staff.am-ի Տարին ամփոփ | Պատմություն՝ մարդկանց, արժեքների ու մեծ նպատակների մասին

staff.am-ի Տարին ամփոփ | Պատմություն՝ մարդկանց, արժեքների ու մեծ նպատակների մասին

Sstaffmedia.am
20 հունվարի 2026
7 րոպե ընթերցում
1,353
Կիսվել հոդվածով

Եթե փորձենք հետադարձ հայացք գցել staff.am-ի 2025 թվականին ու այն ամփոփել ընդամենը մեկ բառով, ապա դա կլինի «Համագործակցությունը»։ Մեզ համար սա պարզապես գեղեցիկ բառ չէ, այլ այն իրական արժեքը, որի շուրջ կառուցվել է մեր տարվա յուրաքանչյուր նախագիծ ու ձեռքբերում։

Համագործակցությունն այս տարի մեզ համար ունեցավ մի քանի շերտ։ Դա առաջին հերթին այն կամուրջն էր, որը մենք ամրացրինք մասնագիտական համայնքի և զարգացման նոր հնարավորությունների միջև։ Դա մեր ներքին թիմային աշխատանքն էր, որը թույլ տվեց էկոհամակարգի չորս ուղղությունները զարգացնել որպես մեկ միասնական, շնչող օրգանիզմ։ Եվ վերջապես, դա այն սերտ կապն էր մեր գործընկերների, կրթական հաստատությունների ու փորձագետների հետ, որոնց շնորհիվ աշխատաշուկայի առաջընթացը դարձավ բոլորիս ընդհանուր առաքելությունը։

staff.am-ը 2023-ից հանդես է գալիս որպես պրոդուկտների և ծառայությունների լիարժեք էկոհամակարգ։ Այսօր այն հանդես է գալիս մեկ գլխավոր նապատակով՝ լինել գործնական ու վստահելի օգնական թե՛ մասնագետների և թե՛ ընկերությունների համար։ Այս առաքելությունն իրականություն է դառնում էկոհամակարգի չորս հիմնական ուղղությունների միջոցով, որոնք միասին ստեղծում են աճի և զարգացման ամբողջական շղթա։ Մեր անցած ճանապարհն ու այսօրվա ազդեցությունը լավագույնս նկարագրում են թվերը․

Սակայն այս տպավորիչ թվերի հետևում մարդիկ են, նրանց մասնագիտական հաջողություններն ու մեր գործընկերների վստահությունը։ Կիսվում ենք մեզ համար շատ կարևոր մի հոլովակով, որտեղ մեր գործընկերներն անկեղծորեն պատմում են staff.am էկոհամակարգի հետ իրենց փորձառության և այն արժեքի մասին, որը մենք ստեղծում ենք միասին։

1. Staff.am․ Տեխնոլոգիական վերազինում և նոր հնարավորություններ

2025-ը staff.am հարթակի համար դարձավ որակական փոփոխությունների ու նոր գործիքների տարի։ Մեր նպատակն էր աշխատանքի փնտրման ու հավաքագրման գործընթացը դարձնել ավելի թիրախային ու «խելացի»։

2026-ին մենք շարունակելու ենք հզորացնել staff.am-ի թե՛ վեբ, թե՛ մոբայլ հավելվածները՝ ավելացնելով AI նոր հնարավորություններ, որոնք կարիերայի կառավարումը կդարձնեն է՛լ ավելի դյուրին ու հասանելի։

2․Staffmedia.am․ գործատուի բրենդավորման և աշխատաշուկայի վերլուծական մեդիա հարթակ

Տեխնոլոգիական լուծումներից ու թվերից անցում կատարենք էկոհամակարգի մյուս կարևոր բաղադրիչին՝ staffmedia.am-ին։ Այս հարթակը մենք ստեղծել ենք մեկ պարզ նպատակով՝ պատմել այն ամենի մասին, ինչը տեղի է ունենում աշխատաշուկայի, բիզնեսի և, ամենակարևորը, մարդկանց շուրջ։ Սա մի տիրույթ է, որտեղ փորձում ենք ցույց տալ ընկերությունների ներքին կյանքը, նրանց արժեքներն ու այն աշխատանքային միջավայրը, որտեղ ապրում ու զարգանում են ժամանակակից թիմերը։

2025-ի ընթացքում staffmedia.am-ի շրջանակում իրականացվել են բազմաթիվ նախագծեր՝ ուղղված գործատուի բրենդավորմանը և միջոցառումների լուսաբանմանը։ Մեզ համար առանձնահատուկ ձեռքբերում է սյունակագիրների աճող թիվը. այսօր արդեն հինգ փորձառու մասնագետներ պարբերաբար կիսվում են իրենց մտքերով ու փորձով մեր ընթերցողների հետ։ Մենք գնահատում ենք այս վստահությունը, քանի որ հենց նման համագործակցությունների շնորհիվ է հարթակը հարստանում տարբերվող տեսակետներով։

Staffmedia-ի գործունեությունն այսօր միայն տեքստային հոդվածները չեն։ Մեր յութուբյան ալիքն ու հեղինակային փոդքաստը տարվա ընթացքում ունեցել են բավականին ակտիվ ընթացք. արդեն իսկ նկարահանվել է 48 էպիզոդ։ Շուտով նախատեսում ենք փոդքաստի վերադարձը արդեն փոփոխված ձևաչափով։

Այս ամբողջ աշխատանքը հասնում է մեր ավելի քան 175,000 հետևորդներին սոցիալական տարբեր հարթակներում։ Սա մի մեծ համայնք է, որը հնարավորություն է տալիս բիզնեսներին և անհատներին գտնել միմյանց բովանդակային դաշտում։

Career Factory. Կրթությունը՝ որպես մասնագիտական զարգացման հիմնաքար

staff.am-ի կրթական ուղղությունը՝ Career Factory-ն, այս տարի շարունակեց իր ակտիվ զարգացումը՝ դառնալով աշխատաշուկայի և կրթության կապող օղակը։ Տարվա ընթացքում իրականացված 15-ից ավելի միջոցառումները, որոնք ներառում էին թե՛ կրթական և թե՛ նեթվորքինգային ձևաչափեր, մասնագիտական աճի նոր հնարավորություններ ստեղծեցին հարյուրավոր մասնագետների համար։

Մյուս նոր և սպասված ձևաչափը MentorPlay-ն է, որի նպատակն է նպաստել մասնագիտական համայնքների զարգացմանը 1:1 մենթորության միջոցով։ Այստեղ մասնակիցները հնարավորություն ստացան անհատական զրույցների միջոցով իրենց հարցերն ուղղել մարքեթինգի և պրոդուկտի զարգացման ոլորտի առաջատար փորձագետներին՝ ստանալով գործնական խորհրդատվություն։

Շարունակական բնույթ կրեցին նաև HR Meetup-ները, որոնք մեկնարկել էին դեռևս 2024-ի նոյեմբերից։ 2025-ի ընթացքում անցկացված 8 հանդիպումները միավորեցին ավելի քան 80 մասնագետների, ովքեր քննարկեցին ոլորտային արդիական խնդիրներ և լուծումներ։ Career Factory-ն այսօր ապացուցում է, որ մասնագիտական կրթությունը պետք է սերտորեն կապված լինի աշխատաշուկայի փաստացի կարիքների հետ, և այս ուղղությամբ իրականացված նախագծերը հենց այդ նպատակին են ծառայում։

Իսկ 2026-ը Career Factory-ում խոստանում է լինել նոր նախագծերով ու միջոցառումներով հարուստ։

Compass. Տվյալների վրա հիմնված որոշումների ուղեցույցը

Մեր էկոհամակարգի ամենաերիտասարդ ուղղությունը Compass-ն է, որը ստեղծվել է կազմակերպություններին տվյալահեն որոշումներ կայացնելու հարցում աջակցելու համար։ Այն դարձել է յուրօրինակ կողմնացույց այն ընկերությունների համար, որոնք ցանկանում են մշտապես զգալ աշխատաշուկայի իրական «զարկերակը» ՝ լինի դա աշխատավարձերի ու արտոնությունների վերանայման , թե ընդհանուր միտումների վերլուծության տեսքով։

Compass-ի աշխատանքի հիմքում անհատական մոտեցումն է։ Մենք հրաժարվել ենք ստանդարտ շաբլոններից, քանի որ գիտակցում ենք, որ յուրաքանչյուր կազմակերպություն ունի իր ուրույն մարտահրավերներն ու կարիքները։ Այս ուղղության շրջանակում իրականացվող յուրաքանչյուր նախագիծ մշակվում է առանձին՝ թույլ տալով գործընկերներին ստանալ հենց իրենց բիզնեսին համապատասխանող ճշգրիտ տեղեկատվություն։

Այս ուղղության առանցքային նախագծերից է ՀՀ Աշխատաշուկայի տարեկան վերլուծությունը։ Սա թերևս ոլորտի ամենասպասված և գործնական նշանակություն ունեցող աշխատություններից մեկն է, որն ամփոփում է տարվա ընթացքում տեղի ունեցած փոփոխություններն ու զարգացումները։ Վերլուծությունը դարձել է կարևոր ուղեցույց թե՛ գործող ընկերությունների և թե՛ Հայաստանում նոր գործունեություն ծավալող միջազգային կազմակերպությունների համար՝ օգնելով նրանց լինել ավելի մրցունակ ու տեղեկացված։

Staff.am Gala միջոցառումներ ․ բիզնեսի և մշակությի խաչմերուկում

Տարվա ընթացքում էկոհամակարգի տարբեր ուղղություններով իրականացված աշխատանքներն ու մասնագիտական քննարկումները գտան իրենց տրամաբանական շարունակությունը մեր երկու խոշոր Գալա միջոցառումների շրջանակում։ Սրանք այն բացառիկ պահերն էին, երբ գործնական կապերը վերածվեցին կենդանի ու ջերմ շփման։

Հունիսին կայացած Staff.am Summer Gala-ն դարձավ տարվա ամենասպասված ոչ ֆորմալ հանդիպումներից մեկը։ «Armenia Wine» գործարանի գեղեցիկ միջավայրում մենք հյուրընկալեցինք մեր գործընկերներին ու HR համայնքի ներկայացուցիչներին։ Միջոցառման նպատակն էր ստեղծել մի տարածք, որտեղ կարելի է մի պահ կտրվել աշխատանքային եռուզեռից, ամրապնդել գործնական կապերն ու պարզապես լավ ժամանակ անցկացնել համախոհների միջավայրում։ Այս հանդիպումը ևս մեկ անգամ փաստեց, որ մասնագիտական համայնքի ամրությունը հենց նման անմիջական ու անկաշկանդ հարաբերությունների մեջ է։

Տարեվերջը մենք նշանավորեցինք մեր համայնքի համար թերևս ամենասպասված ու ամենասիրված իրադարձությամբ՝ 7-րդ ամենամյա Գալա միջոցառմամբ։ Այս իրադարձությանը բոլորս սպասում ենք մեծ անհամբերությամբ, քանի որ այն դարձել է տարվա ընթացքում կատարած մեր աշխատանքն ու ձևավորված ջերմ կապերը տոնելու լավագույն առիթը։

Միջոցառումը կրում էր «A Century of Harmony» խորագիրը, որը պատահական չէր ընտրված. այն մեր խոնարհումն ու հարգանքի տուրքն էր Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյա հոբելյանին։

Այս ձևաչափով մենք փորձեցինք ընդգծել, որ ինչպես կատարյալ երաժշտության մեջ, այնպես էլ ցանկացած հաջողված թիմում ու գործընկերության հիմքում ընկած է հենց ներդաշնակությունը։

Մեզ համար հաջողությունը լիարժեք չէ, եթե այն չի ծառայում ավելի մեծ ու բովանդակալից նպատակի։ Հենց այդ պատճառով 2025-ին մենք մեր ուշադրության կենտրոնում պահեցինք սոցիալական պատասխանատվության այնպիսի նախաձեռնություններ, որոնք իրական փոփոխություն են բերում մեր հասարակության ու մասնագիտական համայնքի կյանքում։

Տարվա, թերևս, մեզ համար ամենապատասխանատու նախագծերից էր «Հայորդի» բարեգործական հիմնադրամի հետ համագործակցության մեկնարկը։ Մեզ համար առանձնահատուկ հպարտություն է գործով կանգնել հայրենիքի կողքին, և այդ իսկ պատճառով մենք որոշում կայացրինք, որ staff.am-ի 2026 թվականի բոլոր բարեգործական նախաձեռնություններն ուղղվելու են հենց այս հիմնադրամին։ Սա մեր միասնական ներդրումն է լինելու այն կարևորագույն ծրագրերում, որոնք իրականացվում են մեր երկրի համար ամենաթանկը տված մարդկանց համար։

Միասին գործով հայրենիքի կողքին

Այս բոլոր ձեռքբերումները հնարավոր չէին լինի առանց staff.am-ի թիմի։ Նրանք այն մարդիկ են, ում նվիրվածության, պրոֆեսիոնալիզմի ու անմնացորդ աշխատանքի շնորհիվ մենք կարողանում ենք իրականություն դարձնել նույնիսկ ամենահավակնոտ նպատակները։ Հենց այս նույն էներգիայով ու միասնականությամբ մենք մուտք ենք գործում 2026 թվական՝ պատրաստ նորանոր բարձունքներ նվաճելու և է՛լ ավելի շատ արժեք ստեղծելու մեր համայնքի, գործընկերների ու մասնագետների համար։

2025-ը մեզ սովորեցրեց, որ համառ աշխատանքի, անվերջ ստեղծագործելու և քո ստեղծած արժեքին հավատալու դեպքում անհնարին ոչինչ չկա։ 

Շնորհակալ ենք, որ այս ճանապարհին մեզ հետ եք։








Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: