Սեյրան Սողոյան | Փոխել պայքարի դաշտը, բայց ոչ առաքելությունը

Սեյրան Սողոյան | Փոխել պայքարի դաշտը, բայց ոչ առաքելությունը

Sstaffmedia.am
27 հունվարի 2026
3 րոպե ընթերցում
495
Կիսվել հոդվածով

Իրական հաղթանակը սկսվում է այնտեղ, որտեղ ավարտվում են հնարավորի մասին սովորական պատկերացումները և սկսվում է մարդու անկոտրում կամքը։ Կան պատմություններ, որոնք ոչ թե պարզապես դժվարություններին հարմարվելու, այլ սեփական ոգու գերակայության մասին են։

staffmedia.am-ում այսօրվա մեր զրուցակիցը Սեյրան Սողոյանն է՝ 44-օրյա պատերազմի մասնակից։ Անցնելով ծանրագույն փորձությունների միջով՝ նա այսօր իր օրինակով ցույց է տալիս, որ ամենամեծ հաղթանակները նախևառաջ տեղի են ունենում մարդու ներսում։ Սեյրանը զինվոր է, ով պատերազմից հետո չի դրել զենքը, այլ պարզապես փոխել է պայքարի դաշտը։ Այսօր նրա «զենքը» ստեղծագործելն է, իսկ առաքելությունը՝ սեփական օրինակով ապացուցելը, որ հայրենասիրությունը ոչ թե խոսք է, այլ ամենօրյա գործ։

Պատերազմը թողել է ոչ միայն ֆիզիկական, այլև խոր հոգեբանական հետք՝ փոխելով Սեյրանի արժեհամակարգը և կյանքի հանդեպ վերաբերմունքը։

Եթե նախկինում ունեի ձևավորված այլ արժեհամակարգ, այն ավելի փոփոխվեց։ Ես սկսեցի ավելի շատ գնահատել ժամանակը, ընտանիքիս ու իրական ընկերներիս, գնահատել ունեցածս, ու փորձել անել առավելագույնը՝ առանց հետ նայելու:

Անցած փորձությունները ստիպեցին նրան վերագնահատել իր նպատակներն ու գտնել ճանապարհներ սեփական մտքերն ու զգացողությունները արտահայտելու համար՝ ոչ միայն մասնագիտության մեջ, այլ նաև ստեղծագործելու միջոցով։

Ստեղծագործության հետ մեկտեղ Սեյրանի համար կարևոր դարձավ լինել այնտեղ, որտեղ կարող էր մարդկանց աջակցել և լինել նրանց կողքին։ Կյանքի այս փուլում ևս նա շարունակում է իր ծառայությունը, այս անգամ արդեն «Հայորդի» բարեգործական հիմնադրամում։ «Հայորդի» հիմնադրամը ստեղծվել է 2020 թվականին՝ մեկ կարևոր առաքելությամբ՝ աջակցել զոհված հայորդիների երեխաներին և ընտանիքներին։

Հիմնադրամի գործունեությունը չի սահմանափակվում միայն նյութական աջակցությամբ։ Նրանց հիմնական նպատակը երեխաների սոցիալական, կրթական և հոգեբանական աջակցությունն է, ինչպես նաև նրանց կողքին լինելը երկարաժամկետ ծրագրերով՝ ապահովելով արժանապատիվ ու լիարժեք ապագայի հնարավորություններ։

Խոսելով հայրենիքին ծառայության մասին, Սեյրանն ամբողջացնում է հայրենասիրության իր բանաձևը․

Հայրենասիրությունը գործն է՝ ի շահ հայրենիքի բարգավաճմանն ու ծաղկեցմանը:

Ամփոփելով մեր զրույցը՝ Սեյրանը բոլոր նրանց, ովքեր հիմա դժվար ժամանակներ են ապրում կամ չունեն մոտիվացիա առաջ գնալու, հիշեցնում է՝ ամեն մեկն ինքն է որոշում, ինչպես շարունակել, բայց կարևոր է ոչ մի պահ չկորցնել հավատը, որ վերջում լույսն ու հաղթանակը լինելու են։

Ամեն ոք ինքն է որոշում ՝ ինչպես դուրս գալ տվյալ իրավիճակից, բայց շատ կարևոր է ամբողջ ընթացքում չմոռանալ լույսի ու հաղթական ավարտի մասին:

Սեյրանի ընտրությունը մեկն է՝ չկոտրվել, շարունակել ստեղծել և ծառայել հայրենիքին սեփական գործով։ Եվ հենց այդ ընտրության մեջ է նրա ամենամեծ հաղթանակը։

Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: