Հունիսի 3-4-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ տարվա ամենաազդեցիկ տեխնոլոգիական իրադարձություններից մեկը՝ «RISE Powered by Silicon Mountains 2026»-ը։ Երկու օր շարունակ այս հարթակը դարձել էր նորարարության և ռազմավարական մտքի կենտրոն՝ ամփոփելով հայկական ինժեներական և ռազմարդյունաբերական ոլորտի ձեռքբերումները և մեկ վայրում համախմբելով պետական այրերին, միջազգային գործընկերներին ու առաջատար մասնագետներին։
Միջոցառման մեկնարկն ազդարարվեց հանդիսավոր արարողությամբ, որին ներկա էին բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Քրիստինե Գրիգորյանը։ Բացմանը մասնակցում էին նաև մի շարք երկրների դեսպաններ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչը շեշտում էր միջոցառման միջազգային նշանակությունը։


Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, ՏՀՏ գործատուների միության (ՏՀՏԳՄ) նախագահ Արմեն Բալդրյանը և գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը։ Նրանք միակարծիք էին՝ RISE 2026-ը պարզապես ցուցահանդես չէ, այլ պետություն-մասնավոր հատված արդյունավետ համագործակցության հարթակ, որն ուղղված է Հայաստանի տնտեսական մոդելի փոփոխությանը և սեփական բարձրարժեք արտադրանքի հզորացմանը։

RISE Expo 2026. Երկու օր՝ նորարարությունների կենտրոնում
Հունիսի 3-ին և 4-ին ցուցահանդեսի այցելուները հյուրերն ու մասնակիցները շրջայց կատարեցին ցուցահանդեսային տաղավարներով, որտեղ ներկայացված էր հայկական տեխնոլոգիական մտքի ողջ ներկապնակը։ Տեխնոլոգիական ընկերությունները ցուցադրել էին իրենց վերջին նորարարական նախագծերը՝ հայկական արտադրության անօդաչու թռչող սարքեր, զրահապատ մեքենաներ, կապի ժամանակակից միջոցներ և պաշտպանական համակարգեր։ Այցելուները հնարավորություն ունեցան անմիջական շփում ունենալ արտադրողների հետ, ծանոթանալ այն տեխնոլոգիական լուծումներին, որոնք այսօր կերտում են Հայաստանի անվտանգային և տնտեսական ապագան։





RISE Forum. Ռազմավարական քննարկումներ
Միջոցառման առաջին օրը՝ հունիսի 3-ին, RISE ֆորումի շրջանակում անցկացվեցին երեք ծավալուն պանելային քննարկումներ, որոնք վերհանեցին ոլորտի կարևորագույն հարցերը․
Առաջին պանելային քննարկումը նվիրված էր Հայաստանի պաշտպանական տեխնոլոգիաների զարգացման հեռանկարներին։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը և ոլորտի այլ փորձագետներ մանրամասն անդրադարձան տեղական արտադրության խթանման մեխանիզմներին։ Քննարկման ընթացքում շեշտվեց, որ ռազմարդյունաբերության կայուն զարգացումը հնարավոր է միայն գիտելիքի, առաջադեմ տեխնոլոգիաների և մարդկային կապիտալի արդյունավետ համադրման միջոցով։
Խոսնակները՝ այդ թվում «Դավարո» ընկերության հիմնադիր Դավիթ Գալոյանը և վենչուրային կապիտալիստ Ադամ Կաբլանեանը, ընդգծեցին պետական և մասնավոր հատվածների համագործակցության խորացման անհրաժեշտությունը։ Ըստ փորձագետների՝ Հայաստանը պետք է դուրս գա զուտ սպառողի դերից և դառնա բարձրարժեք պաշտպանական լուծումներ ստեղծող ու արտահանող պետություն։ Սա պահանջում է ոչ միայն ֆինանսական ներդրումներ, այլև ռազմավարական մոտեցում տեղական ինժեներական թիմերի ներուժը մասշտաբավորելու համար։

Երկրորդ քննարկման առանցքում ինժեներական ներուժի և տնտեսական աճի փոխկապակցվածությունն էր։ Մոդերատոր Վիկտորյա Պողոսյանի առաջնորդությամբ, ոլորտի առաջատարները, ինչպիսիք են Երվանդ Զորյանը (Synopsys Armenia), Բագրատ Ենգիբարյանը (EIF) և Արամ Սալաթյանը (Ինժեներական ասոցիացիա), քննարկեցին ճարտարագիտական կրթության արդիականացման հարցերը։
Քննարկման մասնակիցները միակարծիք էին՝ ներդրումները ճարտարագիտական կրթության և նորարարության մեջ իրականում ներդրումներ են երկրի ապագայի մեջ։ Շեշտվեց, որ մրցունակ տնտեսություն կառուցելու համար անհրաժեշտ է ստեղծել այնպիսի էկոհամակարգ, որտեղ գիտական միտքը սահուն կերպով կվերածվի արդյունաբերական արտադրանքի։ Փորձագետներն անդրադարձան նաև միջազգային փորձի տեղայնացմանը և ինժեներական լաբորատորիաների դերին՝ որպես տնտեսական վերելքի հիմնական շարժիչների։

Եզրափակիչ պանելային քննարկումը համախմբեց կիբեռանվտանգության ոլորտի առաջատարներին։ Արմեն Բալդրյանի (ՏՀՏԳՄ, «Յունիքոմփ») մոդերացիայով անցնող քննարկմանը մասնակցում էին նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, Ռալֆ Յիրիկյանը (Ucom), Հակոբ Անդրեասյանը (Ակբա բանկ) և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Թվային փոխակերպումների դարաշրջանում կիբեռանվտանգությունը դիտարկվեց ոչ թե որպես զուտ տեխնիկական խնդիր, այլ որպես ազգային անվտանգության կարևորագույն բաղադրիչ։
Անդրադարձ կատարվեց կիբեռսպառնալիքների աճին և դիմակայուն ենթակառուցվածքների ձևավորմանը։ Խոսնակները կարևորեցին մասնագիտական կարողությունների զարգացումն ու հանրային-մասնավոր համագործակցության ամրապնդումը՝ անվտանգ և վստահելի թվային միջավայր ունենալու համար։ Ընդգծվեց, որ պետության, բիզնեսի և քաղաքացիների տվյալների պաշտպանությունը պահանջում է միասնական ջանքեր և մշտական զգոնություն։

«RISE Powered by Silicon Mountains 2026»-ը ևս մեկ անգամ փաստեց, որ Հայաստանի տեխնոլոգիական հանրությունը պատրաստ է մեծ մարտահրավերների։ Ցուցահանդեսի ընթացքում ներկայացված նախագծերն ու ֆորումի շրջանակում հնչած գաղափարները դառնալու են այն հիմքը, որի վրա կառուցվելու է հզոր, տեխնոլոգիապես զարգացած և անվտանգ Հայաստանը։
StaffMedia-ն շարունակելու է հետևել և լուսաբանել բոլոր այն նախաձեռնությունները, որոնք նպաստում են մեր երկրի ինժեներական և արդյունաբերական վերելքին։
