CEOTalk EasyPay-ի գործադիր տնօրեն Մհեր Գալստյանի հետ

CEOTalk EasyPay-ի գործադիր տնօրեն Մհեր Գալստյանի հետ

Sstaffmedia.am
2 մայիսի 2024
6 րոպե ընթերցում
997
Կիսվել հոդվածով

Եթե հարցնենք՝ պարզ վճարումների, ապրելակերպի և, առհասարակ, պարզության մասին, ո՞ր ընկերությունն առաջինը կմտաբերեք։ Պատասխանը պարզից էլ պարզ է՝ EasyPay: Բազմիցս համոզվել ենք, որ EasyPay-ում հաճախորդների ֆինանսական կյանքը պարզեցնելու և աշխատակիցների աճը խթանելու համար ոչինչ չեն խնայում, բայց, արդյո՞ք այս ամենն ապահովելը նույնքան պարզ է, թե՞ կան մարտահրավերներ և դրանց հետ մեկտեղ նաև հնարավորություններ, որոնք, դուրս են մնում մեր տեսադաշտից։

Այս անգամ որոշեցինք զրուցել EasyPay-ի գործադիր տնօրեն Մհեր Գալստյանի հետ՝ անդրադառնալով ընկերության առաքելությանը, գործունեությանը, թիմին, տաղանդների հավաքագրմանն ու զարգացմանը և մի քիչ էլ բացահայտել հենց Մհերին։

Փոքրիկ սփոյլ՝ ձեզ սպասում է մի շնչով կարդալու լոնգրիդ, քանի որ Մհերը հետաքրքրիր զրուցակից է, իսկ մենք՝ հետաքրքրասեր։)

Ի՞նչ առաքելություն ունի EasyPay-ը և ինչո՞վ է առանձնանում հայաստանյան ֆինտեխ ոլորտում։

Մեր ընկերության առաքելությունը պարզ ճանապարհով մեր հաճախորդների ֆինանսական բոլոր կարիքները բավարարելն է։

Ընկերության առօրյա կյանքում ձգտում ենք առաջնորդվել հենց այս տրամաբանությամբ։ Դա վերաբերում է գրեթե ամեն ինչին, ներառյալ՝ հաճախորդների հետ կապին, նրանց առաջարկվող տեխնիկական լուծումներին և այլն։

EasyPay-ն աչքի է ընկնում իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության նախաձեռնություններով։ Ո՞ր ուղղություններով եք իրականացնում այս ծրագրերը։

Ես չէի առանձնացնի որևէ մեկ ուղղություն, քանի որ դրանք շատ են` առողջապահության զարգացում, բնապահպանություն, կանանց իրավունքների պաշտպանություն և այլն։ Պետք է նշեմ, սակայն, որ առաջնահերթություն ենք տալիս կրթական տարբեր ծրագրերի, քանի որ համարում ենք, որ հենց կրթությունն է հանդիսանում պետության լավ ապագայի հենասյունը։ Հենց այս ուղղությամբ էլ վերջին ժամանակներում կենտրոնացրել ենք մեր ջանքերը։

Առաջնորդության և տաղանդների զարգացման ի՞նչ մոտեցումներ կան EasyPay-ում։

Մեր ընկերությունը հավատարիմ է առաջնորդության և տաղանդների զարգացման գործընթացի շարունակականությանը։ Այդ ուղղությամբ ունենք ռազմավարական ծրագրեր, որոնք միտված են առաջնորդներին և տաղանդներին բացահայտելուն, գնահատելուն և զարգացնելուն։ Կիրառում ենք հիմնականում հետևյալ մոտեցումները․

1․ Մենք առաջարկում ենք ուսուցման և զարգացման մի շարք հնարավորություններ, ինչպիսիք են սեմինարների, դասընթացների մասնակցությունն ու որակավորում ստանալը։ Այս հնարավորությունների մեծ մասը նախաձեռնվում է ընկերության կողմից, սակայն քիչ չեն նաև այն դեպքերը, երբ աշխատակիցն ինքն է մասնակցում որևէ դասընթացի, սեմինարի կամ քննության իր նախաձեռնությամբ, իսկ ընկերությունն ապահովում է դրա ֆինանսավորումը։

2․Պատրաստում ենք ղեկավարներին, որպեսզի վերջիններս կարողանան մյուս աշխատակիցների առաջ հանդես գալ որպես փորձառու մենտորներ և քոուչներ, ովքեր կկարողանան աջակցման, ուղղորդման և ճիշտ ֆիդբեք տրամադրելու միջոցով օգնել իրենց թիմակիցներին ունենալ կարիերայի աճ։

3․ Ակտիվորեն խթանում ենք հետադարձ կապի մշակույթը։ Պարբերաբար անցկացնում ենք 1:1 ֆորմատով հանդիպումներ՝ կառուցողական քննարկումների միջոցով աշխատակիցներին հետադարձ կապ տրամադրելու և դրանով իսկ աշխատակցի բարեկեցությունը ու նրա աշխատանքի որակը բարելավելու համար։

4․ Ներդրել ենք աշխատակիցների գնահատման համակարգ, որը հնարավորություն է տալիս առավել արդյունավետորեն և օբյեկտիվորեն գնահատելու աշխատակիցներին՝ թե՛ կատարողական, թե՛ վարքագծային առումով։

5․ Կան նաև նախատեսված այլ գործողություններ, որոնցից է Training Academy հիմնելը, որի ռազմավարական նպատակը մեր աշխատակիցներին կրթելն ու նրանց շարունակական զարգացումն ապահովելն է։

Այս մոտեցումները մեր ընկերության զարգացման անբաժանելի մասն են և լիովին համահունչ են մեր արժեքներին և ռազմավարական նպատակներին: Ես վստահ եմ, որ բիզնեսի համար լավագույն ներդրումը մարդկանց զարգացման մեջ կատարված ներդրումն է, քանի որ յուրաքանչյուր ընկերության համար ամենաարժեքավոր asset-ը հենց մարդիկ են։ Հետևաբար ներդրում կատարելով՝ այստեղ մենք նպատակ ունենք ամրացնելու ընկերության հիմքերը և ապահովելու նրա երկարաժամկետ աճն ու կայունությունը։

Նկարագրեք EasyPay-ի թիմին 3 բառով։ Մասնագիտական հմտություններից զատ՝ անձնային ինչպիսի՞ որակներ եք կարևորում Ձեր ապագա թիմակիցներին հավաքագրելիս։

EasyPay-ի թիմին կնկարագրեմ այսպես՝ անմիջական, միասնական, հավակնոտ։

Իսկ թե ինչ անձնային որակներ եմ կարևորում թիմակիցներին ընտրելիս, երևի թե պատասխանեմ նույն ֆորմատով՝ երեք բառով․ ազնվություն, պատասխանատվություն, նախաձեռնողականություն։

Տաղանդների հավաքագրման Ձեր մոտեցումներից խոսեցինք։ Իսկ ի՞նչ հնարավորություններ և մարտահրավերներ են սպասում EasyPay-ում Ձեր ապագա թիմակիցներին։

Ինչ վերաբերում է մարտահրավերներին, կարծում եմ՝ դրանք կարելի է սահմանել հետևյալ կերպով․

1. Ֆինտեխ բնագավառը չափազանց մրցակցային է և արագ է զարգանում, ինչը նշանակում է, որ աշխատակիցները պետք է մշտապես աչալրջորեն հետևեն շուկայի զարգացման միտումներին, տեխնոլոգիաներին, օրենսդրական միջավայրին և մրցակիցներին։

2. Մեր ընկերությունը գործում է ԿԲ վերահսկողության ներքո, հետևաբար թիմի նորեկները պետք է տեղյակ լինեն օրենսդրական կարգավորումներից և գործեն դրանց համապատասխան։

3․ Ծառայությունների թվայնացմանը զուգընթաց՝ ֆինանսական ոլորտի կազմակերպությունների համար էականորեն աճում է նաև կիբերանվտանգության սպառնալիքը։ Նորեկները պետք է չափազանց զգույշ և տեղեկացված լինեն՝ կիբերհարձակումներին զոհ չդառնալու համար։

4․ Յուրաքանչյուր աշխատակցից ակնկալում ենք բարձր առաջադիմություն և շարունակական զարգացում, հետևաբար մեր նոր թիմակիցները պետք է մշտապես ջանքեր ներդնեն լավ արդյունքի հասնելու համար։

Ո՞րն եք համարում EasyPay-ում Ձեր ամենամեծ անձնական նվաճումը։

Կարծում եմ՝ մարդկանց չեմ սահմանափակում, այլ ստեղծագործելու, նորարարական մոտեցումներ կիրառելու և առօրյա կյանքում փոփոխություններ մտցնելու հնարավորություն եմ տալիս։ Այս մեկուկես տարվա ընթացքում կարողացել ենք մեծածավալ օպտիմալացման և գործընթացների ավտոմատացման աշխատանքներ կատարել, անցում ենք կատարել թղթային սպասարկումից էլեկտրոնային սպասարկման, ավելի մեծ ուշադրություն ենք սկսել դարձնել աշխատակիցների բարեկեցությանը։ Շատ փոփոխություններ էլ դեռ ընթացքում են, և հուսով եմ՝ շուտով կտեսնենք դրանք կիրառության մեջ։

Ի՞նչն եք ամենից շատ սիրում Ձեր աշխատանքում:

Պարզապես հաճույք եմ ստանում կատարված աշխատանքի դրական արդյունքը տեսնելիս։

Զարմանալի է, բայց EasyPay-ի մասին հետաքրքիր տեղեկություններն այսքանով չեն ավարտվում, ավելին, դրանք օրեցօր ավելանում են՝ ընկերության կողմից թողարկվող նոր հնարավորություններին, նախագծերին և նախաձեռնություններին զուգահեռ։ Մենք էլ խոստանում ենք շարունակել պատմությունները մեր գործընկերոջ մասին և առաջարկում ենք հետևել EasyPay-ի կարիերայի էջին staff.am-ում՝ բոլոր նոր թարմացումների մասին առաջինը տեղեկանալու համար։

Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: