Հավերժ սիրո քաղաք

Հավերժ սիրո քաղաք

ՀՏՀասմիկ Տիգրանյան
11 հոկտեմբերի 2025
9 րոպե ընթերցում
1,017
Կիսվել հոդվածով

Մեր սրտի քաղաքը 2807 տարեկան է։ Մտածո՞ւմ եք այս տարիքում արդեն ծերացել ու խորշոմել է․ սխալվում եք։ Եկեք այսօր քայլենք Երևանի փողոցներով, բացահայտենք մեր քաղաքի դիմագիծը՝ կանգ առնելով այնտեղ, որտեղ անցյալը շոշափելի է, և քաղաքը՝ միշտ կենդանի։

«Մոսկվա» կինոթատրոն․ մշակութային հավերժ հանգրվան

Երևանի սրտում կանգնած է մի շենք, որի պատերի տակ խնամքով պահված է մի ամբողջ քաղաքի պատմություն։ «Մոսկվա» կինոթատրոնը այսօր երևանցիների համար պարզապես մշակութային հանգրվան չէ․ այն հիշողությունների ու ժամանակների միաձուլում է՝ խորհրդանիշ մի քաղաքի, որն անընդհատ վերափոխվում է, բայց երբեք չի մոռանում իր արմատները։

Նախքան կինոթատրոնի կառուցումը, այս տարածքը տարբեր կրոնների ու ժողովուրդների համակեցության յուրահատուկ կետ էր։ Այստեղ էր գտնվում Պողոս-Պետրոս եկեղեցին, որի հարևանությամբ՝ մզկիթ, իսկ շուրջը՝ պարսիկների բնակելի տներ։ 

Շենքը կառուցվեց 1935-1936 թթ., իսկ հանդիսավոր բացումը կայացավ 1936 թվականի դեկտեմբերի 12-ին՝ հայկական առաջին հնչյունային ֆիլմի՝ «Պեպոյի» ցուցադրությամբ։ Ասում են՝ ֆիլմի վերջում, երբ հնչում էր «Քյորօղլին», ամբողջ դահլիճը կանգնում էր, երգում դերասանների հետ, իսկ դրսում հնչում էին դուդուկներ։ Այդպես ծնվեց Երևանի ամենասիրված մշակութային կենտրոններից մեկը։

Կինոթատրոնի ճարտարապետությունը իր ժամանակի համար բացառիկ էր․ քարակերտ կառուցվածք, երկաթբետոնե հարկածածկեր, բազմագույն քարերի համադրություն, իսկ ներսում՝ ձայնորսիչ տուֆով պատեր և մանրամասն մտածված ակուստիկա։ Դահլիճների պատերին զարդարված շեղադիր փոքր պատուհանները և խորհրդային կինոյի խորհրդանիշ դարձած ֆիլմերի թեմաներով («Պեպո», «Դավիթ Բեկ», «Սայաթ-Նովա», «Չապաև») խորաքանդակները  շենքին տալիս էին արվեստի տաճարի տեսք։

Հայաստանի առաջին Հանրապետության շենքը․ պետականության հավերժ վկան

Սարդարապատի հերոսամարտերից հետո պատմության թեքված խաչմերուկում՝ այս շենքի երկրորդ հարկի օվալաձև պատշգամբից, հնչեց այն խոսքը, որը դարձավ նոր էջի սկիզբ։ Արամ Մանուկյանը՝ Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիր առաջնորդը, հենց այստեղից հայտարարեց Հայաստանի անկախությունը, ծածանեց ազգային եռագույնը և ընթերցեց Թիֆլիսի Ազգային խորհրդի մայիսի 30-ի հռչակագիրը։ Այդ պահից սկսած շենքը դարձավ անկախ պետականության խորհրդանիշ։

Այսօր այն հյուրընկալում է մի շարք կազմակերպությունների, սակայն անկախ նրանից, թե ով է այսօր բնակվում կամ աշխատում այդ շենքում, նրա ամեն մի պատը շարունակում է կրել նույն պատմական հիշողությունը, երբ Հայաստանի դրոշն առաջին անգամ ծածանվեց անկախության խորհրդանիշ դառնալով և վկայելով, որ անգամ ամենադժվար օրերին կարելի է սկսել նոր պատմություն։

Սասունցի Դավիթ կայարան․ հավերժ վերադարձի կայարան

Երևանի ամենասիմվոլիկ վայրերից մեկը՝ կայարանամերձ հրապարակը, որտեղ մեկը մյուսի կողքին կանգնած են երկու խորհրդանշական կերտվածք՝ երկաթուղային կայարանի շենքը և Սասունցի Դավթի արձանը։ Երկուսն էլ իրենց պատմությամբ ու ճակատագրով պատկերում են ոչ միայն ճարտարապետական, այլև ազգային ոգու պատմությունը։

Երևանի առաջին երկաթուղային կայարանը կառուցվել է 1899 թվականին։ Այդ օրը՝ դեկտեմբերի 6-ին, Երևան ժամանեց առաջին գնացքը Թիֆլիսից։ Այն ժամանակ այս իրադարձությունը համարժեք էր Երևանի «բացվելուն» դեպի աշխարհ։ Մինչ այդ քաղաքն ուներ փակ, ինքնաբավ կառուցվածք, և երկաթուղին բառացիորեն միացրեց Հայաստանը Անդրկովկասի և Ռուսաստանի քաղաքներին։

1950-ականներին, երբ երկաթուղային ուղևորահոսքը կտրուկ աճեց, որոշվեց կառուցել նոր, ժամանակակից շենք։ Այդ աշխատանքը վստահվեց երիտասարդ, բայց արդեն ճանաչված ճարտարապետ Էդմոնդ Տիգրանյանին, կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանի որդուն։ Նա երազում էր, որ նոր կայարանը լինի ոչ միայն տրանսպորտային հանգույց, այլև արվեստի գործ։

Երևանի նոր կայարանը բացվեց 1956 թվականի հուլիսի 22-ին։
Շենքն իր ժամանակի համար իսկական ճարտարապետական հրաշք էր․ ընդարձակ նախասրահ, երկու սպասասրահ, մոր և մանկան սենյակներ, լողարան, վարսավիրանոց, անգամ հյուրանոցային սենյակներ երկար ճանապարհից եկած ուղևորների համար։ Այստեղից մեկնող գնացքները հասնում էին Մոսկվա, Բաքու, Թբիլիսի, Կիև, Լենինական։

Կայարանը դարձավ ոչ միայն ճանապարհորդության, այլև հանդիպումների, պատմությունների, հուշերի վայր։

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն․ հավերժ հնչող մեղեդի

Երբ 1933-ի հունվարի 20-ին Երևանի Օպերային թատրոնի բեմում հնչեց Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի առաջին ակորդը, ոչ ոք դեռ չէր պատկերացնում, որ այս շենքը կդառնա Երևանի հոգին՝ քաղաքի ճարտարապետական ու մշակութային ամենահզոր խորհրդանիշը։

1927 թվականին Ա. Տեր-Ղեւոնդյանի նախաձեռնությամբ հիմնվեց օպերային ստուդիան, իսկ 1932-ին՝ կառավարության որոշմամբ՝ Օպերային թատրոնը։ Առաջին տարիներին այն գործեց բանվորական դրամատիկական թատրոնի շենքում, մինչ Ալեքսանդր Թամանյանի նախագծած շքեղ կառույցը պատրաստ կլիներ։

1935-ին, Չայկովսկու «Կարապի լիճը» բեմադրությունից հետո, թատրոնը վերանվանվեց Օպերայի և բալետի թատրոն, իսկ 1939-ին՝ ստացավ Ալեքսանդր Սպենդիարյանի անունը։ 1956-ին այն դարձավ Ակադեմիական, իսկ 1994-ին՝ Ազգային Ակադեմիական թատրոն։

Օպերային կից բացվեց նաև Ֆիլհարմոնիայի մեծ համերգասրահը՝ 1953-ին, որը հետագայում կոչվեց Արամ Խաչատրյանի անվան։

Օպերայի դիմաց կանգնած Հովհաննես Թումանյանի և Ալեքսանդր Սպենդիարյանի արձանները նույնպես ունեն խորհրդանշական պատմություն։ Արա Սարգսյանի առաջին տարբերակում Թումանյանը կանգնած էր, սակայն հետագայում որոշվեց պատկերել նրան նստած՝ մտորումների մեջ։ Սպենդիարյանի արձանի համար քանդակագործը փորձել էր որսալ կոմպոզիտորի ոգեշնչման պահը՝ նոտաները ծնկներին։

Մարզահամերգային համալիր․ հավերժ կանգուն երազանք

Մարզահամերգային համալիրի պատմությունը նման է իրական ճարտարապետական հաղթանակի։ Այն մի ամբողջ դարաշրջանի հայելին է, որտեղ համախմբված են ճարտապարպետի և ազգի խիզախությունը, ստեղծագործական ազատությունը և ազգային հավատը սեփական ուժերի հանդեպ։

1970-ականների կեսերին հայտարարվեց փակ մրցույթ՝ 10 հազար հանդիսատեսի համար նախատեսված սպորտի պալատ կառուցելու նպատակով։ Մրցույթին մասնակցեց ու հաղթեց «Հայպետնախագիծ» ինստիտուտը՝ Կորյուն Հակոբյանի, Հրաչ Պողոսյանի և Գուրգեն Մուշեղյանի ղեկավարությամբ։

 Գորելյեֆը՝ 60 մետր երկարությամբ և 6 մետր բարձրությամբ, պատկերում էր Հայաստանը՝ Վահագնից մինչև ժամանակակից գիտություն։

Բայց բացմանն ընդառաջ քանդակագործը ստիպված եղավ ոչնչացնել որոշ հերոսների դեմքերը։ Հետագայում Մոսկվան փորձեց նույնիսկ «անհատական պաշտամունք» վերագրել Դեմիրճյանին, բայց ապարդյուն։

Մի անգամ Մոսկվան որոշեց դադարեցնել բոլոր նմանատիպ շինարարությունները ԽՍՀՄ տարածքում։ Երբ հանձնաժողովը պետք է ժամաներ Երևան՝ աշխատանքը կանգնեցնելու, Դեմիրճյանը հրահանգեց բանվորներին թաքնվել մոտակա անտառում։

Մշակույթի, սիրո, վերադարձի ու հարատևության հավերժ քաղաք մեր Երևան, թող դուռդ ու սիրտդ միշտ բաց լինի, թող միշտ ղողանջեն զանգերդ ու երգեն աշնան գույները, թող փողոցներդ լցվեն ժպիտներով ու հնչյուններով, մնա հար, ու միշտ եղիր մեզ տուն կանչող այն հանգրվանը, որտեղ սերն ու ոգեշնչումը միահյուսվում են մեկ անվերջ ընթացքի մեջ։


Կիսվել հոդվածով

Հասմիկ Տիգրանյան

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: