Ստեղծագործող մարդու պարադոքսալ հատկանիշները

Ստեղծագործող մարդու պարադոքսալ հատկանիշները

ԱԿԱննա Կոնջորյան
25 մարտի 2024
4 րոպե ընթերցում
759
Կիսվել հոդվածով

Ստեղծագործող մարդիկ ունեն բավականին բարդ խառնվածք, նրանց բնորոշ են այնպիսի հատկանիշներ, որոնք հակասական են։ Երբեմն նույնիսկ անհասկանալի է, թե ինչպես կարող էին դրանք տեղավորվել մեկ մարդու մեջ։ Նրանց բնորոշ է մի ծայրահեղությունից մյուսը գնալու կարողությունը,- ասել է հունգարա-ամերիկացի հոգեբան Միհայ Չիքսընթմիհայը։

Ուզում եմ այս հոդվածում պատմել վերոնշյալ պարադոքսներից մեկի մասին:

Ստեղծարար ճկունություն

Ստեղծագործող մարդն ունի ֆիզիկական մեծ էներգիա, բայց նաև երկար ժամանակ կարողանում է մնալ լռակյաց և հանգիստ։ Նա կարող է երկար ժամանակ կենտրոնացած աշխատել որևէ նախագծի վրա, միևնույն ժամանակ մնալ խանդավառ և թարմ։ Այս մարդկանց առանձնահատկությունն այն է, որ կարողանում են ղեկավարել իրենց էներգիան, ուղղորդել այն`ըստ անհրաժեշտության։ Նրանք կարողանում են միանգամից խորասուզվել աշխատանքի մեջ, հետո դրանից դուրս գալ և նույն խանդավառությամբ շարունակել օրը։ Այս մարդիկ կարողանում են վերահսկել իրենց ներքին էներգիան ոչ թե ըստ ֆիքսված գրաֆիկի, այլ երբ կա դրա անհրաժեշտությունը։ Նրանց վրա կարծես մտավոր «անջատիչ» լինի, որը նրանք կարողանում են ակտիվացնել իրենց ցանկությամբ։  Այս մտավոր ճկունությունը արժեքավոր է ստեղծագործական բարդ մարտահրավերներին դիմակայելու համար։

Մի հոգեվիճակից մյուսին անցնելը, հատկապես, ստեղծագործական համատեքստում կարող է զգալիորեն բարձրացնել մարդու ստեղծագործական ունակությունները, զարգացնել մտավոր ճկունությունը և արդյունավետությունը։

Պատմելը՝ ստեղծագործական կատալիզատոր

Ինտրովերտները, սովորաբար, կարողանում են խորանալ և երկար պահել իրենց կենտրոնացումը, սակայն դժվարանում են կիսվել և արդյունավետ կերպով հաղորդացկվել իրենց գաղափարներով: Ստեղծարարությունը բարձրացնելու համար ինտրովերտներին հարկավոր է զարգացնել գաղափարները պատմելու, ներկայացնելու հմտությունները (story-telling):
Իսկ ինչու՞:
Պատմություն պատմելը երևակայական հզոր գործիք է։ Դա ինքնին մի ստեղծագործական գործընթաց է: Երբ մարդը պատմում է իր գաղափարի, աշխատանքի կամ բացահայտումների մասին, նա ոչ միայն տեղեկատվություն է փոխանցում, այլև ստեղծում է իր մտքերի և գաղափարների պատմողական կառուցվածքը: Այդ պահին մարդու մտքում տեղի են ունենում իսկական հրաշքներ. սկսում է մտածել իր գաղափարի շուրջ տարբեր տեսանկյուններից՝ փորձելով այնպես անել, որ դրանք համահունչ տեղավորվեն իր պատմվածքի մեջ:
Այս պահին մեր ուղեղն ակտիվորեն ներգրավված է տեղեկատվության տարբեր մասերի միջև կապեր հաստատելով, օրինաչափություններ հայտնաբերելով և պատմության մեջ բացեր լրացնելով: Այս ամենը խթանում է ասոցիատիվ մտածողությանը, զգացմունքայնությանը և երևակայությանը: Այս գործընթացը տեղի է ունենում շատ արագ և ինքնաբերաբար:

Խորասուզվելը՝ որակի և ստեղծարարության գրավական

Պատմություններ պատմելու և շփվելու մեջ էքստրովերտները չեմպիոններ են, սրանում ոչ մի խոսք: Սակայն իրենք էլ ունեն իրենց բնորոշ ստեղծագործական մարտահրավերները: Նրանց համար հաճախ կարող է դժվար լինել արտաքին ազդակների ներքո պահպանել իրենց կենտրոնացումը, այնինչ, ամենայուրահատուկ գաղափարները մեծամասամբ առաջանում են առաջադրանքի ավելի խորը շերտերում:

Ամփոփելով հոդվածս՝ ցանկանում եմ նշել, որ ստեղծարարության գաղտնիքներից մեկը կարողանալն է անցում կատարել մի հոգեկան և մտավոր վիճակից դրա լրիվ հակառակ կողմը, կառավարել մտավոր ռեսուրսները։ Ինչպես ցանկացած բան, սա նույնպես կարելի է և անհրաժեշտ է սովորել ու վարժեցնել:

Կիսվել հոդվածով

Աննա Կոնջորյան

Սեղծարար մտածողության պրակտիկ հետազոտող | «Վերելք» կենսագրական գրքի հեղինակ | «Ամիօ» բանկի կորպորատիվ մշակույթի բաժնի ղեկավար

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: