Երբ քեզ գրում են աշխատանքի առաջարկով․ դու աշխատանքն ե՞ս փոխում, թե՝ կյանքիդ ռիթմը
Արժե՞ փոխել աշխատանքը, երբ արդեն «լավ տեղում» եք։ Բացահայտեք կայուն աշխատանքի և աճի միջև ընտրության հոգեբանական նրբությունները և ինչպես կայացնել ճիշտ որոշում։
Կիսվել հոդվածով
Վերջին շրջանում հաճախ եմ լսում մի հարց՝ “Ինձ LinkedIn-ով գրել են աշխատանքի առաջարկով․ արժե՞ գնալ, թե ոչ”։
Առաջին հայացքից սա սովորական կարիերային հարց է։ Բայց իրականում այն շատ ավելի խորն է․ դա ընտրություն է ոչ միայն աշխատանքի, այլ նաև՝ ինքնության, հարմարավետության և ռիսկի միջև։
Երբ դու արդեն “լավ տեղում” ես
Ամենաբարդ որոշումները չեն լինում, երբ դժգոհ ես աշխատանքից։ Դրանք լինում են հենց այն ժամանակ, երբ՝
- ունես կայուն աշխատանք
- լավ աշխատավարձ
- կանխատեսելի միջավայր
- և արդեն կառուցված հեղինակություն
Այս վիճակը հոգեբանության մեջ հաճախ անվանում են “comfortable competence”՝ երբ դու լավ ես անում այն, ինչ անում ես, բայց հարց է առաջանում՝ իսկ սա՞ է վերջնակետը։
Եվ հենց այստեղ է, որ արտաքին առաջարկը դառնում է ոչ թե պարզապես հնարավորություն, այլ ներքին կոնֆլիկտ։
Կայունություն vs. Աճ
Յուրաքանչյուր նման առաջարկ իրականում բերում է նույն ընտրությանը՝
- Մնալ կարգավորված, կանխատեսելի համակարգում կամ
- Մտնել դինամիկ, ոչ միշտ կառուցված, բայց ավելի մեծ մասշտաբ ունեցող միջավայր
Սա դասական trade-off է՝ security vs. growth
Բայց կարևոր է հասկանալ՝ աճը միշտ չէ, որ “հարմար” է, իսկ հարմարությունը միշտ չէ, որ աճ է։
Ինչու է սա դժվար որոշում
Հոգեբանական մակարդակում մի քանի բան է միաժամանակ տեղի ունենում՝
1. Կորցնելու վախ (loss aversion) Մենք ավելի շատ ենք վախենում կորցնելուց, քան ուրախանում ենք հնարավոր շահից։ Կայուն միջավայրը թողնելը թվում է ավելի “վտանգավոր”, նույնիսկ եթե նոր հնարավորությունը ավելի մեծ է։
2. Ինքնության պահպանում Մարդը իրեն կապում է իր դերի և կազմակերպության հետ։ Աշխատանքը փոխելը հաճախ նշանակում է՝ “նորից ապացուցել ինձ”։
3. Վերահսկողության զգացում Կարգավորված միջավայրում մենք գիտենք խաղի կանոնները։ Նոր տեղում՝ այդ կանոնները դեռ պետք է հասկանալ կամ նույնիսկ ստեղծել։
Իսկ գործնականում ինչ է փոխվում Հատկապես, եթե խոսքը գնում է մեծ տեխնոլոգիական կամ արագ աճող ընկերությունների մասին, պետք է պատրաստ լինել՝
- ավելի բարձր արագության
- ոչ միշտ հստակ սահմանված դերերի
- decision-making-ի ավելի բարդ դինամիկայի
- և հաճախ՝ ավելի մեծ պատասխանատվության
Այսինքն՝ դու ոչ միայն “աշխատանք” ես փոխում, այլ նաև՝ խաղի կանոններ։
Արժե՞ ֆինանսապես
Սա այն դեպքերից է, երբ աշխատավարձը դառնում է ոչ թե պարզապես գումար, այլ ռիսկի չափիչ։
Եթե դու փոխում ես՝
- կայունություն → անորոշություն
- հարմարավետություն → ճնշում ապա դա պետք է ունենա իր “գինը”
Շատ պրոֆեսիոնալների համար առողջ մոտեցումը հետևյալն է՝ փոփոխությունը պետք է ունենա առնվազն 20–30% աճ, որպեսզի արդարացնի ռիսկը։
Բայց նույնիսկ այստեղ կարևոր է հիշել՝ փողը կարող է փոխհատուցել անհարմարությունը, բայց ոչ միշտ՝ սխալ ընտրությունը։
Որոշումը՝ ի վերջո
Այսպիսի առաջարկները պետք չէ ընդունել կամ մերժել միայն արտաքին չափանիշներով։
Ավելի կարևոր է հարց տալ ինքդ քեզ՝
- Ուզո՞ւմ եմ այս պահին ավելի շատ կառուցել, թե պահպանել
- Պատրա՞ստ եմ աշխատել ավելի բարձր անորոշության պայմաններում
- Ինձ հետաքրքիր է՞ լինել այն միջավայրում, որտեղ կանոնները դեռ ձևավորվում են
Եթե պատասխանը “այո” է՝ դա կարող է լինել քո կարիերայի հաջորդ լուրջ քայլը։
Եթե “ոչ”՝ մնալը նույնպես լիովին գիտակցված և ճիշտ ընտրություն է։
Վերջում
Աշխատանքի առաջարկը միշտ չէ, որ նշանակում է՝ “պետք է գնալ”։ Բայց գրեթե միշտ նշանակում է՝ ժամանակ է կանգ առնելու և վերանայելու՝ որտեղ ես և ուր ես ուզում գնալ կամ գուցե մնալ։
Եվ գուցե ամենակարևոր հարցը սա է՝ դու ընտրում ես անվտանգությո՞ւն, թե զարգացում։

