Կորպորատիվ պատմասացություն․ ինչու՞ են պատմությունները հաճախ ավելի ազդեցիկ, քան փաստերը
Իմացեք, թե ինչպես է պատմասացությունը փոխում ուղեղի կենսաքիմիան և ձևավորում կորպորատիվ մշակույթ։ Բացահայտեք պատմությունների ուժը՝ փաստերից անդին։
Կորպորատիվ մշակույթի մեջ պատմություն պատմելը կամ պատմասացությունն ունեն մեծ ազդեցություն։ Եթե ղեկավարն առաջնորդվում է միայն հանձնարարություններ տալով և շփվում է բացառապես գործնական տիրույթում, որը հիմնված է չոր փաստերի վրա, ստեղծվում է «ռոբոտացված» կամ «անդեմ» մշակույթ։
Մինչ կանդրադառնանք պատմասացության դերին կորպորատիվ մշակույթի տիրույթում և նրա՝ աշխատակիցների ներգրավվածության ու արդյունավետության վրա ունեցած ազդեցությանը, եկեք միասին տեսնենք, թե ինչպես են պատմություններն առհասարակ փոխում մեր ուղեղի նեյրոկենսաբանական և քիմիական պատկերը։
Պատմության կենսաքիմիան
Հետազոտությունները ցույց են տալիս, որ պատմությունները կարող են ակտիվացնել ուղեղի տարբեր հատվածներ և ուժեղացնել լսողի ներգրավվածությունը։ Երբ նույն փաստը փաթեթավորվում է պատմության մեջ, տեղի է ունենում նեյրոնային զուգորդում (Neural Coupling): Պատմությունը ստիպում է ուղեղին «ապրել» այն ամենը, ինչ լսում է։ Այդ պահին ակտիվանում են ուղեղի մի շարք լեզվական, զգայական և էմոցիոնալ համակարգեր։
Շարժողական կեղև (Motor Cortex)
Եթե պատմության մեջ հերոսը վազում է կամ գործողություն անում, ձեր ուղեղի այն հատվածը, որը պատասխանատու է ֆիզիկական շարժման համար, նույնպես ակտիվանում է։
Զգայական հատվածներ (Sensory Cortex)
Եթե խոսվում է համի, հոտի կամ շոշափելիքի մասին, ակտիվանում են համապատասխան զգայարանները՝ ստեղծելով ներկայության էֆեկտ։
Էմոցիոնալ կենտրոն (Limbic System)
Էմոցիոնալ ներգրավված պատմությունները կարող են ակտիվացնել ուղեղի այն համակարգերը, որոնք կապված են ուշադրության, հիշողության, էմպաթիայի և սոցիալական կապի հետ։ Որոշ հետազոտություններ դրանք կապում են նաև դոֆամինի ակտիվության հետ։
Լեզվական համակարգեր (Language Processing Areas)
Պատմություն լսելիս ակտիվանում են ուղեղի այն հատվածները, որոնք պատասխանատու են խոսքի ընկալման և իմաստի մշակման համար։ Սա օգնում է ոչ միայն հասկանալ բառերը, այլ նաև կապել դրանք պատկերների, զգացմունքների և փորձառության հետ։
Հայելային նեյրոններ (Mirror Neurons)
Որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ պատմություն լսելիս կարող են ակտիվանալ սոցիալական ընկալման և էմպատիայի հետ կապված համակարգերը, այդ թվում՝ «հայելային նեյրոնների» համակարգը, որը կապված է ուրիշների գործողություններն ու փորձառությունները «ներքին կերպով արտացոլելու» կարողության հետ։ Այդ պատճառով մարդիկ հաճախ ոչ միայն հասկանում են պատմությունը, այլ նաև զգացմունքայնորեն ներգրավվում են դրա մեջ։
Փաստերը կարևոր են հասկանալու համար, իսկ պատմությունները հաճախ օգնում են մարդկանց էմոցիոնալ կերպով կապվել տեղեկատվության հետ։
Արդյունավետ առաջնորդները
Արդյունավետ առաջնորդները միայն թվերով չեն խոսում․ նրանք նաև օգտագործում են պատմություններ՝ մարդկանց ներգրավելու և իմաստ փոխանցելու համար։
Արդյունավետ առաջնորդը միայն չի ասում՝ «մենք պետք է ավելացնենք արդյունավետությունը 10%-ով», այլ պատմում է մի աշխատակցի պատմություն, ով իր նվիրվածությամբ ու ստեղծարարությամբ փոխեց ամբողջ նախագծի ընթացքը։
Արդյունավետ առաջնորդը փոփոխությունները չի ներկայացնում որպես «պարտադրանք», այլ որպես ընդհանուր ճանապարհորդություն։ Երբ ներդրվում է նոր համակարգ կամ փոխվում է աշխատանքային գործընթացը, արդյունավետ առաջնորդը ցույց է տալիս ոչ միայն փոփոխության մեխանիկան, այլ նաև դրա մարդկային կողմը՝ ինչ փորձառություն է փոխվելու, ինչ խնդիր է լուծվելու և ինչու է այս փոփոխությունը կարևոր ամբողջ թիմի համար։
Պատմասացությունը որպես կորպորատիվ մշակույթի հիմնասյուն
Պատմասացությունը կորպորատիվ միջավայրում լուծում է երեք կարևորագույն խնդիր․ Արմատավորում է արժեքները․ «Հաճախորդամետություն» կամ «մարդակենտրոնություն» բառերը թղթի վրա ոչինչ չեն նշանակում, քանի դեռ դրանք չեն վերածվել պատմությունների կոնկրետ գործընկերների մասին, ովքեր օգնել են միմյանց բարդ նախագծի ժամանակ։ Երբ աշխատակիցները լսում են իրական օրինակներ իրենց գործընկերների մասին, արժեքները դադարում են լինել աբստրակտ կորպորատիվ ձևակերպումներ և դառնում են կենդանի վարքագիծ։ Այդպես մարդիկ սկսում են ոչ թե պարզապես իմանալ արժեքները, այլ ապրել դրանցով։
Արմատավորում է արժեքները․ «Հաճախորդամետություն» կամ «մարդակենտրոնություն» բառերը թղթի վրա ոչինչ չեն նշանակում, քանի դեռ դրանք չեն վերածվել պատմությունների կոնկրետ գործընկերների մասին, ովքեր օգնել են միմյանց բարդ նախագծի ժամանակ։ Երբ աշխատակիցները լսում են իրական օրինակներ իրենց գործընկերների մասին, արժեքները դադարում են լինել աբստրակտ կորպորատիվ ձևակերպումներ և դառնում են կենդանի վարքագիծ։ Այդպես մարդիկ սկսում են ոչ թե պարզապես իմանալ արժեքները, այլ ապրել դրանցով։
Օգնում է մարդկանց տեսնել իմաստը իրենց աշխատանքի մեջ․ աշխատակիցները հաճախ ուզում են հասկանալ՝ իրենց աշխատանքն ինչ ազդեցություն ունի, ում է օգնում և ինչ ավելի մեծ նպատակի է ծառայում։ Պատմությունները հենց այդ կամուրջն են ստեղծում առօրյա աշխատանքի և մեծ առաքելության միջև։ Երբ աշխատակիցը լսում է, թե ինչպես է իր թիմի աշխատանքը փոխել հաճախորդի փորձը, օգնել գործընկերներին կամ իրական ազդեցություն ունեցել մարդկանց կյանքի վրա, նա սկսում է իր աշխատանքը ընկալել ոչ միայն որպես գործառույթ, այլ որպես արժեք ստեղծելու հնարավորություն։
Ստեղծում է էմոցիոնալ կապ․ Կորպորատիվ մշակույթի տարբեր նախագծերը յուրօրինակ հարթակներ են, որտեղ աշխատակիցները դառնում են մեկ մեծ, բարի պատմության հեղինակներ։
Համատեղ փորձառությունները, հաղթանակները, դժվարությունները և նույնիսկ փոքր, առօրյա պահերը ստեղծում են այն էմոցիոնալ կապը, որի վրա հետո կառուցվում են վստահությունն ու թիմային միասնականությունը։ Մարդիկ ավելի հեշտ են նույնականանում այն կազմակերպության հետ, որի պատմության մեջ իրենք նույնպես ունեն կարևոր դեր։
Կորպորատիվ մշակույթն այն պատմություններն են, որոնք մարդիկ պատմում են ընկերության մասին՝ հանդիպումների ժամանակ, սրճարանում, նորեկներին ծանոթացնելիս կամ աշխատանքից հետո։ Եթե կազմակերպությունը չի ստեղծում և չի կառավարում այդ պատմությունները, դրանք միևնույն է ստեղծվում են՝ պարզապես ինքնահոս կերպով։ Իսկ Կորպորատիվ մշակույթի և ներքին հաղորդակցության թիմն օգնում է կազմակերպությանը ձևավորել այդ պատմությունները գիտակցված և նպատակային։
Այսօր, երբ աշխատակիցների ներգրավվածությունը դարձել է կազմակերպությունների ամենամեծ մարտահրավերներից մեկը, պատմասացությունն այլևս պարզապես լավ հմտություն չէ։ Այն առաջնորդության, կորպորատիվ մշակույթի և ներքին հաղորդակցության ռազմավարական գործիք է։
Հոդվածի համահեղինակներն են Ամիօ բանկի Կորպորատիվ մշակույթի բաժնի ղեկավար Աննա Կոնջորյանը և Ամիօ բանկի Կորպորատիվ մշակույթի և ներքին հաղորդակցության մասնագետ Անի Ամիրաղյանը

