Staffmedia.am-ը մեծ ուրախությամբ ներկայացնում է իր «Տարին ամփոփ» շարքի հերթական հոդվածը՝ նվիրված Հայաստանի ՏՏ ոլորտի ամենանորարար և դինամիկ զարգացող ընկերություններից մեկին՝ Simply Technologies-ին։
Տարիներ շարունակ Simply-ն ոչ միայն ստեղծում է բարդ տեխնոլոգիական լուծումներ համաշխարհային շուկայի համար, այլև իր ուրույն, անփոխարինելի դերն ունի Հայաստանում որակյալ մասնագիտական համայնքի ձևավորման գործում։ 2025 թվականը ընկերության համար հատկանշվեց որպես կայուն զարգացման և միջազգային հարթակներում հաստատուն քայլերով առաջ շարժվելու տարի։
Եկեք միասին բացահայտենք, թե ինչպիսի մեծամասշտաբ իրադարձություններով էր լի անցնող տարին և թե ինչ հավակնոտ նպատակներով է Simply Technologies-ը մուտք գործում 2026 թվական։
Տարվա կարևորագույն իրադարձությունները
2025 թվականը Simply Technologies-ի համար մեկնարկեց չափազանց տպավորիչ և խոստումնալից։ Տարվա հենց սկզբից ընկերությունը հայտնվեց միջազգային անցուդարձի կիզակետում։ Ընկերության խոշոր պրոյեկտներից մեկի թիմակիցները գործուղվեցին ԱՄՆ՝ Նոր Օռլեան, մասնակցելու ավտոարդյունաբերության ոլորտի ամենահեղինակավոր և մասշտաբային իրադարձությանը՝ NADA Show-ին։

Որպես տարվա ամենամեծ ավտոարդյունաբերական միջոցառում, NADA Show-ն յուրահատուկ հարթակ է, որը մեկ հարկի տակ է համախմբում աշխարհի խոշորագույն դիլերներին, ավտոարտադրողներին և ոլորտի տեխնոլոգիական առաջատարներին՝ ուսումնասիրելու ոլորտի վերջին նորարարությունները։ Թեև միջոցառմանը ֆիզիկապես ներկա էին թիմի անդամներից միայն երկուսը, նրանք մեծ պատասխանատվությամբ և հպարտությամբ ներկայացնում էին ամբողջ թիմի քրտնաջան աշխատանքը։
Ընկերության թիմի համար սա իսկապես եզակի և ոգեշնչող փորձառություն էր՝ անհավանական հնարավորություն գործընկերների հետ միասին պրոդուկտի լուծումը ներկայացնելու ավելի լայն, գլոբալ լսարանի և անմիջական կապ հաստատելու շուկայի հիմնական դերակատարների հետ։


Միջազգային հաջողություններին զուգահեռ, Simply-ն կարևորում է նաև տեղական տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացումը։ 2025 թվականին ընկերությունը շարունակեց դեռ 2024-ին սկսած իր նորարարական նախաձեռնությունները։ Երկրորդ անգամ Simply գրասենյակում կազմակերպվեց և իրականացվեց Vision Pro meetup-ը (Vision Pro meetup 2: Diving deeper into VisionOS: AR, Physics, Gestures)։ Սա բաց միջոցառում էր ոլորտով հետաքրքրվող էնտուզիաստների համար։





Կարևորելով համաշխարհային տեխնոլոգիական թրենդներին հետևելը և դրանք պրոյեկտներում կիրառելը՝ առաջին անգամ Simply-ն իր գրասենյակում իրականացրեց նաև GenAI Meetup-ը (How AI is transforming the way we build)։ Արհեստական բանականությունը փոխում է աշխարհը մեծ արագությամբ, և թիմակիցները կիսվեցին իրենց պրակտիկ փորձով ու գործիքակազմով (tools), որոնք օգնում են օպտիմիզացնել աշխատանքը, բարձրացնել արդյունավետությունը և քայլել ժամանակին համընթաց։



Բացի մասնագիտական միթափներից, 2025-ին Simply-ն առաջին անգամ մասնակցեց նաև լավագույն գործատուների ամենամյա մեծ տոնավաճառին՝ Career City Fest-ին։ Տաղավարում ընկերությունը հյուրընկալեց ոլորտով հետաքրքրվող բազմաթիվ մասնագետների և ներկայացվեց ընկերության մշակույթը լայն հանրությանը։





Ավանդույթներ, թիմ և նորարարություն
Simply Technologies-ի ռազմավարության անկյունաքարը մշտապես եղել և մնում է մասնագիտական համայնքի զարգացումն ու նոր կադրերի՝ ոլորտ մուտք գործելուն աջակցելը։
Այս տարի ընկերությունն իրականացրեց արդեն հոբելյանական՝ 15-րդ JS Internship-ը։ Ծրագրի նկատմամբ հետաքրքրությունը աննախադեպ էր. ստացված հարյուրավոր դիմումներից, ընտրության արդյունքում միայն 8 տաղանդավոր մասնակիցներ հաղթահարեցին բոլոր փուլերը։ Նրանք մի քանի շաբաթ շարունակ անցան ինտենսիվ ու խորացված դասընթացներ ընկերության պրոֆեսիոնալ մասնագետների մենթորությամբ։



Ծրագրի ամենակարևոր առանձնահատկությունն այն էր, որ յուրացնելով տեսական գիտելիքները, ուսանողները հնարավորություն ստացան այդ ամենն անմիջապես փորձարկել իրական պրոյեկտների վրա։ Իսկ արդեն ավարտական պրեզենտացիայի ժամանակ յուրաքանչյուր թիմ ներկայացրեց իր կատարած աշխատանքը՝ ցուցադրելով ձեռք բերված հմտությունները։


Հատկանշական է, որ թիմում աշխատող շատ մասնագետներ իրենց կարիերայի ուղին սկսել են հենց այս ճանապարհով ու միացել Simply-ի թիմին։
Այստեղ հաջողության գլխավոր գրավականը Մարդիկ են։ Ընկերությունում առանձնահատուկ կարևորվում է առողջ մթնոլորտի պահպանումը, ուստի տարվա ընթացքում պարբերաբար կազմակերպվում են բազմաբնույթ միջոցառումներ։ Դրանք ոչ միայն օգնում են լիցքաթափվել աշխատանքային եռուզեռից, այլև հիանալի առիթ են ստեղծում շփվելու ոչ ֆորմալ միջավայրում և էլ ավելի ամրապնդելու թիմային կապերը։


Տարվա այդպիսի կարևորագույն և ամենասպասված իրադարձություններից էր, անկասկած, Սիմփլիի 14-րդ ծննդյան տարեդարձը։ Այն նշվեց ողջ թիմով՝ քաղաքի աղմուկից հեռու, բնության գրկում։ Օրը լի էր թեմատիկ թիմբիլդինգով, ակտիվ թիմային խաղերով, իսկ երեկոն եզրափակվեց անմոռանալի կարաոկեով և տոնական տրամադրությամբ։




Բացի խոշոր միջոցառումներից, տարվա ընթացքում թիմային փոքր հավաքույթների ու համատեղ նախաճաշերի պակաս ևս չի եղել, որոնք ավելի են մտերմացնում աշխատակիցներին։ Թիմակիցների ամենասիրելի և սպասված ավանդույթներից է դարձել Բուրգեր Փարթին։ Գրասենյակի ամենասիրելի հատվածում համեղ ուտելիքն ու լավ երաժշտությունը ստեղծում են իսկական տոնական մթնոլորտ աշխատանքային օրվա ավարտին։



Simply 2026. Նոր հորիզոններ և հավակնոտ նպատակներ
Հայացք ուղղելով դեպի ապագան՝ 2026 թվականին Simply Technologies-ը շարունակելու է կենտրոնանալ իր հիմնական արժեքների վրա՝ ապահովելով որակյալ, կայուն և ժամանակին համահունչ ծառայություններ։
Գալիք տարվա ռազմավարական առաջնային ուղղություններից է լինելու թիմի շարունակական զարգացումը։ Ընկերությունը կշարունակի ներդնել և կատարելագործել մասնագիտական աճին նպաստող միջավայր, խթանել գիտելիքների փոխանակումը ներսում և ստեղծել այնպիսի պայմաններ, որտեղ յուրաքանչյուր մասնագետ կարող է ոչ միայն զարգանալ, այլև իր շոշափելի ազդեցությունն ունենալ հաջողության կայացման գործում։


Տեխնոլոգիական առումով՝ շարունակվելու են խորությամբ ուսումնասիրվել և կիրառվել արդիական տեխնոլոգիաները՝ դրանք ադապտացնելով և հարմարեցնելով գործընկերների իրական բիզնես պահանջներին և պրոյեկտների յուրահատկություններին։
Եվ վերջապես, ակտիվ լինելով միջոցառումների իրականացման ոլորտում, Սիմփլին 2026-ի համար դրել է շատ հավակնոտ նպատակ։ Ընկերությունը դիտարկում է նաև AI Code Summit-ի իրականացման հնարավորությունը։ Այն կարող է դառնալ պոտենցիալ հարթակ ոլորտով հետաքրքրված և իրենց ամենօրյա աշխատանքում AI գործիքներ օգտագործող ծրագրավորողների համայնքի համար՝ միավորելով լավագույն փորձն ու նորարար մոտեցումները։
2025-ի ձեռքբերումները ամուր հիմք են ստեղծում 2026-ին էլ ավելի վստահ քայլերով առաջ շարժվելու համար։ Staffmedia.am-ը մաղթում է, որ ընկերության ստեղծարար թիմը պահպանի իր ուրույն ձեռագիրը՝ շարունակելով ոգեշնչել ոլորտի մասնագետներին և նոր որակ թելադրել տեխնոլոգիական շուկայում։
Իսկ եթե ցանկանում եք դառնալ այս զարգացող պատմության մի մասնիկը, բաց մի՛ թողեք ոլորտի ամենանորարար թիմերից մեկին միանալու հնարավորությունը։ Հետևե՛ք Simply Technologies-ի կարիերայի էջին staff.am-ում՝ ծանոթանալու ընկերության մշակույթին և բացահայտելու Ձեր նոր մասնագիտական հնարավորությունները։

