Ի՞նչն է ավելի արժեքավոր՝ մրցակիցներից մի փոքր ավելի լավը լինելը, թե՞ ստեղծել մի բան, որը մինչ այդ գոյություն չի ունեցել։ Ինչո՞ւ որոշ բիզնեսներ տարիներ շարունակ փորձում են առաջ անցնել մրցակիցներից, իսկ մյուսները ստեղծում են նոր շուկաներ՝ փոխելով խաղի կանոնները։

staffmedia.am-ում մենք շարունակում ենք ուսումնասիրել այն գաղափարներն ու մոտեցումները, որոնք փոխել են բիզնեսի, նորարարության և կառավարման վերաբերյալ մեր պատկերացումները՝ բացահայտելով հաջողակ ընկերությունների կառուցման սկզբունքներն ու երկարաժամկետ մտածողության կարևորությունը։

zero
Փիթեր Թիլի, Բլեյք Մասթերս

Եթե նախորդ շաբաթ անդարարձել էինք բանակցությունների արվեստի Քրիս Վոսի «Երբեք մի գնացեք փոխզիջման․ բանակցեք այնպես, կարծես ձեր կյանքը դրանից է կախված» գրքի միջոցով, ապա այս անգամ անդրադառնում ենք PayPal-ի համահիմնադիր և ներդրող Փիթեր Թիլի՝ Բլեյք Մասթերսի հետ համահեղինակած Zero to One: Notes on Startups, or How to Build the Future գրքին։ Հեղինակը ներկայացնում է ձեռնարկատիրության մի մոտեցում, որի հիմքում ընկած է պարզ, բայց ազդեցիկ գաղափար․ իրական առաջընթացը տեղի է ունենում ոչ թե գոյություն ունեցողը կրկնօրինակելիս, այլ երբ ստեղծում ենք մի բան, որը նախկինում չի եղել։ Թիլն ուսումնասիրում է, թե ինչպես են նորարարական գաղափարները վերածվում հաջող բիզնեսների, ինչու է մրցակցությունից դուրս մտածելն այդքան կարևոր, և ինչպես կարելի է կառուցել ընկերություններ, որոնք ոչ միայն արձագանքում են ներկա պահանջարկին, այլև ձևավորում ապագան։

Նախաբան․ Zero to One

Թիլը գրքի սկզբում ներկայացնում է իր հիմնական համոզմունքը․ ապագան կառուցելու համար բավարար չէ կրկնել այն, ինչն արդեն հաջողվել է ուրիշներին։

Անցյալի հաջողված օրինակները կարող են ոգեշնչել, բայց դրանց կույր կրկնօրինակումը չի երաշխավորում նույն արդյունքը։ Յուրաքանչյուր նորարարություն յուրահատուկ է, հետևաբար ձեռնարկատիրության համար գոյություն չունի հաջողության համընդհանուր բանաձև։

Հեղինակը կարևորում է ինքնուրույն մտածելու և այնպիսի հարցեր տալու կարողությունը, որոնք կօգնեն բացահայտել չօգտագործված հնարավորությունները։

Գլուխ 1․ Ապագայի մարտահրավերը (The Challenge of the Future)

Առաջընթացը կարող է լինել երկու տեսակի։

Հորիզոնական առաջընթացը նշանակում է ընդլայնել արդեն գոյություն ունեցողը՝ տարածել հաջողված լուծումները նոր շուկաներում կամ ավելացնել դրանց քանակը։ Ուղղահայաց առաջընթացը նշանակում է ստեղծել մի բան, որը նախկինում գոյություն չի ունեցել։

Օրինակ՝ նույն տեսակի հարյուր նոր արտադրամաս բացելը հորիզոնական առաջընթաց է, իսկ արտադրության գործընթացն ամբողջությամբ փոխող տեխնոլոգիա ստեղծելը՝ ուղղահայաց։

Թիլը երկրորդն է համարում իրական նորարարության հիմքը։ Նրա համոզմամբ՝ ապագան կառուցելու համար պետք է կարողանալ պատկերացնել ոչ միայն ավելի շատ, այլև սկզբունքորեն այլ լուծումներ։

Գլուխ 2․ Տոնիր այնպես, կարծես 1999 թվականն է (Party Like It's 1999)

Հեղինակը վերադառնում է dot-com փուչիկի ժամանակաշրջանին, երբ ինտերնետային ընկերությունների շուրջ չափազանց մեծ սպասումներ էին ձևավորվել, իսկ դրանց հաջորդած անկումը ստիպեց վերանայել բիզնես կառուցելու մոտեցումները։ Թիլը ցույց է տալիս, որ այդ ժամանակաշրջանի դասերը հետագայում վերածվեցին ստարտափների մասին տարածված համոզմունքների՝ առաջընթաց գրանցել փոքր քայլերով, պահպանել ճկունությունը, խուսափել մրցակցությունից և կենտրոնանալ արտադրանքի վրա։

Սակայն հեղինակը պնդում է, որ այս սկզբունքները միշտ չէ, որ ճիշտ են։ Երբեմն մեծ նպատակներ դնելը, երկարաժամկետ ծրագիր ունենալը և վաճառքի վրա ուշադրություն դարձնելը շատ ավելի կարևոր են, քան պարզապես ճկուն մնալն ու մրցակիցներից խուսափելը։

Գլխի հիմնական միտքը․ մի՛ ընդունեք բիզնեսի մասին տարածված խորհուրդները որպես անփոփոխ ճշմարտություններ։ Ստուգեք՝ արդյոք դրանք համապատասխանում են ձեր իրավիճակին։

Գլուխ 3․ Բոլոր հաջողակ ընկերությունները տարբեր են (All Happy Companies Are Different)

Ինչո՞ւ են որոշ ընկերություններ կարողանում կայուն շահույթ ստանալ, իսկ մյուսները ստիպված են անընդհատ պայքարել գոյատևելու համար։ Թիլի համոզմամբ՝ երկարաժամկետ հաջողություն ունեցող ընկերություններն առանձնանում են նրանով, որ ստեղծում են եզակի արժեք և ձեռք բերում մրցակիցներից պաշտպանված դիրք։

Հեղինակը ներկայացնում է նման առավելության չորս կարևոր աղբյուր՝ սեփական տեխնոլոգիա, ցանցային էֆեկտներ, մասշտաբի տնտեսում և ուժեղ բրենդ։

Սեփական տեխնոլոգիան կարող է արտադրանքը դարձնել էապես ավելի արդյունավետ, ցանցային էֆեկտները՝ ավելի արժեքավոր յուրաքանչյուր նոր օգտատիրոջ հետ, մասշտաբի տնտեսումը՝ նվազեցնել մեկ միավորի ծախսերը, իսկ բրենդը՝ ձևավորել ճանաչելիություն և վստահություն։

Այս առավելությունները կարող են օգնել ընկերությանը ձևավորել այնպիսի դիրք, որը մրցակիցների համար դժվար կլինի կրկնօրինակել։

Գլուխ 4․ Մրցակցության գաղափարախոսությունը (The Ideology of Competition)

Մրցակցությունը հաճախ դիտարկվում է որպես զարգացման գլխավոր շարժիչ։ Սակայն Թիլը պնդում է, որ չափազանց կենտրոնանալով մրցակիցների վրա՝ ընկերությունները կարող են կորցնել սեփական առանձնահատկությունը։ Երբ բոլորն առաջարկում են գրեթե նույն արտադրանքը, նրանք սկսում են պայքարել գնի, հաճախորդների և շուկայի մասնաբաժնի համար։ Արդյունքում մրցակցությունը կարող է նվազեցնել շահույթը՝ առանց հաճախորդին էապես ավելի մեծ արժեք տալու։

Հեղինակը հակադրում է այս իրավիճակին ստեղծարար մենաշնորհի գաղափարը․ ընկերությունը ստեղծում է եզակի լուծում, որը շուկայում առանձնահատուկ դիրք է զբաղեցնում։

Սա չի նշանակում, որ ցանկացած մենաշնորհ ցանկալի է կամ մրցակցությունն անօգուտ է։ Թիլի հիմնական միտքն այն է, որ բիզնեսի նպատակը չպետք է լինի պարզապես մրցակցից առաջ անցնելը։ Այն պետք է ստեղծի այնպիսի արժեք, որը մրցակիցները չեն կարող հեշտությամբ կրկնել։

Գլուխ 5․ Վերջինը լինելու առավելությունը (Last Mover Advantage)

Հաճախ հաջողության հասնելու համար փորձում են առաջինը մտնել շուկա։ Թիլը, սակայն, կարևորում է ոչ թե առաջինը լինելու, այլ երկարաժամկետ առավելություն պահպանելու կարողությունը։ Ընկերությունը կարող է առաջինը ստեղծել որևէ ապրանք, բայց դա դեռ չի նշանակում, որ այն կդառնա շուկայի առաջատարը։ Ավելի կարևոր է կառուցել բիզնես, որը տարիներ շարունակ կպահպանի իր արժեքը և եկամուտ ստեղծելու կարողությունը։

Այդ նպատակով հեղինակը խորհուրդ է տալիս ուսումնասիրել շուկայի չափը, աճի հնարավորությունները, մրցակցային առավելությունները և այն գործոնները, որոնք կարող են պաշտպանել բիզնեսը նոր մրցակիցներից։

Հարցը ոչ թե այն է, թե ով առաջինը կհասնի շուկա, այլ՝ ով կկարողանա այնտեղ մնալ և պահպանել իր առավելությունը։

Գլուխ 6․ Դուք վիճակախաղի տոմս չեք (You Are Not a Lottery Ticket)

Այս գլխում Թիլը քննարկում է ապագայի նկատմամբ մեր վերաբերմունքը և տարբերակում լավատեսության երկու տեսակ։ Անորոշ լավատեսությունը ենթադրում է հավատալ, որ ապագան լավը կլինի, բայց չունենալ հստակ պատկերացում, թե ինչպես հասնել դրան։ Որոշակի լավատեսությունը ենթադրում է հավատալ, որ ապագան կարելի է բարելավել կոնկրետ ծրագրերի և գիտակցված գործողությունների միջոցով։

Հեղինակը նախընտրում է երկրորդ մոտեցումը։ Նրա համոզմամբ՝ մեծ արդյունքները սովորաբար չեն առաջանում միայն բարենպաստ պայմանների սպասելուց։ Դրանք պահանջում են նպատակների հստակեցում, երկարաժամկետ պլանավորում և այդ ծրագրերն իրականացնելու հետևողականություն։

Այս գաղափարը վերաբերում է ոչ միայն բիզնեսին, այլև մասնագիտական զարգացմանը․ կարիերայի աճը միայն հնարավորությունների սպասելը չէ, այլ նաև այն հմտությունների և փորձի զարգացումը, որոնք կօգնեն հասնել ցանկալի արդյունքին։

Գլուխ 7․ Հետևեք փողին (Follow the Money)

Թիլը ներկայացնում է ներդրումների և եկամտաբերության բաշխման կարևոր օրինաչափություն՝ արդյունքները հաճախ բաշխվում են անհավասարաչափ։

Վենչուրային ներդրումների ոլորտում մի քանի չափազանց հաջողված ընկերություններ կարող են ապահովել ամբողջ պորտֆելի եկամտի մեծ մասը։ Նույնիսկ եթե ներդրումների մեծ մասը միջին արդյունք է գրանցում կամ ձախողվում, մեկ բացառիկ հաջողությունը կարող է էական ազդեցություն ունենալ ընդհանուր արդյունքի վրա։

Հեղինակը սա անվանում է ուժի օրենք (Power Law) և պնդում, որ այն պետք է հաշվի առնել ներդրումային որոշումներ կայացնելիս։

Այս սկզբունքը նաև հիշեցնում է, որ բոլոր հնարավորություններն ու նախագծերը պարտադիր չէ, որ նույն արժեքն ունենան։ Երբեմն մեկ իսկապես կարևոր ուղղության վրա կենտրոնանալը կարող է ավելի մեծ արդյունք տալ, քան բազմաթիվ նախաձեռնությունների միջև ռեսուրսները հավասարապես բաշխելը։

Գլուխ 8․ Գաղտնիքներ (Secrets)

Ինչպե՞ս գտնել այնպիսի բիզնես գաղափար, որը դեռ ոչ ոք չի իրականացրել։

Թիլի պատասխանը գաղտնիքներ փնտրելն է՝ բացահայտել ճշմարտություններ, հնարավորություններ կամ խնդիրներ, որոնք շատերը չեն նկատել կամ չեն համարել կարևոր։

Հեղինակը տարբերակում է բնության մասին գաղտնիքներն ու մարդկանց մասին գաղտնիքները։ Առաջինները վերաբերում են դեռ չբացահայտված գիտական կամ տեխնոլոգիական հնարավորություններին, իսկ երկրորդները՝ մարդկանց վարքագծին, կարիքներին և հասարակության մեջ գործող չնկատված օրինաչափություններին։

Նոր բիզնեսի հիմքում կարող է լինել մի խնդիր, որը բոլորը տեսնում են, բայց ոչ ոք բավարար չափով չի լուծում։ Կարևոր է ոչ միայն նկատել այդ հնարավորությունը, այլև համարձակվել գործել՝ այն ստուգելու և իրական արժեքի վերածելու համար։

Գլուխ 9․ Հիմքեր (Foundations)

Ընկերության ապագան մեծապես կախված է այն հիմքերից, որոնց վրա այն կառուցվում է։

Թիլը կարևորում է հիմնադրման փուլում ընդունված որոշումները՝ համահիմնադիրների ընտրությունը, դերերի հստակ բաժանումը, սեփականության կառուցվածքը և կառավարման համակարգը։

Նա առանձնացնում է երեք հասկացություն՝ սեփականության իրավունք, վերահսկողություն և ընկերության ամենօրյա կառավարում։ Դրանք տարբեր դերեր են, որոնք պետք է ճիշտ բաշխվեն, որպեսզի ընկերությունը կարողանա արդյունավետ գործել։

Վաղ փուլում ընդունված սխալ որոշումները կարող են տարիներ անց վերածվել լուրջ խնդիրների։ Հետևաբար ընկերության հիմքերը պետք է կառուցել ոչ միայն ներկա կարիքները հաշվի առնելով, այլև պատկերացնելով դրա ապագա աճը։

Գլուխ 10․ «Մաֆիայի» մեխանիկան (The Mechanics of Mafia)

Այս գլխում Թիլը խոսում է թիմի, կազմակերպական մշակույթի և այն մարդկանց մասին, որոնք միասին կառուցում են ընկերությունը։

Նա անդրադառնում է PayPal-ի թիմի փորձին, որտեղ աշխատակիցներին միավորում էին ընդհանուր նպատակն ու ընկերության հաջողության նկատմամբ անձնական ներգրավվածությունը։

Ուժեղ թիմը պարզապես բարձր որակավորում ունեցող մասնագետների հավաքածու չէ։ Այն մարդիկ են, որոնք հասկանում են՝ ինչու են աշխատում միասին, վստահում են միմյանց և կիսում են ընդհանուր նպատակը։

Հեղինակը նաև ընդգծում է, որ աշխատակիցների ներգրավման ժամանակ կարևոր է ոչ միայն գնահատել նրանց հմտությունները, այլև կարողանալ բացատրել, թե ինչու է տվյալ ընկերությունը ճիշտ միջավայր հենց նրանց համար։

Այսպիսով, կազմակերպական մշակույթը միայն արժեքների մասին հայտարարություն չէ․ այն ձևավորվում է մարդկանց ընտրությամբ, ընդհանուր նպատակներով և ամենօրյա համագործակցությամբ։

Գլուխ 11․ Եթե կառուցեք, արդյոք նրանք կգա՞ն (If You Build It, Will They Come?)

Լավ արտադրանք ստեղծելը հաջողության անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է։ Թիլը քննադատում է այն համոզմունքը, թե եթե ապրանքը բավականաչափ լավն է, հաճախորդներն իրենք կգտնեն այն։ Իրականում բիզնեսը պետք է ունենա նաև հստակ ռազմավարություն՝ արտադրանքը ճիշտ լսարանին հասցնելու համար։

Հեղինակը քննարկում է վաճառքի և բաշխման տարբեր ձևերը՝ ուղղակի վաճառքից մինչև լայն լսարանի համար նախատեսված մարքեթինգային ու վիրուսային տարածման մեխանիզմներ։

Տարբեր ապրանքներ պահանջում են տարբեր մոտեցումներ։ Բարդ կորպորատիվ լուծումների վաճառքը կարող է պահանջել երկար բանակցություններ և վստահության կառուցում, մինչդեռ սպառողական թվային արտադրանքի տարածումը կարող է կախված լինել օգտատերերի ակտիվությունից և ցանցային էֆեկտներից։

Արտադրանքի արժեքը և այն տարածելու կարողությունը միասին են ձևավորում բիզնեսի հաջողությունը։

Գլուխ 12․ Մարդը և մեքենան (Man and Machine)

Թիլը քննարկում է տեխնոլոգիայի և մարդկային կարողությունների փոխհարաբերությունը՝ հակադրվելով այն մտքին, թե մեքենաների զարգացումը պարտադիր նշանակում է մարդկանց փոխարինում։

Նրա առաջարկած մոտեցմամբ՝ համակարգիչներն ու մարդիկ կարող են լրացնել միմյանց կարողությունները։ Մեքենաները արդյունավետ են մեծ ծավալի տվյալների մշակման, կրկնվող գործողությունների կատարման և օրինաչափությունների հայտնաբերման մեջ, իսկ մարդիկ կարող են կիրառել դատողություն, ստեղծարարություն և համատեքստի ըմբռնում։

Այս համադրությունը նոր հնարավորություններ է ստեղծում բիզնեսի համար։ Փոխանակ տեխնոլոգիան դիտարկելու միայն որպես աշխատուժը կրճատելու միջոց՝ ընկերությունները կարող են օգտագործել այն մարդկանց աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու համար։

Գլխի կարևոր ուղերձն այն է, որ տեխնոլոգիական առաջընթացը կարող է ընդլայնել մարդկային հնարավորությունները, եթե ճիշտ կառուցենք մարդու և մեքենայի համագործակցությունը։

Գլուխ 13․ Կանաչ տեսլականը (Seeing Green)

Այս գլխում հեղինակը ուսումնասիրում է մաքուր տեխնոլոգիաների ոլորտի մի շարք անհաջողություններ և փորձում հասկանալ, թե ինչու լավ գաղափարներն ու հասարակական կարևորությունը միշտ չէ, որ վերածվում են հաջող բիզնեսի։

Թիլը պնդում է, որ նույնիսկ բնապահպանական խնդիր լուծելու նպատակ ունեցող ընկերությանը անհրաժեշտ են կայուն մրցակցային առավելություն, իրատեսական շուկա և արդյունավետ բիզնես մոդել։

Նա առաջարկում է ցանկացած նոր բիզնես գաղափար գնահատել յոթ հարցի միջոցով․ Տեխնոլոգիա․ կարո՞ղ եք ստեղծել էապես ավելի լավ լուծում։

Ժամանակի ընտրություն․ արդյո՞ք ճիշտ ժամանակն է շուկա մտնելու համար։

Մենաշնորհային դիրք․ կարո՞ղ եք սկսել փոքր շուկայից և այնտեղ առաջատար դառնալ։

Մարդիկ․ ունե՞ք ճիշտ թիմ։

Բաշխում․ կարո՞ղ եք արտադրանքը հասցնել հաճախորդներին։

Երկարակեցություն․ կարո՞ղ եք պահպանել առավելությունը երկարաժամկետ հեռանկարում։

Գաղտնիք․ արդյո՞ք բացահայտել եք արժեքավոր հնարավորություն, որը մյուսները չեն նկատել։

Այս հարցերը կիրառելի են ոչ միայն կանաչ տեխնոլոգիաների, այլև ցանկացած նոր բիզնես գաղափարի գնահատման համար։

Գլուխ 14․ Հիմնադրի պարադոքսը (The Founder's Paradox)

Գրքի վերջին գլուխը կենտրոնանում է հիմնադիրների և նրանց անհատական հատկանիշների վրա։

Թիլը նշում է, որ հաջողակ հիմնադիրները հաճախ առանձնանում են իրենց մտածողությամբ, վարքագծով և աշխարհը դիտարկելու ձևով։ Նրանց որոշ հատկանիշներ կարող են միաժամանակ լինել և՛ առավելություն, և՛ ռիսկ։

Օրինակ՝ ուժեղ համոզմունքներն ու նպատակին նվիրվածությունը կարող են օգնել հաղթահարել դժվարությունները, բայց չափազանց մեծ ինքնավստահությունը կարող է նաև խանգարել ընդունել քննադատությունը կամ վերանայել սխալ որոշումները։

Հեղինակը չի առաջարկում հիմնադրի իդեալական բնավորության միասնական մոդել։ Փոխարենը ցույց է տալիս, որ ընկերության հիմնադրի առանձնահատկությունները հաճախ սերտորեն կապված են կազմակերպության զարգացման հետ։

Հետևաբար կարևոր է ոչ միայն ունենալ հստակ տեսլական, այլև հասկանալ սեփական ուժեղ ու թույլ կողմերը և ստեղծել այնպիսի թիմ ու կառավարման համակարգ, որոնք կօգնեն պահպանել հավասարակշռությունը։

Եզրակացություն․ Լճացո՞ւմ, թե՞ եզակի առաջընթաց (Stagnation or Singularity?)

Գրքի եզրափակիչ մասում Թիլը վերադառնում է ապագայի մասին հիմնական հարցին․ արդյոք մարդկությունը կշարունակի ապրել արդեն հայտնի լուծումների ընդլայնմամբ, թե կկարողանա ստեղծել նոր տեխնոլոգիաներ և հնարավորություններ։ Նա տեխնոլոգիական առաջընթացը դիտարկում է որպես ապագան փոխելու կարևոր միջոց։ Սակայն այդ առաջընթացը ինքնաբերաբար տեղի չի ունենում։ Այն պահանջում է մարդկանց, որոնք պատրաստ են մտածել անկախ, բացահայտել չլուծված խնդիրները և կառուցել այն, ինչ դեռ գոյություն չունի։

Գրքի ուղերձը վերաբերում է ոչ միայն ստարտափներին։ Ցանկացած կազմակերպություն կամ մասնագետ կարող է ընտրել՝ պարզապես հետևե՞լ ընդունված մոտեցումներին, թե՞ փորձել գտնել նոր լուծումներ։

Ի՞նչ սովորել Zero to One-ից

Փիթեր Թիլի և Բլեյք Մասթերսի գիրքը հիշեցնում է, որ նորարարությունը միայն նոր գաղափար ունենալը չէ։ Այն ենթադրում է ինքնուրույն մտածել, բացահայտել չլուծված խնդիրներ, ստեղծել եզակի արժեք, ձևավորել ուժեղ թիմ և հասկանալ, թե ինչպես այդ արժեքը հասցնել մարդկանց։

Բիզնեսի համար սա նշանակում է չսահմանափակվել մրցակիցներից ավելի լավը լինելու ձգտմամբ։ Կարիերայի համար՝ զարգացնել այնպիսի կարողություններ, որոնք տարբերակում են ձեզ մյուս մասնագետներից։ Իսկ ցանկացած նոր նախագծի համար՝ նախքան լուծում ստեղծելը հասկանալ, թե իրականում ինչ խնդիր եք փորձում լուծել։

Իսկ ամենակարևոր հարցը մնում է նույնը․ ի՞նչ արժեքավոր բան կարող եք ստեղծել, որը դեռ ոչ ոք չի ստեղծում։