Խաղ. նավարկել ստեղծարարության մակարդակներում

Խաղ. նավարկել ստեղծարարության մակարդակներում

ԱԿԱննա Կոնջորյան
26 ապրիլի 2024
4 րոպե ընթերցում
550
Կիսվել հոդվածով

Շատերը կարծում են, թե ստեղծարարությունը կախարդանք է կամ հեքիաթային ձիրք, մարդը կա՛մ օժտված է այդ կախարդանքով, կա ՛մ՝ ոչ: Վերջին տարիներին իմ ուսումնասիրություններից, բազմաթիվ հայտնի և անհայտ մարդկանց օրինակներից եկա այն եզրահանգման, որ այդքան էլ այդպես չէ: Ստեղծարարությունն ամենուր է, և այն  հնարավոր է զարգացնել տվյալ ոլորտի նկատմամբ սիրո, աշխատասիրության, համառության միջոցով:

Խաղ գիտելիքի հետ

Ստեղծարարությունը սկսվում է այն պահից, երբ նկատում ենք կարևոր մանրուքներ ու «խաղ»-ի մեջ մտնում վերջիններիս հետ: Իսկ ինչպե՞ս:

«Խաղ» 1` դադար

Ստեղծարարության զարգացման կարևորագույն ասպեկտներից մեկը ոչ միայն նոր գիտելիք ստանալն է, այլև այդ գիտելիքի հետ կոգնիտիվ գործընթացների մեջ ներգրավվելը: Երբ մենք ձեռք ենք բերում նոր գիտելիք և համարում ենք այն արժեքավոր մեզ համար, այստեղ կարևոր է ուղղակի նրա կողքով չանցնել, դադար վերցնել: Անհրաժեշտ է միտումնավոր ջանքեր գործադրել՝ հասկանալու համար, թե ինչպես կարելի է այն կիրառել մեր աշխատանքում:
Երբ մենք որևէ կերպ չենք կապում այդ նոր գիտելիքը մեր աշխատանքի հետ կամ նախասիրությունների հետ, այն մնում է պասիվ տեղեկատվություն: Մեր երևակայությունն օգնում է մեզ փոխկապել նոր ձեռք բերած գիտելիքը: Նոր գիտելիքը երևակայության միջոցով մեր ոլորտի հետ փոխկապելու կոգնիտիվ գործընթացում ակտիվանում են մեր ստեղծարար ունակությունները:

«Խաղ 3»՝ անսպասելի կապեր

Ստեղծարարության բարձր դրսևորումներից մեկն այն է, երբ նկատում ենք առաջին հայացքից իրար հետ կապ չունեցող երկու երևույթների միջև թաքնված նմանություններ, համադրում այդ երևույթները և ստեղծում նորը:

Ստեղծարարության մակարդակներ

Էլիս Փոլ Թորենսը (1915-2003) ամերիկացի հոգեբան էր՝ հայտնի ստեղծարարության ոլորտում ունեցած իր բազմաթիվ հետազոտությունների և ներդրումների համար: Նա ստեղծել է մի հայեցակարգ, որը կոչվում է «Ստեղծարարության 4 մակարդակների հայեցակարգ» (4 C Levels): Այս հայեցակարգը ցույց է տալիս, թե ինչ փուլերից է բաղկացած մարդու ստեղծագործական զարգացումն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են կրթությունը, հոգեբանությունը, բիզնեսը:
Այս հոդվածում ես անդրադառնում եմ այս հայեցակարգին կազմակերպությունում աշխատող մարդու տեսանկյունից:

Ըստ Թորենսի՝ մարդ կարող է անցնել ստեղծագործական հետևյալ մակարդակները՝

Աննշան ստեղծարարություն (Mini C),

Փոքր ստեղծարարություն (Little C),

Հմուտ ստեղծագործողներ (Pro C),

Մեծ ստեղծագործողներ (Big C):

Մարդ հայտնվում է Mini-C ստեղծարարության մակարդակում, երբ ստանում է նոր տեսակի առաջադրանք կամ խնդիր, որից հետո պետք է իր իմացած գիտելիքների սահմանները հատի ու նորովի մտածի:
Այս մակարդակում աշխատակիցը կատարում է իր աշխատանքը և միևնույն ժամանակ շատ գիտելիքներ ձեռք բերում:
Կազմակերպության համատեքստում Mini-C ստեղծարարության մակարդակը սովորաբար չի հանգեցնում որևէ շոշափելի գիտելիքի կամ հայեցակարգի ստեղծմանը: Փոխարենն աշխատակցի համար հնարավորություն է ստեղծվում բախվել նոր մարտահրավերների և գրանցել անձնային աճ, ինչն, իհարկե, շատ կարևոր հիմք է ապագա ստեղծագործական ներդրումների համար: Այս մակարդակում հիմնականում սկսվում է «խաղ 1»-ը:

Ըստ Թորենսի՝ ստեղծարարության Big-C բարձրագույն մակարդակ հասած փոքրաթիվ մարդիկ բացառիկ ստեղծագործողներ են: Նրանք օժտված են հազվագյուտ առաջնորդական հմտություններով, հայտնի են իրենց հեռատեսությամբ, իրերին շատ բարձրից նայելու կարողությամբ, ունեն խորքային միջդիսցիպլինար գիտելիքներ:

Այս մարդիկ բացառիկ կարողություններ ունեն՝ նկատելու օրինաչափություններ ակնհայտորեն իրար հետ կապ չունեցող երևույթների միջև, միաձուլել դրանք և զարգացնել նոր հասկացություններ՝ նավարկելով բոլոր երեք «խաղերով»:
Այս ունակությունները թույլ են տալիս մարտահրավեր նետել գոյություն ունեցող հայեցակարգերին, մշակել նորերը և հաղթահարել դժվարություններն այսօրվա փոփոխվող աշխարհում:

Անցումը հաջորդ մակարդակ

Նախ՝ ազնվորեն ինքներս մեզ գնահատենք, թե որ մակարդակում ենք այս պահին գտնվում:

Արդյո՞ք կարողանում ենք ինքնուրույն խնդիրների համար լուծումներ մտածել,

Արդյո՞ք կարողանում ենք խնդիրներին ոչ սովորական տեսանկյուններից մոտենալ,

Արդյո՞ք որևէ նոր գիտելիք հայտնաբերելիս կարողանում ենք որսալ մտապատկերներ՝ այդ երևույթները մեր աշխատանքային տարածություն բերելու համար,

Արդյո՞ք մեր կամ հարակից ոլորտներում հետազոտությունների ժամանակ վերացական գաղափարներ և տեսություններ հանդիպելիս կարողանում ենք պատկերացնել դրանց պրակտիկ կիրառումը մեր աշխատանքի մեջ,

Արդյո՞ք կարող ենք բեկումնային լուծումներ առաջարկել, պայքարել ու հաղթահարել ճանապարհին հանդիպող դժվարություններն ու առարկությունները, որոնք հիմնականում անխուսափելի են:

Ամեն հաջորդ մակարդակ անցնելու համար անհրաժեշտ է զարգացնել հետաքրքրասիրությունը, մտավոր ճկունությունը և վճռականությունը, հատկապես, ստեղծարարության հայեցակարգի ավելի բարձր մակադակներում:
Ամեն հաջորդ մակարդակում առաջխաղացում ունենալու համար պահանջվում է մեծ նվիրվածություն, շարունակական ուսուցում, նախաձեռնողականություն, տոկունություն և, իհարկե, խաղալու հավես:

Նավարկելով ստեղծարարության շերտերով՝ մենք ոչ միայն զարգացնում ենք մեր կոգնիտիվ ունակությունները, գրանցում անձնային աճ, արժեք բերում մեր կազմակերպությանը, այլև բարձրացնում ենք մեր մտավոր բարեկեցությունը և կյանքի որակը:

Կիսվել հոդվածով

Աննա Կոնջորյան

Սեղծարար մտածողության պրակտիկ հետազոտող | «Վերելք» կենսագրական գրքի հեղինակ | «Ամիօ» բանկի կորպորատիվ մշակույթի բաժնի ղեկավար

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: