6-րդ տարին լավագույն գործատու. «Ֆիլիպ Մորրիս Արմենիայի» հաջողության բանաձևը
«Ֆիլիպ Մորրիս Արմենիան» 6-րդ անգամ ճանաչվել է լավագույն գործատու ։ Բացահայտեք ընկերության հաջողության բանաձևն ու աշխատանքային մշակույթի նոր չափանիշները։
Կիսվել հոդվածով
StaffMedia-ն շարունակում է ներկայացնել Հայաստանի աշխատաշուկայի ամենաոգեշնչող հաջողության պատմությունները և այն ընկերությունները, որոնք սահմանում են կորպորատիվ մշակույթի նոր չափանիշներ։ Այսօր անդրադառնում ենք «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» (ՖՄԱ) ընկերությանը, որն արդեն 6-րդ տարին է ինչ ստանում է «Top Employer» հեղինակավոր հավաստագիրը՝ վերահաստատելով իր դիրքը որպես ոլորտի առաջատար գործատու։ Մենք զրուցել ենք ՖՄԱ-ի Հաղորդակցությունների գծով ղեկավար Գարիզետա Չախոյանի հետ՝ պարզելու, թե ինչ է թաքնված այս հետևողական հաջողության հետևում, և ինչպես է ընկերությանը հաջողվում տարեցտարի ոչ միայն պահպանել, այլև բարձրացնել գերազանցության նշաձողը։
«Ֆիլիպ Մորրիս Արմենիան» աշխարհի տեխնոլոգիական և արտադրական հսկաներից մեկի՝ Philip Morris International-ի (PMI) մասն է, որն այսօր գտնվում է իր պատմության ամենակարևոր փուլում։ Հայաստանում ընկերությունը ոչ միայն ներկայացնում է գլոբալ բրենդը, այլև հանդիսանում է նորարարությունների, բարձր տեխնոլոգիաների և գիտական հետազոտությունների կարևորագույն հարթակ։ ՖՄԱ-ի գործունեության առանցքում ընկերության գլոբալ տրանսֆորմացիան է՝ անցումը դեպի առանց ծխի ապագա։ Սա բարդ և հավակնոտ նպատակ է, որը հիմնված է գիտական լուրջ հիմնավորումների վրա։ Նման մասշտաբի փոփոխություն իրականացնելու համար անհրաժեշտ է բացառիկ տաղանդների առկայություն և միջավայր, որտեղ նրանք կարող են լիարժեք ինքնադրսևորվել։ Հենց այս պատճառով մարդկային ներուժի զարգացումը և աշխատանքային միջավայրի կատարելագործումը դարձել են ընկերության ռազմավարության անկյունաքարերը։
Վեց տարի լավագույնը ճանաչվելը ՖՄԱ-ի համար ոչ թե վերջնակետ է, այլ մեծ պատասխանատվություն։ Ըստ Գարիզետա Չախոյանի՝ հաջողության գլխավոր գործոնը մարդկանց և մշակույթի նկատմամբ հետևողական մոտեցումն է.
ՖՄԱ-ում մենք երբեք չենք դիտարկել արժեքները որպես ֆիքսված սկզբունքներ․ դրանք զարգանում են ժամանակի հետ՝ արձագանքելով ինչպես բիզնեսի, այնպես էլ մարդկանց կարիքներին։ Մեր PMI DNA մշակութային շրջանակը օգնում է ապահովել, որ առաջնորդությունը, թիմերը և յուրաքանչյուր աշխատակից ունենան ընդհանուր արժեքային հիմք և պատասխանատվություն այդ մշակույթը կենդանի պահելու համար:
Այս ամուր մշակութային հիմքն է թույլ տալիս յուրաքանչյուր աշխատակցի զգալ անվտանգ, լսված և ներգրավված՝ ունենալով պատկանելության ուժեղ զգացում։ Հատկանշական է, որ Philip Morris International-ն արդեն 10 տարի անընդմեջ ճանաչվում է լավագույն գործատու համաշխարհային մակարդակով՝ լինելով աշխարհի այն եզակի 17 միջազգային կազմակերպություններից մեկը, որոնք արժանացել են «Գլոբալ լավագույն գործատու» հավաստագրին։
«Top Employer» կարգավիճակը ՖՄԱ-ի յուրաքանչյուր աշխատակցի համար ամենօրյա փորձառություն է, որը երաշխավորում է արդար ու մրցունակ պայմաններ և կարիերայի հստակ ուղիներ։ Գարիզետա Չախոյանն ընդգծում է․
Մեր աշխատակիցների համար դա միանշանակ պարզապես լոգո չէ, այլ ամենօրյա փորձառություն։ Այն նշանակում է արդար և մրցունակ աշխատանքային պայմաններ, շարունակական ուսուցում, ինչպես նաև բարեկեցության և բալանսի նկատմամբ լուրջ մոտեցում։ Այս հավաստագրումը հաստատում է, որ այն միջավայրը, որտեղ մարդիկ աշխատում են ամեն օր, համապատասխանում է միջազգային բարձր չափանիշներին և մշտապես զարգանում է։
ՖՄԱ-ն հիանալի կերպով համատեղում է միջազգային ստանդարտները յուրաքանչյուր աշխատակցի անհատական հավակնությունների հետ։ Լինելով PMI-ի մաս՝ ընկերությունն առաջարկում է գլոբալ հարթակներ ուսուցման և կարիերայի պլանավորման համար։ Տեղի մասնագետները հնարավորություն ունեն ներգրավվելու միջազգային նախագծերում ու փորձի փոխանակման ծրագրերում, ինչն էլ հանդիսանում է լավագույնը լինելու առանցքային գործոններից մեկը։ Այս ամուր հիմքն օգնեց ընկերությանը նաև վերջին տարիների մարտահրավերների ժամանակ. հեռավար աշխատանքն ու տնտեսական վայրիվերումները դարձան վստահության վրա հիմնված մշակույթն ավելի ամրապնդելու հնարավորություն։
Ամփոփելով հաջողության ուղին և կիսվելով լավագույն փորձով՝ Գարիզետա Չախոյանը կարևոր խորհուրդ է տալիս հայաստանյան այն ընկերություններին, որոնք ձգտում են ստեղծել միջազգային մակարդակի աշխատանքային միջավայր.
Ամենակարևոր առաջին քայլը մարդկանց նկատմամբ վերաբերմունքը ռազմավարական մակարդակ տեղափոխելն է։ Երբ մշակույթը դառնում է բիզնեսի հիմք, միջազգային չափանիշները դառնում են ոչ թե նպատակ, այլ բնական արդյունք։
«Ֆիլիպ Մորրիս Արմենիայի» օրինակը լավագույն ապացույցն է այն բանի, որ երբ մարդը և նրա զարգացումը դրվում են ընկերության ռազմավարության կենտրոնում, գերազանցությունը դառնում է ոչ թե ցանկություն, այլ անխուսափելի իրականություն։
StaffMedia-ն կարևորում է նմանօրինակ ձեռքբերումները, քանի որ դրանք ոչ միայն բարձրացնում են տեղական ընկերությունների մրցունակությունը, այլև նոր հեռանկարներ են բացում տեղի մասնագետների համար։ Մենք շարունակելու ենք հետևել ՖՄԱ-ի և մյուս առաջատար գործատուների նվաճումներին՝ հայաստանյան աշխատաշուկայի լավագույն փորձը ձեզ ներկայացնելու համար։ Իսկ ձեզ առաջարկում ենք հետևել ՖՄԱ-ի կարիերայի էջին staff.am-ում լավագույն գործատուի մասին նորությունները բաց չթողնելու համար։