Gen Z - գլխացավանք, թե հայելի՞
Gen Z-ը ոչ թե գլխացավանք է, այլ հայելի՝ հնացած կառավարման համար։ Բացահայտեք, թե ինչպես վերաձևափոխել առաջնորդությունը, ճկունությունն ու տեխնոլոգիաները աշխատավայրում։
Gen Z - գլխացավանք, թե հայելի՞
Վերջին տարիներին անընդհատ լսում ենք, երբեմն նույնիսկ ինքներս կրկնում ենք, որ Gen Z-ը չի ուզում աշխատել, նրանք միայն պահանջատեր են, ամեն տարի փոխում են աշխատանքը, նրանց անհնար է կառավարել, ենթարկվող չեն և այլն:
Ես ևս երբեմն լինում եմ բողոքական, բայց վերջերս GenZ-ի մի քանի փայլուն աշխատակցի հետ շփվելիս ու նաև իմ երեխաներին վերլուծելիս հասկացա, որ խնդիրը GenZ-ի մեջ չէ, քանի որ յուրաքանչյուր սերունդ ավելի դժվար է հասկանում հաջորդներին։ Մեղադրանքների փոխարեն, մի փոքր համեմատական անցկացրի մեր ժամանակների և արդի աշխատաշուկայի միջև ու հասկացա, որ որոշ բաներ էականորեն փոխվել են, ու մենք, չենք առնչվել այն իրավիճակների հետ, որ կա այսօր, այստեղից էլ գալիս է իրար չհասկանալու տենդենցը։
Եվ այսպես, եկեք հասկանանք, թե ինչն է փոխվել աշխատանքում, ինչի հետ նախորդ սերունդները երբեք ստիպված չեն եղել առնչվել:
Տեղեկատվության առատություն
Gen Z-ն առաջին սերունդն է, որը մտել է աշխատաշուկա՝ մեծանալով տեղեկատվության, սոցիալական մեդիայի, արհեստական բանականության (ԱԲ), հեռավար աշխատանքի և մշտական գլոբալ անորոշության անսահմանափակ հասանելիությամբ։ Նրանք ձեր ընկերությունը չեն համեմատում ձեր մրցակիցների հետ. նրանք այն համեմատում են լավագույն միջազգային ընկերությունների հետ, որոնց մասին ունեն բավականին ինֆորմացիա։ Վերջերս GenZ թեկնածուներից մեկը հարցրեց, թե մենք արդյոք չափում ենք ընկերության eNPS-ը։ Լսելով իմ դրական պատասխանը, հարցրեց, թե որտեղ կարող է կարդալ դրա մասին, իմանալով, որ մենք դա չենք հրապարակում, հարցնում է, իսկ ինչու չենք հրապարակում արդյունքները այնպես, ինչպես դա անում են AT&T, Vodafon, Orange ընկերությունները։ Եվ սա 26 տարեկան թեկնածուի հարցադրում է։ Հիշենք, թե ինչպիսին էինք մենք 26 տարեկանում և որն էր լավագույն գործատուի մեր չափանիշը։ Եվ հենց այսպիսի տեղեկատվության առատությունը այսօր փոխում է առաջնորդության կանոնները։
Առաջնորդություն
Նոր սերունդը ղեկավար (boss) չի ուզում ու չի ընդունում։ Նրանք ուզում են քոուչինգի ոճով աշխատող ղեկավար, որովհետև հավատացած են, որ ունեն մեծ պոտենցիալ։
Նախորդ սերունդները հաճախ հաշտվում էին հիերարխիայի հետ, քանի որ կազմակերպություններն ուղղակի այդպես էին աշխատում։ GenZ-ն ի սկզբանե կասկածի տակ է դնում հիերարխիան։ Ոչ թե այն պատճառով, որ նրանք չեն հարգում հեղինակությունը, այլ որովհետև կարծում են, որ հարգանքը պետք է վաստակել, այլ ոչ թե ժառանգել պաշտոնի հետ միասին։ Այն ղեկավարները, ովքեր հույսը դնում են «որովհետև ես այդպես եմ ասում» մոտեցման վրա, գրեթե ակնթարթորեն կորցնում են վստահությունը։ Ինձ ծանոթ ղեկավարներից մեկը պատմում է , որ բարձր տոնով խոսում է աշխատակցի հետ, վերջինս մեղադրելով հարցնում է, թե ինչու ես գոռում ինձ վրա։ Ղեկավարը ասում է՝ լավ եմ անում, ես քո ղեկավարն եմ, սխալ ես արել, գոռում եմ։ Ի պատասխան երիտասարդ աշխատակիցը շատ ինքնավստահ, նայելով աչքերի մեջ ասում է, որ դու իմ ղեկավարը չես, գործի ղեկավարն ես, ու ինձ հետ նման տոնով խոսելու իրավունք չունես, հանգիստ ասա, հասկանամ, թե սխալս որն է։
Ղեկավարները, ովքեր բացատրում են «ինչու»-ն, անընդհատ զարգացնող հետադարձ կապ են տրամադրում, վաստակում են նոր սերնդի նվիրվածությունը։ Նոր սերունդը ավելի բաց է հետադարձ կապին, և ավելի անկաշկադ էլ հետադարձ կապ է տալիս, նույնիսկ ղեկավարներին։ Այն ղեկավարները, ովքեր ընդունում են սխալները, հաճախ ավելի շատ վստահություն են ձեռք բերում, քան նրանք, ովքեր ձևացնում են, թե ունեն բոլոր հարցերի պատասխանները ու ամենագետ են։
GenZ-ին հարցրի, թե ով է իրենց համար ղեկավարը։ Պատասխանը ինձ իրավամբ հետաքրքիր թվաց՝ լավ ղեկավարը GPS է, որ պետք է անընդհատ ուղղություն ցույց տա, անընդհատ։ Պատկերացրեք, որ օգտվում եք GPS-ից, որը ձեր երթուղին թարմացնում է միայն տարին մեկ անգամ, կամ ընդհանրապես չի թարմացնում։ Բա, գիտեիք, որ մեզ GPS -ի հետ են համեմատում։)
Նրանք մեծացել են՝ ստանալով ակնթարթային արձագանքներ, իրական ժամանակում տրվող գնահատականներ և շարունակական թարմացումներ։ Լայքերն ու սրտիկները նրանց համար ակնթարթային հետադարձ կապ են, իսկ դրանց բացակայությունը՝ դեմոտիվացնող։
Անձնական զարգացում և կարիերայի աճ
Զարգացումն ու աճը ավելի կարևոր են, քան աշխատանքի կայունությունը։
Միլենիալներն ուզում են առաքելություն, իմաստ, միտք, որի հետևից կգնան։ Gen Z-ն ուզում է առաջընթաց։ Նրանք ավելի լայն ու գլոբալ են մտածում։ Եթե նրանք դադարում են սովորել, սկսում են փնտրել միջավայր, որտեղ կաճեն ու կզարգանան։ Կազմակերպությունները հաճախ սա մեկնաբանում են որպես ցածր նվիրվածություն։
Իրականում սա լճացման նկատմամբ ցածր հանդուրժողականություն է։ Եթե կային հեռավոր ժամանակներ, երբ նույն ընկերությունում թոշակավորվելը մեծ ձեռքբերում էր, ապա նույնիսկ միլենիալները դա չեն հանդուրժում, էլ ուր մնաց GenZ-ը։ Եթե չեմ աճում, ուրեմն ժամանակս անիմաստ վատնում եմ, սա է նոր սերնդի մոտեցումը աշխատանքին։
Ճկունություն
Ճկունությունն այլևս արտոնություն չէ։ Դա էկոհամակարգ է։ Ճկուն աշխատանքը միայն տնից աշխատելու մասին չէ։ Այն ինքնավարության մասին է։
Վստահել չափահաս մարդկանց՝ որոշելու, թե երբ, որտեղ և ինչպես նրանք ստեղծեն իրենց լավագույն արդյունքը, ուղերձ է վստահության ու հավատի մասին։
Միկրոկառավարումը հակառակ ուղերձն է ուղարկում։ Gen Z-ն մեծացել է՝ տեսնելով առաջնորդների LinkedIn-ում, գործադիր տնօրենների՝ փոդքաստներում և հիմնադիրների, ովքեր հրապարակայնորեն կիսվում են իրենց ձախողումներով, նվաճումներով, խորհուրդներով։ Իրենց օրինակները դասագրքային չեն, այլ իրական կյանքից են։ Նոր սերնդին ոգեշնչում են ոչ թե կարգախոսները, այլ անկեղծությունն ու թափանցիկությունը, ճկունությունը՝ թե աշխատաժամանակի, թե աշխատավայրի, թե հագուկապի, թե կյանքի մասին, իզուր չէ, որ àgile-ը այսօր տարածված բառ է։
Տեխնոլոգիներ
Տեխնոլոգիան ձևավորում է ակնկալիքներ։ ԱԲ-ն Gen Z-ի համար ապագայի միտում չէ։ Այն այսօրվա արտադրողականության գործիքն է։
Եթե աշխատակիցները ժամեր են ծախսում կրկնվող վարչական աշխատանքներ կատարելու վրա, մինչդեռ ԱԲ-ն կարող է վերացնել դրանք, նոր սերունդը ասում է, որ դուք հին եք, քարե դարի գործիքակազմով։ Եվ սրա մեջ ճշմարտություն կա, ինչ խոսք։
Այն կազմակերպությունները, որոնք մտածված կերպով ընդունում են նոր տեխնոլոգիաներ, ավելի արագ են ներգրավում տաղանդներին, քան նրանք, ովքեր փորձում են պահպանել աշխատանքի հնացած ձևերը։
Վերոհիշյալ դիտարկումներից ելնելով ուզում եմ, խոսել այն թակարդի մասին, որի մեջ կազմակերպությունները հաճախ են ընկնում։ Դա «Gen Z նախաձեռնություններ»-ով ոգևորվելն է, օրինակ՝ հատուկ արտոնություններ, Պինգ-պոնգի սեղաններ, մերսումներ, հյուրասիրություններ և այլն։
Սրանք վատ գաղափարներ չեն։ Բայց դրանք հազվադեպ են լուծում իրական խնդիրը։
Մարտահրավերը Gen Z-ին հասկանալն ու սիրաշահելը չէ, այլ առաջնորդության վերաձևավորումն է և ներդրումը տեխնոլոգիական նորարարությունների մեջ։
Քանի որ աշխատավայրը, որտեղ ցանկանում է Gen Z-ն աշխատել այն վայրն է, որտեղ կա հստակ, պարզ ու թափանցիկ հաղորդակցություն, հետադարձ կապի մշակույթ, ճկունություն, շարունակական ուսուցում և մարդկային ղեկավարներ, ինչքան էլ նրանց GPS-ի հետ համեմատեն։)
Ստացվում է, որ նոր սերունդը լակմուսի թուղթ է, որը ցույց է տալիս այն պահերը, որոնք հնաոճ են ու արդեն արդյունավետ չեն աշխատում ու հիմնական մարտահրավերը, որն այսօր կանգնած է կազմակերպությունների առջև, հետևյալն է՝ արդյո՞ք մենք պատրաստ ենք դառնալ այնպիսի կազմակերպություն, որին կընտրի հաջորդ սերունդը և նրան հաջորդող յուրաքանչյուր սերունդ, որոնք էլի ավելի տարբեր ու յուրահատուկ են լինելու։

