Ինչպե՞ս է տրանսֆորմացվում աշխատաշուկան․ staff.am-ը մասնակցեց ՀԵՀ Ֆինանսիստների աշխատաժողովին

Ինչպե՞ս է տրանսֆորմացվում աշխատաշուկան․ staff.am-ը մասնակցեց ՀԵՀ Ֆինանսիստների աշխատաժողովին

Sstaffmedia.am
11 մարտի 2026
2 րոպե ընթերցում
255
Կիսվել հոդվածով

Ժամանակակից աշխատաշուկան կենդանի օրգանիզմ է, որը զարգանում է աննախադեպ արագությամբ՝ թելադրելով խաղի նոր կանոններ թե՛ գործատուներին, թե՛ կրթական համակարգին։ Հատկապես ֆինանսական ոլորտում, որտեղ թվայնացումն ու տեխնոլոգիաները վերափոխում են ավանդական մասնագիտությունները, ԲՈՒՀ-Գործատու երկխոսությունը դառնում է ոչ թե ցանկալի, այլ կենսական անհրաժեշտություն։

Հենց այս հրամայականով՝ փետրվարի 25-ին staff.am-ըմասնակցեց Հայաստանի Եվրոպական համալսարանի (ՀԵՀ) կողմից կազմակերպված «Կրթությունից գործընկերություն․ ֆինանսիստների աշխատաժողով» խորագրով միջոցառմանը՝ նպատակ ունենալով կառուցել այն կամուրջը, որը կմիացնի ակադեմիական գիտելիքը բիզնեսի իրական պահանջներին։

Աշխատաժողովի նպատակն էր քննարկել բուհ-գործատու համագործակցության իրական մոդելները և գործընկերության եղանակները ֆինասնական ոլորտում՝ մշակելով աշխատաշուկայի կարիքների բավարարման համատեղ մոդել։Միջոցառման իրականացման արդիական հիմքերից էր staff.am-ի կողմից իրականացված «ՀՀ Աշխատաշուկա 2025» զեկույցը, որը փաստում է՝ Հայաստանում ամենապահանջված 20 մասնագիտությունների դիրքերում շարունակում են մնալ ֆինանսաբանկային և ապահովագրական ոլորտը։

Զեկույցի ամենաուշագրավ բացահայտումներից մեկը բանկային համակարգի թվային տրանսֆորմացիայի խորացումն է։ 2025-ին առաջին անգամ ոլորտի ամենապահանջված մասնագիտությունների տասնյակում են հայտնվել տեխնոլոգիական ուղղվածության այնպիսի մասնագիտություններ, ինչպիսիք են ՏՏ անվտանգությունը (Cybersecurity) և Պրոդուկտի կառավարումը (Product Management)։ Սա հստակ ազդակ է ուսանողների համար, որ ժամանակակից ֆինանսիստի դիմանկարը փոխվել է․ այժմ մասնագիտական գիտելիքներին զուգահեռ անհրաժեշտ է ունենալ նաև թվային գրագիտության բարձր մակարդակ։
Ինչ վերաբերում է ոլորտում պահանջված հմտություններին, ապա մասնագիտական  հմտությունների շարքում առավել կարևորվում են ՀՀ բանկային օրենսդրության, MS Excel-ի, Ֆինանսական վերլուծության գիտելիքները, իսկ փափուկ հմտությունների շարքում՝ ժամանակի կառավարման, թիմային աշխատանքի և բանակցային հմտությունները։

Կարևոր շեշտադրումներից էր նաև, որ ֆինանսաբանկային ոլորտը, ինչպես շատ ոլորտներ, ևս ենթարկվում է ժամանակի պահանջի փոփոխություններին՝ արհեստական բանակնության ծրագրերի կիրառմանը զուգընթաց։ Այժմ շուկան փնտրում է նոր ֆինանսիստների, որոնք պետք է տիրապետեն մասնագիտական նոր հմտությունների և գիտելիքների, և նրանք, ովքեր կադապտացվեն այս պահանջին, ավելի մրցունակ կլինեն շուկայում։ Նոր մասնագիտություններից է օրինակ ֆինասնական ոլորտի հրահանգավորողը։

Ամփոփելով հանդիպումը՝ Հայաստանի Եվրոպական համալսարանի Ֆինանսների և բանկային գործի ամբիոնի վարիչ Արմենուհի Մհերյանը բարձր գնահատեց Staff.am-ի հետազոտության դերը կրթական ծրագրերի արդիականացման հարցում և հայտնեց համալսարանի պատրաստակամությունը՝ շարունակելու համագործակցությունը աշխատաշուկայի պահանջներին համապատասխան որակյալ կադրեր պատրաստելու նպատակով։ 

Որպես գործնական արդյունք՝ մասնակից գործատուները հանդես եկան «գործատուների կողմից պատվիրակված կրթության» մոդելի զարգացման առաջարկով։ Սա ենթադրում է, որ բուհերը կադրեր կպատրաստեն՝ հիմնվելով կոնկրետ ընկերությունների ընթացիկ և ապագա կարիքների վրա՝ էապես մեծացնելով շրջանավարտների՝ մասնագիտությամբ աշխատանք գտնելու հնարավորությունները։

Staff.am-ը շարունակում է հավատարիմ մնալ իր առաքելությանը՝ տրամադրելով տվյալահեն վերլուծություններ և հարթակ ստեղծելով արդյունավետ համագործակցությունների համար։ Մենք վստահ ենք՝ նմանատիպ նախաձեռնությունները հիմք են դնում Հայաստանում ավելի որակյալ, կայուն և զարգացած մասնագիտական էկոհամակարգի ձևավորմանը։

Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: