Ինչպե՞ս է արհեստական բանականությունը փոխում աշխատանքի հարթակների աշխատանքը, և ո՞ր լուծումներն են արդեն իրական արդյունք տալիս։ Այս հարցերի շուրջ հոկտեմբերի 8-ին Լոնդոնում կայացած Job Boards Connect Annual Conference 2026 միջազգային կոնֆերանսին իր փորձով կիսվել է staff.am-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Լուիզա Ավետիսյանը։

staff.am-ի և Job Boards Connect-ի համագործակցությունը սկսվել է 2026 թվականի սկզբին, երբ հայկական հարթակն ընդգրկվել է կազմակերպության ամենամյա DJAx մրցանակի ցուցակում։ Իսկ այս աշնանը Լուիզա Ավետիսյանը հրավիրվել է Լոնդոն՝ որպես խոսնակ ներկայացնելու staff.am-ի փորձը՝ AI-ի կիրառման և պրոդուկտների զարգացման ուղղությամբ։

Կոնֆերանսին մասնակցել են աշխատանքի հարթակների հիմնադիրներ ու ղեկավարներ Մեծ Բրիտանիայից, Իռլանդիայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Ավստրալիայից, Բելգիայից, Գերմանիայից, Ավստրիայից և այլ երկրներից։ Նման մասնագիտական հանդիպումները հնարավորություն են տալիս ներկայացնելու սեփական փորձը, ծանոթանալու ոլորտի այլ ներկայացուցիչների մոտեցումներին և քննարկելու աշխատանքի հարթակների զարգացման հեռանկարները։

Լուիզա Ավետիսյանի ներկայացրած փորձի հիմքում հստակ մոտեցում է՝ արհեստական բանականությունը դիտարկել որպես գործնական խնդիրներ լուծելու և պրոդուկտների արժեքը բարձրացնելու գործիք։

staff.am համահիմնադիր Լուիզա Ավետիսյան

Արհեստական բանականության իրական արժեքը ոչ թե նոր տեխնոլոգիա կիրառելու, այլ դրա միջոցով կոնկրետ խնդիրներ լուծելու և մարդկանց համար ավելի լավ փորձ ստեղծելու մեջ է։ Մեզ համար կարևոր է զարգացնել պրոդուկտներ, որոնք ոչ միայն պատասխանում են այսօրվա կարիքներին, այլև օգնում են ձևավորել աշխատանքի և հավաքագրման ավելի արդյունավետ ապագա:

Այս մոտեցումն արտացոլում է staff.am-ում AI-ի կիրառման հիմնական ուղղությունը՝ տեխնոլոգիական հնարավորությունները կապել օգտատերերի և բիզնեսների իրական կարիքների հետ։ Միջազգային հարթակում այս փորձի ներկայացումը նաև հնարավորություն է ցույց տալու, թե ինչպես են Հայաստանում ստեղծվող պրոդուկտները զարգանում և մասնակցում աշխատանքի շուկայի ապագայի շուրջ քննարկումներին։

Հայկական տեխնոլոգիական փորձը՝ միջազգային լսարանի առաջ

AI: What’s Delivering Results Today? քննարկման ընթացքում Լուիզա Ավետիսյանն ու Dice հարթակի նախագահ Փոլ Ֆարնսվորթը ներկայացրել են, թե ինչպես են կիրառում արհեստական բանականությունը՝ բարելավելու օգտատերերի փորձը, արագացնելու աշխատանքային գործընթացներն ու բարձրացնելու բիզնեսի արդյունավետությունը։

staff.am-ը զարգանում է որպես էկոհամակարգ, որը միավորում է հավաքագրումը, հմտությունների զարգացումը, աշխատաշուկայի տվյալներն ու մեդիան։ Այս բազմազան ուղղությունները նոր հնարավորություններ են ստեղծում արհեստական բանականության կիրառման համար՝ թե՛ օգտատերերի փորձը բարելավելու, թե՛ ներքին գործընթացներն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով։

03-panel
05-hosts
04-audience

Կոնֆերանսի ընթացքում Լուիզա Ավետիսյանը ներկայացրել է staff.am-ում արհեստական բանականության կիրառման մի քանի գործնական օրինակ՝ ցույց տալով, թե ինչպես է այն օգնում բարելավել օգտատերերի փորձը, արագացնել ներքին գործընթացներն ու ավելի արդյունավետ կազմակերպել թիմերի աշխատանքը։

Աշխատանքի որոնում։ Լուիզա Ավետիսյանն անդրադարձել է staff.am-ի AI-ով աշխատող որոնման գործիքին, որը հնարավորություն է տալիս աշխատանք փնտրել խոսակցական ձևաչափով։ Նրա ներկայացրած տվյալների համաձայն՝ օգտատերերի շուրջ 85%-ը շարունակում է օգտվել AI որոնման տարբերակից՝ առանց ստանդարտ որոնման անցնելու։ Սա դրական ազդակ է որոնման նոր ձևաչափի ընդունման տեսանկյունից։

Բովանդակության ստեղծում։ staff.am-ի մեդիա ուղղության աշխատանքում AI գործիքներն օգնում են պատրաստել հոդվածների նախնական տարբերակներ, ձևավորել վերնագրերն ու կառուցվածքը, ինչպես նաև բացահայտել հրապարակման համար համապատասխան թեմաներ։ Այս մոտեցումը կրճատում է ձեռքով կատարվող աշխատանքի ծավալը՝ միաժամանակ պահպանելով խմբագրական վերահսկողությունը․ վերջնական բովանդակությունը վերանայվում է թիմի կողմից։

Ծրագրային ապահովման մշակում։ Լուիզա Ավետիսյանը ներկայացրել է նաև AI-ի կիրառումը տեխնիկական առաջադրանքների մշակման գործընթացում։ Նրա խոսքով՝ այս մոտեցման շնորհիվ առաջադրանքների կատարման ժամանակը կրճատվել է 58%-ով՝ պահպանելով կոդի վերանայման և անհրաժեշտության դեպքում պատասխանատու մասնագետին դիմելու գործընթացները։

Հաճախորդների հետ աշխատանք։ AI գործիքներն օգնում են բացահայտել լրացուցիչ համագործակցության հնարավորություններ։ Օրինակ՝ եթե գործատուն պարբերաբար նոր հայտարարություններ է հրապարակում նույն հաստիքի համար, դա կարող է առիթ դառնալ՝ քննարկելու աշխատավարձի մրցունակությունը կամ գործատուի բրենդի զարգացման հնարավորությունները։ Այսպիսով՝ տվյալները հիմք են դառնում հաճախորդների հետ ավելի նպատակային քննարկումների համար՝ օգնելով նկատել հնարավոր խնդիրներն ու դիտարկել դրանց լուծման տարբերակները։


Ներկայացված օրինակները ցույց են տալիս, որ AI-ի արժեքը միայն կրկնվող առաջադրանքների ավտոմատացումը չէ։ Այն կարող է օգնել ավելի արագ նկատել կարևոր տվյալները, ազատել ժամանակը ձեռքով կատարվող աշխատանքից և ավելի մեծ ուշադրություն հատկացնել վերլուծություն ու որոշումներ պահանջող խնդիրներին։

staff.am-ի մասնակցությունը Job Boards Connect 2026-ին ևս մեկ հնարավորություն էր հայկական տեխնոլոգիական փորձը միջազգային մասնագիտական համայնքին ներկայացնելու, ոլորտի այլ ներկայացուցիչների հետ փորձի փոխանակման և աշխատանքի հարթակների զարգացման ապագան քննարկելու համար։

Արհեստական բանականությունը շարունակում է նոր հնարավորություններ ստեղծել աշխատանքի հարթակների զարգացման համար։ Սակայն իրական արդյունքը կախված է ոչ միայն տեխնոլոգիայի հնարավորություններից, այլև այն բանից, թե որքան արդյունավետ է այն լուծում մարդկանց ու բիզնեսների խնդիրները։ AI-ի կիրառման հաջողությունը որոշվում է ոչ թե պարզապես նոր գործիքներ ներդնելով, այլ դրանց միջոցով օգտատերերի փորձը բարելավելով, գործընթացներն ավելի արդյունավետ դարձնելով և երկարաժամկետ արժեք ստեղծելով։

staff.am-ը շարունակելու է ներդնել AI-ի նոր գործիքներ՝ բարելավելու օգտատերերի փորձառությունը, պարզեցնելու հավաքագրման գործընթացները և ստեղծելու ավելի արդյունավետ լուծումներ թե՛ աշխատանք փնտրողների, թե՛ գործատուների համար։