Գնումներից մինչև մտադրությունների պատվիրակում․ ապագան ԱԲ ագենտների միջոցով՝ DDF26-ի առանցքում 

Գնումներից մինչև մտադրությունների պատվիրակում․ ապագան ԱԲ ագենտների միջոցով՝ DDF26-ի առանցքում

Sstaffmedia.am
16 ապրիլի 2026
4 րոպե ընթերցում
240
Կիսվել հոդվածով

Թվային տնտեսության և ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտում հայաստանյան կարևոր իրադարձությունը՝ Doing Digital Forum-ը (DDF26), չորրորդ տարին անընդմեջ անցկացվեց Երևանում։ «Միավորելով պլատֆորմներն ու տնտեսությունները» խորագրի ներքո ֆորումը համախմբեց 30 տեղական և միջազգային բանախոսի, այդ թվում՝ առաջատար փորձագետների, բիզնեսի ներկայացուցիչների և պետական պաշտոնյաների՝ քննարկելու համաշխարհային թվային ապագան։

Doing Digital Forum-ի հիմնադիր և ֆորումի կազմակերպիչ SPRING PR ընկերության համահիմնադիր Տաթևիկ Սիմոնյանն իր բացման ելույթում նշեց․

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը նկատեց` չնայած գլոբալ անորոշություններին, ներկա ժամանակաշրջանը նաև նոր հնարավորություններ է ստեղծում։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ վստահության հիմքով թվային հասարակության և տնտեսության ձևավորումը ՀՀ կառավարության համար ռազմավարական առաջնահերթություն է։

Ներկայացնելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ռազմավարությունը՝ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն ընդգծեց, որ իրականացվում են համակարգային թվային բարեփոխումներ՝ Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական և լոգիստիկ հաբ դիրքավորելու նպատակով։

Միջոցառման օրակարգը ներառում էր հիմնական ելույթներ և պանելային քննարկումներ, որոնք կենտրոնացած էին արհեստական բանականության (ԱԲ) ագենտների և մարդկային ներուժի ներդաշնակ համագործակցության, ֆինանսական կապիտալի և տեխնոլոգիական հարթակների փոխկապակցման, ինչպես նաև նորարարությանը զուգահեռ կարգավորման դաշտի հավասարակշռման շուրջ:

Այս տարվա հատուկ հյուրը՝  Ant International-ի փոխնախագահ և Կայուն զարգացման գծով գլխավոր տնօրեն Լեյմինգ Չենը Unchain-ի կառավարող գործընկեր, ֆինանսների և նորարարական էկոհամակարգերի առաջնորդ Դեյվիդ Փոլաքի հետ զրույցի ընթացքում կիսվեց «աջենտիկ առևտրի» (agentic commerce) իր տեսլականով։ «Արհեստական բանականությունն արդեն դարձել է ֆինանսական ենթակառուցվածքի հիմնական շերտը։ Հաջորդ փուլը ԱԲ ագենտներն են՝ որպես ապագայի առևտրի ակտիվ մասնակիցներ, ինչը հիմնովին կփոխի փողի էությունը՝ ապահովելով ստատիկ և օգտատիրոջ կողմից կառավարվող երևույթից անցումը դեպի դինամիկ, ծրագրավորվող և ավելի ու ավելի ինքնավար միջոցի»: 

Իր ելույթում Visa CISSEE-ի (ԱՊՀ-ի և հարավարևելյան Եվրոպայի երկրներ) փոխնախագահ և Պրոդուկտների ու լուծումների գծով ղեկավար Ալեքսանդր Յաբլունիվսկին անդրադարձավ վճարային էկոհամակարգի զարգացումներին։ Նա վկայակոչեց Deloitte-ի հետազոտությունը, ըստ որի՝ մինչև 2030 թվականը թվային առևտրի 30 տոկոսն այս կամ այն կերպ կապված կլինի ԱԲ ագենտների հետ, ինչը 17,5 տրիլիոն դոլարի շուկա է նոր բիզնեսների համար: «Հաջորդ փուլը կլինի այն, երբ ագենտը մարդու հսկողության ներքո կնախաձեռնի գործարքը, իսկ այնուհետև այդ ագենտը կիրականացնի ինքնավար գործարքներ: Սա նշանակում է, որ մենք կպատվիրակենք ոչ միայն մեր գնումները, այլև մեր մտադրությունները»,- նշեց Յաբլունիվսկին՝ հավելելով, որ այս ամենում մարտահրավեր են շարունակում մնալ ցանցային անվտանգությունն ու սպառողների վստահության ապահովումը։

Wp 1776928883541 x9q6pi

Amazon Web Services-ի (AWS) Ձեռնարկությունների տեխնոլոգ Մատիաս Ունդուրագան նկատեց, որ թվային փոխակերպումը մնացել է անցյալում, ներկայում ընկերությունները պետք է դառնան «ԱԲ կրողներ» (AI-native):

ԱԲ կրող ձեռնարկությունն այն ընկերությունն է, որն արհեստական բանականությունն օգտագործում է ոչ թե որպես գործիք կամ չատ-բոտ, այլ դրա միջոցով վերանայում է իր աշխատանաքային գործընթացները: Այդպիսի ընկերությունների թիմերը ԱԲ-ին վերաբերվում են որպես թիմակցի:

Ունդուրագան հավելում է, որ ոչ թե պետք է վախենալ արհեստական բանականությունից, այլ պետք է սովորել այն։ 

Just Better-ի գլխավոր գործադիր տնօրեն Դիրկ Օլմեյերն էլ խոսեց առաջնորդության հիմնարար փոփոխության մասին՝ կոչ անելով թոփ մենեջերներին դուրս գալ փոխարինվելու վախի «մութ գոտուց»: «Արհեստական բանականությունը ձեզ չի փոխարինի, ձեզ կփոխարինեն այն մարդիկ, ովքեր օգտագործում են ԱԲ-ն։ Մենք անսահման հնարավորությունների դարաշրջանում ենք, բայց դա պահանջում է առաջնորդ, ով օգտագործում է մարդկանց մտքի ուժը, հետաքրքրասիրությունը, ստեղծագործականությունն ու քաջությունը և դա համալրում է արհեստական բանականությամբ։ Այն այստեղ է մեզ առաջ մղելու և ավելի լավը դարձնելու», – ասաց Օլմայերը: 

Պանելային քննարկումների ժամանակ անդրադարձ կատարվեց բաց ֆինանսներին (open finance), վճարային նոր էկոհամակարգին և թվային ենթակառուցվածքների ու իրական տնտեսության փոխկապակցվածության հարցերին։

Հայաստանի առաջին և միակ անկախ բանկոմատային ցանցի՝ Finbox-ի հիմնադիր և տնօրեն Արամ Ազատյանի խոսքով էլ՝ կանխիկից ամբողջությամբ հրաժարվելն այսօր անիրատեսական է։ Finbox-ի մոտեցումն այն է, որ կանխիկի հասանելիությունն իրականում աջակցում է անկանխիկ վճարումներին։

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» (ԶՊՄԿ) Թվայնացման գծով գլխավոր տնօրենի տեղակալ Սադիկ Ազիմովն ընդգծեց, որ հանքարդյունաբերության ոլորտում թվայնացումը բիզնես գործառնությունների հիմնարար փոփոխություն է ենթադրում։

Թվայնացումն օգնում է ESG նպատակների իրագործմանը,  աշխատանքի ժամանակ առողջության պահպանմանն ու անվտանգային կարգապահության բարելավմանը, բնապահպանական պարամետրերի մշտադիտարկմանը՝ նվազեցնելով արդյունաբերական ռիսկերն ու բարձրացնելով տեղեկատվության թափանցիկությունն ու որոշումների կայացման օպերատիվությունը:

2023 թվականին իր մեկնարկից ի վեր DDF-ը համախմբել է ավելի քան 90 խոսնակի և շուրջ 4000 մասնակցի 15 երկրից՝ Հայաստանից, Վրաստանից, Միացյալ Թագավորությունից,  Միացյալ Նահանգներից, ԱՄԷ-ից, Գերմանիայից,  Շվեյցարիայից, Ավստրալիայից,  Լեհաստանից և ԱՊՀ երկրներից։ Ֆորումի կազմակերպիչը SPRING PR ընկերությունն է։ DDF26-ի Ինովացիոն գործընկերը Visa-ն էր, Թվային ինքնության գործընկերը՝ imID-ն, Բլոքչեյն գործընկերը aeda-ն էր, Արդյունաբերական փոխակերպման գործընկերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, ներդրումային գործընկերը՝ Freedom Broker Armenia-ն։

Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: