Մի քանի տարի առաջ HR-ի թվայնացումը, արհեստական բանականությունը և հիբրիդային աշխատանքը դեռ նորություն էին հայկական աշախատաշուկայի համար։ Այսօր դրանք արդեն փոխում են աշխատանքի ամենօրյա իրականությունը։ Ընկերությունները ոչ միայն նոր մարդկանց են փնտրում, այլև փորձում են հասկանալ՝ ինչ հմտություններ են իրենց պետք վաղը, ինչպես պահպանել առկա թիմը և ինչպես տեխնոլոգիաների օգնությամբ ավելի արդյունավետ կազմակերպել աշխատանքը։

Վերջին տարիներին այս փոփոխությունները հատկապես տեսանելի են դառնում նաև Հայաստանում։ Աշխատաշուկայի զարգացումը, մասնագետների համար աճող մրցակցությունը, տեխնոլոգիական արագ փոփոխությունները և աշխատանքային գործընթացների թվայնացումը HR-ի դերը աստիճանաբար տեղափոխում են ավելի ռազմավարական դաշտ։

Եթե նախկինում HR-ի հիմնական հարցերից մեկը «ո՞ւմ ընդունել աշխատանքի» էր, այսօր դրան ավելացել են ևս մի քանիսը՝ ի՞նչ հմտություններ են պետք ընկերությանը, ինչպե՞ս զարգացնել դրանք և ինչպե՞ս տեխնոլոգիան օգտագործել այդ ճանապարհը կարճացնելու համար։

AI-ը մտնում է HR-ի առօրյա աշխատանք

Արհեստական բանականության մասին HR-ում խոսակցությունն արդեն վաղուց դուրս է եկել ապագայի կանխատեսումների շրջանակից։ AI գործիքներն աստիճանաբար հայտնվում են հավաքագրման, աշխատակիցների գնահատման, ուսուցման և HR անալիտիկայի տարբեր փուլերում։

Հավաքագրման դեպքում ամենաակնհայտ կիրառություններից մեկը մեծ ծավալի տեղեկատվության արագ վերլուծությունն է։ Երբ մեկ հաստիքի համար տասնյակ կամ հարյուրավոր CV-ներ են ստացվում, AI-ը կարող է օգնել ավելի արագ հասկանալ, թե թեկնածուներից որոնք են համապատասխանում տվյալ հաստիքի պահանջներին։ Օրինակ՝ staff.am-ի AI Score գործիքը գնահատում է թեկնածուի CV-ի համապատասխանությունը կոնկրետ գործատուի կողմից հրապարակված հաստիքին՝ HR մասնագետին հնարավորություն տալով ավելի արագ կողմնորոշվել թեկնածուների մեծ հոսքի դեպքում։

Սակայն AI-ի ազդեցությունը HR-ում միայն recruitment-ով չի սահմանափակվում։ Նույն տրամաբանությունը տարածվում է նաև աշխատակիցների հմտությունների և կատարողականի գնահատման, ուսուցման կարիքների բացահայտման և HR տվյալների վերլուծության վրա։

Այս փոփոխությունը մի կարևոր հարց է առաջ բերում․ եթե որոշ կրկնվող աշխատանքներ կարող են կատարել տեխնոլոգիաները, ապա ինչի՞ վրա է ծախսվելու HR մասնագետի ժամանակը։

Պատասխանը, ամենայն հավանականությամբ, ավելի շատ մարդկանց, քան գործընթացների վրա է։ Թեկնածուի փորձը, ղեկավարների հետ աշխատանքը, կազմակերպական մշակույթը, զարգացման ծրագրերը և բարդ մարդկային իրավիճակները շարունակում են պահանջել մարդկային ներգրավվածություն։

Հմտությունների շուկան փոխվում է ավելի արագ, քան հաստիքների անվանումները

Աշխատաշուկայում տեղի ունեցող ամենակարևոր փոփոխություններից մեկն էլ այն է, որ մասնագիտությունների անվանումները կարող են մնալ նույնը, մինչդեռ դրանց ներսում պահանջվող հմտությունները՝ փոխվել։

Մարքեթինգի մասնագետից այսօր կարող է պահանջվել ոչ միայն ստեղծագործական մտածողություն, այլև տվյալների հետ աշխատանք և AI գործիքների օգտագործում։ Ֆինանսական մասնագետի աշխատանքի մեջ կարող է ավելի մեծ դեր ունենալ ավտոմատացումը։ Իսկ մենեջերից ակնկալվում է ոչ միայն թիմ ղեկավարել, այլև աշխատել փոփոխությունների, թվային գործիքների և տարբեր աշխատանքային ձևաչափերի պայմաններում։

Այս պայմաններում ընկերությունների համար միայն նոր մասնագետներ գտնելը բավարար լուծում չէ։ Ավելի կարևոր է հասկանալ, թե ինչ հմտություններ արդեն կան թիմում և որոնք են պակասում։

Այստեղ է, որ reskilling-ն ու upskilling-ը դառնում են HR օրակարգի կարևոր մաս։

Եթե կազմակերպությունը կարող է իր գործող աշխատակիցներին զարգացնել նոր պահանջներին համապատասխան, ապա տեխնոլոգիական փոփոխությունը պարտադիր չէ, որ նշանակի նոր մարդկանց մշտական որոնում։ Փոխարենը այն կարող է դառնալ ներքին զարգացման գործընթաց։


Սա նաև փոխում է ուսուցման մասին պատկերացումը։ Դասընթացի մասնակցությունը ինքնին արդյունք չէ։ Ավելի կարևոր է՝ ինչ հմտություն է ձևավորվել, ինչպես է այն կիրառվել աշխատանքում և ինչ փոփոխություն է առաջացրել աշխատակցի կամ թիմի արդյունքներում։

HR-ը սկսում է ավելի շատ խոսել տվյալների լեզվով

HR որոշումները երկար ժամանակ մեծապես հիմնված են եղել փորձի և ինտուիցիայի վրա։ Սակայն որքան շատ տվյալներ են հասանելի դառնում ընկերություններին, այնքան դժվար է անտեսել դրանց արժեքը։

Որքա՞ն ժամանակ է պահանջվում հաստիքը փակելու համար։ Ո՞ր փուլում են թեկնածուների մեծ մասը դուրս մնում գործընթացից։ Որքա՞ն է աշխատակիցների հոսունությունը։ Ո՞րոնք են ամենադժվար գտնվող հմտությունները շուկայում։ Որքա՞ն է ներդրվել ուսուցման մեջ և ինչ արդյունք է տվել այդ ներդրումը։

Այս հարցերը HR-ին մոտեցնում են բիզնեսի մյուս գործառույթներին։

Հայաստանում աշխատաշուկայի վերաբերյալ տվյալների հասանելիությունն էլ աստիճանաբար մեծանում է։ Աշխատավարձերի, պահանջվող մասնագիտությունների, հմտությունների և ոլորտային փոփոխությունների մասին տեղեկատվությունը կարող եք գտնել compass by staff.am-ի կողմից հրապարակվող ՀՀ Աշխատաշուկա զեկույցում, իսկ դրանից դուրս ձեր ընկերության համար անհատական վերլուծություն կարող եք ստանալ compass by staff.am-ի միջոցով։ Այս տվյալները կարող են օգնել ընկերություններին ոչ միայն գնահատել ներկա իրավիճակը, այլև ավելի հիմնավորված որոշումներ կայացնել ապագա աշխատուժի վերաբերյալ։

Այս համատեքստում HR analytics-ը պարզապես հաշվետվությունների հավաքածու չէ։ Այն հնարավորություն է հասկանալու՝ ինչ է տեղի ունենում մարդկանց հետ և ինչու է դա տեղի ունենում։

Հիբրիդային աշխատանքն այլևս պարզապես «որտեղից աշխատել» հարց չէ

Հեռավար և հիբրիդային աշխատանքը Հայաստանում արդեն նորություն չէ։ Սակայն 2026-ին դրա շուրջ քննարկումը աստիճանաբար փոխվում է։

Խնդիրն այլևս միայն այն չէ՝ աշխատակիցը շաբաթվա քանի օրն է գրասենյակում լինելու։ Ավելի կարևոր են աշխատանքի կազմակերպման կանոնները, հաղորդակցության ձևերը, արդյունքների գնահատումը և թիմային կապի պահպանումը։

ՀՀ աշխատանքային օրենսգիրքը հեռավար աշխատանքի համար նախատեսում է համապատասխան իրավական կարգավորումներ, այդ թվում՝ աշխատանքի պայմանների վերաբերյալ գրավոր համաձայնության և աշխատանքի կազմակերպման հետ կապված մի շարք հարցերի ամրագրում։

Այսինքն՝ հիբրիդային աշխատանքը չի կարող սահմանափակվել «եկեք երեքշաբթի և հինգշաբթի գրասենյակ գանք» պայմանավորվածությամբ։

Այն պահանջում է նաև նոր կառավարման մշակույթ։


Երբ աշխատակցի ֆիզիկական ներկայությունը այլևս աշխատանքի կատարման միակ տեսանելի ցուցիչը չէ, ղեկավարի ուշադրությունն ավելի շատ տեղափոխվում է նպատակների, պատասխանատվության և արդյունքի վրա։

Սա, իր հերթին, HR-ից պահանջում է օգնել ընկերություններին ձևավորել այնպիսի մշակույթ, որտեղ վստահությունն ու հաշվետվողականությունը միմյանց հակադիր չեն։

Թվայնացումը հասնում է նաև ամենօրյա HR գործընթացներին

2026-ը Հայաստանի համար կարևոր է նաև աշխատանքային հարաբերությունների թվայնացման տեսանկյունից։

Աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային ձևակերպումը, աշխատակիցների տվյալների թվային կառավարումը և HR գործընթացների ավտոմատացումը աստիճանաբար նվազեցնում են թղթային ու ձեռքով կատարվող գործողությունների դերը։

Սակայն ցանկացած թվայնացման իրական արժեքը ոչ թե այն է, որ գործընթացը պարզապես տեղափոխվում է համակարգ, այլ այն, որ այն դառնում է ավելի պարզ, արագ և վերահսկելի։

Այդ պատճառով HR թվայնացումը միայն տեխնոլոգիական թիմի խնդիր չէ։ Այն պահանջում է նաև վերանայել այն գործընթացները, որոնք տարիներ շարունակ իրականացվել են նույն ձևով պարզապես այն պատճառով, որ «այդպես է ընդունված»։


Employee experience-ը սկսվում է առաջին շփումից

Աշխատակիցների ներգրավվածության և բարեկեցության մասին պատկերացումները ևս փոխվում են։

Աշխատակիցների համար կարևոր են ոչ միայն աշխատավարձը կամ բենեֆիթների փաթեթը։ Նրանց փորձը ձևավորվում է ամբողջ ճանապարհի ընթացքում՝ աշխատանքի առաջին դիմումից մինչև onboarding, ղեկավարի հետ հարաբերություններ, զարգացման հնարավորություններ, գնահատում և նույնիսկ ընկերությունից հեռանալու գործընթաց։

Այս պատճառով employee experience-ը դժվար է բարելավել մեկ նոր benefit ավելացնելով։

Եթե աշխատանքի ընդունման գործընթացը երկար է, onboarding-ը՝ անկազմակերպ, ղեկավարի հետ հետադարձ կապը՝ անկանոն, իսկ զարգացման հնարավորությունները՝ անհասկանալի, ապա նույնիսկ լավ բենեֆիթների փաթեթը չի լուծի ամբողջ խնդիրը։

2026-ին ավելի կարևոր է դառնում հասկանալ այդ ամբողջ ճանապարհը և տեսնել, թե որտեղ է աշխատակցի փորձը սկսում խաթարվել։

Կազմակերպական մշակույթը նույնպես ստիպված է փոխվել

AI-ը, հիբրիդային աշխատանքը և նոր հմտությունների պահանջը միայն տեխնոլոգիական կամ HR փոփոխություններ չեն։ Դրանք փոխում են նաև կազմակերպական մշակույթը։

Եթե աշխատակիցներին առաջարկվում է օգտագործել AI, բայց նրանց չեն սովորեցնում, թե ինչպես դա անել, տեխնոլոգիան կարող է ավելի շատ խառնաշփոթ ստեղծել, քան արդյունավետություն։

Եթե ընկերությունը հայտարարում է հիբրիդային աշխատանքի մասին, բայց շարունակում է աշխատակիցների արդյունավետությունը չափել միայն ֆիզիկական ներկայությամբ, նոր մոդելը դժվար թե աշխատի։

Եթե ընկերությունը խոսում է շարունակական ուսուցման մասին, բայց զարգացման հնարավորությունները կապում է միայն տարեկան մեկ դասընթացի հետ, ապա սովորելու մշակույթ ձևավորելը նույնպես դժվար կլինի։

Այս փոփոխությունները պահանջում են ոչ միայն նոր գործիքներ, այլև նոր մտածելակերպ։

2026-ի HR-ի գլխավոր փոփոխությունը տեխնոլոգիան չէ

Թեև AI-ը, տվյալները և թվայնացումը այս տարվա HR քննարկումների ամենատեսանելի թեմաներից են, ավելի խորքային փոփոխությունը մեկ այլ տեղ է։

HR-ի դերը աստիճանաբար տեղափոխվում է «մարդկանց սպասարկող գործառույթից» դեպի այնպիսի գործառույթ, որը պետք է օգնի ընկերությանը հասկանալ իր աշխատուժը և դրա ապագան։

Ովքե՞ր են մեզ պետք։ Ի՞նչ հմտություններով։ Որտեղի՞ց ենք նրանց գտնելու։ Ի՞նչ կարող ենք զարգացնել ներսում։ Ի՞նչն է ստիպում մարդկանց մնալ կամ հեռանալ։ Որտե՞ղ կարող է տեխնոլոգիան օգնել։ Եվ ամենակարևորը՝ ինչպե՞ս են այս բոլոր հարցերի պատասխանները կապված բիզնեսի նպատակների հետ։

Հենց այս հարցերն են 2026-ի HR օրակարգը դարձնում ավելի բարդ, բայց նաև ավելի ռազմավարական։

Հայաստանի աշխատաշուկայի համար սա նշանակում է, որ HR-ի հաջորդ փուլը միայն նոր գործիքների ներդրումը չէ։ Խոսքը տվյալների, տեխնոլոգիայի և մարդկային ներուժի միջև ավելի խելացի կապ ստեղծելու մասին է։