Ձանձրույթ՝ ստեղծարարության կատալիզատոր

Ձանձրույթ՝ ստեղծարարության կատալիզատոր

ԱԿԱննա Կոնջորյան
30 մայիսի 2024
3 րոպե ընթերցում
419
Կիսվել հոդվածով

Նյարդաբաններն ու հոգեբաններն ասում են, որ մեր ուղեղին հաճախ անհրաժեշտ է հանգիստ, ոչնչով չզբաղվել, և կարճ ժամանակ անց մենք կվայելենք դրա արդյունքը:
Մեդիտացիա, խորհրդածություն, ներկա գտնվելու պահեր… այս ամենը շատ է խրախուսվում այսօր`որպես մտավոր առողջություն և կյանքի որակը բարձրացնելու միջոց:
Այս ամենը խթան է նաև անսպասելի մտքի ծագման, ծաղկման, ստեղծարար մտքի զարգացման համար:
Բանկում հերթի մեջ սպասելիս, երկար ճանապարհորդության մեջ երթևեկելիս, նույնիսկ ձանձրալի հանդիպումների կամ դասախոսությունների ժամանակ, տանը կամ աշխատանքի վայրում կրկնվող առաջադրանքների կատարման ժամանակ, օրինակ՝ սպասք լվանալիս, արդուկելիս և այլն, մեր միտքը լցվում է միապաղաղությամբ և ձանձրույթով ու սկսում թափառել:
Այս հոգեվիճակը երբեմն կարող է հանգեցնել անսպասելի կապերի և ստեղծագործական նոր պատկերների ստեղծմանը:
Նման պահերին մեր միտքը եզակի հնարավորություն ունի՝ թափառելու մեր ենթագիտակցության չբացահայտված տարածություններում, եթե իհարկե մենք այն չընդհատենք մեր հեռախոսներով կամ այլ գաջեթներով: 

Ինչո՞ւ ձանձրույթ

Ձանձրույթը հաճախ դիտվում է բացասաբար:
Երբ մենք գտնվում ենք հոգեկան պասիվության մեջ, այսինքն ֆիզիկական, մտավոր, ճանաչողական, կենտրոնացված գործընթացների մեջ ներգրավված չենք, մեր ուղեղին սնուցում ենք ստեղծարարությամբ, որքան էլ այդ պահին չենք գիտակցում դա:
Արտաքին ազդակների բացակայության պարագայում մեր ուղեղը հնարավորություն ունի պարփակվել իր մեջ և ձևավորել ինքնաբուխ մտքեր և մտավոր պատկերներ՝ ստեղծելով մտավոր վառ սցենարներ, երազել այդ պահին անհասանելի թվացող հեռուների մասին, վերապրել անցյալի հիշողությունները կամ տեսնել յուրօրինակ մտապատկերներ:
Իսկ մենք ի՞նչ ենք անում այս ձանձրալի պահերին: Նեղվում ենք ձանձրույթից և մտնում էկրանների մեջ, այնինչ, մտավոր թափառումը կարող է հանգեցնել անսպասելի պատկերացումների և կապերի, քանի որ մեր ուղեղը ստեղծում է նոր ասոցիացիաներ տարբեր գաղափարների միջև այնպես, ինչպես դա տեղի ունեցավ մի օր հեռավոր Անգլիայում: 
1990թ. էր: Ջ․ Ռոուլինգը ուշացած գնացքով ճանապարհ էր ընկել Մանչեսթերից դեպի Լոնդոն: Մի շրջան էր, երբ կինը կորցրել էր  մորը, միայնակ էր մեծացնում իր երեխային, գտնվում էր դեպրեսիվ վիճակի մեջ:
Պատուհանի մոտ նստած նրա աչքերի առջև հանկարծ փայլատակեց մի վառ պատկեր. ակնոցով տղան գնացքով գնում է կախարդական դպրոց սովորելու…:
Ռոուլինգն իր հարցազրույցներից մեկում պատմում է, որ այդ գաղափարը կարծես երկնքից իջներ իր գլխին:
Երբ նա հասավ տեղ, իր մտքում արդեն ուրվագծվել էր Հարրի Փոթերի հիմնական սյուժեն, բազմաթիվ կերպարներ, նույնիսկ հիմնական դրվագները․

«Մինչ գնացքը տեղ կհասներ, ես արդեն գիտեի, որ նրա ծնողները սպանվել են, գիտեի, որ նա կախարդ է, սակայն նա դրա մասին դեռ չգիտի: Գնացքում ծնվեց Դամբլդորը, շատ կախարդներ, շարժվող աստիճանները, սկսեցի նույնիսկ մտածել, թե ինչ են նրանք սովորելու այնտեղ: Գնացքում նաև ես տեսա, որ Հարրին ստիպված էր ապրել իր զզվելի մորաքորջ և նրա ամուսնու հետ»:

Այս հիասքանչ պատմությունը ցույց է տալիս, թե ինչպես կարող է «օդից» առաջանալ անսպասելի հրաշագործ գաղափար: Անսպասելի գաղափարները կարող են մեզ գալ տարերայնորեն, սակայն մենք էլ պետք է դրանց պատրաստ լինենք ընդունել:

Օգտվենք ձանձրույթից

Ձանձրույթի և անտարբերության պահերն օգտագործենք որպես աճի հնարավորություն, այն կարող է աներևակայելի արժեքավոր լինել, այնպես, ինչպես եղավ այս կնոջ կյանքում: Սոցիալական մեդիայի կամ այլ հավելվածների միջոցով ուշադրությունը շեղելու կամ ձանձրույթը ցրելու փոխարեն նպատակաուղղված օգտագործենք այս պահերը, նույնիսկ տեղծենք «ձանձրալի», «պարապ», «ոչինչ չունեմ անելու» պահեր:
Անհրաժեշտ է պլանավորել պարապուրդի ժամանակ շաբաթվա կամ գոնե ամսվա մեջ, այդ պահին սահմանափակել շեղող գործոնները, անջատել բոլոր տեսակի ծանուցումները, նվազագույնի հասցնել էկրանի ժամանակը: 

Քայլենք, երազենք, պատուհանից դուրս նայենք, այդ պահին ապրեք առանց որևէ նպատակի կամ օրակարգի: Թողնենք, որ միտքը թափառի, հոսի առանց սահմանափակումների: Հնարավոր է ոչինչ չկատարվի, և որևէ նշանակալի մտապատկեր չհայտնվի, պետք չէ հուսահատվել, շտապել ու համարել այս հնարքն անիմաստ:
Ստեղծարարությունն ու ոգեշնչումը կարող են անկանխատեսելի լինել: Ամենակարևորն այն է, որ մենք ինքներս մեզ վարժեցնենք ինչ-որ պահ ապրել մեր կյանքում առանց տեխնոլոգիայի, կոգնիտիվ գործողության ու նպատակի:

Միայն այն, որ մենք արդեն նման բան ենք մեզ թույլ տալիս, մեծապես ազդում ենք մեր ուղեղի արտադրողականության վրա: 

Կիսվել հոդվածով

Աննա Կոնջորյան

Սեղծարար մտածողության պրակտիկ հետազոտող | «Վերելք» կենսագրական գրքի հեղինակ | «Ամիօ» բանկի կորպորատիվ մշակույթի բաժնի ղեկավար

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: