Այսօր կազմակերպությունները հավաքագրում են ՄՌ տվյալների աննախադեպ ծավալ՝ կատարողականի գնահատականներ, ներգրավվածության հարցումներ, կադրերի հոսունություն, հաստիքի համալրման ժամանակ, ուսուցման ժամաքանակ, բացակայություններ և այլն։ Սակայն, չնայած տվյալների առատությանը, ՄՌ կառավարման վերաբերյալ որոշումները հաճախ դեռևս կայացվում են ինտուիցիայի, այլ ոչ թե փաստերի հիման վրա։
Խնդիրը տվյալների պակասը չէ։ Իրական մարտահրավերը ՄՌ տվյալների միջոցով պատմություն պատմելու (HR Data Storytelling) կարողությունն է՝ վերլուծել և մեկնաբանել տվյալներն այնպես, որ դրանք լինեն հասկանալի, հուսալի և հիմք ծառայեն ռազմավարական որոշումների կայացման համար:
Հենց այստեղ է, որ ՄՌ վերլուծությունը (People Analytics) և տվյալների միջոցով պատմություն պատմելու կարողությունը (Data Storytelling) դառնում են մրցակցային առավելություն՝ ՄՌ բաժինը աջակցող գործառույթից վերածելով բիզնեսի ռազմավարական գործընկերոջ։
ՄՌ հաշվետվություն թե՞ ՄՌ վերլուծություն. Ո՞րն է տարբերությունը
Թեև այս երկու հասկացությունները փոխկապակցված են, դրանց միջև կա էական տարբերություն։ Այս սահմանը հստակեցնելն օգնում է անցում կատարել պարզապես տվյալներ հավաքելուց դեպի արժեքավոր բացահայտումներ (Insights) իրականացնելը։
ՄՌ հաշվետվությունը (HR reporting) նկարագրական է։ Այն պատասխանում է «Ի՞նչ տեղի ունեցավ» հարցին։ Սա աշխատուժի ներկա վիճակի պատկերն է՝ հիմնված տարբեր ՄՌ տեղեկատվական համակարգերից ստացված ստանդարտ ցուցանիշների վրա.
- Աշխատակիցների ընդհանուր թվաքանակ (Headcount)
- Աշխատակիցների հոսունության մակարդակ (Turnover rate)
- Բացակայությունների մակարդակ (Absenteeism rate)
- Հաստիքի համալրման ժամանակ (Time to fill)
- Հաստիքի համալրման արժեք (Cost per hire)
- Կատարողականի գնահատման արդյունքներ
- Ուսուցման ժամաքանակ (Training hours per employee)
- Աշխատակիցների ներգրավվածության ինդեքս (Engagement score)
- Վարձատրության մրցունակության գործակից (Compa-ratio) և այլն։
Այս տվյալներն օբյեկտիվ են և ապահովում են թափանցիկություն, սակայն դրանք միայն արձանագրում են փաստը՝ չբացատրելով պատճառները։

ՄՌ վերլուծությունը (People Analytics) ախտորոշիչ է և կանխատեսող
Այն պատասխանում է «Ինչո՞ւ դա տեղի ունեցավ» և «Ի՞նչ անել հաջորդիվ» հարցերին։ Վերլուծությունը համադրում է ՄՌ հաշվետվությունների տվյալները ֆինանսական և բիզնես ցուցանիշների հետ՝ ճիշտ հարցադրումներ անելու, օրինաչափություններ հայտնաբերելու, իրավիճակի և/կամ խնդրի հիմնական պատճառները բացահայտելու և կանխատեսումներ անելու համար։
ՄՌ տվյալների վերլուծությունը թույլ է տալիս կազմակերպություններին դուրս գալ միայն նկարագրական տվյալների մակարդակից և հասկանալ, թե ինչու են որոշ երևույթներ տեղի ունենում և ինչ ազդեցություն ունեն դրանք բիզնեսի արդյունքների վրա։
Օրինակներ.
Հոսունություն. Եթե որոշակի բաժնում աշխատակիցները հաճախ են հեռանում, վերլուծությունը կարող է մատնանշել իրական պատճառը՝ կառավարման ոճը, գերծանրաբեռնվածությունը կամ աճի հնարավորությունների բացակայությունը։
Արդյունավետություն. Կատարողականի տվյալները կարող են բացահայտել, թե որ թիմերում են աշխատակիցները առավել արդյունավետ և ինչ գործոններ են նպաստում այդ արդյունքին։
Կապը բիզնեսի հետ. Հասկանալ, թե ինչպես է աշխատակիցների ներգրավվածությունը ուղղակիորեն ազդում հաճախորդների գոհունակության կամ ընկերության շահույթի վրա։

HR Data storytelling․ ՄՌ տվյալների վերլուծությունից դեպի ազդեցիկ հաղորդակցություն
Նույնիսկ ամենախորը վերլուծությունը կարող է չհասնել իր նպատակին, եթե այն ներկայացվում է միայն չոր աղյուսակների և թվերի տեսքով։
ՄՌ տվյալների միջոցով պատմություն պատմելու կարողությունը՝ HR Data Storytelling-ը արվեստ է, որը միավորում է.
- Տվյալները (Ի՞նչ է տեղի ունենում)
- Բացահայտումը/համատեքստը (Ինչու՞ է դա տեղի ունենում)
- Պատմությունը (Ի՞նչ ազդեցություն ունի բիզնեսի վրա)
- Գործողությունը (Ի՞նչ որոշում է պետք կայացնել)
Տարբերությունը պատկերավոր
Պարզ հաշվետվություն. «Վաճառքի բաժնում վերջին վեց ամիսների ընթացքում հոսունության ցուցանիշը կազմել է 20%»։
Data Storytelling. «Վաճառքի բաժնի վերջին վեց ամիսների ընթացքում հոսունության ցուցանիշը կազմել է 20%՝ աճելով 10%-ով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Վերլուծությունը ցույց է տալիս, որ հիմնական պատճառը մեկ տարի առաջ ներդրված նոր ամսական բոնուսային համակարգն է, որտեղ սահմանված թիրախները հաճախ չեն համապատասխանում իրական շուկայական հնարավորություններին, բացի այդ բոնուսային համակարգը ճկուն չէ և մշակված է բազմաթիվ թերություններով։ Եթե համակարգը չվերանայվի, բարձր է հավանականությունը, որ հաջորդ եռամսյակում կբախվենք վաճառքի ծավալների և եկամուտների X %-ով նվազման»։
HR Data Storytelling-ը նշանակում է.
- տվյալները ներկայացնել պարզ և հասկանալի ձևով,
- ցույց տալ պատճառահետևանքային կապերը,
- կապել ՄՌ ցուցանիշները բիզնեսի արդյունքների հետ,
- ղեկավարներին ներկայացնել ոչ միայն տվյալները, այլ նաև դրանցից բխող հետևությունները և առաջարկվող քայլերը։
Այս մոտեցումը ղեկավարներին օգնում է ոչ թե պարզապես տեղեկացված լինել, այլ գործել։
Տվյալները արժեքավոր են միայն այն դեպքում, երբ դրանք հանգեցնում են նշանակալի և չափելի փոփոխությունների։
Ինչո՞ւ է սա կարևոր կազմակերպությունների համար
ՄՌ տվյալների վերլուծությունը նպաստում է կազմակերպություններում տվյալահեն որոշումների կայացման մշակույթի ձևավորմանը և հնարավորություն է տալիս՝
- Բացահայտել օրինաչափություններն ու հիմնական պատճառները, ոչ թե միայն ախտանիշները
- Կանխատեսել ռիսկերը (աշխատակիցների հոսունություն, հնարավոր «այրումը» (burnout), կատարողականի անկում և այլն)
- Գնահատել ներդրումների արդյունավետությունը. Հասկանալ ՄՌ նախաձեռնությունների իրական ազդեցությունը (ROI)
- Ճիշտ սահմանել առաջնահերթությունները՝ ելնելով բիզնեսի կարիքներից
- Ապահովել արդարություն. Պարգևատրումների և առաջխաղացման որոշումները դարձնել թափանցիկ և փաստարկված։
Ամփոփում. ՄՌ-ի նոր ռազմավարական դերը
Ժամանակակից աշխարհում ՄՌ մասնագետի արժեքը որոշվում է ոչ թե հավաքագրված տվյալների քանակով, այլ դրանց հիման վրա կայացված որոշումներով և իրականացված փոփոխություններով։ Երբ դուք կարողանում եք թվերով ապացուցել, թե ինչպես է ներգրավվածությունը կամ լավ առաջնորդությունը խթանում բիզնեսի աճը, ՄՌ-ն դառնում է կազմակերպության հաջողության հիմնական շարժիչ ուժը։
Տվյալները խոսում են միայն այն ժամանակ, երբ դուք գիտեք նրանց լեզուն։

