10 էպիզոդ, 10 միտք | Beyond Podcast

10 էպիզոդ, 10 միտք | Beyond Podcast

Sstaffmedia.am
23 հոկտեմբերի 2024
7 րոպե ընթերցում
1,806
Կիսվել հոդվածով

Ամիսներ առաջ staff.am-ը մեկնարկեց մի նոր նախագիծ՝ Beyond Podcast, որը շատ կարճ ժամանակաշրջանում հավաքեց հազարավոր դիտումներ, արժանացավ լսարանի դրական արձագանքին, անգամ ձեռք բերեց հավատարիմ հետևորդներ, որոնք անհամբերությամբ սպասում են հերթական էպիզոդին՝ բացահայտելու հետաքրքիր մարդկանց և նույնչափ հետաքրքիր մտքեր։

Կիսվել, կրթել և ոգեշնչել․ սա է փոդքասթի առաքելությունը։ Մենք նպատակ ունենք լուսաբանելու այն ամենը, ինչ ընկած է հաջողության հասած մարդու մասնագիտությունից, պաշտոնից և կոչումից այն կողմ։ Մեզ հետաքրքրում է մարդը՝ իր գաղափարներով և ասելիքով։ 

Այս հոդվածում որոշել ենք ամփոփել Beyond Podcast-ի առաջին տասը էպիզոդները՝ յուրաքանչյուրից առանձնացնելով մի հետաքրքիր միտք, որը հաստատ մտածելու առիթ կհանդիսանա։

Դե ինչ, գնացի՜նք․․․

Beyond Podcast 01. Մադլեն Մինասյան | Picsart


Մենք բոլորս աստղեր ենք և ունենք շնորհներ ու ուժեղ կողմեր։ Եվ հաճախ, այդ ուժեղ կողմերի վրա կենտրոնանալու և դրանք զարգացնելու փոխարեն, կենտրոնանում ենք մեր «բացերի» վրա և փորձում դառնալ ավելի ամբողջական՝ այդպիսով, կորցնելով մեր աստղի յուրահատուկ ձևը։


Իսկ թե ինչ գործիքների օգնությամբ կարող եք բացահայտել ձեր ուժեղ կողմերը, կգտնեք հոդվածում։

Beyond podcast 02. Մհեր Մեհրաբյան | Հայկական աերոտիեզերական ծրագիրը


Աշխարհում գոյություն ունի 2 տեսակի շարժում՝ իներցիոն և գրավիտացիոն։ Իներցիայի դեպքում արտաքին ազդակի առկայությունը պարտադիր է․ ինչ-որ մեկը շարունակ պետք է հրի կամ քաշի օբյեկտը, այլապես այն կդադարի շարժվել։ Գրավիտացիայի դեպքում մարմինը, տեսնելով լույսը, ինքնաբուխ կերպով շարժվում է այդ ուղղությամբ՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ խոչընդոտներ կան ճանապարհին։ Մարդն ինքն է որոշում, թե շարժման որ տեսակով ապրի։ Ներքին գրավիտացիա ունեցող մարդու համար այդ լույսը հե՛նց երազանքն է, և հենց այդ երազանքին հասնելու ուժգին ցանկությունն է ստիպում մարդուն առաջ շարժվել:


Ընդ որում, Մհերը հավատարիմ է մնում ոչ միայն իր, այլ նաև հերոսամարտիկ որդու կիսատ մնացած երազանքին, այն է՝ Հայաստանում ունենալ աերոտիեզերական մեքենաշինություն՝ այսպիսով, հիմք դնելով հայկական տիեզերական ծրագրին: Ի դեպ, դուք ևս կարող եք ձեր լուման ունենալ այս հայրենանվեր երազանքի իրականացման գործում։  

Beyond Podcast 03. Ռեմ Դարբինյան | Ստարթափներ, ինֆլուենսերներ ու արհեստական բանականություն


Ստարթափներ սկսելը նման է ինքնաթիռից առանց պարաշյուտ թռնելուն․ բարեհաջող վայրէջք կատարելու համար օդի մեջ պետք է սովորել, թե ինչպես պարաշյուտ պատրաստել։


Օդում պարաշյուտ պատրաստելուց բացի պետք է նաև սովորել, թե ինչպես կարելի է հաջողել՝ ապրելով AI-ի հետ կողք կողքի։ Հոդվածում կգտնեք այն հմտությունները, որոնք, ըստ Ռեմի, անհրաժեշտ են AI-ի հետ խաղաղ կյանք վարելու և այն հօգուտ մեզ օգտագործելու համար։

Beyond Podcast 04. Արթուր Բարխուդարյան | 15 տարի Synopsys Armenia-ում


Կարիերա և ոչ թե աշխատանք․ զբաղվեք այն բանով, ինչն իրոք բավարարվածություն է պատճառում և ինչից որ հաճույք եք ստանում։ Մասնագիտությունը, որն ընտրում ենք, ինչ-որ չափով ձևավորում է մեր անհատականությունը, ազդում է մեր մտածողության վրա, հետևաբար մասնագիտական որոշումներ կայացնելիս շատ կարևոր է, որ առաջնորդվենք մեր նախասիրություններով։ 


Մասնագիտություն ընտրելը մարդու կյանքի ամենակարևոր որոշումներից մեկն է։ Զրույցի ընթացքում Արթուրը կիսվում է այնպիսի խորհուրդներով, որոնք օգտակար կլինեն մասնագիտություն ընտրելու հարցում։

Beyond Podcast 05․ Վահե Հովհաննիսյան | Ֆինանսների նախարար լինելը որպես երկրին ծառայություն


Պետք է հարցեր տալ և պատասխաններ փնտրել։ Շատ հաճախ մենք հարցեր չենք տալիս․ մեզ են հարցեր տալիս։ Մե՛նք պետք է դառնանք հարց տվողը, առաջին հերթին` ինքներս մեզ։


Հարցեր տալու բնավորությունը զարգացնելուց զատ, նախարարը խորհուրդ է տալիս նաև զբաղվել ակտիվ ընթերցանությամբ։ Ի դեպ, հոդվածում կգտնեք մեր հյուրի ամենասիրելի գրքերից մեկը։

Beyond Podcast 06․ Արմինե Մկրտչյան | Կոնֆլիկտների լուծումը, ինքնաճանաչողությունը, առաջնորդությունը


Մարդը մարդ է․․․ Մարդու էությունը նույնն է՝ անկախ ազգությունից։ Մարդը անվերջ է, մարդուն անվերջ կարելի է բացահայտել։ Բայց հաճախ, մարդիկ իրենց որոշումները կայացնելիս առաջնորդվում են ոչ թե առողջ և օբյեկտիվ դատողությամբ, այլ լսում են իրենց մեջ ապրող փոքրիկ մարդուկին՝ էգոյին, որը նեղացկոտ է, վախկոտ ու հաճախ անգիտակից կողմնակալության պատճառ է դառնում։


Արմինեն շեշտում է մարդկային էության խորը ու բազմաշերտ լինելը։ Հետաքրքիր է, որ կազմակերպական զարգացման քոուչինգում կազմակերպությունը դիտարկվում է որպես մարդ, և այսկերպ վերլուծությունը հասնում է առավել խորը մակարդակի։ Իսկ թե ինչ խորհուրդներով է կիսվում Արմինեն կազմակերպության ղեկավարների և առաջնորդների հետ, կգտնեք հոդվածում։

Beyond podcast 07. Նարեկ Մարգարյան | ArmComedy, կրեատիվ քոնթենթի ստեղծում և ֆիլմերի սցենարներ, սպորտ


Ստեղծագործող մարդուն պատմության ընթացքում երբեք ոչինչ չի խոչընդոտել։ Մի քիչ ռիսկ, մի քիչ ամբիցիա. ստեղծագործ մարդը պետք է այնքան հավատա իր գաղափարին, որ վստահ լինի` բացի իրենից իր գաղափարը հետաքրքրելու է այլ մարդկանց ևս:


Իսկ թե ինչպիսին պետք է լինի տաղանդի և աշխատասիրության ճիշտ հարաբերակցությունը ստեղծագործող մարդու համար, կգտնեք մեր հոդվածում։ 

Beyond podcast 08. Ալ Եսայան | Cognaize, ձախողումը որպես դաս, առաջնորդել ծառայելով, ձեռներեցություն


Ձախողվելը մահ չէ, ձախողվելը դաս է, որից պետք է սովորել, սովորածը կիրառել մեր հետագա նախաձեռնություններում և այդ գիտելիքով կիսվել նաև մյուսների հետ․ չէ՞ որ, եթե քո գիտելիքից տաս ուրիշին, դու չես աղքատանա, ընդհակառակը՝ երկուսդ էլ կհարստանաք։


Ալը կարևորում է ձախողումից սովորելու հմտությունը՝ նշելով, որ ձախողումը ոչ թե վերջն է, այլ նոր հնարավորությունների սկիզբը։ Իսկ զրույցի վերջում Ալը կիսվում է արդյունավետությունը բարձրացնող 3 պրակտիկ խորհրդով, որոնք կգտնեք մեր հոդվածում։

Beyond podcast 09. Բյուզանդ Մկրտիչեան, Դավիթ Արշակյան | Մարքեթինգ և վաճառք․ միասի՞ն, թե՞ ընդդեմ


Դասագրքերում տեղ գտած սկզբունքներն ու ստանդարտներն այլևս բավարար չեն գործնականում հաջողության հասնելու համար․ անհրաժեշտ են նոր և կրեատիվ մոտեցումներ։


Մարքեթինգի և վաճառքի ոլորտներում հաջողության հասնելու համար պետք է մշտապես կատարելագործել հմտությունները և կիրառել նորարարական մեթոդներ՝ հարմարվելով փոփոխվող տեխնոլոգիաների և շուկայական պահանջներին։ staff.am-ի Career Factory կրթական հարթակում կարող եք գտնել աշխատաշուկայի պահանջներին համապատասխան տարբեր դասընթացներ՝ նոր և կրեատիվ մոտեցումներով։

Beyond podcast 10. Ռուբեն Սիմոնյան | Հայաստանի ՏՏ ոլորտը և դրա զարգացման նախագծերը


Հայաստանը չունի ելք դեպի ծով, բայց ունի ձգտում՝ դեպի կրթություն։ Մեր առավելությունը մեր կրթությունն է։


Մենք ևս հավատում ենք կրթության ուժին։ Ժամանակակից աշխարհում կրթական գործընթացները փոխվել են, գիտելիքը դարձել է շատ ավելի հասանելի, իսկ փոդքասթները դարձել են արդյունավետ ու նորարարական գործիք կրթության մեջ։ Վստահ ենք, որ Beyond Podcast-ը ևս կունենա իր ներդրումը կրթության և մասնագիտական զարգացման վրա։

Ամփոփենք

Beyond Podcast-ի առաջին տասը էպիզոդները ոչ միայն հետաքրքիր զրույցներ էին իրենց ոլորտում հաջողության հասած մարդկանց հետ, այլև կարևոր կրթական հարթակ։ Ամեն մի էպիզոդից կարելի է քաղել նոր միտք, նոր գաղափար, որը կարող է ոգեշնչել և խթանել լսարանին՝ մտածելու և զարգանալու նոր ուղիներ որոնելու։

Բաժանորդագրվե՛ք staff.am-ի յութուբյան ալիքին, եղեք տեղեկացված և մոտիվացված։

Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: