Հաջողության անտեսանելի ձեռքերը | Կանայք՝ մեծ նվաճումների հետևում

Հաջողության անտեսանելի ձեռքերը | Կանայք՝ մեծ նվաճումների հետևում

Sstaffmedia.am
7 մարտի 2025
5 րոպե ընթերցում
349
Կիսվել հոդվածով

Աշխարհն ամեն օր գրանցում է նոր հաջողություններ, բայց միշտ չէ, որ տեսանելի են այն ձեռքերը, որոնք բացում են այդ հաջողության դռները։ Գիտության, արվեստի և անգամ քաղաքականության ամենավառ կերպարների հետևում հաճախ կանգնած են կանայք՝ առանց մեծ պաշտոնների կամ հռչակի, բայց անսահման իմաստությամբ և նվիրվածությամբ: Հանճարեղ գիտնականների բացահայտումները, երաժիշտների անմահ ստեղծագործությունները, քաղաքական առաջնորդների պատմական որոշումները հաճախ ձևավորվել են հենց այս կանանց ներդրումներով: Դե ինչ, եկեք միասին բացահայտենք այս բացառիկ կանանց պատմությունները։

Միլևա Մարիչ

Երբ խոսում ենք Ալբերտ Էյնշտեյնի մասին, առաջին հերթին մտաբերում ենք հանճարեղ գիտնականի կատարած հայտնագործությունները: Սակայն քչերին է հայտնի, որ Էյնշտեյնի հաջողակ գիտական կարիերայի հետևում կանգնած էր մի կին՝ Միլևա Մարիչը, որի դերը մինչ օրս շարունակում է մնալ չբացահայտված:

Սակայն պաշտոնական գրառումներում Միլևայի անունը երբեք չի նշվել: Նրանց ամուսնությունը, երեխաները, գիտական քննարկումները՝ ամեն ինչ ստեղծվել է փոխադարձ հարգանքի և համագործակցության հիման վրա:1919 թվականին, ամուսնալուծությունից հետո, Էյնշտեյնը Նոբելյան մրցանակի ողջ գումարը փոխանցեց Միլևային՝ առանց բացատրելու պատճառը։ Շատերը դա համարում են գաղտնի գործարք՝ կնոջ գիտական ներդրման համար փոխհատուցման տեսքով։

Միլևան երբեք չհայտնվեց գիտական ասպարեզում։ Նրա անունը չփայլեց հոդվածների վերնագրերում, բայց նրա հնարավոր ներդրումը շարունակում է քննարկվել գիտական հանրության կողմից։

Էդիթ Պիաֆ

Հազիվ թե գտնվի մեկը, ով չի լսել Շառլ Ազնավուրի հոգեթով ստեղծագործությունները։ Սակայն բոլորը չէ որ գիտեն նրա կարիերայի հաջողության պատմությունը։ Ազնավուրը իր հարցազրույցներում հաճախ էր խոսում Էդիթ Պիաֆի մասին, ում դերը նրա կյանքում և մասնագիտական կարիերայում եղել է ոչ միայն մենթորի, այլև ճակատագրական մարդու։

Հետագայում Ազնավուրն ինքն էր խոստովանում, որ առանց Պիաֆի հովանավորության և խրախուսանքի, իր կարիերան կարող էր այդպես էլ չսկսվել։ Պիաֆը ոչ միայն դռներ բացեց նրա առջև, այլև փոխանցեց արվեստի հանդեպ ունեցած իր կիրքն ու անսահման նվիրումը։

Այսօր Շառլ Ազնավուրի անունը փայլում է համաշխարհային երաժշտության պատմության էջերում, իսկ Էդիթ Պիաֆի խորը ազդեցությունն այդ պատմության, անկասկած, կարևոր մաս է կազմում։

Միշել Օբամա

Աշխարհի ամենահայտնի զույգերից մեկը՝ Բարաք և Միշել Օբամաները, ոչ միայն օրինակ են ընտանիքի ներդաշնակության, այլև գործընկերային հարաբերությունների, որտեղ մեկը մյուսի հաջողության գլխավոր շարժիչն է։ Նրանց պատմությունը սկսվել է 1991 թվականին, երբ Բարաք Օբաման աշխատանքի է անցնում «Sidley & Austin» փաստաբանական ընկերությունում, որտեղ նրա ղեկավարն էր Միշել Օբաման։ Միշելը առաջին իսկ օրվանից աչքի էր ընկնում իր խելքով, նպատակասլացությամբ և առաջնորդելու հմտություններով։ Հենց նա էր այն մարդը, ով սկզբում աջակցել է Օբամային մասնագիտական զարգացման ճանապարհին՝ դառնալով նրա առաջին խորհրդատուներից մեկը։

Բարաք Օբաման բազմիցս նշել է, որ առանց Միշելի աջակցության և հավատարմության, իր քաղաքական հաջողությունը անհնար կլիներ։ Նրանք միասին ապացուցեցին, որ ամուր հարաբերությունները կարող են դառնալ ոչ միայն անձնական, այլև հասարակական հաղթանակի հիմք։

Կլարա Հակոբյան-Ջոբս

Մայրական սիրո  զորությունը կարող է փոխել մարդկային ճակատագրեր: Սթիվ Ջոբսի կյանքի և կարիերայի պատմությունը լավագույնս փաստում է այս արտահայտության ճշմարտացիությունը։ 1955 թվականին, երբ Փոլ Ջոբսը և Կլարա Ջոբսը (Կլարա Հակոբյան) որդեգրեցին փոքրիկ Սթիվին, չէին կարող պատկերացնել, որ մեծացնում են ապագա տեխնոլոգիական հեղափոխության նշանավոր հիմնադրին:

Կլարա Հակոբյանի և Սթիվ Ջոբսի պատմությունը՝  ոչ միայն մայրական սիրո, այլև մարդկային ներուժի հաղթանակի մասին պատմություն է: 


Նրանք՝ ուժեղ, խելացի և համարձակ կանայք, ապացուցել են, որ իսկական ներդրումը չի չափվում անուններով կամ պաշտոններով: Նրանք փոխել են աշխարհը՝ հավատալով, սիրելով և ոգեշնչելով: 


Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: