Ինչպես է փոխվում համաշխարհային տնտեսությունը․ DDF26-ի առանցքային թեմաները

Ինչպես է փոխվում համաշխարհային տնտեսությունը․ DDF26-ի առանցքային թեմաները

Sstaffmedia.am
31 մարտի 2026
3 րոպե ընթերցում
189
Կիսվել հոդվածով

Ի՞նչ է սպասվում տեխնոլոգիական և ֆինանսական աշխարհին 2026-ին։ StaffMedia-ն ներկայացնում է Doing Digital Forum (DDF26)-ի այս տարվա գլխավոր շեշտադրումները՝ մարդու և արհեստական բանականության համագործակցությունից մինչև գլոբալ հարթակների միավորում։

Թվային տեխնոլոգիաները վերջին տարիներին փոխում են ոչ միայն բիզնեսի, այլև տնտեսությունների միջև կապերի ձևը։ Եթե նախկինում այդ կապերը կառուցվում էին հիմնականում երկրների, բանկերի և ավանդական առևտրային հարաբերությունների միջոցով, ապա այսօր այդ կապերը արագորեն ձևավորվում են թվային պլատֆորմների, տվյալների և նոր ֆինանսական ենթակառուցվածքների շուրջ։

Այս փոփոխությունները տեղի են ունենում արագ ընթացող գլոբալ մրցակցության, տնտեսական մասնատվածության և տեխնոլոգիական առաջընթացի պայմաններում։ Արդյունքում, այն երկրները, որոնք կարողանում են արագ ինտեգրվել այս նոր հարթակներին, ստանում են էական մրցակցային առավելություն։

Այս համատեքստում ապրիլի 8-ին Երևանում կայանալիք Doing Digital Forum 2026-ը (DDF26) միավորում է միջազգային փորձագետների, ֆինանսական հաստատությունների, տեխնոլոգիական ընկերությունների և պետական կառույցների ներկայացուցիչներին՝ քննարկելու այս փոփոխությունների գործնական նշանակությունը։

Ֆորումն այս տարի անցկացվում է «Միավորելով պլատֆորմներն ու տնտեսությունները» խորագրի ներքո՝ կենտրոնանալով այն հարցի վրա, թե ինչպես են թվային հարթակները վերաձևավորում տնտեսությունների փոխկապակցվածությունը։

Հայաստանը որպես կապող օղակ Եվրոպայի և Ասիայի միջև

Հայաստանը հաճախ դիտվում է որպես աշխարհագրական կամուրջ, սակայն այսօր այս դերը ավելի շատ վերաբերում է թվային և ֆինանսական կապերին։ Ավելի ու ավելի հաճախ հանդիպում ենք մոդելի, երբ մարդը ապրում է մի երկրում, աշխատում՝ մեկ այլ տարածաշրջանի ընկերության համար, իսկ իր եկամուտները տեղափոխում երրորդ երկիր։ Սակայն այս գործընթացները դեռևս հաճախ կախված են դանդաղ և ծախսատար միջնորդային համակարգերից։

Այս պայմաններում Հայաստանը, ունենալով զարգացող ՏՏ ոլորտ, ճկուն կարգավորումներ և ռազմավարական դիրք, կարող է հանդես գալ որպես պլատֆորմ, որտեղ տարբեր ֆինանսական և տեխնոլոգիական համակարգեր կարող են արդյունավետորեն փոխկապակցվել։ Սա ստեղծում է հնարավորություն, որ Հայաստանը դառնա ոչ միայն օգտվող, այլ նաև կապող պլատֆորմ, որտեղ միանում են տարբեր տարածաշրջանների ֆինանսական և տեխնոլոգիական հոսքերը։

Մարդիկ և արհեստական բանականության «ագենտները»

Արհեստական բանականության կիրառությունը անցնում է նոր փուլ։ Եթե նախկինում այն հիմնականում օգտագործվում էր որպես գործիք՝ տվյալների վերլուծության կամ օպերացիոն գործընթացների ավտոմատացման համար, ապա այսօր այն աստիճանաբար ստանձնում է ավելի ակտիվ դեր։

Օրինակ՝ ԱԲ համակարգերը կարող են գնահատել վարկային ռիսկերը, կառավարել բիզնես գործընթացներ կամ օպտիմալացնել որոշումների կայացումը։ Սա նշանակում է, որ տնտեսության մեջ հայտնվում են «ագենտներ», որոնք կարող են գործել ինքնուրույն։

Այս իրավիճակում առանցքային հարց է դառնում՝ ինչպես կառուցել համակարգեր, որտեղ մարդը և ԱԲ-ն համագործակցում են՝ ապահովելով վերահսկելի և վստահելի միջավայր։

Ֆինանսական համակարգերի վերափոխում

Միջազգային փոխանցումները շարունակում են մնալ համեմատաբար դանդաղ և ծախսատար, հատկապես զարգացող շուկաների համար։ Միևնույն ժամանակ, նոր տեխնոլոգիաները՝ ներառյալ բլոկչեյնը և ստեյբլքոյինները (թվային արժույթներ), հնարավորություն են տալիս իրականացնել գրեթե ակնթարթային հաշվարկներ և նվազեցնել գործարքների արժեքը։

Սա նշանակում է, որ մարդիկ կարող են փոխանցումներ կատարել ավելի արագ և ավելի ցածր ծախսերով, իսկ բիզնեսները՝ աշխատել միջազգային շուկաներում ավելի արդյունավետ։

Այս փոփոխությունը աստիճանաբար բերում է մի իրականության, որտեղ փողը շարժվում է նույն արագությամբ, ինչ տվյալները։

Կարգավորում և նորարարություն

Տեխնոլոգիական զարգացումները հաճախ առաջ են անցնում կարգավորող միջավայրից։ Սա ստեղծում է երկակի խնդիր՝ մի կողմից անհրաժեշտ է ապահովել համակարգերի անվտանգությունն ու վստահելիությունը, մյուս կողմից՝ չխոչընդոտել նորարարությունը։ Տարբեր երկրներ ընտրում են տարբեր մոտեցումներ՝ փորձելով գտնել հավասարակշռություն այս երկու նպատակների միջև։

Այս համատեքստում կարևոր է այնպիսի մոտեցումը, որտեղ կարգավորումը և նորարարությունը զարգանում են զուգահեռ՝ ապահովելով ինչպես կայունություն, այնպես էլ աճի հնարավորություն։

Քննարկումներից դեպի համագործակցություն

Doing Digital Forum-ը ձևավորվել է որպես պլատֆորմ, որտեղ քննարկումները հաճախ վերածվում են գործնական համագործակցության։

Նախորդ տարիներին ֆորումը միավորել է հազարավոր մասնակիցների և միջազգային փորձագետների՝ նպաստելով նոր կապերի ձևավորմանը և գաղափարների իրականացմանը։

Արդեն չորրորդ տարին անընդմեջ անցկացվող Doing Digital Forum-ն ամեն տարի իր օրակարգում ընդգրկում է տվյալ ժամանակահատվածի ամենակարևոր տեխնոլոգիական զարգացումները, նորարարություններն ու տնտեսական միտումները՝ ներկայացնելով դրանք իր լսարանին և ձևավորելով ապագային միտված քննարկումների միջավայր։ 2023 թվականին իր մեկնարկից ի վեր DDF-ը համախմբել է ավելի քան 60 նշանավոր խոսնակի և 3000-ից ավելի մասնակցի Հայաստանից, Միացյալ Թագավորությունից, Միացյալ Նահանգներից, ԱՄԷ-ից, Գերմանիայից, Ավստրալիայից և ԱՊՀ երկրներից։

Ֆորումի կազմակերպիչը SPRING PR ընկերությունն է։ DDF26-ի Ինովացիոն գործընկերը Visa-ն է, Թվային նույնականացման գործընկերը՝ imID-ն, Բլոքչեյն գործընկերը aeda-ն է, Արդյունաբերական փոխակերպման գործընկերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, ներդրումային գործընկերը՝ Freedom Broker Armenia-ն։

Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: