Թելով հյուսված հիշողություն

Թելով հյուսված հիշողություն

ՀՏՀասմիկ Տիգրանյան
23 ապրիլի 2025
7 րոպե ընթերցում
1,191
Կիսվել հոդվածով

Մարդու ձեռքերում հզոր ուժ է ամփոփված։ Այդ ուժը երբեմն կառուցում է, երբեմն էլ՝ վերակառուցում։ Եթե արյունոտ ձեռքերը քանդում էին ազգի տունն ու օջախը, ապա խաղաղ, բայց ուժեղ կանացի ձեռքերը կրկին հյուսում էին հայրենիքի պատկերն՝ ասեղի ու թելի միջոցով։

1915 թ․ Հայոց ցեղասպանության ժամանակ ոչ միայն ֆիզիկապես էին ցանկանում ոչնչացնել հայ ժողովրդին, այլև փորձ էր արվում ջնջելու նրա մշակույթն ու պատմական հիշողությունը։ Սակայն կային մարդիկ, մասնագիտություններ ու ձեռագործ ավանդույթներ, որոնք դարձան ինքնության, դիմադրության և ապրելու ձգտման կրողներ։ Ցեղասպանությունից փրկված կանայք իրենց հետ տարան ոչ միայն սրբապատկերներ ու ընտանեկան լուսանկարներ, այլև մի ողջ մշակութային լեզու՝ ասեղնագործության ավանդույթը։

Նրանք իրենց հիշողությունը փաթաթեցին թելերին ու հյուսեցին այն ամենը, ինչը չկարողացան տանել՝ տները, օջախները, խնկաբույր ծննդավայրը։ 

Հայկական ասեղնագործությունը որպես մշակութային դիմադրություն և ինքնության պահպանման միջոց

Մշակույթի յուրաքանչյուր ոլորտ տվյալ ժողովրդի ապրած կյանքի ու մտածողության յուրօրինակ արտահայտություն է։ Հայկական ասեղնագործության դարավոր ավանդույթները վկայում են ոչ միայն հայ ժողովրդի գեղագիտական ճաշակի, այլև ստեղծագործական դիմացկունության մասին։ Զարդանախշերը, որ ծնվել են դեռ նախնադարյան հասարակարգում, դարերի ընթացքում կրել են տարբեր իմաստներ, ներկայացրել են տարբեր կարգավիճակներ ու պատմություններ։

Օսմանյան կայսրությունում ապրող հայերը ստեղծել էին հարուստ մշակութային կյանք՝ լեզվով, ճարտարապետությամբ, տարազով ու ձեռագործով։ Արևմտյան Հայաստանի տարբեր շրջաններում ծաղկած ասեղնագործության դպրոցները՝ Մարաշի, Սվազի, Վանի, Ուրֆայի, Կիլիկիայի և այլուր, ներկայացնում էին հայ կնոջ ստեղծարար հանճարը։ Այս գործվածքներն ունեին ոչ միայն գեղարվեստական արժեք, այլ նաև ինքնության անջնջելի կնիք։ Յուրաքանչյուր նախշ մի պատմություն էր՝ կապված ծննդավայրի, ավանդույթի, հարսանեկան արարողության կամ նույնիսկ աղոթքի հետ։

Ասեղնագործությունն Արևմտյան Հայաստանում եղել է կանանց ինքնարտահայտման և զբաղվածության կարևոր միջոց։ Սակայն դա երբեք պարզապես զբաղմունք չէր։ Ժողովրդական  ասեղնագործությունը, կրելով առօրյա կյանքի ու կենցաղի բնորոշ գծերը, արտահայտել է երկրի տարբեր պատմա-մշակութային շրջանների առանձնահատկությունները: Հայկական ասեղնագործությունը բնութագրվում է ավանդական  կարատեսակների բազմազանությամբ, որոնցից մի քանիսը ստացել են ծագման, ինչպես նաև տարածման շրջանների կամ քաղաքների անունները՝ Վանի, Մարաշի, Այնթափի և այլն: Դրանցից շատերը հանդիպում են նաև Հայաստանի այլ շրջաններում, ինչպես նաև գաղթօջախներում:

Մարաշի կար

Սվազի կար

Վանի կար

Այնթափի կար

Այս գործվածքները դարձան ոչ միայն մշակութային վկայագրեր, այլև ապրածի վկայություններ։ Դրանց միջոցով վերապրած հայերը սկսեցին վերահաստատել իրենց ինքնությունը և թել առ թել կարկատել կորսված հայրենիքը իրենց հոգու խորքում։

Յաթաղանից վերապրած ասեղնագործող կանայք չունեին դիպլոմներ, չունեին արվեստանոցներ, բայց ունեին սեր, հիշողություն և ժառանգություն։ Ասեղնագործությունն իրենց համար մասնագիտություն էր՝ փոխանցված սերնդեսերունդ։ Վարպետանալու համար բավարար էր սիրել հողը, ծագումը, պատմությունը։ Իսկ երբ հայրենիքից մնացել էր միայն հիշողությունը, այդ մասնագիտությունը դարձավ գոյատևման ճանապարհ։

Հիշողության թելը՝ կենդանի գործվածք

Ավելի քան հարյուր տարի անց, մեր հիշողության թելը շարունակում է գործել՝ միահյուսելով անցյալն ու ներկան։ Հայաստանում ու Սփյուռքում այսօր էլ կան ձեռքեր, որոնք նույն նվիրվածությամբ ու սրտի ջերմությամբ շարունակում են ասեղնագործության ավանդույթը՝ հին նախշերն օգտագործելով նոր ստեղծագործությունների մեջ։ Այդ կանայք՝ սովորեցնելով և սերունդներին փոխանցելով, հիշողության այդ թելը պահում են արթուն, շարժման մեջ։ Նրանք ոչ միայն վերակենդանացնում են մոռացված կարատեսակներն ու նախշերը, այլև նոր շունչ են հաղորդում հին պատմություններին։

Մարալ Շեոհմելյան

Մարալն աշխատում է թե՛ հին նմուշների վերարտադրմամբ, թե՛ սեփական նախշերի ստեղծմամբ։ Նրա ասեղնագործության մեջ գերակշռում են Այնթափի նախշերը,հետագայում բացահայտելով, որ պապիկը արմատներով Ուրֆայից է, ոգեշնչվեց ստեղծել յուրօրինակ աշխատանքներ՝ Ուրֆայի կարատեսակով։ Մարաշի ասեղնագործությունը ևս իր յուահատուկ տեղն ունի Մարալի աշխատանքներում։ Տարբեր կարատաեսակների մասին խոսելիս նա մի հետաքրքիր համեմատություն է անում՝ նշելով, որ ինչպես մայրը չի կարող առանձնացնել թե զավակներից ում է առավել սիրում, այնպես էլ նա չի կարող ընտրել թե որ կարատեսակն է առավել հոգեհարազատ։

Ասեղնագործությունը Մարալի համար ոչ միայն արվեստ է, այլ ապրելակերպ, ինքնության կարևոր բաղադրիչ։ Նա պատմում է, թե ինչպես էր տատիկը ասեղնագործելիս հիշում Այնթափի իրենց տունը, գաղթի ճանապարհը՝ միաժամանակ փոխանցելով սերունդներին կենցաղի ձևը, վարք ու բարքը, համբերությունն ու ստեղծագործական ոգին։ Այս կերպ հիշողությունն ու մշակույթը փոխանցվում էին գործած թելով։

Նա մեծ ուրախությամբ է խոսում երիտասարդների հետաքրքրության մասին և հավատում է, որ ասեղնագործությունը կարող է ներշնչել նոր սերունդներին՝ ամրացնելով կապը մշակույթի հետ։ Մարալը բազմիցս մասնակցել է ցուցահանդեսների Հայաստանում և արտերկրում, արժանացել է ժողովրդական վարպետի կոչման։ Նրա առաքելությունն է ներկայացնել հայկական ասեղնագործությունը միջազգային հարթակներում՝ աշխարհին փոխանցելով մեր մշակույթի յուրահատկությունը։

Նրա երազանքը՝ ապրել ու արարել հայրենիքում, արդեն իրականություն է դարձել։ Իսկ ինչպես ինքն է ասում. «Աշխարհում ամեն ինչ անցողիկ է, իսկ մարդու ստեղծագործությունն ու բարի համբավը՝ հավերժ»։

Անի Ալավերդյան

Նա առաջիններից էր, ով սկսեց ասեղնագործել տղամարդու հագուստի վրա։ Սկզբում այդ գաղափարին թերահավատորեն էին մոտենում, սակայն այսօր մեծ հետաքրքրություն կա հատկապես տղամարդկանց կողմից՝ ովքեր արժևորում են այս յուրահատուկ մշակութային ժառանգությունը նոր տեսանկյունից։

Անին դասընթացներ է կազմակերպում Հայաստանի տարբեր մարզերում՝ նպատակ ունենալով ոչ միայն տարածել այս արվեստը, այլ նաև պատրաստել նոր ուսուցիչներ։ Նրա համոզմամբ՝ Հայաստանը այժմ, առավել քան երբևէ, կարիք ունի մարդկանց, ովքեր պատրաստ են լուծել իրական խնդիրներ՝ մշակույթում, ինժեներության, ծրագրավորման կամ այլ ոլորտներում։

Ձեռագործության այս վարպետները իրենց պատմություններով, աշխատանքով ու տեսլականով ցույց են տալիս, որ հայկական ասեղնագործությունը ոչ միայն անցյալ է, այլևէ ներկա ու ապագա։ Նրանք ապրում ու արարում են Հայաստանում՝ իրենց գիտելիքները փոխանցելով նոր սերունդներին և մեր մշակույթին հաղորդելով նոր կյանք։

Հայոց ցեղասպանության ընթացքում փրկված բազմաթիվ մշակությանին արժեքներ պահպանվեցին ոչ միայն գրքերի, պատկերների այլ նաև հենց արհեստների միջոցով։

Թուրքիան ձախողեց և  դարձավ պատճառ հայերի և հայկական մշակույթը աշխարհով մեկ սփռվելուն և տարածելուն։ Աշխարհն իմացավ ոչ միայն մեր ցավի և դարաշրջանի մեծագույն ոճրագործության մասին, այլև ծանոթացավ մեր հարուստ մշակութային ժառանգությանը և այն կարողություններին, որոնք այդքան զարգացրել, հարստացրել և գեղեցկացրել էին Օսմանյան Կայսրությունը և մեր պատմական հայրենիքը։ Անգամ հայոց ցեղասպանությունից հետո մենք ոչ միայն չդադարեցինք ստեղծագործել և արարել, այլև մի նոր շնչով ու ներշնչանքով և հակառակ թուրքական ձախողված ծրագրի՝ տարածեցինք մեր մշակույթը, լեզուն, հավատքը և հարուստ ժառանգությունը բոլոր այն գաղթօջախներում, որտեղ որ հաստատվեցինք հետագայում:

Շարունակենք արարել, և մեր ամենօրյա աշխատանքով շենացնել մեր երկիրը։

Կիսվել հոդվածով

Հասմիկ Տիգրանյան

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: