Պատկերացրեք՝ մենք մեր կյանքի մոտ 90,000 ժամն անցկացնում ենք աշխատավայրում։ Դա գրեթե 10 տարի է՝ առանց դադարի։ Եթե մենք սովոր ենք երջանկությունը թողնել գրասենյակի դռնից այն կողմ ու սպասել աշխատանքային օրվա ավարտին, որպեսզի «սկսենք ապրել», ուրեմն մենք պարզապես վատնում ենք մեր կյանքի լավագույն տարիները։
Երջանկության միջազգային օրը լավ առիթ է վերանայելու մեր մոտեցումը. իրականում երջանիկ լինելը ոչ թե հաջողության արդյունքն է, այլ դրա կարևոր նախապայմանը։ Երբ մենք փոխում ենք մեր վերաբերմունքը գործի հանդեպ, թվերը սկսում են «աճել» ինքնըստինքյան, իսկ բիզնեսը դառնում է ավելի կենսունակ։
Այս հդվածում կխոսենք այն մասին, թե ինչպես է դրական հոգեբանությունը սովորական գրասենյակը վերածում մի վայրի, որտեղ մարդիկ ոչ թե սպառվում, այլ լիցքավորվում են։
Երջանկությունը որպես աճի գործակից
Թիմում երջանիկ մթնոլորտը վաղուց դադարել է լինել պարզապես բարի ցանկություն։ Օքսֆորդի և MIT-ի հետազոտությունները ցույց են տալիս, որ երջանիկ թիմերն արտադրողականության հարցում 13%-ով առաջ են մյուսներից։
Սա տեղի է ունենում ոչ թե մարդկանց ավելի արագ վազեցնելու, այլ ներքին հանգստության հաշվին։ Սա մի «դրական շղթա» է. երբ ընկերության մշակույթը հիմնված է վստահության վրա, աշխատակիցն ավելի թեթև է հասնում արդյունքի, իսկ այդ հաջողությունն էլ ավելի է մեծացնում նրա բավարարվածությունը։ Այսպես մարդկային ներուժը ոչ թե մաշվում է, այլ անընդհատ թարմանում հենց աշխատանքի ընթացքում։

PERMA մոդելը. ինչպե՞ս է կառուցվում ներքին բավարարվածությունը
Որպեսզի այս դրական շղթան անխափան գործի, դրական հոգեբանության հիմնադիր Մարտին Սելիգմանն առանձնացնում է հինգ հենասյուն, որոնք աշխատավայրը դարձնում են «ապրող» միջավայր.
- Դրական հույզեր. Աշխատանքի արժևորում. Խոսքը ոչ թե ձևական քաղաքավարության, այլ կատարված գործն իրոք տեսնելու և գնահատելու մասին է։ Երբ աշխատակիցը զգում է, որ իր ներդրումը կարևոր է, նրա մոտիվացիան բնականորեն աճում է:
- Ներգրավվածություն. Սա այն վիճակն է, երբ մարդն այնքան է տարվում իր աշխատանքով, որ կորցնում է ժամանակի զգացողությունը։ Երբ աշխատանքը համընկնում է մեր տաղանդների հետ, մենք ոչ թե հոգնում ենք, այլ հակառակը՝ ուժ ենք ստանում։
- Մարդկային կապեր. Հարվարդի հետազոտությունները փաստում են՝ աշխատավայրում գոնե մեկ մտերիմ ընկեր ունենալը կտրուկ նվազեցնում է սթրեսը։ Ամուր հարաբերությունները ստեղծում են թիկունքի զգացողություն, որտեղ համագործակցությունը բնական է, իսկ օգնությունը՝ միշտ հասանելի։
- Իմաստ. Յուրաքանչյուրս պետք է հասկանա՝ ինչի՞ համար է անում իր գործը։ Երբ տեսնում ենք մեր աշխատանքի օգուտը, այն դադարում է լինել պարտականություն ու դառնում է առաքելություն։
- Ձեռքբերումներ. Հաջողության և առաջընթացի զգացումը սնում է մեր ինքնավստահությունը։ Անգամ փոքր հաղթանակները տոնելը թիմին թևեր է տալիս նոր բարձունքներ նվաճելու համար։
Burnout-ի կանխարգելումը և «մարդակենտրոն» աշխատանքը

Երբ վերոնշյալ 5 բաղադրիչները չկան, աշխատանքային 90,000 ժամը վերածվում է «գոյատևման մարաթոնի»։ Մասնագիտական այրումը (burnout) հաճախ համարում են անհատի խնդիր, բայց իրականում դա միջավայրի ձախողումն է։ Դա նման է մի մեքենայի, որից պահանջում են առավելագույն արագություն, բայց երբեք չեն տանում տեխսպասարկման ու չեն լիցքավորում։
Այսօր առաջնորդության ամենամեծ մարտահրավերը ոչ թե գործընթացները, այլ մարդկային էներգիան կառավարելն է։ Մենք պետք է ստեղծենք այնպիսի մթնոլորտ, որտեղ մարդը չի վախենա սխալվելուց կամ հոգնելուց։ Հոգեբանական անվտանգությունն այն է, երբ կարող ես բարձրաձայնել խնդիրներիդ մասին՝ առանց քննադատվելու վախի։
Էմպատիկ առաջնորդություն. ինչպե՞ս հավաքել երջանիկ թիմ
Այս ամենի կայացման հարցում առանցքային դեր ունի առաջնորդը։ Մարդկային շփումը և թիմի անդամների վիճակով իրոք հետաքրքրվելը երբեմն ավելի շատ է ազդում արդյունքի վրա, քան վերահսկողության խիստ մեխանիզմները։
Երբ ղեկավարն անկեղծ է խնդիրների մասին խոսելիս, դա օգնում է թիմին նույնպես լինել բաց ու անկաշկանդ։ Սա վերացնում է «անսխալական» լինելու ավելորդ լարվածությունը և թույլ է տալիս կենտրոնանալ իրական աշխատանքի, այլ ոչ թե սխալվելու վախի վրա։
Մենք չենք աշխատում, որ մի օր երջանիկ լինենք. մենք պետք է լինենք երջանիկ այսօր, որպեսզի կարողանանք լավ աշխատել։ Ներդրում անելով թիմի երջանկության մեջ՝ մենք ստեղծում ենք մի միջավայր, որտեղ աշխատանքն ուժասպառ չի անում, այլ օգնում է աճել ու նոր արժեքներ ստեղծել։

