Սեպտեմբերի 12-ին Երևանում կանցկացվի MentorPlay | Visual Storytelling Edition-ը՝ Career Factory by staff.am-ի հեղինակային ֆորմատը, որն այս անգամ նվիրված է վիզուալ հաղորդակցության, դիզայնի և ստեղծարար ոլորտի մասնագետներին։ Միջոցառումն իրականացվում է AxelMondrian & Partners-ի հետ համատեղ և նպատակ ունի ստեղծել հարթակ, որտեղ ոլորտի փորձառու մասնագետներն ու զարգանալու ձգտող ստեղծարարները կհանդիպեն մեկ վայրում՝ փորձի փոխանակման, մասնագիտական աճի և նոր համագործակցությունների ձևավորման համար։


Այսօր վիզուալ հաղորդակցությունը վաղուց դադարել է լինել միայն գեղագիտական լուծումների մասին։ Բրենդների, մեդիայի և թվային հարթակների համար այն դարձել է ռազմավարական գործիք, որը ձևավորում է մարդկանց ընկալումները, փոխանցում գաղափարներ և ստեղծում էմոցիոնալ կապ։ Միևնույն ժամանակ ոլորտի մասնագետներն ամեն օր բախվում են նոր մարտահրավերների՝ տեղեկատվական գերհագեցված միջավայրում ուշադրություն գրավելու, բարդ գաղափարները պարզ և ազդեցիկ պատմությունների վերածելու, ստեղծարարությունն ու բիզնես նպատակները համադրելու, ինչպես նաև արհեստական բանականության արագ զարգացող գործիքներին հարմարվելու հարցերում։

Հենց այս մարտահրավերներին պատասխանելու նպատակով է ստեղծվել MentorPlay | Visual Storytelling Edition-ը։ Միջոցառման առանցքում անհատական մենթորությունն է․ մասնակիցները հնարավորություն կունենան 1:1 ձևաչափով հանդիպելու ոլորտի առաջատար մասնագետների հետ, քննարկելու իրենց նախագծերը, ստանալու անհատական խորհրդատվություն և գործնական լուծումներ այն հարցերի վերաբերյալ, որոնց բախվում են իրենց ամենօրյա աշխատանքում։

MentorPlay-ը հիմնված է speed mentoring ձևաչափի վրա, որը մշակվել է Career Factory by staff.am-ի կողմից։ Այն հնարավորություն է տալիս կարճ ժամանակում ստանալ փորձի վրա հիմնված խորհուրդներ և ուղղորդում այն մարդկանցից, ովքեր տարիների ընթացքում ձևավորել են հաջողված բրենդներ, մշակել են վիզուալ ռազմավարություններ և ղեկավարել ստեղծարար նախագծեր տարբեր բիզնես ոլորտներում։

Միջոցառման ծրագիրը ներառում է պանելային քննարկում «The Future Creative Team» թեմայով, որի ընթացքում կքննարկվեն ստեղծարար թիմերի զարգացման, համագործակցության և ապագայի վերաբերյալ արդիական հարցեր։ Օրվա ընթացքում նախատեսված է նաև նեթվորքինգ, որը մասնակիցներին հնարավորություն կտա ծանոթանալ ոլորտի ներկայացուցիչների հետ, քննարկել համատեղ նախագծեր և ընդլայնել մասնագիտական կապերի շրջանակը։

Ծրագրի կարևորագույն հատվածը 1:1 մենթորական հանդիպումներն են։ Յուրաքանչյուր մասնակից հնարավորություն կունենա մասնակցելու առնվազն երկու 15-րոպեանոց անհատական մենթորինգի ոլորտի փորձագետների հետ։ Այս ձևաչափը թույլ է տալիս ոչ միայն ստանալ ընդհանուր խորհուրդներ, այլ քննարկել սեփական նախագծերը, գտնել կոնկրետ լուծումներ և ստանալ արտաքին մասնագիտական գնահատական։

MentorPlay | Visual Storytelling Edition-ը նախատեսված է գրաֆիկ դիզայներների, արտ տնօրենների, բրենդ և վիզուալ հաղորդակցության մասնագետների, իլյուստրատորների, մարքեթինգի և բովանդակության ստեղծման ոլորտի ներկայացուցիչների, ինչպես նաև բոլոր նրանց համար, ովքեր աշխատում են բրենդների և նախագծերի վիզուալ ներկայացման ուղղությամբ կամ ցանկանում են զարգացնել այդ հմտությունները։

Մասնակցությունն անվճար է, սակայն տեղերը սահմանափակ են։ Ընտրությունը կատարվելու է գրանցման հայտերի և մասնակցության մոտիվացիայի հիման վրա։ Դիմորդները պետք է ներկայացնեն, թե ինչ մասնագիտական խնդիր են ցանկանում լուծել MentorPlay-ի ընթացքում և ինչ արդյունք են ակնկալում մենթորական հանդիպումներից։

MentorPlay | Visual Storytelling Edition

  • Ամսաթիվ՝ 12 սեպտեմբերի, 2026 թ.

  • Ժամ՝ 11:00–15:00

  • Վայր՝ Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոն (Աբովյան 13)

  • Մասնակցությունը՝ անվճար

  • Գրանցումների վերջնաժամկետը՝ 10 սեպտեմբերի

MentorPlay-ը շարունակում է զարգացնել Հայաստանում մենթորության մշակույթը՝ ստեղծելով միջավայր, որտեղ փորձը դառնում է հասանելի, մասնագիտական երկխոսությունը՝ բնական, իսկ նոր համագործակցությունները՝ իրական հնարավորություն։ Visual Storytelling Edition-ը հերթական քայլն է այդ ճանապարհին՝ միավորելով ստեղծարար համայնքի ներկայացուցիչներին մեկ գաղափարի շուրջ՝ սովորել միմյանցից՝ խթանելով փորձի փոխանակումը, մասնագիտական աճը և նոր համագործակցությունների ձևավորումը։