Հայաստանի տնտեսական կյանքում կանանց ներգրավվածությունը տարեցտարի ձեռք է բերում նոր որակ ու նշանակություն՝ դառնալով երկրի առաջընթացի կարևորագույն շարժիչ ուժերից մեկը։ Այս դերակատարումն ու կանանց ներուժը ևս մեկ անգամ առանցքային դարձավ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի նախաձեռնած բիզնես նախաճաշի ընթացքում։ Հանդիպմանը հրավիրված էին տարբեր ոլորտներում հաջողություններ արձանագրած գործարար կանայք, ովքեր իրենց համարձակ գաղափարներով ու ամենօրյա աշխատասիրությամբ ոչ միայն ընդլայնում են սեփական ձեռնարկությունները, այլև ստեղծում են կայուն աշխատատեղեր և հավելյալ արժեք մեր երկրի համար։
ՊԵԿ նախագահը, խոսելով տնտեսության մեջ կանանց դերի ընդլայնման մասին, ընդգծեց, որ կանայք իրենց ստեղծած գործում ներդնում են ոչ միայն մասնագիտական գիտելիքներն ու կառավարման հմտությունները, այլև մայրական հոգատարությունը, պատասխանատվությունը և երկարաժամկետ արժեք ստեղծելու հատուկ մոտեցումը, որն առավել բնորոշ է գեղեցիկ սեռին։ Անդրադառնալով կոմիտեի ներքին ներուժին՝ նա նշեց․


Կանայք շատ հաճախ մեզ զարմացնում են իրենց ստեղծագործական մտածողությամբ և լուծումներ գտնելու դրական մոտեցմամբ, ինչը նկատելի է նաև Պետական եկամուտների կոմիտեում, որտեղ աշխատակիցների կեսից ավելին հենց կանայք են և նրանք դարձել են համակարգի զարգացման կարևոր ուժը:
Հանդիպման մասնակիցների թվում էր նաև staff.am և Hirebee.ai հարթակների համահիմնադիր Լուիզա Ավետիսյանը, ում մասնակցությունը հատկանշական էր հատկապես ՊԵԿ-ի և staff.am-ի միջև ձևավորված երկարամյա ու արդյունավետ համագործակցության համատեքստում։ Տարիներ շարունակ staff.am-ը հանդիսանում է ՊԵԿ-ի վստահելի գործընկերը կադրային քաղաքականության և համակարգային բարեփոխումների իրականացման գործում։ Մասնավորապես, կողմերը հաջողությամբ համագործակցել են մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի հավաքագրման շրջանակներում։ Այս ծրագիրը, որն ուղղված էր մաքսային համակարգը նոր, որակյալ ու ժամանակակից ստանդարտներին համապատասխանող թիմակիցներով համալրելուն, իրականացվել է staff.am և Hirebee.ai հարթակների տեխնոլոգիական աջակցությամբ։ Այդ համագործակցության շնորհիվ հնարավոր է դարձել ապահովել թափանցիկ, մրցակցային և արդյունավետ հավաքագրման գործընթաց՝ բացահայտելով տաղանդավոր մասնագետների, ովքեր պատրաստ են իրենց ներդրումն ունենալ պետական համակարգի արդիականացման գործում։


Լուիզա Ավետիսյանը, տպավորված լինելով հանդիպման ձևաչափից և քննարկումների առարկայական բնույթից, նշեց, որ նման հանդիպումները պետություն-բիզնես երկխոսության լավագույն օրինակ են, որտեղ կարևորվում է ոչ միայն արդյունքը, այլև փոխադարձ վստահությունը։ Անդրադառնալով բիզնես նախաճաշի ընթացքում ծավալված քննարկմանը՝ նա մասնավորապես նշեց․

Ամեն ինչ անչափ էստեթիկ էր, իսկ քննարկումը՝ շատ առարկայական ու պրոդուկտիվ։ Սեղանի շուրջ իրենց ոլորտի առաջատար կանայք էին, որոնք իրենց ամենօրյա աշխատանքով իսկապես մեծ արժեք են ստեղծում։ Ուրախ եմ, որ առիթ ենք ունեցել մասնակցելու մաքսային և հարկային ծառայողի բարեփոխումների ծրագրերին staff.am և Hirebee.ai հարթակներով:
Հանդիպման ընթացքում ծավալված բաց երկխոսության առանցքում էին նաև բիզնես միջավայրի զարգացման առաջնահերթությունները և հարկ վճարելու մշակույթի տարածման կարևորությունը՝ որպես պետության հզորացման հիմք։ Կողմերն անդրադարձան վարչարարության բարելավմանն ուղղված ընթացիկ նախաձեռնություններին և այն նոր հնարավորություններին, որոնք բխում են Պետական եկամուտների կոմիտեի որդեգրած տեսլականից։ Հատուկ շեշտվեց, որ պետության և մասնավոր հատվածի միջև վստահության ամրապնդումը, ինչպես նաև տեխնոլոգիական ու կադրային նորարարությունների ներդրումը հանդիսանում են այն հիմքը, որի վրա կառուցվում է ավելի ուժեղ և մրցունակ տնտեսություն։ Հանդիպման ավարտին ՊԵԿ նախագահը ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց գործարար կանանց անկեղծ զրույցի, կառուցողական մոտեցման և այն վստահության համար, որն օգնում է միասին կառուցել ավելի ուժեղ, մրցունակ և դիմակայուն տնտեսություն։
Սիրելի՛ կանայք, դուք ձեր ներկայությամբ լույս եք բերում, հույս եք բերում և ուժ ու էներգիա փոխանցում շրջապատին:
Նմանատիպ նախաձեռնությունները փաստում են, որ հաջողակ կին գործարարների փորձն ու պետական մարմինների բաց լինելը կարող են ստեղծել նոր հեռանկարներ Հայաստանի տնտեսական դիմակայունության և զարգացման համար՝ միավորելով ուժերը հանուն ընդհանուր նպատակի։

