Կլոր սեղան-քննարկումը ներկայացրեց համագործակցային մոտեցումներ Հայաստանում ամուսնալուծության ընթացքում ընտանիքներին աջակցելու համար

Երևան, 2026 թ. հուլիսի 14 – Բահայի համայնքի Սոցիալական դիսկուրսի գրասենյակը, «Ծնողական համայնք» և «Նոր արդարության մշակույթ» հասարակական կազմակերպությունների համագործակցությամբ, անցկացրեց «Ամուսնալուծությունը Հայաստանում» խորագրով կլոր սեղան-քննարկում։ Միջոցառմանը մասնակցեցին պետական մարմինների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ, իրավաբաններ, հաշտարարներ, զույգային, ընտանեկան և մանկական հոգեբաններ, ինչպես նաև երեխաների և ընտանիքների իրավունքների պաշտպանության ոլորտների մասնագետներ։

Քննարկումը սկսվեց Հայաստանում ամուսնալուծությունների մտահոգիչ աճի արձանագրմամբ և այն գիտակցմամբ, որ անհրաժեշտ են համակարգային մոտեցումներ, որոնք կաջակցեն ամուսիններին, երեխաներին և ընտանիքի այլ անդամներին այս բարդ գործընթացը արդյունավետ կերպով կազմակերպելու համար։ Եվս մեկ անգամ նշվեց, որ ընտանիքը՝ որպես հասարակության փոքր մոդել, անքակտելիորեն կապված է ամբողջ հասարակության բարեկեցության հետ։

Մասնակիցներն ընդգծեցին, որ ամուսնալուծությունը պետք է դիտարկել ոչ միայն որպես իրավական գործընթաց, այլև որպես ընտանիքի և հասարակության կյանքում աջակցություն պահանջող կարևորագույն փուլ։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ առկա ընթացակարգերը կարող են օգնել զույգերին ժամանակին գնահատել ամուսնալուծության իրավական, հուզական, ֆինանսական և ծնողավարական հետևանքները՝ ապահովելով ավելի գիտակցված որոշումների կայացումը ամբողջ գործընթացի ընթացքում։

Քննարկման ընթացքում նշվեց, որ վերջին մեկ տարվա ընթացքում ներդրված հաշտարարության ինստիտուտը կարևոր քայլ է երեխաների խնամակալության և համատեղ գույքի բաժանման հայցերով դատարան դիմելուց առաջ ընտանիքներին տրամադրվող աջակցության համակարգի զարգացման ուղղությամբ։ Այս համակարգի աշխատանքն արդեն իսկ խոստումնալից արդյունքներ է ցույց տալիս և հետագա զարգացման հնարավորություն կարող է դառնալ բազմամասնագիտական թիմերի համագործակցության, ինչպես նաև լրացուցիչ աջակցության մեխանիզմների ստեղծման գործում, որի արդյունքում ընտանիքները համակարգված և համապարփակ աջակցություն կարող են ստանալ իրավական, ֆինանսական, հոգեբանական, սոցիալական և համայնքային ոլորտների մասնագետների կողմից։

Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց ընտանիքների հետ աշխատող տարբեր մասնագետների մասնագիտական պատրաստվածությանն ու կոմպետենտությանը, շարունակական վերապատրաստումներին, նրանց աշխատանքի հետևողական մշտադիտարկմանը և տարբեր ոլորտների մասնագետների միջև արդյունավետ համագործակցության ամրապնդմանը։

Քննարկվեց նաև ամուսնական հարաբերությունների բարելավման անհրաժեշտությունը առողջ ընտանեկան և ամուսնական հարաբերությունների, արդյունավետ հաղորդակցման և կոնֆլիկտների արդյունավետ հաղթահարման վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացման շնորհիվ։ Նշված կարողությունների և հմտությունների զարգացման գործում առանձնացվեցին դպրոցական կրթական ծրագրերի հարստացումը և համայնքային ու կրթական այլ նախաձեռնությունների անհրաժեշտությունը։

Քննարկման կենտրոնում շարունակեցին մնալ երեխաների շահերն ու բարեկեցությունը ամուսնալուծությունից հետո։ Մասնակիցները ուշադրություն հրավիրեցին ծնողական օտարման (parental alienation) վտանգավոր հետևանքների վրա, որոնք կարող են դրսևորվել թե՛ մայրերի, թե՛ հայրերի կողմից։ Որպես հնարավոր լուծումներ առաջարկվեց զարգացնել երեխաների հետ աշխատող համայնքների և մասնագետների կարողությունները։ Քննարկվեցին նաև երեխաների պաշտպանության միջազգային մոդելները, այդ թվում՝ Barnahus-ը, որպես ամուսնալուծական գործընթացում հետագա ներդրման հնարավոր տարբերակ։

Կլոր սեղանն ավարտվեց երկխոսությունը շարունակելու և պետական կառույցների, մասնագիտական հանրույթի, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և համայնքային այլ խմբերի միջև համագործակցությունն ավելի ամրապնդելու ընդհանուր հանձնառությամբ։ Մասնակիցները համոզմունք հայտնեցին, որ շարունակական համագործակցությունն ու փորձի փոխանակումը կնպաստեն ընտանիքներին տրամադրվող աջակցության համակարգերի զարգացմանը և ամուսնալուծված ընտանիքների համար առավել բարենպաստ արդյունքների ապահովմանը։