Քևին Սփեյսի | Աշխարհահռչակ դերասանը Հայաստանում

Քևին Սփեյսի | Աշխարհահռչակ դերասանը Հայաստանում

Sstaffmedia.am
17 հուլիսի 2024
2 րոպե ընթերցում
388
Կիսվել հոդվածով

Բազմամբոխ դահլիճ․․․ Խլացուցիչ ծափողջույններ․․․ Հուզված և առկայծող աչքեր․․․

Բեմում է աշխարհահռչակ դերասան Քևին Սփեյսին։ 

Երևանի «Ոսկե ծիրան» 21-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում պատվավոր հյուրի կարգավիճակով Հայաստան էր ժամանել թատրոնի և կինոյի վաստակավոր դերասան, կրկնակի օսկարակիր Քևին Սփեյսին։ Հուլիսի 9-ին Կինոյի տունը իր դռներն էր բացել բոլոր արվեստասերների առջև․ հենց այստեղ էր տեղի ունեցել մեծագույն արտիստի հետ հանդիպումը, որի ականատեսն էինք նաև մենք։ Դե ինչ, անդրադառնանք հանդիպման հիշարժան դրվագներին։ Գնացի՜նք․․․

Դահլիճի լուսավորությունը սկսեց աստիճանաբար խամրել, շշուկները խլացան և մեծ էկրանին հայտնվեցին կադրեր Քևինի տարատեսակ ֆիլմերից։ Փոքրիկ տեսանյութը ջերմ արձագանքի արժանացավ ոչ միայն հանդիսատեսի, այլև Քևինի կողմից։ Դերասանն ինքը նշեց, որ հաճելի է, երբ մարդիկ իրեն հիշում են իր կերտած կերպարների անուններով․ նշանակում է` առաքելությունը կատարված է, դիտողներին թվում է, թե կերպարները իրական մարդիկ են։

Սփեյսին անդրադարձավ նաև դերասանի առաքելությանը։ Դերասանի աշխատանքը գրված սցենարին ծառայելն է․ «Երբ ես կարդում եմ սցենարը առաջին անգամ, ես շոկի եմ ենթարկվում, ինչպիսի՜ գեղեցիկ պատմություն․ հենց այս թարմ զգացողությունն է, որ դերասանը պետք է փոխանցի հանդիսատեսին»։ Քևինը պատկերավոր համեմատություն է անում՝ ասելով, որ դերասանը ներկապնակ է, որի օգնությամբ գունավորվում է ռեժիսորի նկարը։

Քննարկվեց նաև «դերասանական լավ խաղ» ասվածը․ «Ինձ համար դերասանական լավ խաղը այն է, երբ ընդամենը 10 րոպե է, ինչ դիտում եմ ֆիլմը կամ ներկայացումը և արդեն ամբողջությամբ հայտնվում եմ իրենց աշխարհում, հավատում եմ կերպարներին․ ահա դերասանական լավ խաղը»։

Ամփոփելով՝ նշենք, որ հանդիպումը իսկապես ստացված էր։ Քևինը խոսում էր բոլորին հասկանալի լեզվով՝ էմոցիաներով։ Հնչեցին բազում հետաքրքիր մտքեր էկրանից այն կողմ գտնվող աշխարհի, թատրոնի և դերասանական խաղի մասին՝ Քևինի անմիջական հումորների և դերասանական փոքրիկ խաղերի ուղեկցությամբ։ Իսկ մենք հավելենք, որ Քևինի նման մարդիկ գալիս են ապացուցելու, որ հաջողության համար կարևոր է ոչ թե մասնագիտությունը, այլ մասնագիտության համապատասխանությունը։ Ընտրեք ձեզ հոգեհարազատ և սիրելի մասնագիտություն, որ անհամբերությամբ սպասեք ոչ թե հանգստյան, այլ աշխատանքային օրերին։ Վերջում, խորհուրդ ենք տալիս դիտել մեր կողմից պատրաստված «Մասնագիտության ընտրություն և վերապրոֆիլավորում» տեսահոլովակը, որը վստահաբար կօգնի ձեզ մասնագիտության ընտրության հարցում։

Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: