Ի՞նչ աշխատանքային գրաֆիկ են նախընտրում աշխատակիցները Հայաստանում

Ի՞նչ աշխատանքային գրաֆիկ են նախընտրում աշխատակիցները Հայաստանում

Sstaffmedia.am
25 սեպտեմբերի 2025
4 րոպե ընթերցում
736
Կիսվել հոդվածով

Իսկ դուք ինչպիսի աշխատանքային գրաֆիկ եք նախընտրում։ Այս հարցին staff.amLinkedin-յան էջում պատասխանել են 1000-ից ավելի աշխատակիցներ, հայաստանյան տարբեր կազմակերպություններից։
Այս հոդվածում կկիսվենք հարցման արդյունքներով և կխոսենք աշխատանքային տարբեր գրաֆիկներ առավելությունների և ռիսկերի մասին։

Այս հարցն այսօր դարձել է հայկական աշխատաշուկայի ամենաքննարկվող թեմաներից մեկը։ Գրաֆիկն այլևս միայն ժամացույցի նշագիծ չէ․ այն որոշում է աշխատակիցների արտադրողականությունը, աշխատանքի հանդեպ նվիրվածությունը, նույնիսկ՝ կյանքի որակը։ Իսկ Հայաստանում աշխատողների պատասխանները շատ ավելի բազմազան են, քան կմտածեինք․

  • 40%-ը նախընտրում է 4-օրյա աշխատանքային շաբաթ
  • 35%-ը ցանկանում է ունենալ ճկուն գրաֆիկ
  • 18%-ը կողմ է 6-ժամյա աշխատանքային օրվան
  • 7%-ը երազում է 2-3 ամիս տևողությամբ երկարատև արձակուրդների մասին

4-օրյա աշխատանքային շաբաթ. Հավասարակշռություն և արդյունավետություն


Ամենաշատ ձայները հավաքել է 4-օրյա աշխատանքային շաբաթի գաղափարը։ Սա համահունչ է գլոբալ միտումներին, քանի որ աշխարհի շատ երկրներում, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան, Նոր Զելանդիան և Իռլանդիան, այս մոդելը արդեն լայնորեն փորձարկվում է։ Մեծ Բրիտանիայում 2021թ․-ին անցկացված հարցման համաձայն՝ ընկերությունների 65%-ը աշխատակիցներին առաջարկում է չորսօրյա աշխատանքային շաբաթ (2019-ին այդ թիվը 50% էր)։ 2022-ին 70 ընկերության ավելի քան 3,300 աշխատակիցներ մասնակցեցին վեցամսյա փորձին՝ առանց աշխատավարձի կրճատման։ Այս նախաձեռնությունը համակարգում էր 4 Day Week Global-ը, որն իրականացնում է նմանատիպ ծրագրեր Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, Իռլանդիայում, Կանադայում և ԱՄՆ-ում։
Հիմնական գաղափարը կայանում է նրանում, որ աշխատակիցները, իմանալով, որ ունեն երեք հանգստյան օր, աշխատում են ավելի կենտրոնացված և արդյունավետ՝ պահպանելով կամ նույնիսկ բարձրացնելով արտադրողականությունը։

Ճկուն գրաֆիկը՝ ժամանակի տիրապետություն

Հարցվածների 35%-ի համար ճկուն գրաֆիկը լավագույն տարբերակն է։ Սա թույլ է տալիս աշխատակցին ինքնուրույն որոշել օրվա սկիզբը և ավարտը (օրինակ՝ սկսել 8-ին կամ 10-ին)՝ պահպանելով ընդհանուր աշխատաժամանակը։ Այս մոդելը լայն տարածում ունի հատկապես ՏՏ և մեդիա ոլորտներում, որտեղ աշխատանքը հիմնականում արդյունքակենտրոն է և կախված չէ խիստ ժամերից։

Ճկուն գրաֆիկի հիմնական առավելություններից են լավ աշխատանք-կյանք հավասարակշռությունը, արտադրողականության և կենտրոնացման աճը, քանի որ աշխատողը կարող է ընտրել այն ժամանակը, երբ առավել արդյունավետ է, գոհունակության և մոտիվացիայի աճ, տրանսպորտային խցանումներից խուսափելու հնարավորությունը։ Սակայն այն նաև կարող է բերել դժվարությունների, ինչպիսիք են հանդիպումների պլանավորման խնդիրները, անձնական և մասնագիտական կյանքի սահմանների խախտումը և թիմային կապի թուլացումը։ Այս մոդելի հաջողությունը մեծապես կախված է գործատուի և աշխատողի միջև բարձր մակարդակի վստահությունից։

6-ժամյա աշխատանքային օրը 

Հարցվածների 18%-ը նախընտրել է 6-ժամյա աշխատանքային օրը, որը դեռևս նոր գաղափար է Հայաստանում։ Սա համեմատաբար նոր գաղափար է մեր իրականության մեջ, սակայն միջազգային փորձը ցույց է տալիս, որ այն կարող է լինել ոչ միայն իրատեսական, այլև արդյունավետ։

Գաղափարը ծնվեց Շվեդիայում անցկացված փորձարկումների արդյունքում, որտեղ Toyota Service Centres, Brath և Filimundus ընկերությունները կրճատեցին աշխատանքային օրը։ Արդյունքները զարմացնող էին․ արտադրողականությունը աճեց, աշխատողների գոհունակությունն ու առողջությունը բարելավվեցին, իսկ ընկերությունները կարողացան ներգրավել նոր տաղանդներ։

Այսպիսի աշխատանքային գրաֆիկի առավելություններն են ավելի կենտրոնացած և արդյունավետ աշխատանքը, սթրեսի և հուզական այրման նվազումը, ընտանիքի, կրթության և հանգստի համար ավելի շատ ազատ ժամանակը և իհարկե ընկերությունների դեպքում ավելի բարձր գրավչությունն աշխատաշուկայում։
Այս մոդելը ունի նաև թերություններ՝ նույն ծավալի աշխատանքն ավելի կարճ ժամանակում կատարելու ճնշում, իրականացման բարդություններ կառավարման և կազմակերպչական մշակույթի մեջ, և հնարավոր տնտեսական հետևանքներ որոշ ոլորտներում։

Այս մոդելը կարող է դառնալ արդյունքակենտրոն մշակույթի հիմք, որտեղ կարևոր է ոչ թե աշխատանքային ժամերի քանակը, այլ արդյունքը։

2-3 ամիս տևողությամբ արձակուրդ

Աշխատանքային գրաֆիկի ընտրությունը, իրականում, մեր կյանքի ձևի ընտրությունն է։ Այս թեմայով մի շատ օգտակար գրքի ենք անդրադարձել նաև staffmedia.am-ի «Շաբաթվա գիրքը» շարքում, որն անպայման խորհուրդ ենք տալիս կարդալ։

Այնուամենայնիվ չկա մեկ ճիշտ կամ սխալ տարբերակ․ կան պարզապես մարդիկ, որոնք ուզում են իրենց ժամանակը վերածել կյանքի, իսկ աշխատանքը՝ դրա բնական մասի։

Ծանոթացեք staff.am-ում առկա բոլոր աշխատանքներին, և ընտրեք լավագույնը, որը ձեզ թույլ կտա գտնել ոչ միայն կարիերայի աճ, այլև իրական հավասարակշռություն աշխատանքի և կյանքի միջև։

Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: