապրել այն քո փոխարեն։
Սօսէ Անանէան
Նկարիչ, դիզայներ, հագուստի մոդելավորող



Սօսէի աշխատանքներում հայկական ձեռագործ արվեստի ավանդույթները ներկայացվում են յուրահատուկ ժամանակակից մեկնաբանությամբ։ Լինելով նկարիչ և դիզայներ՝ նա ստեղծել է մի բրենդ, որտեղ վերականգնվում ու նոր շունչ են ստանում հայկական ձեռագործ աշախատանքները։ Սօսէի համար ինքնատիպությունը հենց այդ արմատները չկորցնելու և մեր մշակութային ժառանգությունը ժամանակակից աշխարհին հպարտությամբ ներկայացնելու մեջ է։
Հայ կինը սահմանների մեջ չի տեղավորվում, նա անծայրածիր ուժ ու էներգիա է՝ ամուր, խոր արմատներով,
որով ստեղծում է իր սեփական չափանիշները և ոգեշնչում բոլորին։
Լուիզա Ավետիսյան
staff.am և hirebee.ai համահիմնադիր, փոդքաստի հեղինակ, կանանց հզորացման ծրագրերի ջատագով



Լուիզայի համար անկախությունը ոչ թե պարզապես կարգավիճակ է, այլ սեփական ճանապարհը կառուցելու և որոշումների մեջ բացարձակ ազատ լինելու քաջություն։ Որպես տեխնոլոգիական ոլորտի հիմնադիր ու կանանց հզորացման ծրագրերի ջատագով՝ նա իր օրինակով փաստում է, որ իրական ուժը սեփական ձեռքերով ապագան կերտելու և ուրիշների սպասելիքներից անկախ մնալու մեջ է։ Իսկ գինեգործության հանդեպ նրա սերը լրացնում է նրա անհատականությունը՝ հիշեցնելով կյանքը սեփական կանոններով վայելելու և յուրաքանչյուր պահն արժևորելու կարևորության մասին։
Անկախությունը սեփական ծանրության կենտրոնն ունենալու ուժն է՝ սեփական ուղին հարթելու և այդ պատասխանատվությունը հպարտությամբ կրելու մեջ է:
Հասմիկ Տիգրանյան
staff.am Մեդիա և հաղորդակցության հարցերով պատասխանատու, «Վարը Վարենկ» ՀԿ խորհրդի անդամ, ազգային մշակույթի պահպանման և տարածման ջատագով



Հասմիկի համար ազգային ինքնությունը ոչ թե լրացուցիչ հետաքրքրություն է, այլ այն կենսական հիմքը, որի վրա նա կառուցում է իր մասնագիտական աշխարհը։ Նա իր օրինակով փաստում է, որ ժամանակակից աշխարհում առաջ գնալու ամենակարճ ճանապարհը սեփական ինքնությանն ու արմատներին հավատարիմ մնալն է։
Մի՛ փորձեք տեղավորվել ուրիշների սահմանած շրջանակներում. ձեր իրական ուժը ձեր արժեքների և էության մեջ է։
Անահիտ Խանոյան
staff.am Գործառնությունների ղեկավար



Անահիտի համար բնությունը ոչ միայն հանգստություն է, այլև «մարդ մնալու» և մարդկանց սիրելու լավագույն ուսուցիչը։ Նա հավատում է, որ բնության հետ ներդաշնակությունը մեծացնում է մարդկանց հետ ճիշտ ու առողջ հարաբերություններ կառուցելու մեր շանսերը։
Քամու դեմ պայքարելու փոխարեն՝ կառուցեք ձեր հողմաղացը։
Աննա Թավաքալյան
Հաղորդակցության մասնագետ



Աննայի համար աշխարհը բազմաթիվ հայելիների միջով անցնող ճանապարհ է, որտեղ ուրիշին հասկանալու բանալին սեփական «ես»-ն ընդունելու մեջ է։ Նա հավատում է, որ իրական ներդաշնակությունը սկսվում է այն պահին, երբ մենք դադարում ենք վախենալ մեր տարբերություններից և սկսում ենք դրանք տեսնել որպես ուժ, որը մեզ կապում է աշխարհի հետ։
Տարբերությունները հայելիներ են, որոնց մեջ մենք տեսնում ենք նաև ինքներս մեզ։
Ուրիշի տարբերությունը տեսնելու և խորապես հարգելու կարողությունը գալիս է այն ժամանակ, երբ ինքդ խորապես ընդունել ես քո սեփական տարբերությունները։
Թերևս այս ամենը հենց այսքան պարզ է՝ հեշտ, բայց դժվար, դժվար՝ բայց հեշտ։
Մենք հուսով ենք, որ այս պատմությունները կդառնան այն անհրաժեշտ «թույլտվությունը», որը դուք փնտրում էիք՝ վստահելու ձեր ներքին ձայնին, չվախենալու ձեր «փշերից» ու անկատարություններից և համարձակորեն կերտելու ձեր սեփական ճանապարհը։
Հիշե՛ք, ձեր տարբերությունն այն ուժն է, որը ձեզ դարձնում է անփոխարինելի։ Տոնե՛ք այն ամեն օր։

