Ֆեմիննոն երրորդ անգամ կանանց ու նորարարության տոն բերեց Երևան

Ֆեմիննոն երրորդ անգամ կանանց ու նորարարության տոն բերեց Երևան

Sstaffmedia.am
30 հուլիսի 2024
2 րոպե ընթերցում
277
Կիսվել հոդվածով

Հուլիսի 27-28-ին հայկական ՖԵՄԻՆՆՈ կազմակերպությունը արդեն երրորդ անգամ իրականացրեց կանանց և նորարարության շուրջ ամենամեծ կոնֆերանսը Հայաստանում և մեր տարածաշրջանում։ Մեկ հարկի տակ հավաքված 50-ից ավելի խոսնակները երկու օրերի ելույթների և աշխատարանների շրջանակում քննարկում էին տեխնոլոգիական աշխարհի ամենաթեժ թեման՝ արհեստական բանականությունն ու դրա ազդեցությունը կյանքի բոլոր ոլորտների վրա։ 

Կոնֆերանսի բացման ժամանակ ազդարարվեց նաև նոր համագործակցությունը WCIT կոնֆերանսի հետ։ Ֆեմիննոյի հիմնադիր Սեդա Պապոյանն ու WCIT 2024-ի գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը հուշագիր ստորագրեցին։

Խոսնակների շարքում էին արհեստական բանականության համապատասխանությամբ և տվյալների կառավարմամբ զբաղվող ստարտափի հիմնադիր Սաբրինա Փալմը Մեծ Բրիտանիայից, արհեստական բանականության հետազոտող Եվգենիա Ստամբոլիևը Ավստրիայից, հայկական ՖԱՍԹ հիմնադրամի ղեկավար Արմեն Օրուջյանը, ում առաջնորդությամբ իրականացվում է «Արհեստական բանականության սերունդ» ծրագիրը հանրակրթական դպրոցներում, համաշխարհային հռչակի հասած հայկական ստարտափ Պիկսարտի տնօրեններից Մադլեն Մինասյանը, դանիացի Ներմին Ղոնիեմը, որ արհեստական բանականության դանիական ազգային կենտրոնի խորհրդի անդամ է, և ուրիշներ։

Այս տարի Ֆեմիննոն հյուրընկալվել էր երևանյան ամենահին շենքերից մեկում` մայրաքաղաքի սրտում գտնվող Առնո Բաբաջանյան համերգասրահում, որի բոլոր հարկերում ընթանում էին ելույթներ, աշխատարաններ, պանելային քննարկումներ և ներկայացումներ։ Կոնֆերանսը նորից համագործակցում էր միջազգային այնպիսի կառույցների հետ, ինչպիսիք են ՄԱԶԾ/UNDP-ը և ԳՄԲՀ/GIZ-ը։ Այս տարի կոնֆերանսին միացել էին ինչպես նախկինում մշտապես աջակցող գործընկերներ, ինչպիսին է միջազգային Align Technology-ն, այնպես էլ նոր գործընկերներ, որոնց շարքում են կուտակային կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչ Ամունդի-ԱԿԲԱ-ն։

Մենք արդեն վստահ կարող ենք ասել, որ ամեն տարի հուլիսի վերջին Ֆեմիննոյի շնորհիվ կարողանում ենք ստեղծել միջազգային տոն կանանց և նորարության շուրջ, որը Հայաստանը նոր ձևով տեսանելի ու հետաքրքիր է դարձնում աշխարհի համար։ Մենք վերահաստատում ենք, որ Հայաստանում ու ամենուր կանայք մեծ ներուժ ունեն նորարության բոլոր շերտերում

Ֆեմիննոյի հիմնադիր ղեկավար Սեդա Պապոյան

Ֆեմիննոյի «Հայաստան» բեմում իրենց փորձառությունը կիսեցին հայկական ՏՏ ընկերությունների առաջատար մասնագետներն ու ղեկավարները, նրանց թվում` Siemens Հայաստանի ղեկավար Իրինա Դումանյանը, SADA ընկերության ղեկավար Սյուզաննա Ազոյանը, DataArt ընկերության ղեկավար Արսեն Բաղդասարյանը և ուրիշներ։ Իրենց մասնագիտական փորձը մասնակիցների հետ կիսեցին ՄՌԿ ոլորտի առաջատար ներկայացուցիչներից Անի Մերուժանի Մարգարյանը, Լիլիթ Գևորգյանը, Լիլիթ Պապիկյանը, Նարեկ Ասլիկյանը և այլք։

Ֆեմիննո 2024 կոնֆերանսի ավարտին ամփոփվեց կազմակերպության ամենամյա կրթաթոշակային ծրագիրը, որը կրում է Սոնա Մնացականյանի անունը։ 8 երիտասարդ աղջիկ ստացան կրթաթոշակ` գիտության և տեխնոլոգիաների ոլորտում իրենց կրթական նպատակներին հասնելու համար։ 

Առաջիկայում Ֆեմիննո հարթակը նախատեսում է Նյու Յորք տանել իր ճամփորդող կոնֆերանսների ձևաչափը, որ կոչել են արբանյակ։ Նախորդ «արբանյակները» հասել են մինչև Սան Ֆրանցիսկո և Սիդնեյ։

Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: