Ապրիլի 2-ին staff.am-ը նախաձեռնել էր բիզնես նախաճաշ՝ հյուրընկալելով ավելի քան 30 գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների։ Միջոցառման համար ընտրվել էր Կասկադի անմիջապես հարևանությամբ գտնվող Wellnest կենտրոնը, որի հանգիստ ու լուսավոր միջավայրը հիանալի հիմք էր գարնանային գեղեցիկ առավոտը մեկնարկելու համար։
Այս հանդիպումը նպատակ ուներ ոչ միայն ներկայացնելու staff.am էկոհամակարգի 2026 թվականի նախագծերը, այլև փոխելու պատկերացումները ստանդարտ բիզնես հանդիպումների մասին։ Անուշաբույր սուրճի և անմահական թեյի շուրջ հավաքված մեր գործընկերները հնարավորություն ունեցան անկաշկանդ մթնոլորտում քննարկելու համագործակցության նոր հնարավորությունները։
Անմիջական շփումն ու ջերմ մթնոլորտը լավագույն հիմքն էին՝ անցում կատարելու հանդիպման գործնական հատվածին, որտեղ staff.am թիմը ներկայացրեց էկոհամակարգի այն նորագույն լուծումներն ու տեխնոլոգիական ուղղությունները, որոնք կոչված են վերափոխելու ոլորտի ստանդարտները։

staff.am էկոհամակարգի նոր հնարավորությունները

AI-ի վրա հիմնված գնահատման համակարգ – Հանդիպման մեկնարկին ներկայացվեց staff.am-ի նոր՝ AI-ի վրա հիմնված աշխատակիցների գնահատման համակարգը։ Այն գործատուներին հնարավորություն է տալիս օբյեկտիվորեն գնահատել թեկնածուների և գործող աշխատակիցների ամենատարբեր հմտությունները, կատարողականն ու ներուժը։ Այս գործիքը միտված է HR գործընթացները դարձնելու առավել թափանցիկ և տվյալահեն՝ էապես խնայելով HR մասնագետների ժամանակը։
Գործատուի բրենդավորման նոր հնարավորություններ – Հաջորդիվ անդրադարձ կատարվեց գործատուի բրենդավորման նախագծերին։ Քննարկվեց, թե ինչպես կարելի է staffmedia.am-ի մեդիա գործիքների միջոցով առավել ընդգծել ընկերության գործատուի բրենդը՝ դրանով իսկ նվազեցնելով հավաքագրման վրա ծախսվող ժամանակն ու ռեսուրսները։
Այս ուղղության շրջանակում կիսվեցինք ևս մեկ դրական նորությամբ. վերսկսում ենք մեր հեղինակային «Beyond Podcast»-ը։ Այն հնարավորություն է տալիս վեր հանելու շատ հետաքրքիր ու կարևոր պատմություններ և մասնագիտական բացահայտումներ իրենց ոլորտում կայացած և ասելիք ունեցող մասնագետների հետ։
Compass by staff.am-ի վերլուծական ծառայությունները – Էկոհամակարգի վերլուծական ուղղությունը՝ Compass by staff.am-ը, շարունակում է մնալ գործատուների ամենահուսալի ուղեցույցը։ Հանդիպմանը ներկայացվեցին Compass-ի նոր հնարավորությունները, որոնք թույլ են տալիս ընկերություններին ստանալ կարևոր վերլուծական տվյալներ՝ սկսած աշխատավարձերի և արտոնությունների փաթեթների համեմատականից, մինչև գործատուի բրենդի ամբողջական աուդիտ և վերլուծություն։
Անձնակազմի ուսուցման և զարգացման ամբողջական համակարգ – Ներկայացվեց նաև կրթական ուղղության իր նոր ծառայությունը՝ կորպորատիվ թրեյնինգների համակարգը։ Ծրագիրը շատերիս ծանոթ ավանդական թրեյնինգներից տարբերվում է նրանով, որ առաջարկում է ուսուցման և զարգացման (L&D) ամբողջական ծրագիր և տեխնոլոգիական լուծում, որը հարմարեցված է յուրաքանչյուր ընկերության առանձնահատուկ կարիքներին։

2026-ի միջոցառումների օրացույցը

Հանդիպման ընթացքում հատուկ ուշադրություն դարձրինք 2026 թվականի միջոցառումների հագեցած օրացույցին։ Մեր նպատակն է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ HR և բիզնես համայնքը կկարողանա ոչ միայն ստանալ թարմ տեղեկատվություն, այլև ակտիվորեն մասնակցել ոլորտի զարգացմանը։
Բացի արդեն իսկ սիրված և շարունակական ֆորմատներից, որոնք շարունակում են համախմբել ոլորտի մասնագետներին, ինչպիսիք են՝ IDEx-ը, MentorPlay-ը և, իհարկե, մեր տարեկան ամփոփիչ Գալա միջոցառումները, տարվա ընթացքում ունենալու ենք նաև բոլորովին նոր ձևաչափեր։
2026-ի մեր նորույթների շարքում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Executive offsite միջոցառումը, որը նախատեսված է ընկերությունների ղեկավարների համար՝ ռազմավարական քննարկումների և փորձի փոխանակման նպատակով։ Այս շարքում մեր հաջորդ միջոցառումը Compass meetup-ների շարքն է, որը նպատակ ունի դառնալու տվյալահեն HR լուծումների և շուկայի վերլուծությունների քննարկման հարթակ Այս նոր ֆորմատները հնարավորություն կտան գործընկերներին ավելի սերտ համագործակցել, կիսվել հաջողված փորձով և միասին գտնել ոլորտային մարտահրավերների լուծումները։ Մենք վստահ ենք, որ 2026-ի մեր միջոցառումները դառնալու են ոչ միայն սիրված, այլև խիստ սպասված իրադարձություններ բիզնես օրացույցում։
Աշխատանքային օրը դրական լիցքերով շարունակելու և առավոտյան քննարկումները ներդաշնակ ամփոփելու համար հանդիպման ավարտին ներառել էինք նաև շնչառական պրակտիկայի փոքրիկ դաս։ Այս փոքրիկ դադարն օգնեց մեր գործընկերներին վերականգնել ներքին էներգիան և դրական լիցքերով շարունակել աշխատանքային օրը։
Այս հանդիպումը ևս մեկ անգամ փաստեց, որ staff.am-ի և իր գործընկերների միջև առկա սերտ համագործակցությունն ու փոխադարձ վստահությունը լավագույն հիմքն են 2026 թվականի համարձակ նախագծերը կյանքի կոչելու համար՝ տալով նոր լիցք ու ազդակ՝ միասին կերտելու առավել ներդաշնակ, տեխնոլոգիական և մարդակենտրոն աշխատաշուկա։