Երբ առկա լուծումները չեն գործում, ստեղծարարությունն է դառնում իրական խնդրի լուծողը

Երբ առկա լուծումները չեն գործում, ստեղծարարությունն է դառնում իրական խնդրի լուծողը

ԱԿԱննա Կոնջորյան
7 օգոստոսի 2025
4 րոպե ընթերցում
634
Կիսվել հոդվածով

Գաղտնիք չէ, որ սկսած 2020 թ․ պանդեմիայից, իսկ այնուհետև՝ 2022 թ․ արհեստական բանականության պոռթկումից և աշխարհում շարունակ տեղի ունեցող բազմաթիվ աշխարհաքաղաքական վայրիվերումներից հետո բարդ և քաոսային իրավիճակների քանակը շարունակաբար աճում է։ Սա ուղիղ համեմատական է ստեղծարար մտածողության անհրաժեշտության աճին կյանքի գրեթե բոլոր ոլորտներում։ 
Վերջերս բիզնեսում հաճախ օգտագործվում է VUCA հայեցակարգը՝ Volatility (անկայունություն), Uncertainty (անորոշություն), Complexity (բարդություն) և Ambiguity (երկիմաստություն)՝ նկարագրելու այն իրավիճակները, որտեղ միջավայրը մշտապես փոփոխվում է, որոշումներ ընդունելը դառնում է առավել դժվար, իսկ պատճառահետևանքային կապերը մշուշոտ են։

Սակայն հենց այսպիսի աշխարհում էլ ստեղծարարությունը դառնում է առանցքային կարողություն։ Երբ առաջ գնալու ուղիները չեն երևում, և հստակ լուծումներ գոյություն չունեն, ստեղծարարությունը դառնում է կողմնացույց՝ օգնելով մեզ նոր տեսանկյուններից դիտարկել խնդիրները, կասկածի տակ դնել մեր նախկին փորձը, առաջարկել չփորձված լուծումներ, միավորել առաջին հայացքից թվացյալ անհամատեղելին, դուրս գալ կարծրատիպերից, վերաիմաստավորել սահմանափակումները։

VUCA աշխարհը ստեղծում է նոր խաղի կանոններ, և խաղի մեջ մնում են նրանք, ովքեր ոչ միայն արագ են արձագանքում, այլև կարողանում են հարմարվել, վերաիմաստավորել և վերգտնել իրենց տեղն այդ փոփոխվող միջավայրում։ Ստեղծարարությունը հենց այդ գործիքներից մեկն է, որը մեզ օգնում է ոչ միայն գոյատևել, այլ հաղթահարել և ձևավորել փոփոխությունը։

Թե՛ աշխատավայրում, թե՛ առօրյա կյանքում, ստեղծարարությունը մեր արձագանքն է մարտահրավերներին։ Մարտահրավերները կարող են ունենալ տարբեր ծագում և չափեր։ Դրանք երբեմն դրսևորվում են առօրյայում՝ չնախատեսված փոփոխությունների, մարդկանց հետ բարդ փոխհարաբերությունների կամ պարզապես որոշումների բարդության տեսքով։ Իսկ երբեմն դրանք դառնում են կազմակերպական մակարդակի գլոբալ հարցեր՝ պահանջելով համակարգային լուծումներ։

Սակայն անկախ դրանց ծագումից և ծավալից՝ այսօրվա մարտահրավերների հաղթահարումը քիչ է կախված միայն փորձից, փորձված մեթոդներից կամ հստակ գործընթացներից։ Ավելի ու ավելի հաճախ հաղթանակը գալիս է այն պահից, երբ գործի ենք դնում մեր ստեղծագործական ներուժը: Ստեղծարարությունը, այսպիսով, դառնում է ոչ թե հատուկ տաղանդ, այլ մտավոր գործիք, որով մարդիկ ու թիմերը կարողանում են նոր լուծումներ գտնել, շրջանցել բարդությունները և իրականում աճել հենց մարտահրավերների մեջ։

Ես հակված եմ աշխատակիցներին բաժանել երեք հիմնական խմբի՝ ըստ ստեղծարար արձագանքի խորության։

1. Պասիվ արձագանքողներ

Այս աշխատակիցները հաճախ մնում են անորոշության մեջ, մինչև որևէ մեկը նրանց ուղղություն չտա կամ պատրաստի լուծում չներկայացնի։ Նրանք ունեն ստեղծարար նախաձեռնողականության պակաս և հենվում են արտաքին վերահսկողության վրա։

2. Ադապտիվ արձագանքողներ

Այս խումբը մարտահրավերները լուծում է՝ առկա լուծումները դիտարկելով, փոխելով և հարմարեցնելով սեփական համատեքստին։ Նրանք ճկուն են՝ ի վիճակի են մեթոդները հարմարեցնել կազմակերպության արտադրանքին, մշակույթին կամ ռեսուրսներին։

Այս աշխատակիցները չեն սահմանափակվում պատրաստի լուծումներով. նրանք կարող են դրանք վերափոխել, հարմարեցնել և զարգացնել՝ դարձնելով առավել արդյունավետ իրենց միջավայրում։ Սա թույլ է տալիս արագ արձագանքել փոփոխվող իրավիճակին՝ խուսափելով ռեսուրսների վատնումից։

Նրանց հմտությունները զարգացնելու եղանակներ՝

  • Անալոգիական մտածողություն – Ինչպե՞ս է նման խնդիր լուծվել այլ ոլորտում։ (օր.՝ ի՞նչ կարող է սովորել ռեստորանը գործարանից)
  • SCAMPER մեթոդ – Փոխարինել, համադրել, հարմարեցնել, փոփոխել, օգտագործել այլ նպատակով, վերացնել, շրջել։
  • Նախատիպավորման կրկնվող մոտեցում (Iterative Prototyping) – Արագ և սևագիր տարբերակների փորձարկում՝ կատարելագործելու նպատակով
  • Միավվորել նորարար արձագանքողների հետ

3. Նորարար արձագանքողներ

Սրանք իսկական ստեղծագործ մտածողներն են։ Նրանք համադրում են տարբեր գաղափարներ, միախառնում ոլորտներ, տեսնում թաքնված կապեր առաջին հայացքից անհամատեղելի երևույթների միջև և ստեղծում լրիվ նոր լուծումներ։

Նման մտածողությամբ մարդիկ քիչ են, և դա բնական է։ Նորարար արձագանքները պահանջում են խոր գիտելիք տարբեր ոլորտներում, լայն տեսահորիզոն, համարձակություն և ոլորտների միջեւ կապեր կառուցելու ունակություն։ Այս մակարդակի ստեղծարարությունը կարող է փոխել ոչ միայն ընկերությունը, այլ նաև ողջ ոլորտը։

Ստեղծարարությունը խթանելու համար, իհարկե, անհրաժեշտ է համապատասխան կազմակերպական մշակույթ՝ հոգեբանական անվտանգությամբ, բազմազանությամբ, ղեկավարության աջակցությամբ ու ռեսուրսներով, սակայն նույնքան վճռորոշ է նաև յուրաքանչյուր աշխատակցի անձնական վերաբերմունքը․ նրա ներքին շարժառիթը նոր բան փորձելու, սահմանները հրելու, խնդիրներին ոչ ստանդարտ տեսանկյունից նայելու և իր անհատական մտածողությունը թիմային գործընթացների մեջ ներդնելու պատրաստակամությունը։


Կիսվել հոդվածով

Աննա Կոնջորյան

Սեղծարար մտածողության պրակտիկ հետազոտող | «Վերելք» կենսագրական գրքի հեղինակ | «Ամիօ» բանկի կորպորատիվ մշակույթի բաժնի ղեկավար

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: