Միասին գործով հայրենիքի կողքին | staff.am-ը և Հայորդի բարեգործական հիմնադրամը ստորագրեցին համագործակցության հուշագիր

Միասին գործով հայրենիքի կողքին | staff.am-ը և Հայորդի բարեգործական հիմնադրամը ստորագրեցին համագործակցության հուշագիր

Sstaffmedia.am
9 հունվարի 2026
2 րոպե ընթերցում
3,735
Կիսվել հոդվածով

Ժամանակակից աշխարհում ընկերությունների հաջողությունը չափվում է ոչ միայն ֆինանսական ցուցանիշներով կամ շուկայական դիրքով, այլև այն սոցիալական ազդեցությամբ, որը նրանք թողնում են հանրության վրա։ Staff.am-ը, հավատարիմ մնալով իր որդեգրած արժեքներին, մշտապես կարևորել է պատասխանատվությունը համայնքի և երկրի առջև։
Տարիների ընթացքում մենք հանդես ենք եկել տարբեր սոցիալական նախաձեռնություններով։

Այսօր, երբ մեր երկիրն ու հասարակությունը կանգնած են բազմաթիվ մարտահրավերների առջև, բիզնեսի և բարեգործական ոլորտի համագործակցությունը դառնում է առավել քան կարևոր։ Առաջնորդվելով հենց այս համոզմունքով՝ մենք սկսում ենք նոր և կարևոր համագործակցություն «Հայորդի» բարեգործական հիմնադրամի հետ՝ կնքելով համաձայնության հուշագիր։

Հուշագիրը նախատեսում է ոչ միայն ընթացիկ աջակցություն, այլև ամրագրում է երկարաժամկետ հանձնառություն․ 2026 թվականի ընթացքում staff.am-ի բոլոր բարեգործական նախաձեռնությունները նպատակաուղղված են լինելու բացառապես «Հայորդի» հիմնադրամի ծրագրերի իրականացմանը։

Համագործակցության հիմքում ընկած է վստահությունը։ Մեզ համար կարևոր էր գտնել մի թիմ, որը կիսում է մեր արժեքները՝ թափանցիկություն, նվիրվածություն և իրական փոփոխություն բերելու ցանկություն։

«Հայորդի» հիմնադրամը ստեղծվել է 2020 թվականին՝ մեկ կարևոր առաքելությամբ՝ աջակցել զոհված հայորդիների երեխաներին և ընտանիքներին։
Հիմնադրամի գործունեությունը չի սահմանափակվում միայն նյութական աջակցությամբ։ Նրանց հիմնական նպատակը երեխաների սոցիալական, կրթական և հոգեբանական աջակցությունն է, ինչպես նաև նրանց կողքին լինելը երկարաժամկետ ծրագրերով՝ ապահովելով արժանապատիվ ու լիարժեք ապագայի հնարավորություններ։


Այս համագործակցության առաջին գործնական քայլը «ՀՀ աշխատաշուկա 2025» զեկույցն է։ Ամեն տարի հազարավոր մասնագետներ, HR ղեկավարներ և գործարարներ սպասում են staff.am-ի տարեկան զեկույցին՝ ռազմավարական որոշումներ կայացնելու համար։

Արդեն չորրորդ տարին անընդմեջ staff.am-ի հեղինակային «ՀՀ աշխատաշուկա» զեկույցն ունի բարեգործական առաքելություն։ Այն ահռելի աշխատանքը, որը կատարում է staff.am-ի թիմը, ունի շոշափելի շուկայական արժեք, և մենք ցանկանում ենք այն փոխակերպել սոցիալական բարիքի։ Զեկույցը հասանելի է ազատ ներբեռնման համար, սակայն մենք հորդորում ենք ընթերցողներին՝ որպես շնորհակալություն և գնահատանք կատարված աշխատանքի դիմաց, կամավոր նվիրատվություն կատարել «Հայորդի» հիմնադրամին։

Staff.am-ի համահիմնադիր և տնօրեն Լուիզա Ավետիսյանը, կարևորելով համագործակցության խորքային նշանակությունը, նշում է․

Staff.am-ն իր հիմնադրումից ի վեր մեր կարևորություն է տվել  սոցիալական պատասխանատվությանը՝ համագործակցելով մի շարք կազմակերպությունների հետ, որոնք իրենց ոլորտում փոփոխություն են ստեղծում։
 
Այս տարի մենք որոշեցինք «ՀՀ աշխատաշուկա 2025» զեկույցի վերլուծական ներուժը ծառայեցնել ամենանվիրական նպատակին՝ կանգնելով նրանց կողքին, ովքեր մեր երկրի համար ամենաթանկն են տվել։ «Հայորդի» հիմնադրամի հետ մեր համագործակցությունը ոչ միայն աջակցություն է, այլև ուղերձ գործարար հանրությանը՝ միավորելու ջանքերը հանուն մեր երեխաների լուսավոր ապագայի։
 
Սակայն աշխատաշուկայի համատեքստում համագործակցությունն ընդամենը սկիզբն է, քանի որ մենք պլանավորում ենք 2026-ի ընթացքում ակտիվորեն համագործակցել «Հայորդիի» մեր գործընկերների հետ այլ նախաձեռնությունների շրջանակներում ևս։ Հուսանք մեր համայնքը նույնպես մասնակից կդառնա այս համագործակցությանը։

Իր հերթին, «Հայորդի» հիմնադրամի տնօրեն Վաչե Վարդանյանն ընդգծեց այս համագործակցության դերը՝ նշելով, որ այն նոր մշակույթ է ձևավորում բիզնեսի և բարեգործության միջև․

Հույս ունենք, որ այս համագործակցությամբ 2026 թվականին նոր հնարավորություններ կբացվեն, և միասին կկարողանանք ամուր թիկունք դառնալ հարյուրավոր երեխաների, զոհված հայորդիների կանանց ու մայրերի համար։ Staff.am-ի միջոցով կփորձենք նրանց կյանք բերել ավելի շատ երջանկություն, սեր և հոգատարություն։ Շնորհակալ եմ համագործակցության և վստահության համար։

Այս նախաձեռնությունը հերթական քայլն է՝ ապացուցելու, որ հաջողված բիզնեսը նաև պատասխանատու բիզնեսն է։ Staff.am-ը շարունակելու է իր ակտիվ մասնակցությունը հասարակական կյանքում՝ վստահ լինելով, որ միասնական ջանքերով կարող ենք կերտել ավելի պաշտպանված և լուսավոր ապագա։


Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: