DigiTec – done✅. Ինչպես անցավ տարվա ամենամեծ տեխնոլոգիական իրադարձությունը

DigiTec – done✅. Ինչպես անցավ տարվա ամենամեծ տեխնոլոգիական իրադարձությունը

Sstaffmedia.am
16 հոկտեմբերի 2023
3 րոպե ընթերցում
798
Կիսվել հոդվածով

Ահա և ավարտվեց այս տարվա ԴիջիԹեքը. 3 օր տևող ուրախություն, ոգևորություն, նեթվորքինգ, քննարկումներ, կարևոր շփումներ, ձեռք բերված պայմանավորվածություններ, նոր հնարավորություններ թե՛ կայացած ընկերությունների, թե՛ ստարտափների, թե՛ նորաստեղծ նախաձեռնությոնների և թե՛ այցելուների համար։

Wp 1763120069471 gl7fk

Այդ երեք օրվան, վստահաբար, նախորդել են ամիսների կարևոր աշխատանքներ, ներդրվել են մեծ ջանքեր ու ռեսուրսներ, եղել են վախեր ու ձախողումներ, բայց արդյունքում «ԴիջիԹեք 2023»-ը կայացավ՝ նոր վայրում, փոքր-ինչ նոր ձևաչափով ու նոր ձեռքբերումներով։

Wp 1763120069486 vqi36f

«Փորձել ենք, ԴիջիԹեքի ԴՆԹ-ն պահելով, մի քիչ թարմացնել այն, օգտագործել ավելի ժամանակակից կառավարման միջոցներ։ Օրինակ՝ այս տարի առաջին անգամ մուտքը գրանցումով է, ինչը թույլ է տալու արդյունքում պարզել այցելուների հստակ թիվը, մասնագիտությունը և այլն։ Այդ ստատիստիկ տվյալները մեզ հետագայում կօգնեն ավելի զարգացնել միջոցառումը։ Այս տարի առաջին անգամ միջոցառումը լուսաբանում է չորս միջազգային մեդիա՝ Forbes, Independent, Banzinga, Make use of։ Դա մեր առաքելություններից մեկն է՝ ուզում ենք հայկական տեխնոլոգիաներն աշխարհի քարտեզի վրա տեղակայենք և ցույց տանք ողջ աշխարհին, որ անկախ մեր երկրի վիճակից ու աշխարհաքաղաքական իրավիճակից՝ հայկական ՏՏ աշխարհը հուսալի գործընկեր է», – պատմում է ԴիջիԹեքի կազմակերպիչ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Կարապետյանը։

Ցուցահանդեսի անցկացման վայրը՝ «Մերիդիան» էքսպո կենտրոնը, մարտահրավեր էր թե՛ կազմակերպիչների, թե՛ մասնակիցների համար։ Կարապետյանի խոսքով՝ տեղի հետ կապված նրա ակնկալիքներն արդարացել են։

Wp 1763120070147 fy6cup

«Տարածքի փոփոխությունը շատերի մոտ կասկած էր առաջացնում, բայց հետադարձ կապը բավականին լավն է, թե՛ ցուցադրողներին, թե՛ այցելուներին դուր է գալիս այս տարածքը։ Այստեղ ամեն ինչ մեկ հարկում է, և բոլոր մասնակիցներին հեշտ է գտնել, բոլոր հատվածներում այցելուների հոսքը հավասարաչափ ակտիվ է», – նշում է Սարգիս Կարապետյանը։

Այս ԴիջիԹեքի ուշադրության կենտրոնում էին ստարտափները. շուրջ 30 սկսնակ ընկերության մասնակցությունը հովանավորել է ԱՏՁՄ-ն, ևս 12-ինը՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։ Խոշոր ՏՏ և ֆինտեխ ոլորտի ընկերություններն էլ ներկայացնում էին իրենց նոր պրոդուկտները, որոնք մինչ ցուցահանդեսը հասանելի չէին օգտատերերին։

Բացի այդ, այս անգամ ցուցահանդեսին մասնակցում էին տիեզերական հետազոտություններով և հարակից ոլորտներով զբաղվող նախագծեր, ինչը լավ հնարավորություն էր այցելուների համար ավելին իմանալու տիեզերքի և դրա «նվաճման» գործում ՀՀ դերի մասին։

Ցուցահանդեսի այցելուները գուցե չէին սպասում, որ տեխնոլոգիական պրոդուկտների կողքին ներկայացված կլինեն նաև ժամանակակից արվեստի գործեր, բայց դրանք պարզապես արվեստ չէին, դրանք համատեղում էին արվեստն ու տեխնոլոգիաները։

Wp 1763120072235 os66v

Եվ մյուս կարևոր տարբերությունը նախորդ տարիներից, թերևս, այն իրավիճակն է, որում գտնվում է Հայաստանն այս օրերին, և որի ֆոնին տեղի է ունեցել ԴիջիԹեքը։

«Երկրում տիրող իրավիճակի ֆոնին բոլորս՝ թե՛ որպես անհատներ, թե՛ որպես կազմակերպություններ, փորձում ենք հասկանալ, թե ինչ է պետք փոխել մեր կյանքում, ինչպես օգնել մեր երկրին։ Բոլորս պետք է մեր գործը լավ անենք, էլ ավելի շատ աշխատենք և աջակցենք երկրի պաշտպանական, սոցիալական ու հումանիտար հարցերը լուծելուն։ Եվ հենց այդ գաղափարին համահունչ որոշվեց, որ այս տարի պետք է տարածք տրամադրենք «Ազատազեն» ռազմակրթական ՀԿ-ին, «Ոմա» ռազմահայրենասիրական ՀԿ-ին և Laser War Armenia ռազմատակտիկական խաղ-սպորտաձևի թիմին։ Դրսում տեղադրվել է «ՈՄԱ Գմբեթ», ԴիջիԹեքի հասույթից էլ կհովանավորենք «Գմբեթի» տեղադրումը», – ասում է ԱՏՁՄ գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը՝ հավելելով, որ տեխնոլոգիական ոլորտն ամուր կանգնած է պետության կողքին։

Ընդհանրապես փոխադարձ աջակցությունն ու իրար թև ու թիկունք լինելու սկզբունքը վստահաբար կարելի է անվանել այս տարվա ԴիջիԹեքի հիմնաքարային արժեք. պետություն-մասնավոր ամուր կապ, իրար օգնող բիզնեսներ, ՀԿ-ներ և պաշտպանության ոլորտ, Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին աջակցության ձեռք մեկնող նախաձեռնություններ՝ ցուցահանդեսի երեք օրվա ընթացքում կարելի էր տեսնել այս ամենը։

Փոխօգնության այս շրջանից դուրս չի մնացել նաև staff.am-ը։ Օգոստոսի 29-ին ԱՏՁՄ գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Կարապետյանը և staff.am տնօրեն Նազելի Բադալյանը կնքեցին համագործակցության նոր հուշագիր, որի համաձայն ԴիջիԹեքի օրերին գործում էր Կարիերայի հատուկ հարթակը, որը բաց էր ոչ միայն տեխնոլոգիական ցուցահանդեսի մասնակից ընկերությունների, այլ նաև ԱՏՁՄ անդամ ընկերությունների համար։ Հատկանշականն այն է, որ հրապարակված թափուր հաստիքները տեսանելի կլինեն բոլոր օգտատերերին մինչև նոյեմբերի 1-ը։ 

Wp 1763120073917 akzklu
staff.am-ի համահիմնադիր Լուիզա Ավետիսյան

«Արդեն երկրորդ անգամ ենք համագործակցում Դիջիթեքի հետ այս ձևաչափով, այսինքն՝ տրամադրել ենք staff.am/digitec23 պլատֆորմը՝ միջոցառմանը մասնակցող ընկերությունների թափուր հաստիքների համար, ինչպես նաև մեր staffmedia.am հարթակով մասնակցում ենք որպես մեդիա գործընկեր։ Որպես տեխնոլոգիական ընկերություն՝ նման համագործակցությունը շատ բարձր ենք գնահատում», – նշում է staff.am-ի համահիմնադիր Լուիզա Ավետիսյանը։

Ինչպես և խոստացել էինք, որպես մեդիա գործընկեր 3 օր շարունակ մասնակցել ենք ԴիջիԹեքին և ներկայացրել ամեն օրվա ուշագրավ իրադարձությունները, ինչպես նաև փոխանցել ձեզ տարածաշրջանի ամենախորոշ տեխնոլոգիական ցուցահանդեսի ոգին ու տրամադրությունը։

Վստահ ենք՝ ԴիջիԹեքը գնալով միայն ավելի ու ավելի լավը կլինի, մենք էլ կշարունակենք մասը կազմել տեխնոլոգիական ոլորտում կարևոր տեղ զբաղեցնող այդ իրադարձության։

Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: