CEO TALK PROFAL GROUP-ի գլխավոր տնօրեն Էդգար Ավետիսյանի հետ

CEO TALK PROFAL GROUP-ի գլխավոր տնօրեն Էդգար Ավետիսյանի հետ

Sstaffmedia.am
27 դեկտեմբերի 2022
4 րոպե ընթերցում
691
Կիսվել հոդվածով

Հարցազրույցը կարող եք դիտել տեսանյութում կամ կարդալ ստորև 🙂

CEO TALK PROFAL GROUP-ի գլխավոր տնօրեն Էդգար Ավետիսյանի հետ


Կպատմե՞ք՝ ինչպես սկսվեց Ձեր գործունեությունը բիզնես ոլորտում։ 
Բիզնես ոլորտում գործունեությունս սկսել եմ Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի կառավարման բաժինն ավարտելուց անմիջապես հետո, երբ PROFAL ընկերությունում անցա աշխատանքի որպես ֆինանսական վերլուծաբան։ Այնուհետև շարունակեցի ուսումս Ամերիկայի Միացյալ Նահանգներում, HULT միջազգային դպրոցում, հետո Stanford-ի համալսարանում High Performance Management ծրագիրն անցա ու վերադառնալուն պես գործի անցա PROFAL-ում արդեն որպես զարգացման գծով փոխտնօրեն։ Այդ պաշտոնում աշխատեցի վեց տարի, կուտակեցի հարուստ փորձ ու արդեն 2020 թվականի կեսերից զբաղեցրեցի գլխավոր տնօրենի շատ կարևոր պաշտոնը։ 
Որո՞նք են այն կարևորագույն փոփոխությունները, որոնք իրականացվել են Ձեր կողմից։ 

2014 թվականից, երբ ես ու թիմակիցներիցս շատերը միացանք ընկերությանը, կարող եմ արձանագրել, որ մեծ փոփոխություններ ենք իրականացրել, որոնք այսօր էլ ընթացքի մեջ են։ Դրանցից ամենակարևորը ջերմ աշխատանքային մթնոլորտ ստեղծելն էր, որի հիմքը դրել էին մեր հիմնադիրները։ Բայց մենք էլ ավելի կատարելագործեցինք այն, ու այսօր կարող եմ վստահ արձանագրել, որ յուրաքաչյուր աշխատակից մեծ ոգևորությամբ ու սիրով է կատարում իր աշխատանքը PROFAL-ում։ Դա ինձ համար ամենամեծ ձեռքբերումն է։

Երկրորդ փոփոխությունը, որ հատկապես կարևոր է բիզնես տեսանկյունից, PROFAL-ի արտադրանքը հայաստանյան շուկայից միջազգային շուկա դուրս բերելն էր։ Մինչև իմ միանալն էլ PROFAL-ն իրականացնում էր արտահանում դեպի Սաուդյան Արաբիա, բայց մենք ընդլայնեցինք արտահանման աշխարհագրությունը՝ հասնելով մինչև Միացյալ Նահանգներ, Կարիբյան կղզիներ, Ֆրանսիա, Ռուսաստան, Արաբական Միացյալ Էմիրություններ և այլն։ Ներքին շուկայում ևս տարբեր ուղղություններ զարգացրեցինք, դիլլերային ցանց ստեղծեցինք, փոխվեց ընկերության գնային քաղաքականությունը՝ նեղ շուկայից անցում կատարելով զանգվածային շուկա, ինչը մեծ փոփոխություն էր ընկերության կյանքում։ Եվ, իհարկե, նոր աշխատատեղերի ստեղծումը՝ մասնավորապես ընկերության աշխատակիցների 30 տոկոսով ավելացումը։

Wp 1763120859700 q4bxt
 Ըստ Ձեզ՝ որո՞նք են հաջողակ բիզնես վարելու կարևոր տարրերը։

Պետք է ունենալ մեծ երազանք, որն ուղենշային կլինի ինչպես ընկերության ղեկավարության, այնպես էլ ողջ թիմի համար։ Հակառակ պարագայում՝ միայն երազելու ու ոչինչ չանելու դեպքում, շատ արագ այդ երազանքը կդառնա դեմոտիվացիա։ Հաջողության հասնելու երկրորդ կարևոր տարրը լավ թիմ ունենալն է, քանի որ միայնակ մարդը ոչինչ անել չի կարող։ Ամբողջ թիմը պետք է ունենա մեկ տեսլական՝ սկսած տնօրենից մինչև նորեկ աշխատակից, որի արդյունքում կարճ ժամանակահատվածում հնարավոր կլինի հասնել մեծ ձեռքբերումների։

 Ո՞րն է Ձեր մոտեցումը մարտահրավերները հաղթահարելու ու առաջ շարժվելու հարցում։ 

Մարտահրավերներ միշտ եղել են, այսօր էլ կան, բայց դրանք ընկերության շարժիչ ուժն են։ Եթե չլինի մարտահրավեր, երբևէ չես զարգանա։ Նույնիսկ ամենածանր պահին պետք է մտածել զարգացման ու առաջընթացի մասին։ Դա այն էր, ինչ մենք արեցինք մի քանի տարի առաջ, երբ ընկերությունը, կարելի է ասել, իր ամենադժվար ժամանակահատվածն էր ապրում։ Ցանկացած ընկերությունում էլ կան ընթացիկ խնդիրներ, որոնց վրա կենտրոնանալու փոխարեն, պետք է ռեսուրսներն ուղղել ընկերության բազմամյա ռազմավարություն մշակելուն, նոր շուկաներ գրավելուն։ Հետևաբար, պետք է նայել առաջ, մտածել զարգացման ուղղությամբ, ունենալ մի քանի տարվա ռազմավարություն ու երբեք չհանձնվել։

Կցանկանայի անպայման նշել մեր նոր ուղղության՝ Օ₂ Gardens-ի մասին, որտեղ հիմնական աշխատանքը բուսաբաններինն է։ Հաշվի առնելով Հայաստանում աշխատանքային շուկայի խնդիրները, վերջին շրջանում մենք ինքներս ենք փորձում մասնագետներ պատրաստել՝ հնարավորություն ընձեռելով նորավարտ ուսանողներին աշխատանքի անցնել մեզ մոտ։ Ունենք ծրագրեր նաև այն մարդկանց համար, ովքեր առհասարակ չունեն մասնագիտություն․ նրանք կարճ ժամանակահատվածում յուրացնում են անհրաժեշտ հմտություններն ու բարձր աշխատավարձով աշխատանք գտնում ընկերությունում։ 

Ի՞նչ նորությամբ հանդես եկավ ընկերությունը 2022 թվականին: Զարգացման ի՞նչ պլաններ ունեք։ 

2022 թվականին մենք նշեցինք PROFAL-ի քսանամյակը և ազդարարեցինք մեր հանդես գալը որպես ընկերությունների խումբ՝ այն անվանելով PROFAL GROUP։ Խմբում ընդգրկված են մի քանի ընկերություններ, այդ թվում՝ PROFAL-ն իր բոլոր արտադրություններով, Օ₂ Gardens-ը՝ մեգանախագիծ կանաչապատման ոլորտում, որն իր հետ բերում է նոր մշակույթ Հայաստան, ElectriX-ը, որը զբաղվում է էլեկտրամոնտաժային պարագաների ներկրմամբ, վաճառքով ու տեղադրմամբ, ինչպես նաև ARGO-ն՝ PROFAL-ի դուստր ձեռնարկությունը Վրաստանում։

Վերջին մեկ-երկու տարում ընկերությունն ու արդեն ընկերությունների խումբը զարգանում են շատ ավելի արագ, քան մենք սպասում էինք։ Տարեցտարի ավելի բարձր աճ ենք գրանցում ու սահմանում նոր նշաձողեր, որոնք գերազանցում ենք ամեն հաջորդ տարին։ Ունենք զարգացման նոր ուղղություններ, որոնց մասին, կարծում եմ, կհայտարարենք մոտակա մի քանի ամիսներին։ 

Ընկերության զարգացմանը զուգահեռ, բնականաբար, մեր մարդկային ռեսուրսների թիմն ակտիվ զբաղվում է նոր մասնագետների ներգրավմամբ։ Ցանկանում եմ շեշտել, որ մենք բաց ենք համագործակցելու բոլորի հետ՝ ուսանողներից մինչև արդեն կայացած մասնագետներ։

Ամփոփենք

PROFAL GROUP-ը՝ որպես գործատու և ընկերություն, ուրույն կերպով է առանձնանում աշխատաշուկայում` շնորհիվ իր կառուցողական գործելաոճի: Մաղթում ենք ավելի ու ավելի բարձր նշաձողեր ու նոր գերազանցություններ։

Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: